11/19/2018

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Ցավո՛ք, ամեն մի ժամանակ ձգտում է Չարենցին հարմարեցնել իր պատկերացումներին»

ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «Ցավո՛ք, ամեն մի ժամանակ ձգտում է Չարենցին հարմարեցնել իր պատկերացումներին»

Չարենցյան տարվա կապակցությամբ` 2012_ի նոյեմբերի 28-ին Գորիսի պետական քոլեջում տեղի ունեցավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծի ծննդյան 115-ամյակին, մահվան 75-րդ տարելիցին եւ բանաստեղծական գործունեության դարեդարձին: Միջոցառմանը հրավիրված էր եւ Չարենց անհատականության, պոետի, նորարարի մասին ծավալուն դասախոսությամբ (մոտ երկու ժամ) հանդես եկավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Հայոց լեզու եւ գրականություն» գիտամեթոդական հանդեսի գլխավոր խմբագիր Դավիթ Գասպարյանը: Գրական ցերեկույթի ավարտից հետո «Սյունյաց երկիրը» մի քանի հարց ուղղեց անվանի գրականագետին: Մեզ, նախեւառաջ, հետաքրքրում էր Չարենցի անտիպ ժառանգության մի մասը բովանդակող, Դավիթ Գասպարյանի կազմած «Գիրք մնացորդաց» ժողովածուի ճակատագիրը, ինչի վերաբերյալ էլ սկսեցինք զրույցը:

– Ձեր` վերջերս հրատարակած գիրքը` «Գիրք մնացորդաց», արգելքի ենթարկվեց, ո՞րն է պատճառը, նաեւ կխնդրեի ներկայացնել այդ գրքի համառոտ բովանդակությունը:

– 1935-1937 թվականներին Չարենցն արտակարգ շատ է ստեղծագործել: Այդ շրջանի անտիպ ժառանգության մեկ հատորը 1983 թ. լույս տեսավ «Անտիպ եւ չհավաքված երկեր» վերնագրով, երկրորդը` 1996 թ. «Նորահայտ էջեր» վերնագրով: Այս վերջին ժողովածուն ես եմ կազմել: Հիմա լույս է տեսել երրորդ գիրքը:

Վերջին տարիներին, նկատի ունեմ 1998 թվականից այս կողմ, ամերիկացի մի գրական դեմք` Ջեյմս Ռասել անունով, չարենցյան անտիպներ էր հրապարակում: Մանրակրկիտ հետեւում էի այդ հրապարակումներին, եւ զգում էի, որ դրանցում, անշուշտ, սխալներ, վրիպակներ, անճշտություններ կան: Բայց չարենցյան այդ ձեռագրերը ձեռքիս տակ չկային, որ տպագրվածը համեմատեի ինքնագրի հետ: Եվ, ի վերջո, Ջեյմս Ռասելն իր հրապարակումներից մեկում բացահայտեց իրողությունը` ասելով, թե 1998 թ. Երեւանում մասնակցել է մի գիտաժողովի, իրեն է մոտեցել Գեւորգ Էմինի որդին` Արտաշես Էմինը, հրավիրել է իրենց տուն, իր առջեւ դրել Չարենցի ձեռագրերը: Էմինի կինը, ով ներկա է եղել խոսակցությանը, որդուն ասել է, որ սխալ է վարվում, այդ ձեռագրերը պիտի մնան Հայաստանում, եթե տպագրվելու են, թող Հայաստանում տպագրվեն: Խոհուն կինը ճիշտ է մտածել: Բայց որդին ձեռագրերի պատճենները վաճառել է օտարերկրացուն: Արդյո՞ք միայն պատճենները… Բնագրերի մի մասը կարողացանք դարձնել պետական սեփականություն:

Բազմիցս ելույթներ ունեցա մամուլում, հեռուստատեսությամբ, ռադիոյով, հորդորելով, որպեսզի այդ ինքնագրերը դարձնեն պետական սեփականություն, մեր ազգային հանճարի գրական ժառանգությունն ո՞ւմ ձեռքն են տվել: Այնքան ասացի, որ իմ խոսքն ի վերջո տեղ հասավ, եւ 2008-ի սեպտեմբերի 10-ին ձեռագրերի վաճառքն իրականացավ: Այդ ժամանակ պետությունը գնեց ձեռագրերի մի մասը: Քանի որ, ի վերջո, այդ ձեռագրերը դարձան պետական սեփականություն, կարողացա դրանք ուսումնասիրել: Ձեռագրերի էջերը դասավորությունից հեռացել էին, ցրիվ, խառնակ վիճակ էր: Այդ ամենի կապերը գտնել, դասավորել, արդեն իսկ տառապանք էր: Փոքրիկ թղթերի վրա է գրել, մեկի երեսին չի տեղավորվել, անցել է մյուսին, չի տեղավորել, կողքին է գրել, չի տեղավորվել, մյուս էջին է շարունակել, բանաստեղծության սկիզբն ու վերջը գտնելը երբեմն անգամ անհնարին էր: Ես երեք-չորս տարի կարդում էի, դժվարին պայմաններում, այդ ժամանակ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը նորոգում էին, պայմաններ չկային, խոշորացույցով երբեմն ժամերով մեկ բառ էի վերծանում: Ի վերջո, այդ դժվարությունները հաղթահարեցի, արտագրեցի ամբողջը, ոչ թե պատճենահանեցի եւ լուսանկարեցի: Հետագայում Մատենադարանի ձեռք բերածն էլ ուսումնասիրեցի, եւ այդ ամենն ամբողջացավ ու դարձավ գիրք, որ տպագրվեց պետպատվերով: Մի անտիպ ժառանգություն, որ ստացավ «Գիրք մնացորդաց» վերնագիրը:

Ինչո՞ւ ընտրեցի այդ վերնագիրը, որովհետեւ Չարենցի վերջին գիրքը վերնագրված էր` «Գիրք ճանապարհի»: Այս վերնագրի բառակարգն արդեն կար: «Գիրք մնացորդաց» վերնագիրն ունի Աստվածաշնչյան ծագում` «Գիրք առակաց», «Գիրք թագավորաց» եւ այլն: Հակոբ Օշականն իր քառահատոր վեպի վերնագիրն այդպես է դրել, թեեւ վերջին հատորը գիտակցաբար չի գրել: Ինչեւէ, այդ գրքի տպագրությունն ընթացք ստացավ:

– Այդքան չարչարանքից հետո, ցավոք, գիրքը չհասավ ընթերցողին, նրա սեփականությունը դառնալու փոխարեն արգելափակվեց, ո՞րն է պատճառը:

– Այո՛, գիրքը լույս տեսավ եւ փոխանակ դառնալու մշակութային տոն, փառատոն, ոմանց ջանքերով դարձավ սգահանդես: Այն առումով, որ դատարկ ու փուչ գրքերի համար են շնորհանդես անում: Գիրքը լույս է տեսել 500 օրինակ տպաքանակով: Հայաստանում գոնե 500 մտավորական չկա՞, որ այս գրքի կարիքն ունենա, իհարկե կա, հազարը կա, այս ամբողջ ժամանակ ինձ անընդհատ զանգահարում են, հարցնում, թե որտեղի՞ց կարելի է ձեռք բերել, ընդ որում` գիրքը մինչեւ գրախանութ հասնելը, ում հանդիպում էի, ասում էր` ես գիրքն ունեմ: Հարցնում եմ` այ մարդ, որտեղի՞ց, թե` ձեռք եմ բերել: Որտեղի՞ց են ձեռք բերել, ինչպե՞ս… Դեռ գիրքը գրախանութ չհասած` Չարենցի տուն-թանգարանի տնօրենը, թե` ես ճարել եմ գիրքը, որոշ բաներ անգլերեն ենք թարգմանում:

Քանի որ գիրքը սեփական միջոցներովս չեմ տպագրել, չէի կարող ձեռքս դնել տպաքանակի վրա եւ սաստել: Սա դեռ ամենը չէ: Հետո ինձ զանգահարեցին մշակույթի նախարարության գրահրատարակչական բաժնից, թե` Չարենցի աղջիկը դժգոհել է. Չարենցին լավ չես ներկայացրել, առաջաբանի մեջ ինչ-ինչ բաներ այն չեն եւ դիմել է , որ ոչնչացնեն գիրքը: Ահա այդպես, ոչ ավել, ոչ պակաս: Այդպես էլ արեցին, իհարկե, չայրեցին, այլ որոշեցին տպաքանակը մեկուսացնել Չարենցի տուն-թանգարանում: Ոչնչացնելու մի ձեւն էլ գիրքը լռեցնելն է ու գիրքը կազմողի աշխատանքը սեւացնելը: Հիշեք, թե Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի հետ ինչ օյին եկավ: Ժողովուրդը, որ ասում է` կարկուտը ծեծած տեղն է ծեծում, այսօր նույնը եղավ: Այս գիրքը եւս ենթարկվեց «Գիրք ճանապարհիի» տխուր ճակատագրին: Ես էլ կարծիքս հայտնեցի հեռուստատեսությամբ, մամուլով. փոխանակ աշխատող մարդու ճակատը համբուրեն, ընդհակառակը` ի՜նչ հայհոյանքներ հնչեցին, ի՜նչ գարշելի խոսքեր տարածեցին, հակառակորդներն աշխուժացան, թե` այս մարդուն խփելու ժամանակն է` խփենք, բայց ոչ մի բան չէին կարող անել, որովհետեւ գիրքը կար, ինչպես ասում են` երեխան ծնվել է, ուզում ես` հայրություն արա, ուզում ես մի արա, արդեն ծնվել է, ինքն իր ինքնուրույն կյանքով ապրելու է, ուզում են վատություն անել, վերստին չեն կարող:

– Խնդրեմ ներկայացրեք գրքի բովանդակությունը:

– 1935-1937-ին Չարենցի մահվան օղակը սեղմվում էր: Չարենցը զգում էր մահը, գրքում ընդգրկված են քաղաքական գործիչներին նվիրված երկեր, այդ թվում` Աղասի Խանջյանին նվիրված «Դոֆինը նաիրական» շարքը` ամբողջական, լիակատար ձեւով` տարբերակներով, բացատրություններով, ամեն ինչով: Գրքում տեղ են գտել իր գրական ընկերներին` Բակունցին, այլոց նվիրված բանաստեղծություններ, գրքում ընդգրկվել են Չարենցի` զգայավառ, էրոտիկ բովանդակություն ունեցող բանաստեղծությունները: Անգամ Արուս Ոսկանյանին նվիրված պոեմներից մեկում այսպիսի մի ցուցում կա. ասում է` Արո՛ւս, կատակով գրած այս տողերը վաղը, մյուս օրը հանկարծ կընկնեն մեկ ուրիշի ձեռքը եւ ինձ կմեղադրեն մազոխիզմի եւ այլնի մեջ: Ասում է` ավելի լավ է` ոչնչացնես: Բայց եւ «Ազդ»-ում ցուցում է տալիս` ինչ գնով էլ լինի, անգամ իր կյանքի գնով անտիպ գրությունները պահպանել, չոչնչացնել` ի պահ տալ գրական թանգարանին: Ահա այս բնույթի գործեր են, պոեմներ, բանաստեղծություններ, որոնք ժողովածուի գեղարվեստական մասն են:

Դրանց հաջորդում են բազմաթիվ պաշտոնական գրություններ, նամակներ, տարբեր կարգի գրություններ, թարգմանություններ, կենսագրական վավերագրեր, ծանոթագրություններ, տողերի տարբերակներ: Գիրքն ունի առաջաբան, ունի վերջաբան, նաեւ Չարենցի կյանքի ու գործունեության համառոտ տարեգրություն:

Ես պաշտպանում եմ այս գիրքը, մարդ կա, որ այսքանից հետո փոշմանում է, չէ՞: Երանի եմ տալիս այն օրվան, որ գիրքը կհասնի ընթերցողին, կկարդան: Ցավո՛ք, ամեն մի ժամանակ ձգտում է Չարենցին հարմարեցնել իր պատկերացումներին, բայց Չարենցի ազատությունն անսահման է: Չարենցին ընկալելու համար անհրաժեշտ է հասուն հանրություն, եւ ամենակարեւորը` անհրաժեշտ է ոչ միայն լսել, այլեւ կարդալ, բնագրին մոտենալ, սկզբնաղբյուրին մերձենալ: Դա է փրկության օղակը, հակառակ դեպքում ծովի սեւ հորձանքի մեջ մարդ կխեղդվի:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում փրկության այդ օղակը, երբ անընդհատ ասում են` երիտասարդությունը չի կարդում, մարդիկ հետ են վարժվել ընթերցանությունից:

– Բնա՛վ էլ այդ կարծիքին չեմ: Չեն կարդում դասատուները, չեն կարդում դասախոսները: Եվ քանի որ իրենք չեն կարդում, չեն պահանջում նաեւ իրենց սաներից: Ինքս դասավանդել եմ, պահանջել եմ, լավ էլ կարդում են: Եթե պահանջում ես եւ անձնական օրինակ ես ծառայում, հետեւում են քեզ, չէ` չէ, ամեն ինչ գալիս է ոչ թե սանից, այլ ուսուցչից: Լավ ուսուցիչը կարդալ կտա, վատ ուսուցիչը կքնեցնի:

– 2012-ին Երեւանը հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք: Որքանո՞վ դա նպաստեց գրքի պրոպագանդմանը:

– Երեւանում նոր գրախանութ չբացվեց, Երեւանում գիրք կալանավորվեց, Երեւանում գրքի մեծ քարոզչություն չեղավ, ինչ-ինչ մարդիկ իրենց փառասիրությունը բավարարեցին` այստեղ-այնտեղ պետության հաշվին ուղեւորվելով, ինչ-որ մարդկանց հյուրընկալելով, ծախսեր արեցին, վահանակներ փակցրեցին քաղաքի պատերին` դրանց վրա վատնելով հսկայական գումարներ: Այնինչ մեզ շատ մեծ պատիվ արեցին, հնարավորությունը չպիտի ձեռքից բաց թողնվեր: Տոնը շատ լավ պիտի նշվեր, ընդ որում` այս կապակցությամբ ես ձեզ մի գաղտնիք հայտնեմ. մենք պետականություն չունեինք 1512 թվականին, երբ տպագրեցինք մեր առաջին գիրքը, ռուսները պետություն էին ու կայսրություն, եւ մեզնից 50 տարի հետո միայն տպագրեցին իրենց առաջին գիրքը: Այ, սա է հայ ժողովրդի ոգու ուժը:

– 1996-ին Ձեր աշխատասիրությամբ լույս տեսավ «Նորահայտ էջերը», նախորդ տարի` «Գիրք մնացորդացը», ե՞րբ կլինի հաջորդ գիրքը:

– Հաջորդն անպայման կլինի: Արդեն իսկ կա Չարենցի «Ընտիր երկերի»` իմ կազմած եռահատոր ժողովածուն, որի երրորդ հատորն ամբողջությամբ ընդգրկում է նրա անտիպ ժառանգությունը: Կան չարենցյան անտիպ գործեր, որոնք չեն հանձնվել պետական արխիվներին, դրա համար հետազոտելը դժվար է, իսկ անտիպ ժառանգություն դեռեւս կա:

– Ինչպե՞ս եք պատկերացնում «Գիրք մնացորդացի» ճակատագիրը:

– Ինչպես ասացի, «Գիրք մնացորդացը» այն երեխան է, ով արդեն ծնվել է: Նա իր ինքնուրույն կյանքն ունի: Եթե թանգարանում երկար պահեցին, իրենց խնդիրն է, միեւնույն է` ինքս կտպագրեմ ու կհասցեագրեմ ընթերցողին: Արդեն իսկ այդ գիրքը կա:

– «Իրավունք» թերթին տված հարցազրույցում ասել էիք, որ «Գիրք մնացորդացը» գիտական հրատարակություն է:

– Այո, դա գիտական հրատարակություն է, դա զանգվածային ընթերցողին չի հասցեագրված: 500 օրինակ տպաքանակով է տպագրված: Մի՞թե Հայաստանում 500 մտավորական չկա, սփյուռքն էլ հետը: Ես ձեռնամուխ եմ եղել Չարենցի երկերի լիակատար հրատարակության ստեղծմանը: Իսկ դրա համար ամեն ինչ փշուր-փշուր պիտի հավաքել, կամաց-կամաց ամեն ինչ ի մի բերել: Ինչպես Գառնին վերականգնեցին, երնեկ մի օր էլ Զվարթնոցը վերականգնեն: Այդպես էլ մի ավերված Զվարթնոց Չարենցի ժառանգությունն է: Երնեկ կարողանանք վերականգնել:

– Բայց մտավորականությունն էլ այդ մերժելի երեւույթի առումով, խոսքը գրքի կալանավորման մասին է, կրավորական կեցվածք ընդունեց:

– Նայած մտավորականություն: Կա ճշմարիտ մտավորականություն, որ գիրքը պաշտպանում է, կա «ակտիվ» մտավորականություն, որ առիթը եկել է, ուզում է ինձ հարվածել , քարկոծել: Կա նաեւ մտավորականություն, որ սպասում է, թե մյուսներն ինչ են անում, որ ըստ այդմ կողմնորոշվի:

– 2012-ը, հիրավի, չարենցյան տարի էր, լրացել է ծննդյան 115-րդ տարեդարձը, մահվան 75-րդ տարելիցը, բանաստեղծական գործունեության 100-ամյակը: Ինչպե՞ս նշվեց այդ ամենը մեզանում:

– Լրջորեն կազմակերպված միջոցառումներ չեղան: Հետո վտանգավոր հարց եք տալիս, քանզի որոշ բացահայտումներ պիտի անեմ: Այսօր չարենցագիտությունն ամոթալի ցածր մակարդակի վրա է: Նախկինում ուժեր կային, որոնք լրջորեն զբաղվում էին Չարենցի ժառանգության ուսումնասիրությամբ: Այսօր մի անուն պիտի տամ, ցավոք, նա էլ տարիքի բերումով, դարձյալ անցյալի մեջ է` Ալմաստ Զաքարյան, ով ժամանակին լուրջ գործ է արել: Մյուսները ե՛ւ սկզբնաղբյուրից են կտրված, ե՛ւ բնագրային նոր հայտնագործություններից, ինքնամփոփ, հորինովի բաներ են անում: Կա խնդրո առարկային առնչվող երեք աստիճան` չարենցասիրություն, չարենցախոսություն, չարենցագիտություն: Չարենցով հետաքրքրված են, Չարենցին սիրում եւ կարդում են. սա շատ ողջունելի եւ ընդունելի է: Բայց սրա կողքին կան չարենցախոսներ, ովքեր պիտի անընդհատ խոսեն: Մի բան չգիտեն, է՜, լսել են, մի բան կարդացել են Չարենցից: Անգետ դատարկախոսությունն է սրանց բնորոշ: Մեր բանաստեղծներից մեկը նախկինում հրատարակել, այժմ էլ վերահրատարակել է մի գիրք` «Եղիշե Չարենց»: Միայն 98 փաստական սխալ եմ հայտնաբերել: Երեւանի Սլավոնական համալսարանն Ազատ Եղիազարյանի խմբագրությամբ հրատարակել է գիրք` «Եղիշե Չարենցը եւ նրա ժամանակը»: Պիոներական պալատի գրական խմբակի մակարդակով գրված գիրք է: Այնպես, ինչպես շատ բնագավառներն են անկում ապրում, այնպես էլ չարենցագիտությունը…

Մեր պարտքն է բարձր պահել Չարենցի անունն ու գործը, հասկանալ եւ ընդունել նրան որպես կենդանի մարդ ու բանաստեղծ եւ ոչ թե նրան վերածել կուռքի: Մենք պետք է անընդհատ գնանք դեպի Չարենցը եւ ոչ թե նրան հարմարեցնենք մեզ, ինչպես այսօր դեռեւս անում են որոշ վա՜յ գրական դեմքեր: Դեպի Չարենցը ոչ թե սոսկ չարենցասիրությամբ ու չարենցախոսությամբ, այլ միմիայն չարենցագիտությամբ:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: