12/15/2019

Հայաստանի 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար պայքարը թեժ է

Հայաստանի 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար պայքարը թեժ է
Փորձագիտական խմբի ուսումնասիրությունների եւ SMS քվեարկության արդյունքները ցույց են տալիս, որ տարիներ առաջ մեկնարկած ինքնատիպ ծրագիրը շարունակում է հետաքրքրություն առաջացրել ՀՀ մարզային քաղաքներում՝ խթանելով երիտասարդական ոլորտի զարգացմանը։



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ներկայացումը, արդյունքների քննարկումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայտատու բոլոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների եւ տեղացի երիտասարդների համար։ Հետաքրքրությունն էր պատճառը, որ մրցույթի կազմկոմիտեի ամփոփիչ նիստին, որը վարում էր ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը, մասնակցում էին բոլոր Արմավիր, Կապան, Գորիս, Գավառ եւ Հրազդան քաղաքների ներկայացուցիչները։ Յուրաքանչյուր հայտատու քաղաքի ներկայացուցիչ հույս ուներ, որ հենց իր սիրելի քաղաքն է արժանանալու 2020 թ.-ին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք կոչվելու պատվին։



ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը նիստի բացմանը նշեց, որ հենց փորձագիտական խմբի ուսումնասիրություններն են հիմք հանդիսանալու հաղթողին որոշելու առումով, քանի որ մրցույթի կանոնակարգը բավականին հստակ է սահմանում, թե ինչպես է որոշվում Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքը. «Իհարկե, փորձագիտական խմբի ուսումնասիրություններից բացի քաղաքացիները եւս հնարավորություն ունեին մասնակցելու մրցույթի հաղթողի որոշմանը SMS քվեարկության շնորհիվ։ Քաղաքացիների մասնակցայնությունը  իսկապես կարեւոր բաղադրիչ է»։



Մինչեւ սեփական ուսումնասիրություններին անդրադառնալը՝ փորձագետները նշեցին, որ շուտով նախարարությանը կներկայացնեն առաջարկությունների ամբողջական փաթեթ՝ նվիրված մրցույթի անցկացման կանոնակարգին, վերջնական հաշվարկին եւ իրենց կողմից նկատված թերացումներին հատկապես հայտատու քաղաքներ այցեր կազմակերպելու եւ հայտերը ճիշտ լրացնելու առումով։ Իհարկե, բացի առաջարկություններից, ըստ փորձագետների՝ իրենց համար բավականին բարդ էր որոշելը, թե ի վերջո որ քաղաքն ունի ամենալավ ենթակառուցվածքները կամ արդյոք այս կամ այն քաղաքն ունի կարիք ճանաչվելու Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք։



Փորձագիտական խմբի անդամներից մի քանիսը նկատեցին, որ արդեն երկար տարիների փորձ է կուտակվել այս մրցույթի հայտերն ուսումնասիրելու եւ հայտատու քաղաքներ այցեր կատարելու առումով, ինչը թույլ է տալիս տեսնել, թե ինչպես են փոփոխվում Հայաստանի քաղաքները։ 2018 թ.-ին Արմավիր քաղաքը, օրինակ, հայտ էր ներկայացրել 2019 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք դառնալու համար, փորձագիտական խմբի այն անդամները, որոնք անցյալ տարի ուսումնասիրել էին այդ հայտը, համեմատեցին այն 2020 թ.-ին երիտասարդական մայրաքաղաք դառնալու առթիվ Արմավիր քաղաքի ներկայացրած նոր հայտի հետ. դրական ու նկատելի փոփոխությունն ակնհայտ է, ինչը, ըստ փորձագետների, բավականին կարեւոր նախադրյալ է երկրի քաղաքների զարգացման տեսանյունից։ Բացի այդ, փորձագիտական խմբի անդամները նկատեցին, որ շատ կարեւոր է, թե ինչպիսի վերաբերմունք ունի տվյալ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինը մրցույթի ներկայացված հայտի հանդեպ, ինչպիսին է քաղաքապետարանի եւ քաղաքապետերի մոտեցումը։



Հատ առ հատ բացելով փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփող ծրարները եւ ներկայացնելով մրցութային կազմկոմիտեի անդամներին առկա գնահատականները՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գեւորգ Լոռեցյանը նկատեց, որ իրենց գնահատականներում փորձագետները հիմնականում խիստ են գտնվել՝ չնայած կան նաեւ որոշակի բացառություններ. «Ինչպես տեսանք, փորձագիտական գնահատականներում կան նաեւ գրեթե համահավասար արդյունքներ, իսկապես մրցակցային բնույթ ուներ այս մրցույթը»։



Փորձագիտական խմբի ուսումնասիրությունների ափոփումից հետո մրցութային կազմկոմիտեն անդրադարձավ քաղաքացիների SMS քվեարկությանը։ Ի տարբերություն նախորդ տարվա, լուրջ վերանայվել էր մեկ կարճ հաղորդագրության արժեքը (1 SMS-ի արժեքը այժմ 50 ՀՀ դրամ էր)։



«Սա ճիշտ որոշում էր։ Այն ապահովեց քաղաքացիների ակտիվ մասնակցայնությունը։ Քաղաքների օգտին մրցութային կազմկոմիտեն ստացել է 5263 կարճ հաղորդագրություն։ Գրեթե բոլոր օգտին էլ հարյուրավոր SMS հաղորդագրություններ են ուղարկվել»,- նշեց «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդամ, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը։



Համադրելով փորձագիտական խմբի ուսումնասիրությունները եւ քաղաքացիների քվեարկության արդյունքները՝ հայտնի դարձավ Հայաստանի 2020 թ.-ի երիտասարդական մայրաքաղաքը, որին խորհրդանշական բանալին կհանձնվի օրեր անց՝ տարեվերջին։ Թե թեկնածու քաղաքներից որն է ստանձնելու գալիք տարվա երիտասարդական մայրաքաղաքի դերը, հայտնի կդառնա ժամեր անց։ 



Մրցութային կազմկոմիտեն եւ փորձագիտական խմբի ներկայացուցիչները միասին որոշեցին, որ «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի SMS քվեարկության եւ փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն դեկտեմբերի 2-ին։ Նախարարության կողմից այդ օրը կազմակերպվելու է «Երիտասարդական մայրաքաղաք 2020» մրցույթի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիս։

erit.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: