07/05/2020

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն. տապալված կառույցը դուրս է գալիս փակուղային վիճակից

«Սյունիք» ջրօգտագործողների ընկերություն. տապալված կառույցը դուրս է գալիս փակուղային վիճակից

Մոտ երեք տարի առաջ` 2016 թ. դեկտեմբերի վերջին, մարզում գործող ջրօգտագործողների չորս ընկերություն, որոնք ներկայացնում էին Սյունիքի չորս տարածաշրջանը (Սիսիան, Գորիս, Մեղրի, Կապան) միավորվեցին` ստեղծելով «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ)։ Ի սկզբանե նպատակ էր դրված առկա ռեսուրսները, ջրային պաշարներն ավելի արդյունավետ օգտագործել, ինչպես նաեւ բարձրացնել ջրօգտագործողների սպասարկումը։ Նախկին տարածաշրջանային ընկերությունները միավորվեցին մի կառույցի մեջ, որի դեբիտորական պարտքը մոտ 34 մլն էր։ Անցած երեք տարում այդ պարտքը ոչ միայն նվազեց, այլեւ տարեցտարի ավելացավ` կազմելով 74.6 մլն դրամ, որից 43.2 մլն «Սյունիք» ընկերության Մեղրու տեղամասինն է, 21.5-ը` Գորիսինը, 9.5-ը` Սիսիանինը, Կապանի տեղամասի պարտքն անհամեմատ նվազ է: Սրան գումարած ութ ամսվա չվճարված աշխատավարձի պարտքը, որի մասին գրեց նաեւ հանրապետական մամուլը։

Այս տարվա մայիսին տեղի ունեցավ «Սյունիք» ՋՕԸ վարչության խորհրդի նիստ, որի օրակարգում նոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի առաջադրումն ու նշանակումն էր։

Ահա վեց ամիս է՝ ջրօգտագործողների սյունիքյան կառույցը ղեկավարում է Գոռ Բարսեղյանը` ծնված 1987 թվականին. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը, մասնագիտությամբ` ծրագրավորող։ Մինչ այդ աշխատել է հանքարդյունաբերությունում, եղել է «Թունել» ՓԲԸ գործադիր տնօրեն։

Ըստ տարածաշրջանների տեղամասերի պետեր են նշանակված` Վահագ Միքայելյանը (Գորիս), Նաիրի Հովհաննիսյանը (Սիսիան), Գեւորգ Առաքելյանը (Մեղրի)։ Քանի որ «Սյունիք» ՋՕԸ-ի նստավայրը Կապանում է, մարզկենտրոնում առանձին տեղամաս չեն նախատեսել։

Ինչպես երեւում է վերոգրյալ թվերից, երիտասարդ ղեկավարին տխուր ժառանգություն է բաժին ընկել, խոսքը նախեւառաջ մատակարարված ջրի դիմաց չվճարված գումարների մասին է։ «Սյունիք» ջրօգտագործողների ընկերությունը սպասարկում է մոտ 1500 հեկտար հողատարածություն, ունի 5100 բաժանորդ, 135 աշխատակից, միջին աշխատավարձը` 80 հազար դրամ, ամենաքիչ աշխատողները` Կապանի տեղամասում` տասը աշխատակից, իսկ ընկերության Մեղրու տեղամասում միայն 15 ջրբաշխ է աշխատում։

«Հոկտեմբերի վերջին ավարտեցինք ջրամատակարարումը, վերջինը` Մեղրիում, պայմանավորված տարածաշրջանի չորային կլիմայով. մինչեւ նուռը չի հասունանում, վերջին բերքը չեն հավաքում, ջրամատակարարումը չենք համարում փակված, ի դեպ, Սյունիքում ոռոգման ջուր առաջինը հենց մեղրեցիներն են ստանում, Մեղրիում ոռոգման տարեշրջանը մարզի մյուս տարածաշրջանների համեմատ վաղ է սկսվում` մարտի մեկից», - փոխանցում է Գոռ Բարսեղյանը:

Ի դեպ նշենք, որ ոռոգման ջրի մեկ  խորանարդի սակագինը 11 դրամ է, որի կեսը կառավարությունը պահուստային ֆոնդից փոխհատուցում է որպես լրավճար (դոտացիա). սա միայն Մեղրու տարածաշրջանին է վերաբերում:

Փաստորեն ընկերության համար գործնականում տարին ավարտված  կարելի է համարել, բայց միայն` ջրամատակարարման մասով։ Քանզի այս օրերին  ընկերությունում զբաղված են նորոգման աշխատանքներով, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքումով, եւ այս խնդրում դժվարություններ են ծագում։

«Խնդիրը ծագում է այն դեպքում, երբ մարդ միայն հողագործությամբ է զբաղվում, նրա ապրուստի միջոցն իր ձեռքերով աճեցրած բերքից ստացած եկամուտն է, այդ դեպքում բարձր բերքի երաշխիքը ոռոգման ջուրն է, որը մատակարարված է ողջ տարեշրջանում, բայց ոռոգման ջուր սպառողը բերք վաճառելուց հետո բոլոր կոմունալ-բնակարանային վարձերը մուծում է (գազ, լույս, խմելու ջուր, հեռախոս), սակայն երբ հերթը հասնում է ոռոգման ջրի դիմաց վճարմանը, թերանում է։ Բայց չէ՞ որ  ոռոգման ջրի շնորհիվ է պտուղը բերք դարձել, կամ որ միեւնույն է` եկամուտ։ Մարդը պիտի գիտակցի, որ ոռոգման ջուրը նույն կոմունալի մի մասն է, եթե այդ մտայնությունն արմատավորվի ջրօգտագործողի գիտակցության մեջ, հաջողությունը մերը կլինի», - պատմում է զրուցակիցս եւ հավելում, որ շատ քիչ մարդիկ կան, ովքեր կամովին մուծում են օգտագործված ոռոգման ջրի վարձը, իրենք միշտ պահանջում են ու հիշեցնում, հիմա էլ զբաղված են այդ գործով, ավելացնելով, որ ընդառաջում են մարդկանց` սպասելով, որ իրենց աճեցրած բերքը վաճառեն եւ նոր վճարեն ոռոգման ջրի վարձը:

Առավել պարտաճանաչ են Կապանի ջրօգտագործողները, ճիշտ է, այդ տարածաշրջանում ընդամենը 110  հա հողատարածություն են սպասարկում, հիմնականում` տնամերձեր։ Հողագործների գերակշռող մասը մարզի մյուս տարածաշրջանում է, Մեղրիում նույնիսկ ութ հեկտարի վրա ոռոգման կաթիլային համակարգ է ներդրված, որ տնտեսապես ձեռնտու է ու խնայողական։

- Իսկ ի՞նչ պատժամիջոցներ են կիրառում պարտապանների նկատմամբ։

- Անբարեխիղճ, անպատասխանատու ջրօգտագործողներ կան։ Նույնիսկ կան այնպիսիք, որ վճարման պահը գալու դեպքում ասում են` ոռոգման ջուր չենք ստացել։ Բայց ջուր չմատակարարելն էլ ծառերի չորանալու պատճառ կարող է դառնալ։ Մենք այդ կտրուկ քայլին չենք դիմում, բայց բաժանորդն էլ պարտաճանաչ պետք է լինի իր օգտագործած ջրի դիմաց վճարելու։  Եղել է, որ մարդուն երկու օր զրկել ենք ոռոգման ջրից, բայց երրորդ օրը վերականգնել ենք ջրամատակարարումը։ Միանգամից մարդուն չես կարող բերել վճարման դաշտ, եթե տարիներով նա սովորել է ոռոգման ջրի դիմաց չվճարել, մեկ օրում նա չի դառնա օրինապաշտ եւ հարկ վճարող։ Դա աստիճանական գործընթաց է` հիմնված համոզելու մեթոդի վրա։

Ինչեւէ, տարին սահուն փակեցինք, արտակարգ դեպքեր չեղան։ Բայց համակարգն արդեն հին է, եւ վթարներն անխուսափելի են` տխուր հետեւանքներով։ Խողովակաշարերի կապիտալ նորոգման անհրաժեշտություն կա, որոշ տեղերում խողովակն այնքան է բարակել, որ նույնիսկ հնարավոր չէ զոդել, մետաղը վերածվել է հողային զանգվածի։

Ընկերության տեխնիկական հագեցվածությունից տնօրենը գանգատվելու առիթ չունի, պահեստամասերի խնդիր չկա, ապահովված են թե՛ ծառայողական, թե՛ աշխատակիցներին  տեղափոխող փոխադրամիջոցներով:

Իսկ հարցերի հարցը երիտասարդ տնօրենը համարում է ջրօգտագործողների ընկերության սասանված հեղինակության վերականգնումը։ Նույնիսկ Ազգային ժողովում խոսում են այդ ոլորտում (խոսքը «Սյունիք» ՋՕԸ-ի մասին չէ) գործող կոռուպցիայի, ստվերային այգիների, այլ յուրացումների մասին։

«Պիտի վերականգնենք վստահությունը, այլ ճանապարհ չկա, եթե ջրբաշխը ստանում է նվազագույն աշխատավարձ` 55 հազար դրամ, ապա երաշխիք չկա, որ իր հավաքած գումարի մի մասը սեփական գրպանը չի դնի։ Մարդ պիտի այնքան վաստակի, որ աչքը չգցի ուրիշի ունեցվածքի վրա», - ասում է Գոռ Բարսեղյանը։

Մեղրիում ներդվել է ինքնահոս ջրամատակարարում, բայց դա  արդարացնում է այն դեպքում, երբ Մեղրի գետում ջուրը բավարար է:  Բայց երբ հուլիս-օգոստոս ամիսներին գետը սակավաջուր է դառնում, նորից գործում է մեխանիկական  եղանակը, գործի են դրվում պոմպերը,  ինչն էլ բարձրացնում է մատակարարվող ջրի ինքնարժեքը:  Բացի այդ, Արաքսի պղտոր ջրերից պոմպերը  շարքից դուրս են գալիս, խափանվում են եւ խնդիրներ ստեղծում:  Այս խնդրում` թունելի վերջում ասես լույսի շող է նշմարվում. նախագծվում է Լիճք բնակավայրի մոտ կառուցել 2 մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար, որ Մեղրիում կլուծի ոռոգման սեզոնում ինքնահոս եղանակով ջրի մատակարարումը՝ վերջ տալով մեխանիկական եղանակին:

Վահրամ Օրբելյան

 

Հ.Գ.

Երբ նյութը պատրաստ էր տպագրության, համացանցում տեսանյութ տարածվեց «Ոստիկանները բացահայտել են «Սյունիք» ՋՕԸ տնօրինության ապօրինությունները» վերնագրով, ըստ որի «Սյունիք» ՋՕԸ-ում 2017-2019 թթ. թույլ են տրվել չարաշահումներ եւ յուրացումներ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: