12/15/2019

Որտե՞ղ են Քաջարանի կոմբինատից 2016-ին Սյունիքի մարզպետարանին նվիրած երեք «Նիվա-Շեվրոլետ»-ները

Որտե՞ղ են Քաջարանի կոմբինատից 2016-ին Սյունիքի մարզպետարանին նվիրած երեք «Նիվա-Շեվրոլետ»-ները

Որտե՞ղ են Քաջարանի կոմբինատից 2016-ին Սյունիքի մարզպետարանին նվիրած երեք «Նիվա-Շեվրոլետ»-ները

2016 թ. նոյեմբերի 23-ին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն «Նիվա-Շեվրոլետ» մակնիշի երեք ավտոմեքենա նվիրաբերեց Սյունիքի մարզպետարանին:

Նվերը բերել էր կոմբինատի տնօրենի Նարեկ անունով տեղակալը:

Նվերը, մարզպետարանի բակում շարված մարզպետարանցիների բուռն ծափահարությունների ներքո, ընդունեց Վահե անունով անձնավորությունը, ով այդ օրերին Սյունիքի մարզպետի աթոռն էր զբաղեցնում:

Տեղի ունեցածի մասին իմանում ենք Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից:

Հաղորդագրության ամբողջական տեքստը՝ ստորեւ:

 

««ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ-ի ԿՈՂՄԻՑ ՝ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ՝ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզպետարան և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» համագործակցության հնարավորությունները:

Կոմբինատի ղեկավարները ներկայացրեցին ընկերության կողմից առաջիկայում մարզում իրականացվելիք սոցիալական ծրագրերի ուղղություններն ու բնագավառները:

Հանդիպման ավարտին կոմբինատի ներկայացուցիչները տեղեկացրին, որ, հաշվի առնելով մարզպետարանից մարզի համայնքների հեռու լինելու հանգամանքը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքների միջև կապն առավել արդյունավետ դարձնելու և ամրապնդելու նպատակով, ընկերության կողմից Սյունիքի մարզպետարանին է նվիրաբերվում «Նիվա-Շեվրոլետ» մակնիշի 3 ավտոմեքենա:

Մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել նվիրաբերված ավտոմեքենաների համար և վստահեցրել, որ տրանսպորտի միջոցները լիարժեք կծառայեն մարզպետարանի աշխատակազմին՝ ընդգծելով, որ դրանք անհրաժեշտ են՝ ընթացիկ աշխատանքները լիարժեք կազմակերպելու և համայնքների հետ համագործակցությունը ավելի սերտացնելու համար: 23.11.2016թ.»:

http://syunik.mtad.am/news/item/2016/11/23/avto_zpmk/

 

2018 թ. հունիսի 8-ից հետո, երբ Վահեն պաշտոնանկ արվեց, անհետացան նաեւ այդ մեքենաները, ինչի մասին տեղեկացանք Սյունիքի մարզպետարանից:

ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ նվիրաբերված գույքը մուտքագրվում է տվյալ իրավաբանական անձի հաշվեկշիռ եւ համարվում նվերը ստացած կազմակերպության սեփականություն:

Այլ իրավիճակ կլիներ, եթե մեքենաները մարզպետարանին հատկացրած լինեին ինչ-որ ժամանակով օգտագործելու եւ վերադարձնելու պայմանով:

Սակայն մեքենաները, ինչպես երեւում է պաշտոնական հաղորդագրությունից, նվիրաբերվել է:

Եվ ուրեմն մի շարք հարցեր են առաջանում:

Նախ՝ որտե՞ղ են մարզպետարանի սեփականություն հանդիսացող այդ մեքենաները:

Երկրորդ՝ արդյո՞ք այդ մեքենաները սահմանված կարգով եւ ժամանակին մուտքագրվել են Սյունիքի մարզպետարանի հաշվեկշիռ:

Երրորդ՝ եթե մեքենաները չեն մուտքագրվել Սյունիքի մարզպետարանի հաշվեկշիռ, ապա ո՞ւմ թերացումով, ո՞վ պետք է այդ մուտքագրումն ապահովեր, որ չի արել:

Հիմա…

Նարեկը, ով լուսանկարում (որքանով հասկացանք) ցուցադրում է նվեր-մեքենաների բանալիները, արդյո՞ք ասելիք չունի այդ կապակցությամբ:

Արդյո՞ք ասելիք չունի այդ օրերի մարզպետ Վահեն:

Արդյո՞ք ասելիք չունի Ռուդոլֆ անունով տղան, ով այդ օրերին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն էր եւ ի պաշտոնե պարտավոր էր վերահսկել՝ մուտքագրվե՞լ են նվեր-մեքենաները, թե՞ ոչ։

Ստեղծված իրավիճակի վրա ենք հրավիրում նաեւ Սյունիքի մարզի իրավապահ մարմինների ուշադրությունը. չէ՞ որ խոսքը պետական սեփականություն հանդիսացող գույքի մասին է:

 

«Սյունյաց երկիր»

 

 

 

 

New layer...
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: