06/06/2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին

Հարգելի պարոն մարզպետ

Երկու տարի է, ինչ տպագրության է պատրաստ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ճանաչված գրականագետ Դավիթ Գասպարյանի հեղինակած երկու նոր մենագրությունը՝ «Համո Սահյան» եւ «Ակսել Բակունց»:

Հիշեցնենք՝ Համո Սահյանին եւ Ակսել Բակունցին նվիրված նախորդ մենագրությունները (նույն հեղինակի կողմից) հրատարակվել են 2003 եւ 2009 թվականներին, որոնք շատ արագ սպառվել են:

Նոր մենագրություններն էականորեն լրամշակված եւ հարստացված են:

Գրքերը, որոնք ներկայացնում են Ակսել Բակունցի եւ Համո Սահյանի կյանքն ու ստեղծագործությունը, վերլուծում եւ գնահատում են նրանց երկերը, բացահայտում արվեստի գաղտնիքները, մեծ պահանջարկ ունեն:

Եվ, այդուհանդերձ, Սյունյաց աշխարհի բոլոր ժամանակների մեծագույն զավակներից երկուսին նվիրված մենագրությունները չեն տպագրվում՝ հովանավորներ չլինելու պատճառով:

Ո՞րն է մեր եւ հազարավոր սյունեցիների խնդրանքն ու առաջարկությունը:

Արժանին մատուցենք մեր մեծերին՝ Ակսել Բակունցին եւ Համո Սահյանին՝ այդ մենագրությունները դնելով ընթերցողի սեղանին:

Այդ նպատակով, կարծում ենք, տեղին կլինի Ակսել Բակունցին նվիրված մենագրության տպագրության հարցը քննարկման առարկա դարձնել Գորիսում եւ խնդրո առարկայի վրա հրավիրել տեղական այն իշխանավորների ու այն գործարարների ուշադրությունը, ովքեր շատ թե քիչ հասկանում են Բակունց երեւույթի մեծությունն ամբողջ հայ ազգի համար:

Սիսիանում նույնպես, վստահ ենք, կգտնվեն գործարարներ, ովքեր իսկապես հասկանում են Համո Սահյանի անզուգական պոեզիան եւ նրա անունն ու լուսանկարը տեղի-անտեղի չեն ծառայեցնում իրենց անձը գովազդելու համար:

Եվ նման սրտացավ մարդկանց մեկենասությամբ մեզ կհաջողվի հրատարակել «Ակսել Բակունց» եւ «Համո Սահյան» մենագրությունները:

Հեղինակը պատրաստակամ է ամբողջ տպաքանակը թողնել Սյունիքում՝ իրեն վերցնելով ընդամենը 50-70 օրինակ:

Հարգելի պարոն մարզպետ

Մենք ծանոթ ենք մենագրություններին եւ ուզում ենք հավատացնել՝ այդ որակի եւ ընդգրկման մենագրություններ առաջիկա տարիներին դժվար թե ծնվեն:

Այնպես որ՝ տեր կանգնենք Ակսել Բակունցին եւ Համո Սահյանին նվիրված հրաշալի մենագրություններին, ունենանք այդ գրքերը:

Հուսով ենք, որ համասյունիքյան այդ մտահոգությունները կհամակեն նաեւ Ձեզ:

Ի դեպ, մենք պատրաստ ենք մենագրություններից յուրաքանչյուրը հրատարակել «Սյունյաց երկրի» առանձին եւ հատուկ համարով:

 

Հարգանքով՝

Սամվել Ալեքսանյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: