01/28/2020

«2019-ը կգնահատեմ որպես ձեռքբերումների տարի եւ վստահորեն կասեմ, որ մեր առջեւ դրված խնդիրները լիովին կատարել ենք». Գևորգ Փարսյան

«2019-ը կգնահատեմ որպես ձեռքբերումների տարի եւ վստահորեն կասեմ, որ մեր առջեւ դրված խնդիրները լիովին կատարել ենք». Գևորգ Փարսյան

«Դե Ֆակտո » ամսագրի զրուցակիցն է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը.

-Պարո՛ն Փարսյան, «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը, բարձր գնահատելով Ձեր մեկ տարվա արդյունավետ գործունեությունը, իրականացված ծրագրերը, Կապանի զարգացման միտումները, Ձեզ ճանաչել է «Տարվա համայնքի ղեկավար 2019»: Եթե փորձեք ամփոփել տարին, ապա ինչպե՞ս այն կգնահատեք, արդյո՞ք հասցրեցիք անել այն ամենը, ինչ ծրագրել էիք:

-Նախ շնորհակալություն եմ հայտնում իմ կատարած աշխատանքը գնահատելու և ինձ 2019 թվականի համայնքապետ ճանաչելու համար: Այս մեկ տարվա ընթացքում փորձել ենք հնարավորինս խթանել համայնքի առավել զարգացած ոլորտները, և նախանշել ու զարգացման հիմքեր ստեղծել այն ոլորտների համար, որտեղ առաջընթաց չէր նկատվում: Ընդհանուր առմամբ, տարին կգնահատեմ որպես ձեռքբերումների տարի և վստահորեն կասեմ, որ մեր առջև դրված խնդիրները լիովին կատարել ենք: Իհարկե, շատ ուղղություններով դեռ աշխատանք կա անելու, բայց հիմնական միջոցառումներն ու ծրագրերը, որոնք նախանշել էինք այս տարվա համար, կատարել ենք:

-Ի՞նչ խնդիրներ ուներ Կապանը, երբ ստանձնեցիք համայնքապետի պաշտոնը, և այսօր դրանցից որո՞նք են լուծում ստացել:

-Կապան համայնքը ուներ բազմաթիվ և բավական լուրջ խնդիրներ` կապված բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և վերելակների վերանորոգման, աղբահանության արդյունավետ կազմակերպման, բակային տարածքների և ներհամայնքային փողոցների ասֆալտապատման, քաղաքի արտաքին տեսքի բարեկարգման, քաղաքը համայնքի գյուղերի հետ կապող ճանապարհների շինարարության հետ և այլն: Ընտրվելով Կապան համայնքի ղեկավար` իմ առջև նպատակ դրեցի շուտափույթ լուծել կապանցիների բարեկեցությանն ու համայնքի զարգացմանն ուղղված առաջնահերթ խնդիրները:
Այս մեկ տարվա ընթացքում կարողացել ենք վերանորոգել թվով 55 և 43 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները (մի մասը դեռ ընթացքի մեջ է) և վերելակները (ՀՀ կառավարության հետ համատեղ), բարեկարգվել են կենտրոնական փողոցների որոշ մայթեր, վերակառուցվել և նորոգվել են Մ2 մայրուղուն կից թվով 10 կանգառները, մասնակի վերանորոգվել և գույքով են ապահովվել մանկապարտեզները, մարզադպրոցները, երաժշտական դպրոցները և այլն: Հսկայական աշխատանք է իրականացվել քաղաքի աղբահանության և արտաքին լուսավորության ոլորտում, բարեկարգվել է Աղվանի գյուղ տանող 20կմ ճանապարհահատվածը, ներկա դրությամբ ընթացքի մեջ է գտնվում Կաղնուտ գյուղական բնակավայր տանող ճանապարհի շինարարական աշխատանքները:
Իրականացված աշխատանքները բազմաթիվ են, և կարծում եմ` արդյունքը տեսանելի է (ժպտում է,-հեղ.):

-Իրականացված ծրագրերից որո՞նք են կիսատ մնացել, որ պետք է շարունակվեն 2020-ին:

-Կիսատ մնացած աշխատանքներից, երևի թե, նշեմ բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգումը, որը շարունակական բնույթ կկրի նաև 2020 թվականին և 55-ին կգումարվի ևս 30-ը:

-Որքանով տեղյակ ենք, կոմունալ տնտեսությունը զինվել է նոր տեխնիկայով, կներկայացնե՞ք` ինչ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ:

-Մենք այս ոլորտում ի սկզբանե ունեցել ենք հստակ նպատակներ` ունենալ այնպիսի կառույց, որը կհամակարգի կոմունալ տնտեսության ոլորտի գործառույթները` աղբահանությունից մինչև կանաչապատում, սանմաքրման աշխատանքների կազմակերպումից մինչև լուսավորության ցանցի գործարկում: Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ մեր նպատակները արդարացվել են: Նշեմ այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներից մի քանիսը.
Գրանցվել է աղբահանության վճարի հավաքագրման մոտ 40% աճ, ծառայության աշխատակիցների աշխատավարձերի շուրջ 30%-ի ավելացում, շուրջ 100 աղբակետի կառուցում, 80-ից ավելի ժամանակակից աղբարկղերի և 7 տեխնիկայի ձեռքբերում:
Փոխվել է քաղաքի լուսավորության համակարգը` 950 լուսատուների փոխարեն տեղադրվել են 1600 LED էներգախնայող լուսատուներ, քաղաքի 27 էլեկտրական ենթակայաններում նույնպես ամբողջությամբ փոխվել են հին էլեկտրական սարքավորումները և տեղադրվել նոր, թվային, ժամային ռելեներ, ինչպես նաև ավտոմատ միացման-անջատման սարքեր, որոնց շնորհիվ քաղաքի ամբողջ տարածքում փողոցային լուսավորության տևողությունը մինչև լուսաբաց է: Համայնքը նաև ակտիվորեն մասնակցել է և՛ համապետական, և՛ համայնքային շաբաթօրյակներին, որի ընթացքում տնկվել է մոտ 1000 ծառ:

-Արդյո՞ք ներդրումներ եղել են համայնքում 2019թ. ընթացքում և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում համայնք ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:

-Իհարկե, 2019 թվականի ընթացքում համայնքում բազմաթիվ ներդրումներ եղել են թե՛ պետբյուջեի, թե՛ միջազգային, և թե՛ տեղական ներդրողների կողմից: Մասնավորապես, 2019 թվականին համայնքի համար զգալի ներդրումներ են կատարել տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական երկու ձեռնարկությունները, միջազգային դոնոր կազմակերպություններից հատկանշական են «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Եվրամիությունը, «Մարդը կարիքի մեջ» բարեգործական կազմակերպությունը, «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ը և այլն:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել տարվա ընթացքում` ուղղված կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներին (դպրոցների, մանկապարտեզների, մշակութային, սպորտային օջախների վերանորոգման, վերազինման աշխատանքներ և այլն), և ի՞նչ հաջողություններ են արձանագրվել դրանցում:

-Համայնքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում են գտնվում համայնքի ենթակայության տակ գտնվող կառույցները և այս ուղղությամբ կատարվել են մի շարք ներդրումներ և աշխատանքներ. աթլետիկայի դպրոցի, մանկապատանեկան մարզադպրոցի, մարմնամարզության մարզադպրոցի և թվով 13 ՆՈՒՀ–երի համար գույքի ձեռք բերում և վերանորոգման աշխատանքներ: Ինչ վերաբերում է կրթության և մշակույթի բնագավառին, ապա երիտասարդության ինտելեկտուալ զարգացման նպատակով կատարվել են գրադարանների նորոգում, գրադարանային ֆոնդի թարմացում, տեխնիկական վերազինում և այլն: Տեխնիկապես վերազինվել է նաև Կապանի մշակույթի կենտրոնը, որի վերակառուցման աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են գտնվում: Աջակցել ենք սպորտի, մշակույթի և կրթության բնագավառներում հաջողությունների հասած պատանիներին` կատարելագործվելու և միջազգային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես նաև ստեղծել ենք «Սյունիք» ժողովրդական անսամբլը` համայնքում ազգային և ժողովրդական պարային անսամբլ ունենալու համար:

-Կապանը ճանաչվել է նաև «Մշակութային լավագույն համայնք 2019» ավանդական «Լավագույն համայնք» մրցանակաբաշխության ժամանակ, որը կազմակերպվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ: Ըստ Ձեզ` ո՞րն էր Կապանի հաջողության գրավականը այս մրցանակաբաշխության ժամանակ, մշակութային ի՞նչ ծրագրեր էին ներկայացված Ձեր հայտում:

-«Մշակութային լավագույն համայնք 2019» ճանաչվելը համարում եմ տարվա մեր ամենամեծ հաջողություններից մեկը: Կապանի հաջողության գրավականներից մեկը այս մրցանակաբաշխությունում այն էր, որ տարվա ընթացքում մշակութային միջոցառումներ են իրականացվել ոչ միայն Կապան քաղաքում, այլ նաև համայնքի գյուղական բնակավայրերում: Բացի այն, որ մշակույթի կենտրոնին է վստահված բոլոր տոն օրերին համաքաղաքային միջոցառումների անցկացումը. այս տարի կենտրոնը հանդես եկավ նաև բացառիկ նախաձեռնությամբ` «Քեզ համար Կապան» բարեգործական ծրագրով, «Իմ սրտում Ազնավուր» և «Իմ հոգում Կոմիտաս» համերգ-ներկայացումներով, որի հասույթը ավելի, քան 15մլն դրամ էր: Մշակութային լավագույն համայնք անվանակարգում հաղթող հռչակվելուն նպաստել են նաև համայնքում գործող երաժշտական և արվեստի դպրոցները, թատրոնը, թանգարանները, երիտասարդական կազմակերպությունները և մշակութային կյանքով ապրող մշակութասեր հասարակությունը:

-2019թ. ձեռքբերումներով լի էր հատկապես Կապան քաղաքի համար. Կապան քաղաքը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվեց «Երիտասարդական մայրաքաղաք 2020», ինչի առթիվ շնորհավորում ենք Ձեզ: Նախ` ինչպե՞ս որոշեցիք դառնալ մրցույթի հայտատու և ըստ Ձեզ` ո՞րն էր Կապանի հաղթաթուղթը. չէ՞ որ մրցույթին մասնակցում էին նաև Արմավիր, Հրազդան, Գավառ, Գորիս քաղաքները, որոնք ևս բավականին զարգացած են:

-Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի համար, նշեմ, որ Կապանն արդեն երրորդ տարին է դիմում մրցույթին մասնակցելու համար, և քանի որ նախորդ տարի փորձագետների կողմից ստացել էինք առավելագույն միավորներ և պարտություն կրել միայն sms հաղորդագրությունների արդյունքում, այս տարի հաղթանակը, կարծես թե, նպատակ էր դարձել: Կարծում եմ` այս մրցույթում Կապանը իսկապես արժանի մրցակից էր, քանի որ ուներ և՛ ակտիվ ու գործուն երիտասարդություն, և՛ երիտասարդական կազմակերպություններ, և՛ այն բոլոր ռեսուրսները, ինչն անհրաժեշտ էր մրցույթում հաղթող ճանաչվելու համար:

-Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է Կապանի երիտասարդությունը, ինչպիսի՞ մտածողությամբ և արժեքներով է առաջնորդվում:

-Կապանի երիտասարդները ակտիվ, մտածող, նախաձեռնող, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ, պատասխանատու են և առաջնորդվում են հարազատ քաղաքի նկատմամբ անմնացորդ սիրով ու նվիրումով և միշտ առավելագույնին հասնելու ձգտումով:

-Երիտասարդական ինչպիսի՞ քաղաքականություն է վարվում Ձեր կողմից և ի՞նչ ծրագրեր են իրականացվելու 2020-ին:

-Ես`, որպես համայնքի ղեկավար երիտասարդներին մեծ տեղ եմ տալիս: Նրանց ձայնը պետք է լսելի լինի, նրանց տեսակետները պետք է գնահատվեն և հաշվի առնվեն, որպեսզի երիտասարդները համարվեն որոշումների կայացման գործընթացի մաս: Նրանց պետք է հնարավորություն տալ ակտիվորեն մասնակցել համայնքային կյանքին և զարգանալ որպես ակտիվ քաղաքացիներ, ինչը և մենք անում ենք:
Քանի որ ՀՀ 2020 թվականի երիտասարդական մայրաքաղաք դարձավ Կապանը, հետևաբար գալիք տարի մեր քաղաքը լինելու է երիտասարդական միջոցառումների կիզակետում: Կապանում իրականացվելու են տեղական և միջազգային երիտասարդական ծրագրեր` դրանցում ներգրավելով համայնքի և մարզի երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին:

-Որպես համայնքապետ` պարբերաբար հանդիպում եք Կապան քաղաքի, ինչպես նաև հարևան գյուղական համայնքների բնակիչների հետ, ունեք ընդունելության օրեր. ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնում նրանք:

-Քաղաքացիները, որոնց հետ ես հանդիպում եմ, հիմնականում դիմում են աշխատանքի տեղավորման և դրամական օգնության խնդրանքով:

-Պարո՛ն Փարսյան, ինչպե՞ս է Ձեզ հաջողվել մեկ տարում այսքան ծրագրեր կյանքի կոչել և արժանանալ համայնքի բնակչության սիրուն ու հարգանքին:

-Կարծում եմ` այդ ամենը հնարավոր չէր լինի, եթե չլիներ համայնքապետարանի պրոֆեսիոնալ անձնակազմը, իմ ընտանիքը, ընկերները, մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են եղել և նպաստել են այդ ծրագրերի իրագործմանը:
Իսկ թե ինչպես եմ արժանացել համայնքի բնակչության սիրուն... երևի թե միշտ անկեղծ եմ եղել նրանց հետ, սին խոստումներ չեմ տվել և իմ խոսքն ու գործը համընկել է, եթե այդպես չլիներ, ապա նրանք կկորցնեին թե՛ սերը և թե՛ հարգանքը իմ նկատմամբ: Համենայն դեպս, այս մեկ տարվա ընթացքում փորձել եմ ինչ-որ չափով թեթևացնել կապանցիների մտահոգություններն ու լուծել նրանց խնդիրները:

-Ի՞նչ կարևորություն ունեն Ձեզ համար վերը նշված բոլոր հաղթանակները` «Տարվա քաղաքապետ 2019», «Երիտասարդական մայրաքաղաք 2020», «Մշակութային լավագույն համայնք 2019», ինչպես նաև Ձեր գործունեության արդյունքում տարբեր ոլորտներում արձանագրված բարձր ցուցանիշերը:

-Այս հաղթանակները մեր բոլորիս կատարած աշխատանքի գնահատականն է, ինչն իր հերթին և՛ պարտավորեցնում, և՛ ոգևորում է: Երբ կատարած աշխատանքդ գնահատական է ստանում արդեն հանրապետության մակարդակով, և՛ պատասխանատվության զգացումն է ավելանում, և՛ նոր մոտիվացիա է ձևավորվում ավելիին հասնելու:

-Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում, ունե՞ք կարգախոս:

-Հակիրճ պատասխանեմ հարցին` շատ աշխատել, քիչ խոսել կամ գոնե կատարած աշխատանքին համաչափ խոսել:

-Պարո՛ն Փարսյան, բավականին մեծ է Ձեր աշխատանքային զբաղվածությունը, կարողանո՞ւմ եք ժամանակ հատկացնել ընտանիքին, երեխաներին:

-Ցավոք, բավական խիտ ու ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկիս պատճառով շատ քիչ ուշադրություն և ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս, բայց չեմ պատրաստվում այլևս այդպես շարունակել:

-Ի՞նչ ոգով և արժեքներով եք դաստիարակում Ձեր երեխաներին:

-Իմ երեխաներին դաստիարակում եմ բոլոր այն արժեքներով, որոնք բնորոշ են ցանկացած հայկական ավանդական ընտանիքին:

-Ինչպիսի՞ Կապանի մասին եք երազում:

-Ես երազում եմ, որ յուրաքանչյուր կապանցի, նախ և առաջ սիրի իր քաղաքը` ինչպես իր տունը, քաղաքին վերաբերվի ինչպես իր շատ կարևոր մի մասնիկի, որի մաքրությունը, բարեկեցությունն ու գեղեցկությունն իր համար առաջնային կարևորություն ունի:
Ապագայում կցանկանայի տեսնել երջանիկ, համաչափ զարգացող, բարեկարգ, հարմարավետ, լուսավոր ու մաքուր, դրսում բնակվող կապանցիներ և, ինչու ոչ, նաև մեր հայրենակիցների աչքում առավել գրավիչ ու ծաղկուն քաղաք:

-Առջևում Ամանորն է, ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ինչպե՞ս եք այն տոնում:

-Ամանորն ինձ համար առօրյայից մի փոքր շեղվելու, լիցքաթափվելու, հարազատների և մտերիմների հետ շփվելու հնարավորություն ստեղծող տոն է, և առհասարակ, Ամանորը ևս մեկ առիթ է անցնող տարին ամփոփելու, կատարած աշխատանքները վերագնահատելու և հաջորդ տարվա անելիքները ծրագրելու:
Այն, ինչպես և շատերի, ինձ համար ևս ընտանեկան տոն է, ուստի` ես այն նշում եմ ընտանիքիս հետ, սովորաբար` տանը: Այսինքն` այն մարդկանց շրջապատում, ովքեր տարվա ընթացքում ինձ հետ են եղել և՛ հաջողությունների և՛ դժվարությունների պահերին:

-Ինչպե՞ս է անցնելու Ամանորը Կապանում: Ձեր բարեմաղթանքը:

-Կապանում, ինչպես միշտ, Ամանորը անցնելու է տոնական մթնոլորտում: Լինելու է անակնկալներով լի ու տոնական շնչով լեցուն Ամանոր:
Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկությունը այն է, որ 2020 թվականը մեր երկրի, համայնքի և յուրաքանչյուր ընտանիքի համար լինի առողջության, բարեկեցության, հոգու և մտքի ներդաշնակության, հայկական ընտանեկան ամուր միասնության, ստեղծագործ աշխատանքի և իղձերի իրականացման տարի:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

slaq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: