02/17/2020

Սյունիքում շարունակվում է ձմեռային զորակոչը

Սյունիքում շարունակվում է ձմեռային զորակոչը

Ամանորի եւ Սուրբ ծննդի տոներից հետո կյանքն աստիճանաբար բնականոն հունի մեջ է ընկնում։

Մարզկենտրոնում հունվարի 14-ին զինակոչիկների երկրորդ խումբը մեկնեց հանրապետական հավաքակայան։

Կապանի զինկոմիսարիատի առջեւի պուրակում հավաքվել էին ապագա զինվորների ծնողներն ու հարազատները, հարեւաններն ու մտերիմները։

Օրվա խորհրդին նվիրված հանրահավաքին մասնակցում էին մարզային եւ համայնքային իշխանությունների, իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ։

Բացման խոսքում Սյունիքի զինկոմ, գնդապետ Արարատ Մանուչարյանը մասնավորապես նշեց. «Նման միջոցառումներ 1992-1994 թվականին չէին անցկարնում, որովհետեւ հակառակորդի կողմից հրետակոծվում էր մեր քաղաքը։ Ձեր հայրերի, պապերի կողմից թշնամին քշվեց մեր սահմաններից, որ սյունեցին ապրի խաղաղ ու ստեղծագործ աշխատանքով, երեխաներն անհոգ մանկություն անցկացնեն։

Դուք գնում եք պաշտպանելու, ամրապնդելու ձեր պապերի, հայրերի անձնազոհության գնով ձեռք բերածը։ Եղեք նրանց արժանի հետնորդներ։

Խաղաղություն լինի հայոց աշխարհում։

Անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ եմ մաղթում ձեզ»։

Սյունիքի մարզպետի անունից զորակոչի առթիվ հայրենիքի ապագա պաշտպաններին շնորհավորեց եւ անվտանգ ծառայություն մաղթեց մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյանը։

Ապագա զինվորներին բարեմաղթանքներ հղեցին Կապանի համայնքապետի տեղակալ Դավիթ Հայրապետյանը, Կապանի երկրապահ կամավորների միության նախագահ Սուրիկ Հովսեփյանը։

Կապանի համայնքապետարանը զինակոչիկների համար առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ էր պատրաստել։

40 զինակոչիկ երկրորդ զորակոչին մեկնեց հանրապետական հավաքակայան` համալրելու Հայոց բանակի շարքերը։

 

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: