02/24/2020

Հարթաշենի տարածքի Ալիղուլիշեն (Ազատաշեն), Կյորու (Ձորաշեն) եւ Մաղանջուղ (Այգեձոր) լքյալ գյուղերի սրբավայրերը

Հարթաշենի տարածքի Ալիղուլիշեն (Ազատաշեն), Կյորու (Ձորաշեն) եւ Մաղանջուղ (Այգեձոր) լքյալ գյուղերի սրբավայրերը

Գորիս քաղաքից 13 կմ արեւելք գտնվող գյուղ է Հարթաշենը:

Հիմնադրվել է նախկին Ազատաշեն (Ալիղուլիշեն), Ձորաշեն (Կյորու) եւ Այգեձոր (Մաղանջուղ) գյուղերի բնակիչների՝ այդտեղ վերաբնակեցմամբ:Դա 1965-70-ական թվականներին էր:

Մեր ստեղծագործական խումբը Հարթաշենի սրբավայրեր այցելեց 2019 թ. հուլիսի 5-ին: Խմբի մեջ էր նաեւ Գորիսի պետական համալսարանի ներկայացուցիչ Նոնա Միրզոյանը:

Մեզ ուղեկցում էին Հարթաշեն գյուղի բնակիչներ Ռուդիկ Մարտիրոսյանը, Վահե Դավթյանը եւ Շահնազար Սահակյանը: 

 

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Ազատաշեն գյուղում, որ նաեւ Ալիղուլիշեն է կոչվում ու Լաստ 

Առաջինն այցելեցինք Ազատաշեն գյուղ:

Մատենագիտության մեջ գյուղը հիշատակվում է նաեւ Աթղունի, Ալեկուլի, Ալիկուլիքյանդ, Ալիղուլաշեն, Ալիղուլի, Ալիղուլի աշաղը, Ալիղուլիքենդ, Ալիղուլիշեն 1-ին, Ալիղուլիշեն 2-րդ…

Ազատաշեն է վերանվանվել 1940-ին:

Գտնվում է Գորիս-Ստեփանակերտ խճուղու աջ կողմում՝ Գորիսից մոտ 7 կմ արեւելք:

Բազմաթիվ ձորերով կտրտված վայր է, ունի փարթամ այգիներ:

Շրջակայքում կան երկու բնակավայրի հետքեր:

Գյուղի հյուսիսից է սկիզբ առնում մի գետակ, որ հոսում է գյուղամիջով: Մոտ 14 կմ երկարությամբ գետակը կոչվում է Ձորաշեն:

Մեզ ուղեկցող Ռուդիկ Մարտիրոսյանը ծագումով այդ գյուղից է եւ գիտի բոլոր սրբավայրերի, նշանավոր տեղերի մասին:

Ազատաշեն գյուղի կենտրոնում՝ բարձունքի վրա է գտնվում Սուրբ Հռիփսիմե անունով եկեղեցին, որ կանգուն է:

Եկեղեցու մուտքին կարդում ենք՝ ՌՃՂԳ, որ նշանակում է 1744 թվական:

Պատմական միջավայրի պահպանության  Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը, վկայակոչելով հուշարձանների` կառավարության կողմից հաստատված ցուցակը, հիշեցնում է մեզ, թե գյուղի եկեղեցին Սուրբ Նուբար է կոչվում։ Սակայն մենք անհամաձայնություն ունենք այդ վարկածի վերաբերյալ, քանզի մատենագիտության մեջ ոչ մի տեղ Սուրբ Նուբար անունը (Ազատաշեն գյուղում) չենք հանդիպում։

Ալիղուլիշեն (Ուրղունիշեն) գյուղում են նաեւ «Խաչի ծառ» անվանումով երկու սրբավայր՝ միմյանցից հեռու, որ մինչեւ այսօր իրենց են ձգում հավատավորների, ովքեր կամենում են աղոթք անել, մոմ վառել, մատաղ անել...

Վերջում կանգ առանք գյուղի գլխավոր աղբյուրի մոտ, որ Սահակի աղբյուր է կոչվում:

 

Լաստի մատուռը, որ  Սրբի դուռ էր հատկապես ամլության խնդիր ունեցող կանանց համար
Բացի Սուրբ Հռիփսիմեից, «Խաչի ծառերից», Ուրղունիշենի տարածքում է Սուրբ Լաստը, որտեղ մինչեւ հիմա պահպանվում են փոքրիկ մատուռի հետքերը:

Գյուղը, ինչպես արդեն նշեցինք, մատենագիտության մեջ նաեւ Լաստ է անվանվել (չշփոթել Գորիս քաղաքի Լաստ լեռնագագաթի հետ):

Լաստ սրբավայրի մասին կարդում ենք նաեւ մեր հայրենակից Արտեմ Խանզադյանի (մականունը՝ Զանգեզուրցի) հուշերում: Հուշագրությունն այն մասին է, թե ինչպես դաշնակցականների ջոկատը (1905 թ. Մինքենդի կոտորածից հետո) Ուրղունիշենից «արշավեց հնչակյանների հայրենիք ու հենարան» դարձած Խնձորեսկի վրա:

Արտեմ Խանզադյանը մի քանի տողով նկարագրում է նաեւ Ուրղունի շենը, անդրադառնում Լաստ անունով սրբավայրին. «Ուրղունի շենն ընկած էր խոր ձորի արեւելյան փեշին: Տներն իրար վրա շինած էին դեպի սարի դոշերը: Սարի գլխին հին դարերում կառուցած մնացած է Լաստ անունով սրբատեղին: Ամեն տարի` ամառվա սեզոնին շրջակա գյուղերից մեծ բազմություն, ժողովուրդ էր գնում ուխտի՝ սրբատեղի:

Ոչխարներ էին մորթում, զուռնա-դհոլով քեֆեր էին անում, մեկ օր մնում ու վերադառնում էին իրենց տները»: 

Լաստի սրբավայրի մեկ այլ նշանակության մասին  ավանդազրույց է պատմում Ստեփան Լիսիցյանը: Իբր այդտեղ էին գալիս կանայք, ովքեր ամլության խնդիր ունեին, ինչը համարում էին մեծագույն արատ եւ դժբախտություն ամուսնացած կնոջ համար: Եվ «աստծու պատժից» ազատվելու համար այդ կանայք գնում էին Սրբի դուռը:

Սրբավայրում կինը քար էր շալակում, երեք անգամ պտտվում տաճարի շուրջ՝ այդ ծանրությունը մեջքին, ու այդ քարը տանում էր տուն՝ լի հավատով, որ այդպիսով ինքն էլ պիտի ծանրանա, հղիանա…

Ստեփան Լիսիցյանը նման մի սրբավայր էլ նշում է Մաղանջուղի մերձակայքում, որի հավաստիությունը չկարողացանք ճշտել եւ սրբավայրը տեղորոշել:



Գորու կամ Կյորու չքնաղ գյուղի եկեղեցին

Գյուղանվանը՝ Գորու տեսքով, հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկի մեջ:

Ըստ Հին հարկացուցակի՝ Տաթեւի վանքին տալիս էր 20 չափ հարկ, ինչը վկայում է գյուղի մեծության եւ տնտեսական հզորության մասին:

Գյուղի երբեմնի մեծության մասին է վկայում փաստը, որ բնակավայրն ունեցել է հինգ գերեզմանատուն, իսկ գյուղի նշանավոր զավակ, բանաստեղծ Գրիշա Մանուչարյանի կարծիքով՝ յոթ գերեզմանատուն:

Կա նաեւ ավանդազրույց, թե իբր Հին Խնձորեսկի բնակիչների մի մասը Կյորու գյուղից է գնացել: 

Գորուի՝ մեծ բնակավայր լինելու վարկածի հետ համաձայն չէ Մորուս Հասրաթյանը. այդ մասին՝ քիչ անց:

Մատենագիրների մի մասի կարծիքը, թե Գորուն Գորիս անվանումի նախաձեւն է, չի համապատասխանում իրականությանը (այլ հարց է երկու անվանման արմատի նույնությունը)։

1950-ին գյուղը վերանվանվել է Ձորաշեն:

Գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ այլ անուններով՝ Գերու, Գորը, Կերու, Կյորու, Կորու…

Անառիկ բերդ հիշեցնող բնակավայր է Կյորուն:

Գորիսի տարածաշրջանի ամենախուլ գյուղերից էր, տների մեծ մասը՝ տափակ կտուրներով, կային նաեւ բազմաթիվ քարանձավային բնակարաններ:

Հարթաշեն նոր գյուղին նվիրված «Մեր նոր գյուղը» բանաստեղծության մեջ Գրիշա Մանուչարյանն այսպես է նկարագրել Հին Կյորուն (բանաստեղծությունը տպագրվել է «Ավանգարդ» թերթում).

 

Անդնդախոր ձորերի մեջ,

Շվաքի տակ մերկ ժայռերի, 

Մեր հին գյուղն էր թախծում անվերջ՝

Դարակուտակ վշտին գերի։

 

Ապրում էր նա խեղճ ու թշվառ՝

Մեծ աշխարհի կյանքից հեռու,

Նրա անունն անգամ չկար

Զանգեզուրի քարտեզներում...


Մենք Կյորու իջանք անդունդի լանջերով ձգվող ճանապարհով:

Շահնազար Սահակյանը ցույց տվեց այն բարձունքը, որտեղ 1951-ին վթարի էր ենթարկվել բեռնատար մեքենան, որի մեջ էր նաեւ Գուսան Աշոտը:

Մենք կանգ առանք այդ բարձունքում, հիշեցինք Ամենայն հայոց գուսանին:

«Սյունյաց երկրի» 2017 թ. հունիսի 10-ի համարում Գուսանի որդին՝ Համլետ Դադալյանն այսպես էր հիշում այդ պատահարը. «Կյորու գնացող մեքենան քարաղ էր բարձած: Համերգի մեկնող խումբը մեքենայի թափքում էր՝ քարաղի վրա նստած:  Աշխեն մայրիկը (Գուսանի երկրորդ կինը) անսամբլի քանոնահարն էր (հետագայում էր սովորել այդ մասնագիտությունը), բայց ավելի շատ խանդից դրդված էր երեւի միանում անսամբլին եւ հորս հետ հյուրախաղերի մեկնում: Մեքենան շրջվեց, Աշխենը մահացավ, հայրս թեթեւ վնասվածք ստացավ: Որքան  գիտեմ՝  ուրիշ մահացողներ եւ վիրավորներ էլ եղան»:

Այնուհետեւ շարունակեցինք ուղեւորությունը:

Գյուղի սկզբնամասում՝ մոշի ստվար քոլերով պաշարված մի բարձր շիրմաքար կա. Թելիկ մորաքրոջս գերեզմանն է, ով գյուղի ղեկավարն էր Մեծ հայրենականի դժվարին տարիներին, ով կյանքին հրաժեշտ տվեց երիտասարդ տարիքում:

Մեր հաջորդ կանգառը գյուղի կենտրոնում՝ թմբի վրա բազմած եկեղեցին էր:

Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանի վկայությամբ՝ պետական փաստաթղթերում եկեղեցու անվանումը նշված չէ:

Բայց Կյորու գյուղի զավակ Հրանտ Քոչարյանը, վկայաբերելով եկեղեցու Չափաբերական մատյանը՝ պետական արխիվում պահպանվող, նշում է, որ եկեղեցին Սուրբ Հռիփսիմե է կոչվում, որտեղ էլ առաջին գրառումը կատարվել է 1852-ին:

Սերո Խանզադյանն այսպես է նկարագրում գյուղի գլխավոր սրբավայրը՝ «Եկեղեցին նոր է, սակայն հիմքերը հին, շատ հին են: Քարերը խոշոր են ու անմշակ: Եկեղեցին կանգուն է, ունի երկու հզոր կամար, որ պահում են քարե թաղը: Եկեղեցու մեջ ու վրան արձանագրություն չգտա»:

Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ հին սրբավայրի հիմքի վրա:

Ըստ Հրանտ Քոչարյանի՝ գյուղի գերեզմանատներից մեկում մի սուրբ ծառ է եղել՝ կողքը՝ խաչքարեր, եւ այդ վայրը կոչվել է «Խաչեր»:

 

***

 

Ճանաչված հայագետ Մորուս Հասրաթյանը Կյորու գյուղում եղել է 1926-ին:

1972-ին նա հեղինակել է մի հոդված՝ «Ձորաշեն-Գորու» վերտառությամբ:

Այդ հոդվածից մի քանի քաղվածք՝ ստորեւ. «Հայաստանի, մասնավորապես լեռնոտ վայրերի (որպիսին էր եւ Սյունիքը) գյուղական բնակավայրերի մեծագույն մասն ունի 2-3 հազար տարիների անցյալ: Այդ անվիճելի է հատկապես բնական ամուր դիրք ունեցող այն վայրերի համար, որոնք ունեցել են աղբյուրներ կամ գտնվել են հոսող ջրերի ափին: Այդ ապացուցվում է նաեւ հնագիտական տվյալներով: Խոր հնադարից եկող նման գյուղերից մեկն էլ Գորու- Ձորաշեն գյուղն է: Այդ բանում համոզված եմ նաեւ նախկին անվան պատճառով:

Անկասկած, այդ վայրում երկար դարեր ապրել է մի տոհմ, որն աճելով, դարձել է մի ցեղ: Այդ տոհմի-ցեղի անունը եղել է Գորա կամ Գոր:

Գոր-Գորա տոհմը մեծացել, ցեղ է դարձել եւ տրոհվել առանձին գեղջկական համայնքների: Դրա ապացույցը ոչ միայն գորաների մշտական կենտրոնական վայրն  ու դիրքն է, այլեւ Գորու անվան գոյությունը՝ շատ մոտիկ վայրում: Ըստ երեւույթին գորա ցեղի բեկորներից մեկը, բաժանվելով, ոչ հեռու ձորակում նոր բնակություն է հաստատել՝ պահպանելով իրենց տոհմանունը Գորու ձեւով:

Անտարակույս, Գորուն… խոշոր չի եղել եւ երեւի միշտ էլ մնացել է փոքրիկ, որը թելադրվել է նաեւ նրա բնական անձուկ միջավայրից: Միայն ունեցել է այն առավելությունը, որ դժվարամատչելի է եղել: Մինչեւ հեղափոխությունը գյուղը եղել է Բեգական, թեեւ գյուղի գրեթե բոլոր բնակիչները գաղթել էին Խոյից (մի քանի տուն՝ Սալմաստից) 1828թ.:

Թե ինչպես է 18-րդ դարի կեսերին ավերված Գորու գյուղը դարձել շուշեցի Ումբրումյան բեկերի սեփականությունը, առայժմ չեմ կարող ասել: Սրանց վերջին աղջիկներից մեկն ամուսնացել է ինչ-որ Անանյաններից մեկի հետ եւ գյուղը դարձել է այս նոր, ավելի ագահ շահագործողների սեփականությունը: Ամեն եկամուտի տասանորդը գյուղացիները տարել են Շուշի, մինչեւ որ դարի սկզբին դարձել է դրամական հարկ՝ 400-600 ռուբլի: 

1914-18 թթ. առաջին պատերազմին գյուղից մասնակցել է 80 հոգի, որից ինը հոգի զոհվել է:

1918 թ. Բաքվի քաղաքացիական կռիվների եւ քաղաքը Թուրքիայի կողմից գրավելու ընթացքում Գորուից զոհվել եւ սպանվել է 14 տղամարդ:

1918-20 թթ. ազգամիջյան թշնամության ժամանակ զոհվել է երկու հոգի:

1919-21 թթ. սաստիկ սով է ապրել գյուղը, ոչ միայն հացի պակասն է քայքայել, տանջել գյուղի բնակիչներին, այլեւ աղի պակասը…»:

 

***

Կյորու գյուղի նշանավոր զավակներից է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, գնդապետ Եղիշե Թովմասի Օհանյանը (1915-1989թթ.): Զորացրվելուց հետո Արզնիի առողջարանի գլխավոր բժիշկն էր, Երեւանի ուսանողական պոլիկլինիկայի գլխավոր բժշկի տեղակալը, պարգեւատրվել է 17 շքանշանով ու մեդալներով:

 

Մաղանջուղի   եկեղեցին, որ իսկական ճարտարապետական մարգարիտ է

Գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Մահանճու, Մահանջու, Մահանջուխ, Մաղանջուկ, Մաղարագյուղ անվանումներով:

Հին ցուցակներում չի հիշատակվում:

Վկայակոչված է Տաթեւի վանքի հետագա հարկացուցակներում, որից երեւում է, որ բավականին մեծ բնակավայր է եղել, որի համար էլ շրջակայքը նրա անունով կոչվել է Մաղանջուղի վիճակ, որի մեջ մտնում էր Գորիսի տարածաշրջանի մի մասը:

Վիճակի կենտրոնը համանուն գյուղն էր:

1929 թ. Սերո Խանզադյանին գյուղի տարեցներից մեկը պատմել է, թե բնակավայրի անունը ոչ թե Մաղանջուղ է, այլ Մուղանճյուղ, Մուղանի ճյուղ:

Մորուս Հասրաթյանի կարծիքով՝ Մաղանջուղը Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Աղոջրիկն է (Պատմա-հնագիտական ուսումնասիրություններ, էջ 128):

1950-ին գյուղի անունը փոխել եւ դրել են Այգեձոր:

Ըստ ավանդազրույցի՝ գյուղի բնակիչների մի մասը բնիկ էր, մյուս մասը եկել էր Մուղան մեծ դաշտից, մի փոքր մասն էլ՝ Խոյից, որտեղ նույնպես Մաղանջուղ հայոց գյուղ կար:

17-րդ դարում Մաղանջուղն արդեն մեծ գյուղ էր, պատահական չէ, որ տարածաշրջանը կոչվում էր «Երկիրս Մաղանջուղու»:

Մի ուրիշ ավանդազրույց էլ կա՝ իբր այս գյուղից ձիավորների մի ջոկատ է եղել Դավիթ Բեկի բանակում: Սրանք հետագայում գնացել-բնակվել են Որոտան եւ Վարարակն գետնախառնուրդում՝ գյուղը կոչելով Դավիթ բեկ, որը հետագայում՝ թուրքերենի ազդեցությամբ, դարձել է Դավութլու:

Հիմա այդ գյուղը մտնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի մեջ՝ Դողար անվամբ:

Մաղանջուղ գյուղ իջանք Խնձաղու (Ձնծաղիկի) խութից, որ գյուղի գլխին է:

Տներից շատերը պահպանվում են:

Գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի մասին հանգամանալից խոսք է ասում Սերո Խանզադյանը:

Ահա՝ «Թթենիների խտության մեջ կանգնած է գյուղի եկեղեցին: Փոքր է, ճարտարապետական մարգարիտ: Սակայն նրա հրաշքը երեք խաչքարերն են: Դրանք դրսից են բերված, մեկը դրված է եկեղեցու դռան գլխին՝ իբրեւ բարավոր, մյուս երկուսը՝ կողքերը: Ափսոս, այս եկեղեցին կառուցող վարպետները խաչքարերը մի քիչ կտրտել են՝ պատի մեջ հարմարեցնելու համար: Բարավոր խաչքարն ուզում եմ համբուրել՝ շատ է աննման, քանդակները՝ նուրբ, ասես կենդանի: Քարի երկարությամբ զույգ խաչ է քանդակված, արանքներում՝ ՉԾԱ: Սա թվականն է՝ 1302: Կարո Օհանյանն ասում է, թե այդ խաչքարը, ինչպես լսել է ինքը, բերել են մոտիկ Երիցձորից, որ կնշանակի երեք ձոր: Այնտեղ գյուղատեղ է եղել: Երկու խաչի մեջ մարդու հրաշալի քանդակ կա՝ զորական, նետ ու աղեղով»: 

Այդ եկեղեցին, ինչպես նշեցինք, Սուրբ Հռիփսիմե անունն է կրում, որ հին սրբավայրում վերաշինվել է 16-րդ դարում:

 

***

Մաղանջուղն ունի այլ սրբավայրեր եւս:

Խնձաղու խութի տարածքում է գտնվում Կանա խաչերի թումբը, Քամու խաչը, Պառավի խաչը:

Գյուղի մերձակայքում հին ժամանականերում գտնվող Աղավնաձոր, Երիցձոր գյուղերի տարածքում հիմա էլ կան խաչքարեր, եկեղեցու հետքեր:

Ի դեպ, գյուղի մերձակայքում միայն Աղավնաձորն ու Երիցձորը չեն եղել:


    ***



Մաղանջուղից Քարահունջ ձգվող դաշտային ճանապարհ-արահետի վրա կա մի մատուռ:

Այդտեղ մենք չհասցրինք լինել:

Այդ մասին ավելի ուշ մեզ հիշեցրեց Անահիտ Գրիգորյանը՝ Պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալը. մատուռի լուսանկարները, որ ուղարկել է նա, սույն հրապարակմանը կից նույնպես ներկայացնում ենք ընթերցողին:

               

***

 

Մաղանջուղի պատմության եւ տեղագրության հետ կապված մի վերապահում ունենք, որն այս դեպքում կարեւոր է։

1619-ին Գրիչ Խաչատուրը գրում է` «Կատարեցավ սա (ձեռագրի ընդօրինակումը) ի յերկիրն Մախանջուխու, ի գյողս, որ Տանձավեր կոչի»:

Շատերը, այդ թվում եւ Սերո Խանզադյանը, նույնիսկ Ղեւոնդ Ալիշանը, այս Մաղանջուղը նույնացնում են Գորիսի տարածաշրջանի Մաղանջուղի հետ, իսկ Տանձավերը՝ Մաղանջուղի մոտակայքում գտնվող գյուղ համարում:

Ինչո՞վ է պայմանավորված մեր վերապահումը:

«Ժամանակագրություն Ստեփանոս Օրբելյանի» գործին (Երեւան, 1942, հրատարակության է պատրաստել պատմական գիտությունների թեկնածու Աշ. Աբրահամյանը) կցված է մի հարկացուցակ, որտեղ առանձին ներկայացված է Մաղանջուղի գավառը: Այդ գավառի գյուղերն էին՝ Տանձավեր, Մաճ, Իրիցաթումբ, Պաշարաջուր, Հուռի տափ, Մազրա, Սեթանց, Շուռնուխ, Գյուդրվան, Քոսաքարեր, Նոր գյուղ, Նակահդար:

Այդ փաստաթղթին ծանոթանալուց հետո դժվար է հավատալ, որ Մաղանջուղ գավառը  (ներկայիս Բարձրավանի մերձակայքն ընդգրկող) վարչական առումով կապ է ունեցել Գորիսի տարածաշրջանի Մաղանջուղի հետ:

Հարցը, բոլոր դեպքերում, հավելյալ ուսումնասիրության կարիք ունի:

 


Հազարանփրկիչ

Այդ սրբավայրի մասին գրել ենք Քարահունջ գյուղ կատարած ուխտագնացությունը լուսաբանող հոդվածում՝ նկատի ունենալով, որ Քարահունջ գյուղի վարչական տարածքում է:

Բայց Հազարանփրկիչ սրբավայր գնալն ավելի հարմար է Հարթաշենով:

Հազարանփրկիչը փոքրիկ բլուր է, որի վրա՝ ավերակ մատուռ, մի սեւացած պատ՝ կրակարանով:

Կա սեւացած, կարճ ու լայն մի խաչքար, որ անզարդ է, վրան՝ արծվի սիրտ:

Եվ քանի որ Քարահունջին նվիրված մեր հրապարակման մեջ ներկայացրել ենք Հազարանփրկիչի լեգենդը, ուստի հարկ չենք համարում կրկնել այն:

1970-ականներից Հազարանփրկիչն ասոցացվում է այլ իրողության հետ եւս. Որոտանի ջրանցքն այնտեղ է՝ ձորից խողովակներով բարձրացող ջուրը հարթավայր հասցնում: 


Վերջաբան

Ուխտագնացության օրվա վերջին հյուրընկալվեցինք Շահնազար Սահակյանի այգում:

Կյորու գյուղի արեւմտյան ձորալանջին 1,5 հա-ի վրա հիմնված այգին իսկապես հեքիաթային է:

Հերթական անգամ թութ թափելու օր էր. բարեկամ-հարազատներից հավաքվել էին 10-15 հոգի՝ օգնելու Շահնազարին կամ, ինչպես գյուղում են նրան անվանում, Սեւուկին:

Թեեւ հոգնած էինք, բայց փորձեցինք մեր համեստ նպաստը բերել բերքահավաքին:

Շահնազար Սահակյանի այգու մասին մեր տպավորությունը հրապարակել ենք «Սյունյաց երկիր» թերթի 2019 թ. հուլիսի 23-ի համարում:



Սամվել Ալեքսանյան 

На изображении может находиться: небо, дерево, гора, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, гора, дерево, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: небо, растение, дерево, гора, трава, на улице, природа и вода

На изображении может находиться: небо, гора, дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, мост, на улице, природа и вода

На изображении может находиться: небо, растение, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, небо, дерево, трава, гора, мост, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: в помещении и на улице

На изображении может находиться: растение, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, трава, облако, растение, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, небо, гора, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, трава, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, гора, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, растение, дерево, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, растение, дерево, трава, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, гора, дерево, трава, небо, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево, небо, гора, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, мост, дерево, трава, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, трава, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, трава, растение, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: гора, дерево, растение, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: 3 человека, люди стоят, на улице и природа

На изображении может находиться: растение, дерево и на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: на улице

На изображении может находиться: на улице и природа

На изображении может находиться: растение и на улице

На изображении может находиться: небо, гора, облако, дерево, растение, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, дерево, растение, трава, дом, на улице и природа

На изображении может находиться: растение, цветок, дерево, небо, на улице и природа

На изображении может находиться: на улице и вода

На изображении может находиться: небо, облако, дерево, обувь, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, дерево, растение, небо, на улице и природа

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, дерево, растение, стол, обувь, на улице и природа

На изображении может находиться: дерево, растение, небо, стол, на улице, природа и вода

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: