07/02/2020

«Քաջարան» ոսկի հուշամեդալ՝ Սյունյաց սրբազան հողը պղծելու համար

«Քաջարան» ոսկի հուշամեդալ՝ Սյունյաց սրբազան հողը պղծելու համար

Քաջարան քաղաքի մի խումբ բնակիչներ հիշեցնում են, որ 2017թ. օգոստոսի 21-ին՝ Քաջարան քաղաքի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսության ժամանակ, համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը մարզպետ Վահե Հակոբյանին է հանձնել «Քաջարան» ոսկի հուշամեդալ:
Քաջարանցիները դա գնահատում են իբրեւ ապշերոնյան տիպի քծնանքի աննախադեպ արտահայտություն եւ քաջալերանք՝ մարզպետի հակասյունիքյան եւ հակապետական գործողություններին:
Քաջարանցիները պնդում են նաեւ, որ խոպանչի մարզպետին «Քաջարան» անունով թեկուզեւ հնարովի մեդալ տալը մեծագույն անբարոյականություն է, ամոթալի դրվագ Քաջարանի փառավոր պատմության մեջ ու պահանջում են անհապաղ հետ վերցնել մեդալը, իսկ համայնքի ղեկավարից ակնկալում են ներողության հայցում:
Ինչո՞ւմն է բանը:
Անշուշտ, կատարվածը Քաջարան համայնքի ավագանու իրավունքն է, եւ ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել դրա օրինականությունը:
Այդքանով հանդերձ՝ տեղի ունեցածն առնվազն մի քանի հարցի, նաեւ տարակույսների տեղիք է տալիս:
Մի պահ ընդունենք, որ Վահեն ինքը չէ հրահանգել համայնքի ղեկավարին՝ իրեն տալու մեդալ:
Այդ հանգամանքը շեշտում ենք պարզագույն եւ հանրահայտ պատճառով՝ քաջարանյան մերօրյա իրականության մեջ ամենաաննշան հարցերի վերաբերյալ անգամ որոշումն ընդունում է Վահե Հակոբյանը՝ միանձնյա:
Մի պահ ընդունենք նաեւ, որ այս անգամ, իբրեւ բացառություն, Վահեն չի իմացել, թե Քաջարանի տեղական ինքնակառավարման մարմինն իր անձին առնչվող ինչ որոշում է կայացրել:
Հիմա՝ ի՞նչ ասել է «Քաջարան» ոսկի հուշամեդալ:
Քաջարան քաղաքը մինչեւ վերջերս ունեցել է «Արցախյան ազատամարտ» մեդալ՝ հիմնված 2008-ին, որի թիվ 1-ը 2013-ին հանձնվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Վահե Հակոբյանին այդ մեդալից տալ չէին կարող, քանի որ, ըստ մեդալի կանոնադրության, այն տրվում է միայն Արցախյան ազատամարտի մասնակիցներին:
Իսկ Վահեն ոչ միայն այդ հերոսամարտի հետ հեռավոր աղերս չունի, այլեւ ծաղրում է ազատամարտի մասնակիցներին եւ տեղի-անտեղի կասկածի տակ առնում սյունեցիների արժանապատիվ մասնակցությունն Արցախյան գոյակռվին:
Քաջարանին քաղաքի կարգավիճակ տալու 50-ամյակի կապակցությամբ թողարկվել էր մեկ ուրիշ մեդալ՝ «Քաջարան-50»: 2008-ի օգոստոսի 21-ին այդ մեդալից 500 հատ (այդքան էր թողարկվել) բաժանվեց տոնակատարության հյուրերին:
Պարզվում է, սակայն, որ Քաջարան քաղաքն ունի նաեւ «Քաջարան» ոսկի հուշամեդալ՝ հիմնված 2017-ի օգոստոսին:
Հիանալի է, որ Քաջարանի տեղական իշխանությունը նման մեդալ է հիմնել. ինչո՞ւ պետք է բոլորը սեփական մեդալներ ունենան, իսկ Քաջարանը չունենա:
Սակայն Քաջարանի համայնքային իշխանության հրապարակած փաստաթղթերում չգտանք նման մեդալ հիմնելու մասին ավագանու որոշում, չգտանք նաեւ մեդալի կանոնադրությունը, որի մեջ, որպես կանոն, առնվազն գրված պիտի լինի, թե ում եւ ինչ ծառայությունների կամ վաստակի համար կարելի է շնորհել «Քաջարան» ոսկի հուշամեդալը:
Ողջամիտ կլիներ, որ Քաջարանի համայնքապետը հրապարակման ներկայացներ ե՛ւ ավագանու համապատասխան որոշումը, ե՛ւ մեդալի կանոնադրությունը, որպեսզի հարցն իրավացիորեն շահարկումների տեղիք չտար:
Հաջորդ եւ ոչ պակաս կարեւոր հարցը՝ ո՞ր մի արժանիքի, ո՞ր մի ծառայության, ո՞ր մի վաստակի համար է Վահեն պարգեւատրվել այդ մեդալով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում են քաջարանցիները, բառ անգամ չի ասվել 2017-ի օգոստոսի 21-ին՝ մեդալը հանձնելիս:
Մնում է ենթադրություններ անել, որը, սակայն, մենք չենք անի առայժմ՝ համոզված լինելով, որ Քաջարանի համայնքապետը հանրությանը կասի, թե ինչո՞ւ Վահե Հակոբյանին մեդալ տվեց:
Ծագած հարցերը շատ բնական են. ի վերջո Սյունիքի մարզպետին մեդալ է շնորհվել, եւ մենք՝ սյունեցիներս, ուզում ենք ուրախանալ, հպարտանալ, թեկուզեւ ուշացումով շնորհավորանքի խոսք հղել նրան, բայց...
Չգիտենք, թե ինչ մեդալի մասին է խոսքը: Այնպես որ՝ սպասում ենք բարձրացված հարցերի վերաբերյալ պարզաբանումների, հակառակ դեպքում ստիպված կլինենք եզրակացնել, որ Վահե Հակոբյանին մեդալ է տրվել Մանվել Փարամազյանին համայնքի ղեկավար նշանակելու, տեղացի կադրերին ծաղրուծանակի ենթարկելու եւ ասպարեզից դուրս մղելու, Քաջարանի կոմբինատի՝ պետությանը վճարած հարկերը միայն մեկ տարում 29 մլրդ դրամ պակաս վճարելու, Սյունիքի սրբազան հողը պղծելու համար: Չմոռանանք ասել՝ «Քաջարան» մեդալի շուրջ այս պատմությունն աննախադեպ է մեկ այլ առումով եւս. Սյունիքի հազարամյակների պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ մեր երկրամաս ներխուժած հրոսակին ինքներս ենք մեդալ շնորհում:
Եվ դա արեց Մանվել Փարամազյան անուն իշխանավորը՝ բացառապես իր անձնական շահերից ելնելով:
Դա գրվելու է Սյունիքի նորագույն պատմության մեջ եւ հիշվելու է սերնդեսերունդ, եւ մեր հաջորդներն անեծք են ուղղելու մեզ (իրենց նախնիներին)՝ սովորական մի գաղութարարի մեդալ տալու համար...
Չէ, եկեք առաջ չընկնենք եւ սպասենք պարզաբանումների: Իսկ խնդիրը բարձրացրած քաջարանցիների անունը չենք հրապարակում՝ ձգտելով նրանց կյանքը վտանգի չենթարկել, ձգտելով նրանց չզրկել աշխատանքից եւ չդարձնել հետապնդումների թիրախ:

Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց երկիր», 27 ապրիլի 2018 թ., N 11 (469)

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: