07/05/2020

Քաջարանի կոմբինատ, տարածաշրջան, Հայաստան

Քաջարանի կոմբինատ, տարածաշրջան, Հայաստան

Այսօրվա դրությամբ Քաջարանի կոմբինատը ստեղծել է մի շարք խնդիրներ Կապան-Քաջարան տարածաշրջանի և ինչու չէ նաև ողջ Հայաստանի համար` սկսած բնապահպանական, վերջացրած քաղաքական խնդիրներով: Այդ պատճառով առաջարկում ենք մի շարք լուծումներ դրությունը էապես փոխելու նպատակով:

Առաջին՝ Քաջարանի կոմբինատի ազգայնացում: Հաշվի առնելով, որ Քաջարանի կոմբինատի գործունեությունը ունի չափից շատ մութ կողմեր և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից, անհրաժեշտ է կոմբինատի խելացի ազգայնացում: Ազգայնացման պրոցեսը չպետք է մեկնաբանվի որպես ինվեստիցիոն կլիմայի վատթարացում: Խելացի ազգայնացման համար անհրաժեշտ է երկու գործողություն. առաջինը հատուկ հարկի կիրառումը մոլիբդենի վրա, որից գեներեացված գումարը կարող է օգտագործվել անհրաժեշտության դեպքում բաժնետերերից բաժնեմաս գնելու համար: Երկրորդը, ընդունել հատուկ օրենք ըստ որի, մետաղական հանքերում պետությանը պետք է պատկանի ամենաքիչը 50+1% բաժնեմասը: Այս երկու գործողությունները ամբողջովին բավարար են, որպեսզի Քաջարանի կոմբինատը ազգայնացվի առանց վնասելու ինվեստիցիոն մթնոլորտը:

Երկրորդ՝ տնտեսական շղթայի զարգացում: Քաջարանի կոմբինատից պղինձը, մոլիբդենը և չգրանցված այլ գերթանկարժեք մետաղներ տարածաշրջանից արտահավում են առանց վերամշակման, մինչդեռ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս վերամշակել մետաղը տեղում, առանց բնապահպանական վնասի (օրինակ էլեկտրոլիտիկ տեխնոլոգիաներ): Պետք է ընդունել հատուկ օրենք, որի հետևանքով մետաղների մշակումը տեղում կդառնա շատ ավելի տնտեսապես շահավետ, քան արտահանումը: Գունավոր և թանկարժեք մետաղների արտահանման մաքսային հարկը պետք է կտրուկ աճի, իսկ նորագույն տեխնոլոգիաներով վերջնական մետաղների արտադրություններին պետք է տրվեն հարկային արտոնություններ որոշակի ժամկետով (օրինակ 10-15 տարի): Մետաղի վերջնական կորզումը տեղում շահավետ կլինի նաև այն տեսանկյունից, որ զգալիորեն կբարձրացնի հազվագյուտ մետաղների հետ կապված տնտեսական թափանցիկությունը: Նոր տեխնոլոգիաները թույլ կտան ոչ միայն ստանալ վերջնական մոլիբդեն, այլ նաև հասկանալ թե ինչքան Ռենիում կամ Ռոդիում ունենք :

Երրորդ՝ տարածաշրջանային զարգացում։ Ցանկացած գրագետ մարդու հասկանալի է, որ հանքատերերի համար շահավետ չէ տարածաշրջանի տնտեսական զարգացումը, քանզի այդ դեպքում զգալիորեն կաճի աշխատուժի գինը: Եթե երիտասարդները ունենան ընտրություն աշխատելու ծրագրավորման ոլորտում կամ հանքում, ապա նրանք կընտրեն առաջինը: Ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության մեջ նրանք կընտրեն ռազմարդյունաբերությունը՝ որպես ավելի մաքուր և խելացի արտադրություն: Այդ պատճառով հանքերից գանձված հարկերի զգալի մասը պետք է ուղղորդվի Կապանում և Քաջարանում բարձր տեխնոլոգիական բիզնեսներ հիմնելու վրա: Այս պրոցեսը չպետք է թողնվի շուկայի հույսին, այլ պետք է կառավարվի և վերահսկվի պետականորեն: Պետությունը պետք է ապահովի պատվերներ բարձր տեխնոլոգիական արտադրության համար ամենաքիչը 10-15 տարվա համար: Եթե ընդունենք, որ այդ բիզնեսները լինելու են կապված ռազնարդյունաբերության, հետ այս ամենը ավելի քան իրատեսական է: Եթե ստեղծվի 500-1000 աշխատատեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, աշխատանքային շուկան անվերադարձ կփոխվի: Հանքերը ստիպված կլինեն աշխատուժի պակասի պատճառով զարգացնել արտադրության արտադրողականությունը և ներմուծել բարձր տեխնոլոգիաներ ևս:

Քաղաքական բարեփոխումներ։ Կապանի և Քաջարանի քաղաքական մթնոլորտը կմնա նեոֆեոդալական այնքան ժամանակ, մինչև չլինի տնտեսական հիմք, ավելի բազմազան և ժողովրդավարական հասարակության համար: Բացի վերոհիշյալ տնտեսական բազմազանությունից, պետությունը կարող է նաև լուրջ քայլեր անել, որպեսզի զարգացնի արհմիությունները Քաջարանի և Կապանի կոմբինատներում: Պետությունը պետք է տրամադրի հատուկ դրամաշնորհներ, որոնց օգնությամբ բանվորական ակտիվիստները կարող են կրթվել և ունենալ իրավական գիտելիքներ իրենց շահերը պաշտպանելու նպատակով: Նոր արհմիությունները պետք է ունենան նոր էություն և ոչ թե ծաղրելի ձևով նմանակեն պետության սոցիալական ծառայություններին: Դրանք պետք է լինեն սարսափելի գործիք անբարեխիղճ գործատուների դեմ: Նոր արհմիություններին պետք է տրամադրվի անվճար իրավաբանական օգնություն պետության կողմից՝ մինչև հինգ տարի ժամանակով: Պետք է ընդունվի նաև օրենք, ըստ որի պետությունը պետք է ամենաքիչը տասը տարի աշխատավարձ հատկացնի բանվորների կողմից ընտրված Արհմիությունների ղեկավարներին այն տարածաշրջաններում, որտեղ կան ակնհայտ տարածաշրջանային մոնոպոլիաներ, ինչպիսիք են Քաջարանի և Կապանի կոմբինատները: Սա կապահովի արհմիությունների որոշակի անկախությունը մոնոպոլիաներից:

ARK Media.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: