Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը ժամանակի հրամայականն է

19.12.2020 13:51
926

Նախ խորին ցավակցությունս եմ հայտնում 44-օրյա  դաժան պատերազմի ընթացքում զոհված զինվորների  եւ  անհետ կորածների հարազատներին:

2018 թվականը հայ ժողովրդի համար, թվում էր, արդարության եւ հաղթանակի, երազանքների իրականացման սկիզբ հանդիսացող տարի պիտի լիներ: Ինչպես շատ-շատերը, այնպես էլ ես՝ խոր հավատ ունեի, որ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առաջընթացի, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդի բարեկեցության լավացման, համերաշխության եւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման, երկրի հզորացման եւ պաշտպանունակության բարձրացման վերաբերյալ հավաստի խոստումներ տվող նոր իշխանությունը կկատարի այն, ինչ խոստացել է:

Մինչ 2020 թ. մարտը, չնայած իշխանության եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ-որ տեղ անհասկանալի ու կասկածելի մի շարք քայլերի եւ որոշումների, հավատում էի ու սպասում, որ հիմնական հարցերում իշխանությունը կիրականացնի հայանպաստ քաղաքականություն: Սակայն համավարակի դեմ պայքարի անկարողությունից, իսկ մինչ այդ եւ դրանից հետո կատարված մի շարք կասկածելի ձերբակալություններից հետո խորացան կասկածներս Նիկոլի ու նրա իշխանության գործունեության հանդեպ, իսկ դրա համոզիչ արդյունքը եղավ մեր կապիտուլյացիայով ավարտված հայ-ադրբեջանական պատերազմը:

Չխորանալով այդ խայտառակ պարտության պատճառների մեջ, դրա մասին  խոսվել եւ դեռ երկար կխոսվի, պարզապես ափսոսում եմ իմ հավատի համար, որ ունեցել եմ այս իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որովհետեւ, երբ հետադարձ հայացք եմ ձգում տեղի ունեցած իրադարձություններին՝ զգում եմ, որ կարելի էր ավելի շուտ սթափվել ու զգալ, որ  2018 թվականին՝ այսպես կոչված  «հեղափոխության» արդյունքում, իշխանության է եկել ղեկավարման ու կառավարման գործի հետ որեւէ աղերս չունեցող, անթրաշ մանուկների մի դիլետանտ հավաքածու, որոնց 2,5 տարվա կառավարման արդյունքում կորցրեցինք Արցախի մեծագույն մասը, իսկ այսօր էլ վտանգված են մեր երկրի սահմանները եւ պետականությունն ընդհանրապես:

Ու այս ամենից հետո թե՛ Հայաստանում եւ թե՛ արտաքին աշխարհում «կաղ բադիկի» կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն առանց ամոթ զգալու մտածում է, թե կարող է շարունակել ղեկավարել պետությունը:

Բավական է նշել, որ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո մեր կորուստներն օր-օրի ավելանում են, իսկ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի մնալու յուրաքանչյուր օրը բերելու է ավելի մեծ կորուստներ:

Ցեղասպանության եւ հալածանքի ենթարկված հայ ժողովուրդն ունեցել է երեք կարեւորագույն պատմական իղձ.

  1. 20-րդ դարասկզբի հայոց ցեղասպանության ճանաչում եւ դրա հետեւանքների վերացում, Արեւմտյան Հայաստանի մեր պատմական հողերի վերադարձ,
  2. անարդարացի որոշմամբ Ադրբեջանի կազմում հայտնված հայկական պատմական տարածք հանդիսացող Նախիջեւանի միացում Հայաստանին,
  3. անարդարացի որոշմամբ Ադրբեջանի կազմում հայտնված Արցախի հարցի արդարացի լուծում:

Նշված երեք իղձերից հայ քաջորդիների կյանքի գնով, արցախահայության եւ ողջ հայության հերոսական ջանքերով Արցախյան խնդիրը գրեթե ստանում էր իր լուծումը, սակայն Նիկոլ Փաշինյանի անհեռատես, ապաշնորհ (գուցե նաեւ դավաճանական) գործունեության արդյունքում զրկվեցինք  25 տարի առաջ ազատագրված Արցախից:

Բոլորին հայտնի է թշնամու մեծ ախորժակը Սյունիքի հանդեպ: Սակայն այս օրերին ականատես ենք մեր պետության համար ռազմավարական կարեւորագույն  նշանակություն ունեցող երկրամասի նկատմամբ պետական մակարդակով հարցերի լուծման բացակայությանը: Այն տպավորությունն ունեմ, որ Հայաստանի սահմանների պաշպանության հարցը պետք է լուծեն սահմանամերձ համայնքների կամավորները: Ի պատիվ Սյունիքի մարզի կամավորական ջոկատների ու նրանց հրամանատարների, պետք է նշել՝  թե՛ պատերազմի օրերին, թե՛ այժմ  նրանք արել եւ անում են իրենցից կախված ամեն ինչ՝ ուղղված մեր համայնքների պաշտպանության եւ այնտեղ ապրողների անվտանգության ապահովմանը: Միաժամանակ հասկանալի է, որ այստեղ անհրաժեշտ է կանոնավոր բանակային ստորաբաժանումների ներկայություն ու այդ մակարդակով սահմանների պաշտպանություն:

Շատ բաների մասին կարելի է խոսել, սակայն նշվածն էլ բավարար է հասկանալու՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անկարողությունը՝ մեր պետության առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում, եւ լիովին արդարացի է նրանց հրաժարականի համաժողովրդական պահանջը:

Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մտավորականության մեծ մասի, գիտական բնագավառի, արվեստի եւ գրականության հարյուրավոր ներկայացուցիչների դիրքորոշումը եւ նույնպես պահանջում Արցախը թշնամուն հանձնած եւ մեր պետականության գոյությունը հարցականի տակ դրած Նիկոլ Փաշինյանի եւ նրա վարչախմբի հրաժարականը:

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են հանրապետության մի շարք բուհերի կոլեկտիվներ, մինչդեռ անհասկանալի է Սյունիքում գործող Գորիսի պետական համալսարանի,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի եւ  Հայաստանի ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի կոլեկտիվների անտարբեր վերաբերմունքը Սյունիքում տեղի ուեցող՝ վտանգավոր եզրագծի հասած գործընթացների ու այդ գործընթացներում իր վատագույն դերակատարությունն ունեցած ղեկավարի հրաժարականի պահանջի նկատմամաբ:

Որտե՞ղ են մյուս կրթական հաստատությունների կոլեկտիվները, մարզի հայոց պատմության գիտակները, արվեստի ներկայացուցիչները…

Հորիզոնում ընդհանրապես չեն երեւում Սյունիքից ընտրված եւ պատգամավորական աթոռներին բազմած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Նրանք ընդամենը կրկնում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքերը:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծման քարոզով, սակայն կատարեց ճիշտ հակառակը՝ հասարակությունը պառակտելով հների ու նորերի, ավագների ու երիտասարդների, անուղղակի կերպով առաջ քաշելով «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսը: Իր քաղաքականությունը սկսելով, այսպես ասած, նոր կետից՝ նա կարողացավ «զոմբիացնել» հասարակության մի զգալի հատվածին եւ ստեղծել տոտալ ատելության մթնոլորտ նախկին ղեկավարների ու այդ ղեկավարների կողմից կատարված գրեթե բոլոր գործերի հանդեպ՝ փորձելով մարդկանց մեջ նախկինների կատարած բոլոր գործերում տեսնել միայն կոռուպցիա, կաշառակերություն, դավաճանություն եւ այլն: Ամենեւին չժխտելով, որ նախկին ղեկավարների տարիներին եղել են կոռուպցիայի, հովանավորչության  ու կաշառակերության դրսեւորումներ, սակայն ժխտել ամեն ինչ, այդ թվում՝ նախկին ղեկավարների կողմից իրագործված խելամիտ արտաքին քաղաքականությունը, կարծում եմ՝ ապիկարություն է: Իսկ որ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, թե ով էլ լիներ Հայաստանի ղեկավարը, միեւնույնն է, պատերազմն անխուսափելի էր, պարզապես բլեֆ է, որով ցանկանում է արդարացնել մինչպատերազմյան իր արտաքին քաղաքականության ձախողումները:

Գաղտնիք չէ, որ նիկոլյան հեղափոխությունը հաջողվեց իրականացնել Սերժ Սարգսյանի կողմից ներքին կյանքում թույլ տրված մի շարք կոպիտ սխալների հետեւանքով, որոնցից կարելի է առանձնացնել հատկապես տնտեսության մոնոպոլացումը, շատ դեպքերում ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը (առանձնապես կառավարման վերջին երկու տարում), ՀՀ սահմանադրության  այսպես կոչված բարեփոխումը եւ կառավարման նախագահական (կամ կիսանախագահական) համակարգի վերացումը, հասարակության բարոյահոգեբանական արժեհամակարգի հիմքերը խարխլող արեւմտյան գրանտակեր հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողության բացակայությունը եւ մի շարք այլ սխալներ:

Եվ պատահական չէ, որ իշխանության գալուց հետո Նիլոլ Փաշինյանն անմիջապես ձեռնամուխ եղավ տարբեր շինծու մեղադրանքներով քրեական գործեր հարուցելու՝ իր, ինչպես հետագայում պարզվեց, ազգակործան քաղաքականության միակ ռեալ խոչընդոտ Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ երկար ժամանակ նրան պահել կալանքի տակ:

Մի կարեւոր հարցի մասին եւս:

Երբ ընդդիմության կողմից հայտարարվեց ՀՀ վարչապետի միասնական թեկնածուի մասին, իշխանության ֆինանսավորմամբ գործող ֆեյքերի բանակը սկսեց քարկոծել Վազգեն Մանուկյանին՝ նպատակ ունենալով ամեն կերպ նսեմացնել նրա դերակատարությունը եւ հանրության մեջ ստեղծելու կարծիք, թե նա անարժան եւ  իր կարիերան ավարտած սովորական անձնավորություն է: Սակայն ինչ ջանքեր էլ այդ ուղղությամբ գործադրվեն, միեւնույն է, Վազգեն Մանուկյանին հայ ժողովուրդը ճանաչում է որպես Հայաստանի երրորդ հանրապետության ստեղծման ակունքներում կանգնած ու հանրապետության համար բարդ ժամանակաշրջանում իր գործունեությամբ մեծագույն դերակատարություն ունեցած հզոր ու վճռական անձնավորություն, ով ակտիվ գործունեության որոշակի ընդմիջումից հետո էլ մեծ հարգանք է վայելում հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս: Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող  է ստանձնել երկրի  վարչապետի պաշտոնը եւ անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետեւանքները, որ ստեղծվել են մեր պետության եւ ազգի համար՝  նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետեւանքով:

Ինչ վերաբերում է սյունեցիներին, մասնավորապես կապանցիներին, ապա կարող եմ ասել, որ հատկապես ավագ եւ միջին տարիքի կապանցիները Վազգեն Մանուկյանին համարում էին  եւ են Կապանի ազատարարը, որովհետեւ 90-ականների պատերազմական տարիներին՝ լինելով ՀՀ պաշպանության նախարար, նրա անմիջական ջանքերով է կազմակերպվել եւ ղեկավարվել Կապանի  եւ հարակից տարածքների ազատագրման օպերացիան, տարածքներ, որոնք, ցավոք, նորից հանձնվեցին ազերիներին:   

 

                                    Լեռնիկ Պետրոսյան

ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի դասախոս,

գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

 

Շուռնուխ. Հայաստանի պետական դրոշը երբեք այսքան հպարտություն չի ներշնչել հայ մարդուն, ինչպես հիմա

18.01.2021 13:07

Աննա Գրիգորյանը չի սատարում այս պահին գործող որևէ քաղաքական ուժի, քաղաքական շարժման

18.01.2021 12:59

Աննա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները

18.01.2021 11:17

Կյանքը հյուրանոցում. իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

18.01.2021 10:31

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար

18.01.2021 10:25

Ադրբեջանի նախագահը (և իշխանության մյուս մարմինները) ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ

17.01.2021 22:09

«Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին, այլ նաև իրենց հետ ակտիվ համագործակցող հայերին. Էլիբեգովա

17.01.2021 19:41

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը Կարսում զորավարժություն կանցկացնեն

17.01.2021 14:57

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 17-20 աստիճանով, սպասվում է բուք, մառախուղ և մերկասառույց

17.01.2021 14:56

Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա բարձրացվեց Հայաստանի Հանրապետության  դրոշը

17.01.2021 12:23

Ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ

17.01.2021 10:04

Արարատ Միրզոյանը ԱԱԾ գործակալ չէ. ԱԱԾ-ն հատարարություն է տարածել

17.01.2021 00:02