07/05/2020

Հայաստանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը՝ Գյունտեր Պիլարսկին, հանկարծակի անհետացել է Քաջարանից, իսկ թե ում է անցել նրա գլխավորած «Քրոնիմետ»-ի 75 տոկոս բաժնեմասը՝ հայտնի չէ

Հայաստանում օտարերկրյա ամենախոշոր ներդրողներից մեկը՝ Գյունտեր Պիլարսկին, հանկարծակի անհետացել է Քաջարանից, իսկ թե ում է անցել նրա գլխավորած «Քրոնիմետ»-ի 75 տոկոս բաժնեմասը՝ հայտնի չէ

2020 թ. մայիսի 2-ին Սիվիլնեթը (Մկրտիչ Կարապետյանի ստորագրությամբ) հրապարակեց հոդված՝ «Բաժնետերերի նոր փոփոխություններ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում. «Քրոնիմետ»-ը սեփականատերերի ցանկում այլեւս չկա» վերտառությամբ:

Հոդվածը ցնցող բացահայտում էր արել՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) 75 տոկոս մասնակցություն ունեցող գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբը որեւէ կերպ ընկերության իրական սեփականատերերի ցանկում չի արտացոլվում: Ըստ ամենայնի՝ գերմանական ընկերությունը դադարել է լինել ԶՊՄԿ բաժնետեր: Սա պարզ է դառնում ԶՊՄԿ-ի՝ իրական սեփականատերերի հայտարարագրի ուսումնասիրությունից»:

Հոդվածում այնուհետեւ նշվում է՝ «ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերի հայտարարագրում զարմանալիորեն չենք հանդիպում ոչ ընկերությունում առյուծի բաժին տնօրինող «Քրոնիմետ»-ի, ոչ էլ «Քրոնիմետ»-ի սեփականատեր Պիլարսկիների անվանը: Նույնիսկ միջանկյալ կազմակերպությունների ցանկում «Քրոնիմետ»-ը բացակայում է:

2019-ին կոմբինատը ներկայացրել էր ընկերության բաժնետիրական կառուցվածքը, որում գերմանական ընկերությունն անուղղակիորեն տնօրինում էր կոմբինատի 75 տոկոսը՝ Գյունտեր, Յուրգեն, Էլկե, Յոակիմ Պիլարսկիների մասնակցությամբ:

Իրական սեփականատերերի նոր ցանկում Պիլարսկիներից որեւէ մեկի անունը չկա: «Քրոնիմետ»-ի խմբի ընկերություններին եւս չենք հանդիպում»:

***

Այս հրապարակումից հետո ակնհայտ դարձավ, որ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր սեփականատերը (բաժնեմասերի 75 տոկոսի տերը) անհետացել է Քաջարանից:

Այդ հրապարակմանը հաջորդած մեկ ամսվա ընթացքում որեւէ մեկը (պատկան մարմիններից) բացատրություն  չտվեց հայ  հանրությանը, թե Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության գլխավոր սեփականտերն ինչո՞ւ կամ ի՞նչ հանգամանքների արդյունքում է անհետացել Քաջարանից. փախչե՞լ է, փախցրե՞լ են, բաժնեմասերը խլե՞լ են, բաժնեմասերը վաճառե՞լ է, նվիրե՞լ է…

Օտարերկրյա ներդրումների մեծ կարիք ունեցող մեր հանրապետությունում խոշոր ներդրողներից մեկի հանկարծակի անհետանալը, անշուշտ, սովորական երեւույթ չէ:

Բայց առավել զարմանալին այն է, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ –ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը զարմացած չեն եւ, կարծեք, փորձում են հանրության ուշադրությունից դուրս թողնել սեփականության ոչ սովորական այդ վերաբաշխման փաստը:

Դեռեւս 2020 թ. հունվարի 25-ի կապանյան ասուլիսում ՀՀ վարչապետը վերստին կարեւորեց մեկ տարի առաջ կոմբինատի գլխավոր սեփականատիրոջ հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ կողմերը պայմանավորվել են քաջարանյան հանքարդյունաբերությունը համապատասխանեցնել այն չափանիշներին, ինչ չափանիշով գործում են լեռնահանքային ձեռնարկությունները Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Մինչդեռ… պարզվում է, որ այլեւս չկա գլխավոր սեփականատերը, ով խոստումներ էր տվել Հայաստանի նոր կառավարությանը, ում հետ պայմանավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այնպես որ՝ Գյունտեր Պիլարսկին Հայաստանից անհետացել է՝ չկատարելով երկրի վարչապետին տված խոստումները, չվերացնելով բնապահպանական ահռելի պրոբլեմները, որ գլխավոր սեփականատերը (Քաջարան հանքավայրի անփույթ եւ անխնա) շահագործման հետեւանքով  պատճառել է մեր երկրամասին՝ բազմաթիվ ռիսկեր ստեղծելով տեղի բնակչության կյանքի եւ առողջության համար:

Ոչ պակաս կարեւոր է նաեւ հետեւյալ հարցը՝ ո՞ւմ կամ ո՞ր ընկերությունների խմբին է անցել Գյունտեր Պիլարսկու գլխավորած «Քրոնիմետ» ընկերության 75 տոկոս բաժնեմասը:

Քաջարանի կոմբինատի գլխավոր սեփականատիրոջ հանկարծակի անհետանալը, վերը շարադրվածով հանդերձ, առաջացնում է այլ հարց եւս. 2004-ին մոտ 180 մլն դոլարով վաճառված կոմբինատի 75 տոկոս բաժնեմասը ժամանակին արժեցել է 135 մլն դոլար (բաժնեմասերի 60  տոկոսը ձեռք է բերել 2004-ին, 15 տոկոսը՝ հետագայում):

Եվ ուրեմն՝ ո՞վ է հայաստանյան այն օլիգարխը կամ սեփականատերը (ինչպես ընդունված է հիմա ասել), որ ի վիճակի է եղել առնվազն 135 մլն դոլարով  ձեռք բերել այդ ունեցվածքը:

Քաջարանի կոմբինատի նոր գլխավոր սեփականատիրոջ բացահայտումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հրամայականներից է:

Այդ հարցը առանձնահատուկ կարեւորություն է ներկայացնում հատկապես  Սյունիքի համար. երկրամասի արդյունաբերության մոտ 80 տոկոսի գլխավոր սեփականատիրոջից է մեծապես կախված Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական եւ հոգեւոր-մշակութային կյանքի վաղվա օրը:

Եվ ուրեմն՝ ո՞վ է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ նոր գլխավոր սեփականատերը, ով տնօրինում է ընկերության բաժնետոմսերի առնվազն  62,5 տոկոսը (32,5 տոկոսի  բիրդան- սեփականատերերին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ):

***

 

«Սյունյաց երկրի» 2017 թ. նոյեմբերի 9-ի  N36 (454)-ում լույս էր տեսել մի հոդված՝ այսպիսի վերտառությամբ՝ «Ծերուկ Պիլարսկին ի վերջո հասկացել է, որ խաբված է, եւ այն մասին, թե ինչպես էր Պետրոս Մեծ կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին»:

Հոդվածը տեղեկացնում էր, որ «երկարատեւ լռությունից հետո կոմբինատ է այցելել «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ բաժնետոմսերի մոտ 60 տոկոսի սեփականատեր գերմանական «Քրոնիմետ» ընկերության ղեկավար Գյունտեր Պիլարսկին՝ որդու ուղեկցությամբ:

Ծերուկ Պիլարսկին, պարզվում է, առաջացած տարիքի պատճառով այլեւս ի վիճակի չէ նախկին ակտիվությամբ ու հետեւողականությամբ զբաղվել  իր ձեռնարկություններից մեկի՝ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ գործերով: Բայց նրան, այդուհանդերձ, մի քանի հարց է հետաքրքրել, որոնք վերջին հաշվով անպատասխան են մնացել:

Օրինակ, ինչպե՞ս է ստացվել, որ հանքաքարի հանույթի ծավալի մոտ երեք անգամ ավելացման դեպքում կոմբինատը գրեթե զրկվել է շահույթից եւ նոր կառավարիչների օրերում (երեք տարի շարունակ) բաժնետերերը համարյա թե շահույթ չեն ստացել…

Պիլարսկու որդուն էլ զարմացրել է կոմբինատի վարչական շենքում հանգրվանած ձրիակերների այդքան մեծ նախիրը…»:

Ըստ այդ հրապարակման՝ այցից հետո Պիլարսկին որոշել է վաճառքի հանել իր բաժնեմասը:

Հոդվածը հետաքրքիր վերջաբան ունի՝ «Քաջարանի կոմբինատում Վահե պատահականության ջանքով ստեղծված վիճակը պատասխանում է նաեւ  երեք հարյուր տարի շարունակ պատմաբաններին մտահոգող մի հարցի եւս՝ ինչո՞ւ էր Պետրոս Մեծ իմաստուն կայսրն առանց դատ անելու գլխատում հույժ կարճահասակներին»:

Հ.Գ.1

Արդյո՞ք քաջարանյան վերջին իրադարձությունները որեւէ աղերս ունեն ԶՊՄԿ-ի բաժնեմասերի՝ վերջին ամիսներին կատարվող վերաբաշխման հետ:

Հ.Գ. 2

Իսկ միգուցե Գյունտեր Պիլարսկի կամ «Քրոնիմետ» անվամբ սեփականատեր ընդհանրապե՞ս  գոյություն չի ունեցել, այլ եղել է Գյունտեր Պիլարսկի բեմական դեկորացիա:

Հ.Գ. 3

Հայաստանի էկոնոմիկայի համար պատասխանատուները չե՞ն վախենում, որ Պիլարսկու (դեռեւս չպարզաբանված հանգամանքներում) սեփականազրկումը կարող է ավելի զգուշավոր դարձնել օտարերկրյա ներդնողներին, ովքեր ծրագրեր ունեն մեր հանրապետությունում կատարելու ներդրումներ: Առավել եւս, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում սեփականազրկման եւ սեփականության վերաբաշխման գործընթացներ են տեղի ունեցել նաեւ դրանից առաջ՝ 2014-19 թթ.: Ընդ որում՝ մինչեւ այժմ պետական եւ իրավական գնահատական չի տրվել 2014-ից հետո կատարված սեփականազրկման գործընթացին:

«Սյունյաց երկիր»

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: