02/24/2020

Մեղրեցի ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Դիբագի լեռնանցքում, որ նաեւ Տաշտունի լեռնանցք է կոչվում

Մեղրեցի ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում Դիբագի լեռնանցքում, որ նաեւ Տաշտունի լեռնանցք է կոչվում

Այս անգամ էլ Մեղրի մեկնելիս մեր ուշադրության կենտրոնում էր  Մ-2  միջպետական ճանապարհի Քաջարան–Մեղրի  ճանապարհահատվածը, որ  սպասարկում է «Մեղրու ճանապարհների շինարարություն եւ շահագործում» ՍՊ ընկերությունը տնօրեն` Ազատ Գասպարյան¤։

Ձյունասակավ այս ձմռան առաջին առատ տեղումը փետրվարի 8-ին եղավ, ընդ որում` հանրապետությունով մեկ, ինչը լուրջ քննություն էր ճանապարհաշինարարների համար։ Քաջարանից Մեղրու լեռնանցք բարձրանալիս ճանապարհը ձյունապատ էր, բայց անցանելի։ Մեղրեցի ճանապարհաշինարարներին հանդիպեցինք ծովի մակարդակից 2520 մետր բարձրության վրա տեղակայված  ճանապարհային տնակում, ընդ որում` դեռեւս շատ հեռվից տեսանելի է տնակի մոտ խմբված ճանապարհի ձմեռային սպասարկման եւ պահպանության համար  նախատեսված տեխնիկան։

 Ինչպես տեղեկացանք, այդ պահին  հերթապահում էին 9-11 ճանապարհաշինարարներ, մեխանիզատորներ,  վարորդներ։ Ընկերության աշխղեկ  Գրիշա Թումանյանը թվարկում է ճանապարհների  ձմեռային սպասարկման տեխնիկան` չորս մաքրող տեխնիկա՝ մղանով, երկուական  «Կամազ» եւ «Գրեյդեր», մեկ փոքրածավալ էքսկավատոր, մեկ ռոտոր, որ  ձյունը նետում է ճանապարհից եւ այլն։ Ի դեպ, երբ Քաջարանից բարձրանում  էինք լեռնանցք, ձյունապատ ճամփեզրին մի բեռնատար էր «լռվել»։ Տղաները  բացատրեցին, որ տվյալ մեքենան խափանվել է։ Իրանցի վարորդին հրավիրել են ճանապարհային տնակ, տաքացրել, հյուրասիրել, մեքենայի խնդիրն արդեն ինքը  պիտի լուծեր։ Աշխղեկը նաեւ տեղեկացնում է, որ պատահում է, որ մեքենան խրվում է ճամփեզրի ձյան հաստ շերտի մեջ, օգնում են դուրս գալ այդ դժվարին վիճակից։

Ընկերության աշխղեկ Ռոման Սարգսյանը պատմում է վերջին ձյունառատ  օրերի մասին. «Մինչեւ հունվար եղանակը բարենպաստ է եղել, առանձնապես ձյուն չի եկել, եթե պատահել է տեղումներ են եղել, չենք թողել, որ ճանապարհին մերկասառույց լինի, ամենադժվարը, երկու օր առաջ էր,  երբ բուք է եղել, բայց նման եղանակային անոմալիաներով մեղրեցի ճանապարհաշինարարներին անակնկալ չես բերի։ Պատահում է` մի հատվածում  օրական 4-5 անգամ աղ ու ավազ ենք ցանում»։

Հընթացս տեղեկացանք, որ տեղումների ժամանակ ճանապարհները մշակելու համար կուտակել են անհրաժեշտ քանակությամբ աղ եւ ավազ, իսկ ձնամաքրման եւ ձնահեռացման տեխնիկայով

Մեղրու  «ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը միշտ էլ ապահովված է եղել։  Ճանապարհային տնակում էլ ապահովված են անհրաժեշտ հանգստի պայմաններով ու սննդով, դեռ մի բան էլ լրագրողներիս` սուրճով հյուրասիրեցին։

Եղանակային բարդ պայմաններին ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու համար  շատ բան պայմանավորված է վարորդների հմտությամբ եւ պատասխանատվությամբ։ «Ի՞նչ խորհուրդ կտայիք վարորդներին»,-դիմում ենք աշխղեկ Ռոման Սարգսյանին։ «Դա ամենախնդրահարույց հարցն է, - պատասխանում է, - որոշ վարորդներ չեն գիտակցում խնդրի հրատապությունը, նախ ճանապարհները  ձյունից մաքրելիս զգուշացնում ենք, որ մի քանի րոպե պիտի կանգնեն` ձնամաքրման եւ ճանապարհների մշակման աշխատանքներ կատարելու համար, բայց չեն ենթարկվում մեր հորդորին, եւ խցանումներ են առաջանում։  Բացի այդ` որոշ վարորդներ շարունակում են տրանսպորտային միջոցն օգտագործել առանց ձմեռային անվադողերի, անհրաժեշտության դեպքում անիվներին շղթաներ չեն կապոււմ, ինչը տհաճ միջադեպերով  է հղի։ Նաեւ ծանրաքաշ բեռնատարները նախատեսվածից ավելին են բարձում, բարձր լեռնային այս գոտում թթվածինը սակավ է, ինչի պատճառով շարժիչը ողջ հզորությամբ չի աշխատում, եթե անվադողերն էլ «կապրոնից» են, ապա շատ հնարավոր է, որ մեքենան մնա կես ճանապարհին»։  Զրուցակիցս նաեւ լեռնային այդ պայմաններում հսկա բեռնատարները վարելու նրբություններ է հաղորդում, այն է` վերելքը հաղթահարելիս արագությունը չպիտի փոխել, այլ ցածր արագությամբ երթեւեկել։

Ինչպես միշտ, հարգանքով եւ վստահության զգացումով  ենք հրաժեշտ տալիս մեղրեցի  ճանապարհաշինարարներին, իսկ աշխատանքային օրվա ավարտին, երբ  վերադառնում էինք խմբագրություն, նկատեցինք, որ ավելի անցանելի է դարձել ճանապարհը,  մանավանդ լեռնանցքից դեպի Քաջարան իջնող հատվածում։

Ճանապարհաշինարարներից հետաքրքրվեցինք նաեւ Մեղրի-Ծավ-Կապան այլընտրանքային ճանապարհով, որի ձմեռային սպասարկումը եւս մեղրեցի ճանապարհաշինարարներն են իրականացնում։

Տեղեկացրին, որ ընկերության տեխնիկայի մեծ մասը կենտրոնացրել են Մ-2 միջպետական ճանապարհի վրա, որն ավելի քան ռազմավարական նշանակություն ունի։ Բայց եւ այլընտրանքային ճանապարհն աչքաթող չեն անում։ Ընդ որում` տեսադաշտում են նաեւ տարածաշրջանի գյուղական բնակավայրերի, այսպես կոչված, միջհամայնքային ճանապարհները, որոնց անցանելիությունն ապահովում են ձյունաշատ օրերին։

 

Վահրամ Օրբելյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: