12/15/2019

Վահե Ա. Հակոբյանը դատարանում նոր պարտություն է կրել

Վահե Ա. Հակոբյանը դատարանում նոր պարտություն է կրել

Խոսքը ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործի մասին է:

Հայցվորը Սյունիքի երբեմնի մարզպետ Վահե Ա. Հակոբյանն է:

Պատասխանողներն են հայտնի բնապահպան Արթուր Գրիգորյանը, «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ն, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ն (որպես «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր)։

Վահեն պահանջել է իր պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում (2 մլն դրամի չափով) եւ հերքման պարտավորեցում:

Ավելի ուշ (22.09.2017թ.) նա հրաժարվել է «Առավոտ օրաթերթ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված պահանջից:

Այս գործի էությանն ընդհանուր գծերով ծանոթանալու համար ներկայացնում ենք քաղվածքներ թիվ ԵԿԴ/3404/02/17 քաղաքացիական գործով պատասխանողներից մեկի՝ Արթուր Գրիգորյանի դիրքորոշումից, որը դատարան է ներկայացվել 2017 թ. նոյեմբերի 15-ին:

Ահա՝ 2017 թ. հուլիսի 31-ին պատասխանող Արթուր Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որում հայտնել է իրեն հայտնի դարձած մի շարք տվյալներ, շարադրել փաստեր եւ ներկայացրել ապացույցներ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի գործունեության վերաբերյալ:

Հայտարարության տեքստից մի հատված` ստորեւ:

«Հարգելի պարոն Դավթյան,

Հանցագործության մասին սույն հաղորդմանը կից՝ տարբեր կրիչների վրա, ներկայացնում եմ հիմքեր՝ 2016 թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի մարզպետ նշանակված Վահե Ալբերտի Հակոբյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ:

Գտնում եմ, որ ներկայացված փաստերի ուսումնասիրությունից առաջանում են հիմնավոր կասկածներ, որ նշված պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական գույքային եւ ոչ գույքային վնաս են պատճառել անձանց, հասարակական կազմակերպությունների, առեւտրային ընկերությունների, ինչպես նաեւ հասարակության եւ պետության իրավունքներին ու օրինական շահերին:

2016 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հասցեագրված՝ հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան, նույն թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվել է «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու  մասին»  թիվ 10/3-1-5169 որոշումը:

Նշված որոշումը չի բողոքարկվել դատական կարգով, քանի որ այդ ժամանակ դեռեւս առկա չէին սույն հաղորդմանը կից ներկայացվող նյութերը:

Սույն հաղորդման շրջանակներում ներկայացված փաստերի ուսումնասիրության եւ այլ դատավարական գործողությունների միջոցով անհրաժեշտ է պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու արարքին բնորոշ հատկանիշները, որոնք դրսեւորվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության եւ դրան կից բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործարքներին մարզպետ Հակոբյանի հնարավոր մասնակցության ընթացքում»:

Հաղորդման հիմքում ընկած հանգամանքներից մեկը` ահավասիկ (եւս մեկ քաղվածք վերը նշված փաստաթղթից)։

«Փաստ 1.

2016 թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը նշել է «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին՝ նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաեւ «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով (կից ներկայացվում են տեսագրությունները):

Գտնում եմ, որ հոկտեմբեր ամսին մարզպետ նշանկված Հակոբյանը, ով մինչեւ մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն եւ նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մասնավոր հանքարդյունաբերությանը կից հիմնադրամին: Ներկայացված փաստի հիման վրա անհրաժեշտ է քրեաիրավական գնահատական տալ մարզպետի եւ մասնավոր առեւտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների օրինականությանը…

Հաշվի առնելով, որ տարեվերջյան հաշվետվության ընթացքում մարզպետ Հակոբյանը մի քանի անգամ մատնանշում է իր կնոջ կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք մարզպետ Հակոբյանը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամի» ֆինանսական միջոցները անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար օգտագործելու նպատակով (ներկայացվում է մարզպետի կնոջ՝ Էլիզաբետթ Պետրոսյանի հայտարարագիրը՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ եկամուտների վերաբերյալ):

Կից ներկայացվող նյութերից հետեւում է, որ այդ միջոցները կարող էին ուղղակի դիտավորությամբ օգտագործվել այլ կազմակերպությունների եւ անձանց դեմ՝ վերջիններիս վարկաբեկող հոլովակների պատրաստման եւ տարածման, համակարգչային (հաքերային) հանցագործությունների կատարման համար՝ ելնելով անօրինական խմբային շահերից եւ կոռուպցիոն բնույթի այլ նպատակներից»:

 

***

Ներկայացված քաղվածքները, կարծում ենք, բավարար են` հասկանալու, թե ինչ հանգամանքներ են ընկած տվյալ քաղաքացիական գործի հիմքում։

Հասկանալ կարելի է նաեւ, թե ինչո՞ւ է Վահեն փորձել այդ ամենը զրպարտություն որակել, այն էլ` դատարանի ուժով։

 Սակայն...

2019 թ.ապրիլի 18-ի վճռով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Վահեի հայցը:

Դատարանի վճռի դեմ երբեմնի մարզպետը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ քաղաքացիական դատարանի 2019 թ. օգոստոսի 29-ի որոշմամբ:

Երբեմնի մարզպետը հետո բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը՝ ներկայացնելով վճռաբեկ բողոք:

Վճռաբեկ դատարանն էլ (2019 թ. նոյեմբերի 13-ին) կայացրել է որոշում Վահե Հակոբյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին:

Հ.Գ

1. Հասկացանք՝ Վահե Ա. Հակոբյանի պահանջը մերժվեց, որը բողոքարկման ենթակա չէ այլեւս, բայց…

Գլխավոր հարցը շարունակում է մնալ օդում կախված եւ անպատասխան. ե՞րբ է մատնանշված գումարը վերադարձվելու Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, որ պարտքով տրվել էր մասնավոր մի հիմնադրամի, որի անունն է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամ»:

Ընդ որում՝ երկու հիմնադրամի նախագահն էլ տվյալ պահին եղել է Սյունիքի մարզպետի աթոռը զբաղեցնող պարոնը:

2. Ըստ ՀՀ կառավարության 2016 թ. դեկտեմբերի 15-ի N 1299-ն որոշման՝ «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է»:

3. Գործի մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ «datalex» տեղեկատվական համակարգում։

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: