07/05/2020

Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. պարզաբանում է պատգամավորը

Ինչ է նշանակում՝ նախագահը չի ստորագրում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. պարզաբանում է պատգամավորը

Համացանցում քննարկումների առիթ է տվել ՀՀ նախագահի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Թե որն է չստորագրելու պատճառը, նախագահականից չեն հստակեցնում: Չի բացառվում, որ նպատակը ՍԴ հեռացող դատավորներին կենսաթոշակ ապահովելու մասին փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելն է:

ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանը մեր խնդրանքով պարզաբանել է, թե ի՞նչ է նշանակում նախագահի կողմից այդ օրենքը չստորագրելը.

«Ցանկացած օրենք, որ ընդունվում է Ազգային ժողովի կողմից, ենթադրում է հետեւյալ ընթացակարգը. 21-օրյա ժամկետում նախագահը կամ ստորագրում է այն կամ կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ այդ օրենքի սահմանադրականությունը ստուգելու հարցով: Եթե ՍԴ-ն որոշի, որ օրենքը հակասահմանադրական է, Սահմանադրությանը չի համապատասխանում, ապա նախագահը չի ստորագրում, օրենքը համարվում է հակասահմանադրական: Եթե Սահմանադրական դատարանը հավանություն է տալիս, նախագահը ստորագրում է»,- ասաց Բաղդասարյանը:

Շարունակելով պարզաբանել, թե ինչ է տեղի ունենում, երբ նախագահը ի սկզբանե հայտնում է, որ ինքը օրենքը չի ստորագրում, պատգամավորը ընդգծեց՝ այդ դեպքում Սահմանադրության 129 հոդվածի  3-րդ կետի ուժով նա ԱԺ նախագահին հնարավորություն է տալիս 5-օրյա ժամկետում ստորագրել եւ հրապարակել օրենքը: ԱԺ նախագահի հրապարակելուց հետո օրենքը համարվում է ուժի մեջ մտած:

Այսինքն դա ոչ նշանակում է, որ այն հակասահմանադրական է, ոչ էլ այն, որ նախագահը չի՞ ուզում ստորագրել՝ հետաքրքրվեցինք պատգամավորից. «Ոչ, ոչ, եթե հակասահմանադրական համարեր, կդիմեր Սահմանադրական դատարան»,- պատասխանեց նա:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: