12/15/2019

Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է

Այսօր Եղիշե Չարենցի մահվան օրն է

82 տարի առաջ երկրային կյանքն ավարտեց Եղիշե Չարենցը։ Պոետն իր մտքերն ու ապրումները լիաբուռ շաղ է տվել իր բոլոր գործերում, որոնք արյունով ու հոգով են ստեղծված։ Նաեւ տագնապներ է հնչեցրել այս աշխարհից հեռանալու մասին։ 1933-ին «Մահվան տեսիլ» ստեղծագործության մեջ, գրված 1933 թվականին, կան այսպիսի տողեր.

 

Ահա զգում եմ ինձ կրկին անօգնական,

Ահավորված, ինչպես բարձր լերան առջեւ-

Որի ոլորտներով կրկին պիտի գնամ,

Եվ չգիտեմ ընկնե՞մ պիտի արդյոք, թե՞ վաստակած հանգչեմ։

 

Ավաղ, բանաստեղծին վիճակված չէր «վաստակած հանգչելու»։ 1937-ի նոյեմբերի 27-ին` առավոտյան ժամը 7-ին, Երեւանի բանտի հիվանդանոցում վախճանվեց հանճարեղ պոետը։ Դրան նախորդել էին ծանր հիվանդությունն ու  օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակը։ Եվ սա ամենը չէ։ Բանաստեղծը նաեւ գերեզման չունեցավ։ Այնպես, ինչպես Խաչատուր Աբովյանը, Ակսել Բակունցը, 1915 թ.  Դեր Զոր անապատում եւ այլուր սրի քաշված կամ գազանաբար սպանված արեւմտահայ բանաստեղծների փաղանգը` Դանիել Վարուժան, Սիամանթո, մյուսներ։ Հանճարեղ, բայց ողբերգական կերպարներ են նրանք, ովքեր ժամանակից առաջ են անցել, բայց ժամանակը երբեք չի ներում իրենից առաջ անցնողներին։

 Ի դեպ, 1936-ի դեկտեմբերի 12-ին, երբ ամիսներ էին մնացել մինչեւ իր եղերական մահը, պոետը «Անվերնագիր. կնոջս եւ բարեկամիս` Իզաբելային» բանաստեղծության մեջ, մի այլ «հայտնագործություն» կանի։

 

Իմ մահվան օրը կիջնի լռություն

Ծանր կնստի քաղաքի վրա,

Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,

Կամ լուր աղետի` թերթերում գրած…

 

 

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: