12/15/2019

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

Այսօր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԸ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ

 Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծմանը նպատակաուղղված համազգային շարժման ծավալման գործում անուրանալի դերակատարություն է ունեցել հայ մեծանուն արձակագիր, պատմավիպասան Սերո Խանզադյանը, որ առաջին իսկ օրերից ժողովրդի կողքին էր՝ որպես պայքարի գաղափարակիր ու կազմակերպիչ:

Նա ոչ միայն պատմության մեջ էր՝ իր գրական նախատիպերի ու հերոսների հետ, այլև պատմություն կերտող անհատականություն էր: Որպես ազգային-հայրենասիրական բացառիկ գիտակցություն ունեցող գրող՝ Խանզադյանը երբևէ անմասն չի մնացել հայ ժողովրդի համար դժվարին, օրհասական ու բախտավճիռ տարիների հիմնախնդիրներից: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ մեկնելով ռազմաճակատ՝ անցավ պատերազմական իրադարձությունների բովով և համամարդկային տագնապների մղումով էլ գրիչ վերցրեց՝ խոստովանելով, թե «պատերազմն ինձ գրող դարձրեց»: Այդպես էլ 1980-ական թվականների վերջին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ժամանակ Խանզադյանը բարձր քաղաքացիություն դրսևորեց՝ իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրելով պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին:

Թե՛ որպես գրող, թե՛ որպես գործիչ նա միշտ հայրենիքի ոգին վառ էր պահում: Խանզադյանի գլխավոր ու մնայուն մտասևեռումներից մեկը Արցախի հարցն էր, հայությանը պարտադրված գոյավիճակի բացահայտումն ու դրդապատճառների դատապարտումը: 1988-ի շարժումը պայմանավորված էր նաև խորհրդային ժամանակաշրջանի՝ հայրենասիրական  զորընդեղ երակը հունավորած գրական ժառանգությամբ՝ Չարենցից ու Բակունցից մինչև Շիրազ, Սահյան, Սևակ ու Խանզադյան:

Խանզադյանի ավանդը դրսևորվել է Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծման  մի քանի հարթություններում: Ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, նամակներ էր գրում, ելույթներ ունենում հեղինակավոր ամբիոններից, դիմում ԽՍՀՄ բարձր ղեկավարությանը, առաջարկներ ու պահանջներ ներկայացնում՝ ներքին ու արտաքին պատասխանատվություններին համարձակորեն վերապահելով իրենց բաժինը: Անզիջում բանավիճում էր խորհրդային իշխանության այնօրյա ազդեցիկ դեմքերի հետ, մանավանդ երբ հարցը վերաբերում էր պատմական արդարությանն ու դրա վերականգմանը: Եթե Հայաստանը մտնում էր ԽՍՀՄ կազմի մեջ, ապա կառավարական բարձրագույն մարմինները իրավունք չունեին անտեսելու հայ ժողովրդի պատմական անցյալը, կոնկրետ դեպքում Արցախի՝ որպես Հայաստանի մաս կազմելու անառարկելի փաստը. «Տիեզերական հարց, որ ահա վաթսուն տարի է՝ երկնային կրակի պես փլվում  է հայի վրա»[1](Ս.Խանզադյան):

Առհասարակ, խորհրդային ժամանակներում գրականությունը վիթխարի դեր ուներ հայ հանրային կյանքում: Գրողի ձայնը լսելի էր պետական բարձր օղակներում, նրա քաղաքացիական դիրքորոշումը կարող էր վճռորոշ լինել ազգային նշանակության հարցերում:  Որպես խորհրդային գաղափարախոսության կրող՝ Խանզադյանը, լինելով նաև ԽՍՀՄ գրողների միության նախագահության անդամ, բազմիցս ԽՍՀՄ գրողների պլենումներում, համագումարներում քննադատել է ազգամիջյան հարաբերությունների թնջուկները՝ շեշտելով Լեռնային Ղարաբաղի՝ պատմական հայրենիքին միավորվելու արդար պահանջը:

Հայաստանի ազգային արխիվում պահպանվող Սերո Խանզադյանի անձնական արխիվի նյութերը, արխիվային տարբեր ֆոնդերում գտնվող նրա վերաբերյալ փաստաթղթերը, մամուլում հրապարակված հոդվածները,  նամակներն ու հարցազրույցները բնորոշում են ոչ միայն նշանավոր գրողին, այլև ժողովրդի արժանավոր քաղաքացուն:

Կյանքի մայրամուտին ապրելով Արցախի ազատագրության երազով՝ Խանզադյանը շարահյուսեց «Ղարաբաղը կրակների մեջ» գեղարվեստավավերագրական երկը՝ հանրագումարի բերելով Արցախյան ազատագրական պայքարին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը: Այն պատմաճանաչողական մեծ արժեք ներկայացնող երկ է, որ հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու Արցախյան շարժման տարիներին Խանզադյանի ծավալած օգտաշատ գործունեությանը, նրա քաղաքացիական համարձակ դիրքորոշումներին, այլև պատմաքաղաքական մի շարք կարևոր իրադարձությունների վերաբերյալ ստանալու ուշագրավ տեղեկատվություն, ինչը երկը դարձնում է առավել արժեքավոր: Փաստագրական ու արխիվային բազմաթիվ վավերագրերի, վիճակագրական տվյալների, պատմագիտական նյութերի, նամակների, ելույթների, տարբեր մարդկանց հետ հանդիպումների ու զրույցների վերաքաղությունները Ղարաբաղյան շարժման ընդհանուր հիմնապատկերում առանձնակի նշանակություն են ստանում, դառնում ժամանակաշրջանի հայելին:

Հայաստանի ազգային արխիվում պահվող 1991 թվական, փետրվարի 7 թվակիրն ունեցող մի նամակում[2] դիմելով Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեին՝ Խանզադյանը գրում է, որ տպագրության է պատրաստել երեք ձեռագիր, որից մեկը «Ու՞ր ես գալիս, այ գարուն. Ղարաբաղը կրակների մեջ» գիրքն է: Համառոտ ծանոթացնելով գրքի  բովանդակությանը՝ նա խնդրում է կոմիտեին նյութական միջոցներ տրամադրել և գիրքը տպագրել արտասահմանում: Նամակում Խանզադյանը վկայում է նաև երկու այլ, ընթերցողին անծանոթ, անտիպ գործերի մասին՝ «Հայոց Նոյատունը կործանված» խորագրով, որն «ընդգրկում է Նախիջևանի հայության ոչնչացման արյունոտ պատկերը՝ 1918-1983 թվականներին: 20-22 հեղինակային մամուլ», ինչպես նաև «Բեկոր-բեկոր Հայաստան», որն ընդգրկում է Խանզադյանի ուղեգրությունները՝ Իրաքում, Լիբանանում, Եգիպտոսում ու Սիրիայում:

1992 թվականի հոկտեմբերի 18-ին Վարդան Հակոբջանյանին հասցեագրած մի նամակում[3] դարձյալ խոսելով ««Ու՞ր ես գալիս, այ գարուն. Ղարաբաղը կրակների մեջ» «հզորությամբ անչափելի» գրքի հնարավոր տպագրության մասին, պարզում է բոլորովին այլ կառուցվածք՝ «Եռահատոր է՝ Ա.Բ.Գ. գրքեր – 1988, 1989, 1990: Պատրաստի»: Ավելին՝ գրում է, որ չորրորդ ու հինգերորդ գրքերը «հիմա է հյուսում», «այսինքն՝ 1991 և 1992: Նույն ոգով»: Գիրքը, սակայն, լույս տեսավ հետմահու՝ 2006 թվականին՝ հեղինակի ակնարկած վերնագրային կառույցի երկրորդ մասով՝ «Ղարաբաղը կրակների մեջ»՝ բաղկացած երեք ասքից: Թոռան հետ օրապահանջ հարցուպատասխանի խորհդանշական պատկերով սկսվող «մատյանն» ընդգրկում է 1987-ի դեկտեմբերից մինչև 1988-ի դեկտեմբեր Խանզադյանի գրառումները, ուստի ենթադրելի է, որ այն հեղինակի ակնարկած եռահատորի Ա գիրքն է միայն: Բ, Գ, հետևաբար և 1991, 1992 թվականները լուսաբանող չորրորդ, հինգերորդ գրքերի ճակատագրերը մնում են անհայտ: Գրող, պատմաբան Բագրատ Ուլուբաբյանին հասցեագրած նամակներից[4] մեկում(27 հունվարի, 1993թ.) Խանզադյանը ակնարկում է դարձյալ մեզ անհայտ «Արցախյան կանչեր» խորագրով վեպի մասին, որի վրա «աշխատում է տարուց ավել», և նշում նաև, որ «վերնագիրը պայմանական է, գուցե այլ անուն տա»:

Ընթերցողին Խանզադյանի գրչով Արցախի պատմության գեղարվեստական պատկերման մի փառահեղ գործ է միայն հայտնի՝ «Շուշի»-ն՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին՝ 1991 թվականին, իսկ հետմահու հրատարակված «Ղարաբաղը կրակների մեջ»-ը վավերագրություն է, որը, ինչպես ինքն է նշել, ամբողջացված չէ:

Գեղարվեստական վավերագրությունը հաճախ անվանում են մեմուարային գրականություն, որի մեջ մտնում են հուշագրությունը, ուղեգրությունը, փաստագրությունը, օրագրությունը և էսսեն: Խանզադյանի երկում համադրվում են և՛ հուշագրությունը, և՛ օրագրությունը, և՛ փաստագրությունը, մասամբ նաև՝ էսսեն՝ հեղինակի ոճի անհատականությամբ: Թեև վավերագրությունը հատկանշվում է պատմաճանաչողական որոշակի արժեքով, սակայն հեռու է կատարելությունից: Հեղինակն ինքն էլ խիստ է արտահայտվել իր գրքի մասին, մատնանշել արագագրության պատճառները: «Թող ներեն ինձ նրանք, ում այս գործը կատարյալ չթվա: Որքան կարողացա, այն արի»[5]: «Մի տարում այնքան, որքան արել եմ վաթսուն տարում՝ նույն Լեռնային Ղարաբաղի ցավի, Հայոց դատի այս մի ճյուղի արդար պահանջին վերաբերող: Եվ որպեսզի կարողանամ շատից-քչից բավարարել Անդրանիկիս անզիջում պահանջը, որ պահանջն է ողջ հայ ժողովրդի, ես արտակարգ գործս սկսեցի՝ քայլ առ քայլ տալով Հայոց Արցախ-Ղարաբաղի կործանման և նրա դյուցազնական պայքարի նշխարները՝ հանուն գոյության, հանուն թուրքի ստրկությունից նրա փրկության»[6]:  Խանզադյանը Ղարաբաղի մասին պատմող «արյունոտ» գիրքը ժառանգում է թոռանը. «Քեզ ասեմ, ժառանգ իմ, և դու կասես աշխարհին: Իմացիր, ճշմարտությունը չի սպանվում»[7]: Դարերի խորքերը չէ, որ պատրաստվում է տանել նրան. «Ես այստեղ միայն քեզ կներկայացնեմ Հայոց Ղարաբաղի անգութ կեղեքման պատմությունը՝ 1920 թվականից սկսած, այն էլ՝ համառոտ ու պարզեցրած, որ քեզ համար մարսելի լինի, որ դու երբեք չմոռանաս մեր ցավը ու ավանդես քո թոռներին»[8]:

Իրապես, «Ղարաբաղը կրակների մեջ»-ը հրապարակագրական երկ է՝ մատուցված որոշակի գեղարվեստական հանդերձանքով: Ամեն դեպքում, Խանզադյանի վավերագրումները դուրս են գալիս անձուկ տեղեկատվության, օրագրության շրջանակներից՝ հաճախ գեղարվեստականանում են՝ դառնալով ֆելիետոն, ակնարկ, էսսե, պամֆլետ և այլն:

«Կործանման սկիզբը» խորագրով առաջին ասքում 1920-ական թվականների պատմական եղելությունները զուգահեռելով 1970-80-ականների անցուդարձի հետ՝ Խանզադյանը խորհրդածում է, բանավիճում, հեգնում, նկարագրում «եղբայրական» ժողովրդի՝ Ղարաբաղի հայության շրջանում իրականացրած սպանդի սահմռկեցուցիչ տեսարաններ, անխնայորեն քննադատում ազգամիջյան հարաբերությունների հոռի երևույթները, ազգային ինքնորոշման իրավունքի շարունակական ոտնահարումն ու անտեսումը, ցույց տալիս պատմական երևույթների պատճառահետևանքային կապերը, որոնց վկայակոչման նպատակը մեկն է՝ ընդգծել Արցախյան հարցի լուծման միակ ուղին՝ ինչ գնով ուզում է լինի՝ թոթափել տասնամյակների անպատիվ ստրկությունը և միավորվել մայր հայրենիքին:

Ամբողջ շարադրանքում պատկերավոր բացատրություններով Խանզադյանն ընդգծում է ԽՍՀՄ ղեկավարների անտարբերությունը, մեղկությունը, նաև մեղսակցությունը Ղարաբաղին պարտադրված ճակատագրի նկատմամբ:

«Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու հարցը Անդրերկրկոմը 1921 թվականի հունիս-հուլիս ամիսներին քննարկել է ութ անգամ: Ութ անգամ էլ որոշվել է երկրամասը վերադարձնել Հայաստանին: Սակայն… Սակայն չի վերադարձվել հենց իր՝ շատ բաներ խոստացող, քիչ բան կատարող Լենինի չարակամությամբ»[9]: Քանիցս շեշտվում է, որ ճակատագրական հարցում Խորհրդային Հայաստանի Ժողկոմխորն ու ՀԿԿ Կենտկոմի բյուրոն ոչ միայն շահագրգիռ չէին, այլև կատարյալ անզորություն ցուցաբերեցին՝ զուրկ պետական ըմբռնողությունից: «Երևանում մեր ղեկավարները,-գրում է Խանզադյանը,- գրեթե բոլորը չէին ուզում զբաղվել Ղարաբաղի հարցով կամ զբաղվում էին ահաբեկված, կիսատ-պռատ: Ավաղ, Հայաստանի այդ օրերի ղեկավարները ոչ թե մտահոգված էին Կարսի, Նախիջևանի ու Ղարաբաղի փրկության հարցերով, այլ «բոլշևիկորեն» միմյանց միս էին ուտում, իրենց լղարիկ զենքերն ուղղում ոչ թե հայությանը Նախիջևանում ոչնչացնող թուրքերի, այլ դաշնակցականների դեմ»[10]:

 Հայ պատմության խորքից եկող և մինչև մեր օրերը հասնող նույն ախտն է, որ Խանզադյանի գրչին փոխանցում է տխուր պարտականությունը արձանագրելու, պախարակելու խորհրդային ղեկավարների որդեգրած այդ այպանելի կեցվածքը, «պետական ու կուսակցական անզորությունը», որ կրկնվեց նաև շարժման տարիներին: «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը վախկոտաբար ժամանակին չարձագանքեց ԼՂԻ մարզի որոշմանը՝ մտնել Հայկ. ԽՍՀ-ի կազմի մեջ, որ կայացավ 1988-ի փետրվարի 20-ին: Այդ խնդարնքի քննարկումը հետաձգվեց ամբողջ չորս ամիս, մինչև Ադրբեջանի նարիմովականները կարողացան Մոսկվայում իրենց արյունոտ գիծն անցկացնել»[11],- եզրակացնում է Խանզադյանը:



[1] Խանզադյան Ս., Ղարաբաղը կրակների մեջ, Ե., 2006, էջ 3:

[2] ՀՀ ԱԱ,ֆ. 875, g. 16, գ.152, թ. 8, տպագիր, բնագիր:

[3] ՀՀ ԱԱ, ֆ.798, g. 1, գ. 1009, թ.161, տպագիր, բնագիր:

[4] ՀՀ ԱԱ, Ֆ. 798, g.1, գ.1013, թ. 24-26, տպագիր, պատճեն:

[5] Նույն տեղում, էջ 16:

[6] Նույն տեղում, էջ 4:

[7] Նույնտեղում, էջ 4:  

[8] Նույն տեղում, էջ 4:

[9] Նույն տեղում, էջ 6

[10] Նույն տեղում, էջ 7:

[11] Նույն տեղում, էջ 7:

 

Շարունակությունն՝ այստեղ

 

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: