Ռուս միլիարդատերը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր բաժնետեր

01.10.2021 19:38
7525

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանը պատկանում են նաև Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերել է ՀՀ կառավարությանը, իսկ կոմբինատում բաժնետոմսերը ձեռք է բերել Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության միջոցով։ 

ԶՊՄԿ-ում Տրոցենկոյի բաժնետոմսերի առկայության մասին հաղորդեց ՀՀ կառավարությունը։ Պղնձամոլիբդենայինում 60 տոկոսի հասնող բաժնետոմսերի առքուվաճառքը, ըստ կառավարության, կայացել է երեկ՝ սեպտեմբերի 30-ին, իսկ կառավարությանը նվիրած բաժնետոմսերը կազմում են ամբողջ կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Մինչև 2020-ը կոմբինատի մեծամասնական բաժնետերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունների խումբն էր, որից ԶՊՄԿ-ն բաժնետոմսերի հետգնում էր իրականացրել։ Երեկ այդ բաժնետոմսերը տեղաբաշխվել են՝ անցնելով ռուսական ընկերությանը։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Տրոցենկոն ուրախությամբ է տեղեկացրել, որ իրենց գնած բաժնետոմսերի մի մասը փոխանցել են կառավարությանը.

«Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, իսկ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտնել է, որ տարածված պրակտիկա է խոշոր հանքարդյունաբերական ընկերությունում պետական բաժնեմաս ունենալը։ 

Ռոման Տրոցենկոն միլիարդատեր է, նրան է պատկանում  AEON Corporation-ը, որն իր մեջ ներառում է 14 օդանավակայան, նավահանգիստներ ու բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոններ Եվրոպայում։ Ըստ Forbes-ի՝ Տրոցենկոյի ունեցվածքը գնահատվում է 1,3 միլիարդ դոլար։ 

ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի այս փոփոխությունն ըստ էության չի ազդել մյուս բաժնետերերի ունեցած մասնակցության չափի վրա․ «Զանգեզուր մայնինգ» ընկերության միջոցով կոմբինատի 12,4 տոկոսը պատկանում է Ռուսաստանի առողջապահության և սոցիալական հարցերի զարգացման նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, իսկ 12,5 տոկոսը՝ «ԱՄՓ հոլդինգ» ընկերությանը, որի սեփականատերերն են Կարեն Հակոբյանը՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի եղբայրը, Մհեր Պոլոսկովը՝ կոմբինատի նախկին գլխավոր տնօրենն ու Նարեկ Ամբարյանը՝ զինվորական դատախազ Տիգրան Ամբարյանի եղբայրը։ 

Կոմբինատում բաժնետոմսերի առյուծի բաժինը ձեռք բերելու նպատակին էր ձգտում նաև Միխայիլ Զուրաբովը։ Օգոստոսի 25-ին գրել էինք, որ Զուրաբովը «Զանգեզուր մայնինգ»-ի միջոցով մի քանի դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԶՊՄԿ-ի՝ պահանջելով նախկինում «Քրոնիմետ»-ից հետ գնված բաժնետոմսերը նախապատվության իրավունքով օտարել իրեն։ Փաստացի, կոմբինատի բաժնետոմսերի հերթական խոշոր գործարքը շրջանցել է Զուրաբովին, ու նա չի կարողացել բաժնետոմսերի ձեռքբերմամբ դառնալ մեծամասնական բաժնետեր։ Դատական հայցերի ճակատագիրը դեռևս անորոշ է։ 

ԶՊՄԿ-ում պետական բաժնեմաս ունենալը կառավարությանը թույլ է տալու մասնակցել բաժնետերերի ժողովներին, նաև կոմբինատի տնօրենների խորհրդում ունենալ ձայներ։ Կառավարությանը նվիրատվություն կատարելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել տասը օրվա ընթացքում։

Մկրտիչ Կարապետյան

civilnet.am

Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան

18.04.2024 22:33

Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը

18.04.2024 20:57

Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ

18.04.2024 20:51

Ի բնե ամուր և արվեստաշեն Կապանը

18.04.2024 14:57

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից

18.04.2024 14:35

Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը

18.04.2024 14:33

ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները

18.04.2024 14:27

ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին

18.04.2024 14:18

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

18.04.2024 12:54

Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու

18.04.2024 11:26

Գանձասարն էլ ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը

18.04.2024 11:02

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին․ Ռայիսի

17.04.2024 20:33