07/05/2020

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին

Հարգելի խմբագիր 

Դիմում եմ Ձեզ` իմ խոսքը գորիսեցիներին հասցնելու համար։

Ինքս արմատներով գորիսեցի եմ, եւ չնայած  ծնվել ու մեծացել են Երեւանում, միշտ  եւ ամենուր հպարտորեն հայտարարել եմ, որ իսկական գորիսեցի եմ։ Իմ  ամբողջ մանկական հիշողությունները կապված են  Գորիսի հետ, եւ մինչ օրս տառապում եմ գորիսապաշտությամբ,  երբեք անտարբեր չեմ եղել Գորիսում տեղի ունեցող իրադարձությաններին։

Գորիսեցիներն իրենց գենետիկ կոդով, գրագիտությամբ եւ  ինտելեկտով միշտ էլ առանձնացել են։ Բայց այն, ինչ հիմա եմ տեսնում, զարմացնում, զայրացնում եւ տխրեցնում է ինձ։ Գաղտնիք չէ, որ մինչ օրս, ինչքան էլ վարչապետը, պարետատունը եւ առողջապահության նախարարությունը հորդորում են պահպանել անհատական անվտանգության կանոնները, ոչ բոլորն են լուրջ վերաբերվում նրանց հորդորներին։ Մի մասը մինչ օրս չի հավատում կովիդի գոյությանը, մյուս մասն էլ կարծում է,  որ դա իրեն երբեք չի կպչի եւ շարունակում է հարեւանների ու բարեկամների հետ ազատ շփվել, քիթ քթի նստած սուրճ խմել եւ չմտածել, որ ցանկացած պահի կովիդը կարող է իրենց բակը «հյուր գա»։ Սակայն այն ժամանակ, երբ կովիդն անցնում է իրենց բակի կողքով,  չգիտես ինչու,  այն մարդիկ, ովքեր անլուրջ էին վերաբերվում  «Կովիդին», հանկարծ խուճապի են մատնվում եւ պաթոլոգիական վախ ցուցաբերում ոչ միայն «կովիդով» վարակված անձանց, այլեւ նրանց հարազատների նկատմամբ։

Հարգելիներս, մեզանից ոչ մեկը ապահովագրված չէ կորոնավիրուսային վարակից եւ ցանկացած պահի դուք կամ ձեր շրջապատից որեւէ մեկի մոտ  կարող է ախտորոշվել «Կովիդ»։  Սակայն «Կովիդը»  ԲՈՐՈՏՈՒԹՅՈՒՆ չէ, եւ չի կարելի մարդկանց մեղադրել «կովիդով» վարակվելու համար, չի կարելի նրա ընտանիքի անդամներից հարյուր մետր հեռու փախչել, եւ ամենավատը՝  ի լուր ամբողջ աշխարհի  տարածել, թե այսինչը «վարակված է»։  Եվ եթե այդ «վարակվածները», հիվանդությունն անգամ թեթեւ են տանում, ֆիզիկապես իրենց լավ են զգում,  ապա հոգեպես հայտնվում են ծանր սթրեսային վիճակներում։ Ցանկացած հիվանդության ժամանակ մենք օգնում ենք  մեր մտերիմներին` ֆիզիկապես, ֆինանսապես եւ ամենակարեւորը` հոգեպես, որ հիվանդը չընկճվի, ոգեպնդվի եւ շուտ հաղթահարի հիվանդությունը։  Ինչո՞ւ նման վերաբերմունք չեք ցուցաբերում թագավարակի ժամանակ։

Սիրելիներս, այս ամենը շուտով կանցնի, կգնա,  սակայն շատերի հիշողության մեջ կմնան ձեր ցուցաբերած վերաբերմունքը եւ ձեր  պատճառած ցավի զգացողությունը։

Հարգանքներով՝ Ալլա Ավանեսյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: