06/02/2020

Պետրոսախաչ. ահա եւ զորավոր ու փափագելի սրբավայրը, որտեղ շատ ուխտավորներ են այցելում

        Պետրոսախաչ. ահա եւ զորավոր ու փափագելի սրբավայրը, որտեղ շատ ուխտավորներ են այցելում

Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային ճյուղավորման գագաթում գտնվող այդ սրբավայր այցելեցինք 2019 թ. նոյեմբերի 17-ին:

Լեռնաշղթայի այդ ճյուղն ընկած է Տաթեւ եւ Հարժիս գյուղերի միջեւ:

Երկու կողմից էլ բարեհարմար է գագաթ բարձրանալը:

Բայց մենք Պետրոսախաչ բարձրացանք Տաթեւի կողմից:

Ընդ որում՝ լեռնագագաթի հարավային ստորոտում գտնվող աղբյուրից հետո ճանապարհը պետք է անցնեինք ձիով կամ ոտքով:

Մենք ճանապարհ ընկանք ոտքով, սակայն գագաթի մատույցներում մեզ միացավ Տաթեւի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Գրիգորյանը՝ իր ձիով:

2031 մ. բարձրության Պետրոսախաչի իշխող բարձունքից երեւում են ե՛ւ Մեծ Իշխանասարն ու Աղոթարանը, ե՛ւ Արամազդն ու Գլուխ Ձագեձորոն, ե՛ւ Հարժիսի կիրճն ու Հարսնաձորը, նաեւ Ուխտասարը:

Պետրոսախաչի մենավոր ու կոտրած խաչի մոտ մենք մոմ վառեցինք եւ աղոթք բարձրացրինք առ Աստված՝ խաղաղության եւ Սյունյաց աշխարհի բարգավաճման համար:

Որոշ մասնագետներ Պետրոսախաչը նույնացնում են Հաբանդ գավառի Պետրոսկա վանք գյուղի սրբավայրի հետ, որը վիճելի է:

Պետրոսախաչից վերադարձանք Հարժիսի կիրճով: Լեռնալանջերով ու անտառներով ձգվող կածաններով նախ իջանք Հին Հարժիք բնակատեղի, որ նաեւ Ալն թագավոր է կոչվում, որտեղից էլ ճանապարհը շարունակեցինք ամենագնացով…

Պետրոսախաչից Հին Հարժիք (Ալն թագավոր), ապա եւ Ներքի շեն ու ներկայիս Հարժիս ձգվող ուղին այն ճանապարհն է՝ հարավից եկող, որ Քարվանսարայում (Հարժիսի տարածք) միանում է Արարատյան դաշտից-Նախիջեւանից դեպի Պարտավ եւ Աղվանք տանող հին ճանապարհին:

Իսկ Որոտան գետն անցանք 14-րդ դարում կառուցված չքնաղ մի կամրջով, որ գտնվում է Հին Հարժիքում (Ալն թագավոր կոչվող վայրում):

Հ.Գ.

1.            Պետրոսախաչի զորավորության հետ կապված մի ավանդազրու

յց է մեզ փոխանցում Ստեփան Լիսիցյանը «Զանգեզուրի հայերը» գրքում (Էջ 129):

Ահա՝ «Երաշտի ժամանակ մատաղ էին մորթում. խեղդվածի գերեզմանի վրա ջուր էին ածում, եւ այնտեղից բերած ջուրը արտում ցանում, կամ մի զօրավօր քար տեղից վերցնում, գետի կամ աղբյուրի մեջ լողացնում եւ բերում նորից տեղը դնում: Այդպիսի խաչքարեր կամ պարզ  գերեզմանաքարեր գյուղերից շատերի մոտ կային:

Օրինակ՝ Տաթեւ գյուղում  Պէտրոսախաչը: Տաթեւում «անձրեւ առաջացնելու համար դիմում են եւ այս միջոցին: Կիրակի առավոտ, երաշտի ժամանակ աղջիկները ման են գալիս տնետուն, հավաքում են զանազան ուտելեղեն եւ հետները տանում մի  սարի գլուխ, որտեղ ընդհանուր ճաշ են սարքում, երգում, ուտում,. խմում, զվարճանում: Այդ սարից ճաշից հետո վերցնում են  մի քար եւ տանում են մոտակա վտակը: Այդ ծիսակատարության ժամանակ աղջիկները չպիտի ետ նայեն: Քարը ձգում են ջրի մեջ եւ նրա մեջ թողնում մի նկատելի տեղ, որ երբ արդեն հարկավոր չի լինի՝ տանեն ետ դնեն հին տեղը, թե չէ սաստիկ անձրեւը կարող է սրբել՝ տանել բոլոր ցանքսերը»:

2. Շնորհակալություն Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին՝ «Սյունյաց երկրի» ուխտագանացությանը երիցս աջակցելու համար:

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: