04/01/2020

Հեռավար ուսուցումը` ժամանակի պահանջ

   Հեռավար ուսուցումը`  ժամանակի պահանջ

Վերջին  օրերին  ամենաակտիվ քննարկվող   թեման  համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով` պայմանավորված  աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով: Կորոնվիրուսի համավարակի կանխարգելման նպատակով դադարեցվել են ուսումնական հաստատություների աշխատանքները: Ստեղծված իրավիճակում   կրթության անընդհատությունն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  առաջարկվել է կազմակերպել հեռավար ուսուցում: Ուսումնական հաստատությունները դրական են արձագանքել  առաջարկին եւ սկսել  իրականացնել հեռավար ուսուցման ծրագրեր: Սոցիալական կայքերում տեսնում ենք մեծ ոգեւորություն, ուսուցիչները փորձում են կիրառել հեռավար կրթության տարբեր գործիքներ՝ սոցիալական մեդիա հարթակներ, տեսակապեր եւ այլն: Մանկավարժական հանրությունը  գիտակցում է  հեռավար ուսուցման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը նման իրավիճակում: Դրական է բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվությունը, փոխօգնության, փորձի փոխանակման  պատրաստակամությունը: Տեսանելի է սովորողների ոգեւորությունն  այն առումով, որ  իրենք ավելին գիտեն հեռահաղորդակցության միջոցների մասին, քան դասավանդողները, նման իրավիճակում փոխվել են սովորողի եւ դասավանդողի  դերերը: Հետեւաբար, մտավախություն չունեմ, որ ուսուցիչների մի մասի` տեխնոլոգիաներին չտիրապետելը կարող է խոչընդոտ հանդիսանալ:

Չկա հեռավար ուսուցման էության միասնական ըմբռնում: Կրթական հաստատությունը, դասավանդողը՝ հաշվի առնելով առարկայի առանձնահատկությունները  եւ առկա միջոցները,  իրավունք ունեն որոշել, թե ինչ կրթական տեխնոլոգիաներ կիրառել: Սակայն այս դեպքում առկա է էլեկտրոնային ռեսուրսների ոչ համակարգված, էպիզոդիկ կիրառում՝ պահի հնարավորությամբ պայմանավորված:

Բացակայում է կրթական քաղաքականությունը՝ դասագրքերին կից էլեկտրոնային ռեսուրսների կիրարկման անհրաժեշտության պահանջի եւ դրան համապատասխան առաջարկի իրականացման գործընթացի տեսքով:

 Արտակարգ դրության ավարտից հետո միայն յուրաքանչյուր ուսումնական հաստատություն  կկարողանա գնահատել   կազմակերպած հեռավար ուսուցման արդյունավետությունը, կատարած աշխատանքի ծավալը,  լրացուցիչ դասերի անհրաժեշտությունը:

    Ի՞նչ է հեռավար ուսուցումը։

Հեռավար ուսուցումը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հեռահաղորդակցության միջոցներով համակարգված ուսուցման ձեւ է:

Հեռավար եւ առկա ուսուցման նպատակները նույնն են, եթե ուսուցումը հիմնված է նույն բովանդակությունն ունեցող համապատասխան կրթական ծրագրերի վրա: Սակայն այլ են նյութի մատուցման ձեւը, փոխներգործությունը դասվանդողի եւ սովորողի, ինչպես նաեւ տարբեր սովորողների միջեւ: Այլ են նաեւ հեռավար ուսուցման կազմակերպման ձեւերը, որոնք պայմանավորված են համացանցի առանձնահատկություններով եւ նրա հնարավորություններով:

   Հեռավար ուսուցման ժամանակ տեղեկատվությունը սովորողներին ներկայացվում է  տեխնոլոգիաների միջոցով` տպագրված նյութեր (ուսումնամեթոդական գրականություն եւ առաջադրանքների ժողովածուներ), նյութի առաքում համակարգչային ցանցերով (E-mail, համակարգչային կոնֆերանսներ), օնլայն ռեժիմով բանավեճեր՝  օգտագործելով համակարգչային ցանցերը (գրավոր հաղորդագրությունների փոխանակում), էլեկտրոնային նյութեր (համակարգչային ուսումնական միջոցներ, տվյալների բազա, գիտելիքների բանկ, էլեկտրոնային դասագրքեր), տեսալսողական նյութեր, հեռուստատեսային հաղորդումներ,  հեռուստատեսային հաղորդումներ մալուխային հեռուստատեսությամբ տեսակոնֆերանսներ՝ երկկողմանի տեսակոնֆերանսներ՝ համակարգչային ցանցերի օգտագործմամբ (Zoom.us, Skype, Google Hangouts): Հեռավար ուսուցման գործընթացի ապահովման նպատակով տեղեկատվական ավանդական ռեսուրսների հետ մեկտեղ օգտագործվում են նաեւ  հատուկ մասնագիտական դասագրքեր` մուլտիմեդիայի ուղեկցությամբ, էլեկտրոնային ուսումնամեթոդական ձեռնարկներ, էլեկտրոնային դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մարզիչ-համակարգչային ծրագրեր, վիրտուալ լաբորատորիաներ, ստուգող-թեստավորող գործիքներ, ուսումնական տեսաֆիլմեր,  ձայնագրություններ եւ այլն:

Հեռավար ուսուցման  առավելություններից  նշեմ  նաեւ, որ կարելի է ուսուցումը կազմակերպել ավելի մեծ թվով սովորողների համար, բարձրացնել ուսուցման որակը ժամանակակից տեխնոլոգիաների, ծավալուն էլեկտրոնային գրադարանների օգտագործման միջոցով, սովորել եւ ստանալ դիպլոմ բարձրակարգ բուհերում՝ չհեռանալով հիմնական բնակության վայրից:

Հեռավար ուսուցումը   տարբեր կրթական պահանջ ունեցողների համար ապահովում է մատչելիություն, հասանելիություն, մասնակցության հավասար հնարավորություն:

Համացանցի միջոցով հեռավար ուսուցման դեպքում սովորողն  ինքն է ընտրում իր համար ամենահարմար ուսուցման ժամանակը,  կարող է սովորել «իր սեփական արագությամբ» եւ իրեն հարմար ռեժիմով,   կենտրոնանալ ուսումնական նյութի որոշակի մասերի վրա,  ամեն օր ստուգել իր գիտելիքները,  ավելի շատ համագործակցել դասավանդողի հետ, ավելի արագ ստանալ անհրաժեշտ տեղեկությունները:

Մտավախություն կա, որ ուսուցումը որեւէ անձի փոխարեն կարող է անցնել մեկ ուրիշը: Ուսուցման հեռավար ձեւերը չեն կարող համապատասխան հսկողություն ապահովել սովորողի կողմից ինքնուրույն կատարվող թեստային եւ ստուգողական աշխատանքների վրա (չէ՞ որ սովորողին հասանելի են համացանցի ընձեռած հնարավորությունները)։ Սակայն, ուսումնական գործընթացի արդյունավետության  գրավականներից մեկը  փոխադարձ վստահությունն է  եւ սովորողի ինքնագիտակցությունը: Այդ խնդիրը մասնավորապես լուծվում է տեսախցիկների օգնությամբ, ինչը, սակայն, լիարժեք լուծում չէ:

Հեռավար ուսուցման մեթոդների օգտագործման ժամանակ փոխվում են նաեւ վերահսկողության մեթոդները: Գիտելիքների համակարգչային ստուգումը, համեմատած ստուգման ավանդական մեթոդների հետ, ունի զգալի առավելություններ: Դրանք են` անհատական մոտեցում է ցուցաբերվում սովորողների գիտելիքների ստուգման գործում (հաշվի է առնվում աշխատանքի կատարման արագությունը, տարբերակվում է աշխատանքի բարդության աստիճանը), բարձրանում է գնահատման անաչառության աստիճանը,  սովորողը պարզ տեսնում է իր բոլոր թերացումները (գնահատական կարող է տրվել ոչ միայն աշխատանքն ավարտելուց հետո, այլեւ յուրաքանչյուր հարցի համար), գնահատման գործընթացի համար ծախսվում է նվազագույն ժամանակ, համակարգիչը ցույց է տալիս աշխատանքների կատարման արդյունքը՝ հաշվի առնելով թույլ տրված սխալները եւ ծախսված ժամանակը, համեմատում է տարբեր սովորողների կողմից նույն առաջադրանքի կատարման ցուցանիշները:

Հեռավար ուսուցման թերություններն են` բացակայում է սովորողի եւ դասավանդողի միջեւ անմիջական հաղորդակցումը, դժվար է ստեղծել ստեղծագործական մթնոլորտ սովորողների խմբում, իսկ երբ սովորողի կողքին չկա մեկը, ով կարող է ոգեւորել նրան, դա կարող է խիստ բացասաբար ազդել ուսուցման գործընթացի վրա, մի շարք գործնական հմտություններ կարելի է ձեռք բերել միայն իրականում (բայց ոչ վիրտուալ) գործնական եւ լաբորատոր աշխատանքներ կատարելով, հեռավար սովորելու ցանկություն ունեցողներից ոչ բոլորն ունեն անհատական համակարգիչ եւ համացանց, դժվար է ապահովել անընդհատ մուտք դեպի տեղեկատվական աղբյուրներ, ինչպես նաեւ տեխնիկական պատրաստվածություն՝ հեռավար ուսուցման միջոցների կիրառման համար, բարձր պահանջներ է ներկայացվում ուսուցման գործընթացի կազմակերպմանն ու կառավարմանը, բավական բարդ է ունկնդիրներին շահադրդելու խնդիրը, բավական տարողունակ է հեռավար ուսուցման համապատասխան դասընթացների մշակման գործընթացը,  այստեղ մեծ դեր ունի համաշխարհային որոնողական ցանցը` Google-ը։

Տեխնիկական սահմանափակ հնարավորությունների եւ մոդեմների դանդաղ աշխատանքի պատճառով ձայնը, պատկերը եւ գրաֆիկան կարող են ուշացումով տեղ հասնել, թեպետ համապատասխան տեխնոլոգիաներն անընդհատ բարելավվում են:

Բացասական գործոն է նաեւ սոցիալական մեկուսացումը. հաղորդակցման տեխնոլոգիաները հանգեցնում են սովորողների մեկուսացման,  սովորողները պատրաստ չեն լարված, արդյունավետ ինքնուրույն աշխատանքի, ինքնակազմակերպվելու, ի վիճակի չեն ինքնուրույն պլանավորելու աշխատանքը, բացակայում է ինքնակարգապահությունը:

  Ներկա իրավիճակի մասին:

 Պետական կառույցների կողմից գործադրվել են ջանքեր՝ ուսուցիչների ՏՀՏ գրագիտության նվազագույն շեմն ապահովելու, ՏՀՏ ռեսուրսներից օգտվելու եւ կիրառելու պատրաստվածության մակարդակի համար: Կազմակերպվել են վերապատրաստումներ պետական, ոչ պետական, հասարկական կազմակերպությունների կողմից։

    Սկսած 2011 թվականից՝ ԿԱԻ նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացների ուսումնական պլաններում ներառվել է 12-ժամյա ուսումնական նյութ՝ ուսուցիչների ՏՀՏ գրագիտության մակարդակի նվազագույն շեմն ապահովելու նպատակադրմամբ: Ենթադրվում է, որ բոլոր ուսուցիչները նախնական գրագիտության մակարդակը հաղթահարել են (այն է՝ պարզագույն հմտությունների շրջանակում համակարգիչների գործնական հնարավորությունների կիրարկում): Այնուհետեւ 2015-ից վերապատրաստման 18-ժամյա ուսումնական ծրագրերում ՏՀՏ գրագիտության նկատմամբ ներկայացվող պահանջներն ավելի արդիական բնույթ են ստացել (ուսումնական թեմաներ տարբեր ծրագրերի, Smart էլեկտրոնային գրատախտակներով աշխատելու կարողությունների եւ հմտությունների ներառում, մուդլ (Moodle) հեռավար ուսուցման հարթակի գործիքաշարի ուսումնասիրում, learningapps էլեկտրոնային ռեսուրսների ստեղծում): Սակայն վերապատրաստողները հետադարձ կապի, մշտադիտարկման հնարավորություն չեն ունեցել:

 

Ներկայումս հայալեզու էլեկտրոնային կրթական ռեսուրսներ պարունակող առցանց կրթական միջավայրերից են`

«Դասարան» (www.dasaran.am),

Դպրոցական դասագրքերի գրադարան (http://books.dshh.am/bookcase/hsma),

«Իմ Դպրոց» (www.imdproc.am),

«Ինֆորմատիկա բոլորի համար» կայք (www.informatika.am),  

 «Հայերեն Վիքիպեդիա» ազատ հանրագիտարան (https://hy.wikipedia.org/), 

«Հայկական կրթական միջավայր» պորտալ եւ ենթակայքեր (www.armedu.am),

«Հայկական Խան (Քան) ակադեմիա» (https://hy.khanacademy.org/),

Մաթեմատիկայի ուսումնական կայք (www.mathnet.am),

«Քառակուսի» (www.qarakusi.am),

«ChessSchool (Շախմատի դպրոց) (https://chessschool.am/),

«Learnpro» (www.learnpro.am),

                  -https://lib.armedu.am

եւ այլն:

 

 

Մարինե    Միրզոյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: