04/01/2020

Գարնանացանը մեկնարկել է, բայց խնդիրներն էլ քիչ չեն

Գարնանացանը մեկնարկել է, բայց խնդիրներն էլ քիչ չեն

Աշխարհը համակած կորոնավիրուսը շատ ու շատ կենսական խնդիրներ հետին պլան է մղել։ Բայց ժամանակն իր ընթացքով առաջ է գնում, եւ սերմը հողին պահ տալու ժամանակն է։ Գարնան-գյուղատնտեսական աշխատանքների շրջանն է։ Ժողովուրդը դիպուկ է ասել՝ ամեն ինչ նայում է ժամանակին, բայց ժամանակն ոչ մի բանի չի նայում։ Դրա ընթացքի մասին տեղեկություններ իմանալու նպատակով զրույց ունեցանք Սյունիք մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի հետ։

Քանի որ գալիք բերքի ճակատագիրը պայմանավորված է նաեւ աշնանացանով, նախ հետաքրքրվեցինք, թե մարզում աշնանը որքա՞ն ցանք է կատարվել։ Գ․ Խաչատրյանի փոխանցմամբ՝ քանի որ բույսերի համար վտանգավոր ցրտերը լինում են ապրիլ ամսին, աշնանացանի վերջնական գույքագրում չի կատարվել, եւ ստույգ հնարավոր չէ ասել աշնանացանի վերջնական արդյունքների մասին։

Ինչ վերաբերում է գարնանացանին, արդեն այդ կատարվել է երկու հազար հեկտար, այդքան էլ կկատարվի, ավելի ստույգ՝ մարզի բարձրադիր գոտում նոր է սկսվել գարնանացանը։ Սերմացուի հարցում սուր պահանջարկ կա գարնան ցորենի, կորնգանի եւ առվույտի, մյուս սերմացուներով՝ գարնանացան գարի, հաճար, վարսակ ապահովված են։ Առաջին վերարտադրության գարու եւ հաճարի սերմերի կիլոգրամը 160-180 դրամ է՝ պայմանավորված որակով։

Ինչպես տեղեկացրեց Գ․Խաչատրյանը, պարարտանյութերի մի մասն  աշնանն է ներկրվել, մոտ 250-300 տոննա, մոտովորապես 450-500 տոննայի պահանջարկ էլ ունեն, ազոտական պարարտանյութի մեկ պարկը վեց հազար 500 դրամ է, քանի որ ֆոսֆորական եւ կալիումական  պարարտանյութերը թանկ հաճույք են, պարկը՝ 15 հազար դրամ, գյուղացիները ձեռնպահ են մնում դրանք օգտագործելուց։ Մինչդեռ լիարժեք բերք ստանալու համար բույսին պետք է սնուցել այդ երեք պարարտանյութով։

Գ․ Խաչատրյանը նաեւ նշեց, որ խնդիրներ են առաջացել վրացական արտադրության ազոտական պարարտանյութի մատակարարման հետ, պատվիրված վագոններն ուշանում են, զրույց է ունեցել մատակարարների հետ։

Գարնանացանի համար մարզ պետական ծրագրով դիզվառելիք չի ներկրվել։ Բայց նաեւ դիզվառելիք  հայթայթելու խնդիր չկա։ Անցած տարվա համեմատ՝ դեռ մի բան էլ գներն իջեցրել են։

«Իսկ ո՞րն է այս պահի դրությամբ մարզի գյուղատնտեսության ամենանեղ օղակը» հարցին`  «Ամբողջ գյուղատնտեսությունն է նեղ վիճակում», -պատասխանեց մարզի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն՝ ըստ ամենայնի նկատի ունենալով կորոնավիրուսի պատճառով ստեղծված ծանրագույն վիճակը։

 

                                                                             Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: