07/06/2020

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Ռեվանշիստները հիմա էլ ուրի՞շ «պլացդարմ» են փնտրում

Այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ Կապանում, որեւէ կերպ չի տեղավորվում առողջ բանականության սահմաններում։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ արտակարգ դրության պայմաններում հարյուրավոր քաղաքացիներ, բացարձակապես անտեսելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, բողոքի ակցիա էին կազմակերպել ու նույնիսկ փորձում էին բախումներ հրահրել իրավապահների հետ։ Խնդիրը շատ ավելի խորն էր, կարելի է նույնիսկ ասել՝ աշխարհայացքային։ Ի՞նչ էր տեղի ունեցել ի վերջո։

Քաջարանում շաբաթներ առաջ ինչ-որ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել, մարդ էին առեւանգել եւ այլն, ու այդ ամենը՝ Քաջարանի համայնքապետի մասնակցությամբ։ Ոստիկաններն էլ մի քանի հոգու բերման էին ենթարկել, եւ, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրանց նկատմամբ բռնություններ կիրառել (ներկայումս ծառայողական քննություն է ընթանում): Բերման ենթարկվածների հարազատներն ու ընկերներն էլ, Քաջարանի համայնքապետի ակտիվ մասնակցությամբ, բողոքում էին ու պահանջում, որ ձերբակալվածներին Երեւան չտանեն։ Վերջ. այսքանը։

Հասկանալի է, որ զանգվածային ծեծկռտուքի ու մարդ առեւանգելու համար բոլոր մեղավորները պիտի պատժվեն, ու հասկանալի է նաեւ, որ բերման ենթարկվածների նկատմամբ բռնություն կիրառած իրավապահները նույնպես պիտի ամենայն խստությամբ պատասխանատվության ենթարկվեն։ Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց ի՞նչն է այս պատմության մեջ ամենատարօրինակն ու ցավալին։ Նախ, ցուցարարների պահանջը՝ ձերբակալվածներին պահել Կապանում ու դատն էլ այնտեղ անցկացնել։ Այնպիսի տպավորություն է, թե Երեւանում ու Կապանում արդարադատության տարբեր համակարգեր են գործում, եւ ընդհանրապես՝ Սյունիքը Հայաստան չէ, եւ խոսքը մի երկրից այլ երկիր մեղադրյալների էքստրադիցիայի մասին է։ Երկրորդը (սա ամենատարօրինակն էր)՝ ձերբակալվածները ոստիկանության բաժանմունքից դուրս բերվեցին ցուցարարների ծափահարությունների ներքո։ Հասկանո՞ւմ եք, թե ուր ենք հասել։ Մարդիկ առաջնագծից չեն վերադարձել, թշնամու դիվերսիա չեն կանխել, ընդամենը կասկածվում են մարդ առեւանգելու եւ մի քանի հոգով ծեծելու մեջ։ Եվ... դիմավորվում են որպես հերոսներ։ Ու ընդդիմադիր քարոզչամիջոցներում եւ սոցկայքերում էլ այս ամենը ներկայացվում է որպես իշխանությունների կողմից քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու փորձ։ Իբր՝ իշխանություններն ուզում են «նստացնել» բոլոր այն համայնքապետներին, ովքեր «Իմ քայլից» չեն, Երեւանից եկել ու փորձում են «իրենց կանոնները հաստատել» Սյունիքում, հպարտ սյունեցիներն էլ, հավատարիմ մնալով իրենց պապերի ըմբոստ ոգուն, դիմադրում են։ Թե ինչու է ընդդիմադիր քարոզչամեքենան այսպես ներկայացնում իրավիճակը՝ հասկանալի է։ Նրանց պետք են «բռնապետական հակումներով իշխանություններ» եւ «ըմբոստ մարզ» (Արցախը նման սխեմայի մեջ ներքաշելը չափազանց վտանգավոր կլիներ), ու պետք է ամեն գնով ցույց տալ, թե տեսեք՝ իշխանությունները չեն վերահսկում վիճակը, ժողովուրդն իրավապահներին թշնամաբար է վերաբերվում, եւ ընդհանրապես՝ երկրում անիշխանություն է։

Այն, որ ամեն գնով ռեւանշի ձգտողները հանուն իրենց քաղաքական շահերի (եւ կուտակածը պահպանելու) ոչնչի առջեւ կանգ չեն առնելու եւ օգտագործելու են ցանկացած առիթ՝ վաղուց ակնհայտ էր։ Բայց ակնհայտ է նաեւ, որ ոստիկանական համակարգում այս էլ որերորդ անգամ գտնվում են մարդիկ, ովքեր տալիս են այդ առիթը՝ դրանով իսկ կամա թե ակամա մեծ ծառայություն մատուցելով իշխանությունների եւ ժողովրդի միջեւ անվստահություն սերմանելու փափագով տառապողներին։ Այնպես որ՝ իշխանություններն այս հարցում անելիքներ ունեն ու պիտի ամենայն մանրամասնությամբ պարզեն միջադեպի համգամանքները եւ համապատասխան եզրակացություններ անեն։ Փոխզիջում չի կարող լինել ոչ միայն կրիմինալի, այլեւ կրիմինալի դեմ հակաօրինական մեթոդներով պայքարողների հետ։

Իսկ Սյունիքում, ինչպեսեւ ողջ Հայաստանում, մարդիկ, վստահաբար, շատ լավ տեսնում ու հասկանում են, թե ինչ է տեղի ունենում իրականում։

Armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: