06/06/2020

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին. առաջարկություն Մաքսիմ Հակոբյանի հիշատակը հավերժացնելու մասին

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանին. առաջարկություն Մաքսիմ Հակոբյանի հիշատակը հավերժացնելու մասին

Հարգելի պարոն Փարսյան

Մենք Ձեզ ճանաչել եւ ճանաչում ենք որպես Կապանի տարածաշրջանի արժանավոր զավակ, երկրամասի երախտավորների հանդեպ մեծագույն հարգանքով առլեցուն, Կապանի նոր օրվա կերտմանն ակտիվ մասնակցող, Կապանի լավագույն ավանդույթները կրող եւ հարստացնող անձնավորություն:

Նաեւ այդ հանգամանքը հաշվի առնելով Ձեզ ենք դիմում հասունացած մի հարցով՝ ակնկալելով պատշաճ ըմբռնում եւ դրական արձագանք:

Խոսքը Կապանի պատվավոր քաղաքացի Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի հիշատակը Սյունիքի մարզկենտրոն Կապանում հավերժացնելու մասին է:

1998-2014 թթ. գլխավորելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, Մաքսիմ Հակոբյանն արել է հնարավոր առավելագույնը՝ մարզկենտրոնի սոցիալ-տնտեսական եւ քաղաքաշինական խնդիրների լուծման, հոգեւոր-մշակութային կյանքի հետեւողական զարգացման, հազարավոր մարդկանց հանապազօրյա խնդիրները հոգալու ուղղությամբ:

Նրա շնորհիվ, առանց չափազանցության, այդ ընկերությունը դարձել էր տարածաշրջանի բոլոր բնակավայրերի (եթե ոչ ամբողջ Սյունիքի) սոցիալական կացության պատասխանատուն:

Անշուշտ, այդ ամենի համար ժամանակին նա գնահատվել է պետական իշխանության կողմից:

Սակայն մենք պարտք ունենք Մաքսիմ Հակոբյանին յուրովի գնահատելու մեր իսկ փոքր հայրենիքում՝ Սյունիքի մարզկենտրոնում:

Գնահատման ամենաողջամիտ տարբերակը, կարծում ենք, նրա հիշատակի պատշաճ հավերժացումն է:

Դրանով ոչ միայն մեր գնահատականը (հետմահու) կտանք նրա արած-դրածին, նրա ազնիվ ու անբասիր գործունեությանը, այլեւ աճող սերնդի մոտ հարգանքի ու պատկառանքի հունդեր կսերմանենք մեր երկրամասի բոլոր ժամանակների նվիրյալների հանդեպ:

Դրանով մերօրյա բոլոր տնտեսվարողներին, գործարարներին եւս մեկ անգամ կհիշեցնենք, որ Կապան մարզկենտրոնը մեր ընդհանուր տունն է, եւ յուրաքանչյուր ոք իր կարելիությունների չափով պետք է նպաստի համայնքի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Անտարակույս, Ձեր եւ համայնքի ավագանու որոշելիքն է, թե ինչպես հավերժացնել Մաքսիմ Հակոբյանի հիշատակը:

Բայց հնարավոր տարբերակներ կարող են լինել նաեւ մարզկենտրոնի որեւէ փողոց նրա անվամբ կոչելը կամ Կապանի Գարեգին Նժդեհի փողոցի 16 շենքի բակում նրա կիսանդրին կանգնեցնելը կամ նույն շենքի պատի վրա հարթաքանդակ տեղադրելը. այդ շենքի առաջին հարկում էր Մաքսիմ Հակոբյանի կապանյան նստավայրը տեւական ժամանակ:

Հարգելի պարոն Փարսյան

Խնդրում ենք Ձեզ՝ համայնքի ավագանու հետ միասին քննարկման առարկա դարձնել մեր առաջարկությունը եւ օրենքով սահմանված կարգով ընթացք տալ դրան:

Մաքսիմ Հակոբյանը մեծ հարգանք եւ հեղինակություն է վայելել Կապան քաղաքում ու ամբողջ տարածաշրջանում, նրա մասին անմոռաց հիշողություններ են պահպանվում ճանաչողների սրտերում:

Այնպես որ՝ համոզված ենք՝ նրա հիշատակը հավերժացնելու քայլը համընդհանուր հարգանքով կընդունվի:

Նախապես շնորհակալություն՝ մեր առաջարկության իրագործմանն ընդառաջելու եւ աջակցելու համար:

Հարգանքով՝

Էդիկ Բարսեղյան, Սյունիքի մարզպետ 2000-2004 թթ., գեներալ-լեյտենանտ, Կապանի պատվավոր քաղաքացի

Ռոման Նավասարդյան, Սյունիքի մարզպետ 1998-2000 թթ., Կապան քաղաքի պատվավոր քաղաքացի

Մուրազ Սարգսյան, գեներալ-լեյտենանտ

Համլետ Հայրապետյան, բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, «Էրեբունի» սրտաբանական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան

Լեոնիդ Գրիգորյան, Արցախյան հերոսամարտի ակտիվ մասնակից, պահեստազորի փոխգնդապետ

Ռիտա Դավթյան, հասարակական գործիչ

Սուսաննա Մարտիրոսյան, մշակույթի եւ հասարակական գործիչ

Վարդան Գեւորգյան, Քաջարանի քաղաքապետ 2002-2016 թթ.

Համլետ Ալեքսանյան, «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն

Բորիկ Մինասյան, Կապանի արվեստի թանգարանի տնօրեն, «Մովսես Խորենացի» մեդալակիր

Վահրամ Օրբելյան, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ

Արկադի Ծատուրյան, արձակագիր (Գորիս)

Հայկ Հակոբյան, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Կապանի N2 ավագ դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն

Հենզել Առաքելյան, պատմաբան (Սիսիան)

Վլադիկ Մարտիրոսյան, «Խուստուփ» բնապահպանական-հասարակական կազմակերպության նախագահ

 

 

13 մայիսի 2020 թ.

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: