01/24/2020

Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան

Եղիշե Չարենցի՝ Արփենիկն ու Իզաբելլան

Բանաստեղծ Եղիշե Չարենցը շատ ճաշակով է եղել ոչ միայն գրականության, նաև կանանց  ընտրության հարցում: Նա մշտապես շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով: Վառ վկայություն  նրա երկու կանայք՝ Արփենիկն ու Իզաբելլան:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում բացվել է «Արփենիկ-Իզաբելլա. ցուցահանդես»:

«Պատահական չէ, որ Չարենցի  երկու կանանց նվիրված ցուցադրությունը միաժամանակ ենք արել, քան որ տարին հոբելյանական է երկուսի համար էլ՝  Արփենիկ Տեր-Աստվածատրյանի՝ 120-ամյակն է, Իզաբելլա Կոդաբաշյանի ՝ 110-ամյակը: Ցուցադրել ենք այն, ինչ պահպանվել է նրանցից: Ցավոք սրտի, քիչ բան է պահպանվել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը:

Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ Չարենցն ապրել է 1921-1927 թվականներին: Արփենիկը շուտ է մահացել՝ ուշացած վիրահատության պատճառով:

«Արփիկի մահից հետո հոգեպես խռովքի պահին  Չարենցն այրել է նրա բոլոր իրերը, շորերը, որ իր սիրելի կնոջ իրերն որևէ մեկի վրա չտեսնի: Նրա մահից հետո բանաստեղծություններ է գրել Արփիկի մասին, դիմել է քանդակագործ Արա Սարգսյանին, որպեսզի մահվան մահից հանի Արփիկի գիպես դեմքն ու ձեռքը»,- ասաց Անուշ Թասալյանը:



Տուն-թանգարանում պահվում են Արփենիկի հարդարման պարագաները, օծանելիքների սրվակները, որոնք Չարենցն է բերել արտասահմանյան ճանապարհորդությունից:

«Արփենիկը ժամանակի համար ուսյալ, խելացի, գրագետ կին էր: Չարենցն այնքան է սիրել Արփենիկին, նրա սիրուց ելնելով, տարիներ անց, երբ ամուսնացել է Իզաբելլայի հետ, շատ է ցանկացել աղջիկ ունենալ, որպեսզի անվանակոչի Արփենիկ: Այդպես էլ անում է»,- նշեց թանգարանի գլխավոր ֆոնդապահը:

Իզաբելլա Կոդաբաշյանի հետ ապրել է 1931-1937 թվականներին, ունեցել է երկու դուստր՝ Արփենիկ և Անահիտ:  Թանգարանում են պահվում Իզաբելլայի արդուզարդի պարագաները, մետաքս շարֆը, ականջօղերը, որոնք նրան նվիրել է հենց Չարենցը:



«Վստահ ենք, Չարենցն Արփենիկին շատ է սիրել, նաև Իզաբելլային, աղջկա հուշերում ասված են, որ շատ էր սիրում ընտանիքն ու երեխաներին: Այս կանայք Չարենցի համար մուսա են եղել»,- ասաց  Անուշ Թասալյանը:

Չարենցի տուն –թանգարանում է պահվում նկարիչ Մարտիրոս Սարյանի կտավներից մեկը, որտեղ Չարենցն է իր  կանանց հետ:



«Այս աշխատանքը հետաքրքիր է այն առումով, որ միայն նկարով կարելի է պատկերացնել, թե ով էր Չարենցը: Նկարում ներկայացրել է Չարենցի սերը Արևելքի հանդեպ՝ արևելյան գլխարկ, Չարենցի սերը կանանց հանդեպ՝ երկու կանայք, Բուդդայի արձանիկը, որովհետև Չարենցը բուդիզմ էր ուսումնասիրում:  Սարյանն այնքան լավ է  ճանաչել Չարենցին, որ տվել է ամբողջական իր կերպարի բնութագրումը»,- նշեց  Չարենցի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը:

panorama.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: