11/15/2018

Ֆելիքս Բախչինյանի ստեղծագործական

Ֆելիքս Բախչինյանի ստեղծագործական

Ներկայացնում ենք «Բասմաչը», «Լախիրը» փոքրիկ պատմվածքները եւ «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» վիպակի առաջաբանը` ափսոսանքով արձանագրելով, որ թերթի հնարավորություններն ավելին անել մեզ թույլ չեն տալիս: Մեր համոզմամբ` նրա գրական ժառանգությունից ընտրված վերոհիշյալ դրվագները թերթի ընթերցողին հնարավորություն կտան իր ժամանակակցի` տաղանդավոր արձակագրի ստեղծագործական աշխարհի մասին որոշակի պատկերացում կազմել:

Ֆելիքս Բախչինյան. ծնվել է 1950թ. սեպտեմբերի 22-ին, Ալավերդի քաղաքում` կոշկակարի ընտանիքում: Ավարտելով Բագրատաշենի N1 միջն. դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը եւ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը` 1978-81թթ. Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել է հայ-լիտվական գրական-մշակութային կապերը: Աշխատել է «Լոռի» շրջանային եւ «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրություններում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի բաժնի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրեն, ՀԳՄ նախագահի եւ Լոռու մարզպետի խորհրդական, հիմնադրել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական անկախ հանդեսը, ինչպես նաեւ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամը: Հայաստանի եւ Մոսկվայի գրողների միությունների անդամ, Վրաստանի հասարակական գիտությունների, Կովկասի ժողովուրդների եւ Հումանիզմի միջազգային ակադեմիաների ակադեմիկոս Ֆ.Բախչինյանը մի շարք պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների եւ մենագրությունների հեղինակ է: Հեղինակ է նաեւ հայերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով գրքերի թարգմանությունների: Նրա վաստակը գնահատվել է պետական եւ հասարակական կառույցների կողմից, եւ պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով, պատվոգրերով: ՀՀ ԳԱԱ-ն եւ «Ճշմարիտները հայերի համար» միջազգային կոմիտեն, հայոց ցեղասպանության դատապարտման եւ մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գիտական եւ հասարակական գործունեության համար, նրան պարգեւատրել են Ֆրիտյոֆ Նանսենի անվան հուշամեդալով:


ՎԱԳՐԻ ՏԱՐԻ ԿԱՄ ՉԵՉԵՆԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Վիպակի առաջաբան
Կովկասի մասին շատ են պատմել, գրել ու երգել: Կովկասցի եւ օտար բանաստեղծների, գրողների, նկարիչների ու երաժիշտների համար Կովկասը եղել ու հավերժ լինելու է ներշնչանքի անսպառ աղբյուր, տիեզերքին ու աստվածներին շատ մոտ հեքիաթային դրախտավայր, որտեղ 21-րդ դարում անգամ մարդը զգում է նախամարդու ոտնահետքերի դրոշմը` լեռների ձյունե գագաթներին, նրա բարքերի ու սովորույթների շունչը եւ հավերժության երթը` լեռներն ի վեր: Երկնահաս գագաթների, անդնդախոր ձորերի, դարավոր անտառների, գետերի ու լճերի, ծիլ ու ծաղկի, բերք ու բարիքի այս երկիրը գաղտնիքներ ու շշուկներ ունի իր խորքում, խորհրդավոր առեղծվածներ, մարդկային խորունկ-խորունկ սիրո, ցավի ու տառապանքի, բարու ու չարի, լույսի ու խավարի, բայց նաեւ` հույսի մասին պատմող լեգենդներ ու ասքեր:

Կովկասի հավերժական, խորախորհուրդ առեղծվածները մեկնելու համար կովկասցու` ժայռերի մեջ արմատներ նետած իմաստնությունն անգամ քիչ է, դարերն ու հազարամյակներն անգամ անփորձ պատանիներ են նրա անիմանալի գաղտնիքների առաջ: Ոգի ու երեւակայություն է պետք` արծվի թռիչքի բարձրությունից մտքի, հոգու հայացքով ընդգրկելու այդ հողը, զգալու նրա հրաշքները, նրա մարդկանց, պատմությունն ու լեզուն, քարե գրքերն ու ջրվեժաձայն երգերը:

Կովկասը յուրաքանչյուր կովկասցու հայրենիքից դուրս փռված հայրենիքն է, հայրենիքներ ընդելուզող մի մեծ գիրկ, իսկ կովկասցի լինելը ճակատագիր է` երկու հայրենիքով... Անհնար է ապրել Կովկասում ու չզգալ տիեզերական անհունի կանչը: Հողի ձգողականությունը, երկնահաս բարձունքների մաքրությամբ մյուռոնված օդը ջնջում են երկնքի ու երկրի սահմանները, դու զգում ես Աստծո մոտիկությունը, այդ մոտիկության ահագնությունն ու բերկրանքը:

Տեղանքի մասին ամենապերճախոս եւ դիպուկ բնութագիրը հազարամյակներ առաջ նրանց տրված տեղանուններն են: «Կովկաս» բառը հին հունարենից թարգմանաբար նշանակում է Աստվածների թագ: Դրանում դժվար չէ համոզվել` ինքնաթիռի բարձունքից նայելով Կովկասին: Սակայն այդ անվանումը կնքող մեր նախնիները Կովկասն Աստվածների թագ պատվանունով են կնքել ինքնաթիռի գյուտից դեռ հազարավոր տարիներ առաջ` իբրեւ դիտարան ունենալով ինքնաթիռի նախատիպի` արծվի թռիչքի բարձրությունը, ընդ որում` ոչ թե թեւավոր, այլ ոգեղեն թռիչքի, որի ընդգրկումն անչափելի է ու անսահման: Այսօր էլ Կովկասի` աշխարհի այս անկրկնելի հողակտորի լեռների բարձունքների տերերն արծիվներն են, իսկ Կովկասյան լեռներն ամենալավ լեռներն են աշխարհում, որովհետեւ նրանցից շատերի կատարներին դեռ չի դիպել մարդկային ոտնահետքը:

Զարմանալի է, ինչպե՞ս եւ ե՞րբ է առաջացել այս ռելիեֆը: Ինքնաթիռից նայելիս առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, ասես մակերեւույթն ամբողջովին պատված է հրաբխային լեռներով: Հսկայական տարածքի վրա փռված են հրաբխային լեռնազանգվածներ, լավային ծածկոցներ, հրային ապարների հսկա կուտակումներ, անվերջանալի ծալքավոր լեռնաշղթաներ: Այս ամենը վկայում է, որ տարածքն անհիշելի ժամանակներում պատված է եղել ջրով: Կովկասը լեռնային ցամաքի է վերածվել այսպես կոչված ալպյան ուժեղ լեռնակազմության ընթացքում եւ այդպես էլ մինչեւ օրս մնացել որպես ալպյան դրախտավայր: Ջրային անցյալից մնացած վճիտ հիշատակներ էլ կան այստեղ. լեռնային զուլալ լճերը, ժայռերը, կիրճերը, դաշտերն ու հարթավայրերը երիզող արծաթե գոտիները` անթիվ ու անհամար գետերն ու նրանց վտակները ցնծության ձոն են երգում բնության անկրկնելի տաճարի հավերժ բաց խորանի առաջ: Երգում են բնապաշտության անմահ ձոնը, որի մեջ բոլոր ժամանակների աստվածների փառաբանության ձայները կան: «Բնությունն Աստված է», – երգում են ջրվեժները, «Աստվա՛ծն է բնությունը», – արձագանքում են լեռները: Եվ այդ երգին վերջ չկա...

Մարդկության պատմությունը լի է փառահեղ ու քստմնելի էջերով, մարդկության պատմությունը հար եւ նման է մարդու էության պատմությանը, ուր հերոսականն ու դատապարտելին, վեհն ու ստորը քայլում են համերաշխ, նույնքան խրոխտ ու նույնքան հաղթական` ինչպես երկվորյակ եղբայրներ: Այդ երթի ամենահին վկաները մարդկության հնագույն քաղաքակրթություններն են, դրանց բնօրրանները, անհետացած ու անհետացող ժողովուրդները, բայց եւ ապրելու դատապարտված ժողովուրդներն ու նրանց հայրենիքները:

Քանի ժողովուրդների հայրենիք է Կովկասը, քանի-քանի կորուստների, կարոտների ու հույսերի էպիկենտրոն, դժվար է հաշվել: Պատերազմների ու ավերածությունների, հաղթանակների ու նվաճումների թատերաբեմ Կովկասը մարդկության պատմության կերտման հզոր ատամնանիվն է, բնական կենսաէներգիայի անհատնում շտեմարան, որը մարդկության գործունեության շարժիչին տալիս է այն ամենը, ինչով օժտված են նրա ընդերքը, հողն ու ջուրը, արեւն ու ձյունը:
Արեւի ու ձյան երկիր է Կովկասը... երբ ժայռի տակ դեռ ձյուն է, այդ նույն ժայռի վրա արդեն ծառ ու ծաղկունք է, մեղվի ու բզեզի երգ:

Արեւ ու ձյուն է կովկասցու սիրտը` ջերմ ու հյուրասեր, միաժամանակ` խիստ ու սառը, նայած ո՞վ ես դու նրա համար` բարեկա՞մ, թե՞ ոչ այնքան...

Կովկաս` աստվածների թագ: «Մեր հոգեւոր լսողությունն այդ մեկնության մեջ որսում է ոչ միայն վեհություն, այլ նաեւ վեհ խաղաղություն, իմաստուն գեղեցկություն եւ բարձր կոչում: Պատահական չէ հավանաբար, որ Նոյյան տապանի, Պրոմեթեւսի, Ոսկե գեղմի, չքնաղ ամազոնուհիների մասին լեգենդները կապված են հենց Կովկասի հետ: Եվ շատ ցավալի է, որ նորանոր պետություններն այդ «Աստծո թագը» անվերջ բաժանում են իրար մեջ եւ չեն կարողանում բաժանել. նրա «մարմնի» վրա հայտնվում են նորանոր վարչական եւ պետական սահմաններ, չնայած բոլորի համար պետք է ակնհայտ լինի, որ քաղաքակրթության տեսանկյունից այն միասնական ամբողջություն է: Այլ քաղաքակրթությունների եւ մշակույթների միջամտությունն աստիճանաբար խախտել է այն ամբողջականությունը, որը գոյություն ուներ այստեղ հազարամյակներ» (ԽՈՉՍՈջ. ԼրՑՏՐՌÿ, վՈՐՏՊօ, ՍցսՖՑցՐՈ, ՐպսՌչՌÿ. ԾՏրՍՉՈ 2007, րՑ.3):

Հին ժողովուրդների քաղաքակրթության վկայականը գրական հնագույն հուշարձաններում նրանց առաջին հիշատակումն է: Այդ հնագույն հուշարձանների մեջ ամենապատվավորներից են Հոմերոսի «Իլիականը» եւ «Ոդիսականը»: Այս հույն կույր պատմիչն ու գրողը շատ բան է պատմում հին աշխարհի մասին` իր աննշան վկայություններով անգամ մի քանի դար կամ հազարամյակ ետ ու առաջ շարժելով աշխարհի շատ ժողովուրդների ծննդյան տարեթվերը: Դեռեւս Հոմերոսի «Իլիական»-ում հիշատակումներ կան Կովկասի ու նրա ժողովուրդների, այստեղով հոսող գետերի ու նրանց ափերին ապրող սկյութական ցեղերի մասին: Քրիստոսից առաջ Կովկասի մասին հիշատակել են նաեւ հին աշխարհի մյուս մեծությունները` Էսքիլեսը, Հերոդոտը, Եվրիպիդեսը, Հիպոկրատը, Պլատոնը, Ստրաբոնը, Ցիցերոնը, Պլուտարքոսը եւ ուրիշներ:

Կովկասի տարածքում այսօր գտնվում են Ռուսաստանի Դաշնության տասը վարչական սուբյեկտ` Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերը, յոթ հանրապետություն` Դաղստան, Չեչնիա, Ինգուշեթիա, Կաբարդինո-Բալկարիա, Կարաչաեւո-Չերկեսիա, Հյուսիսային Օսեթիա, Ադիգեյ, մեկ մարզ` Ռոստովի մարզը, եւ երեք անկախ պետություն` Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը:
Կովկասն աշխարհի քարտեզի վրա կարեւոր տարածաշրջան է հենց թեկուզ միայն նրանով, որ այստեղ են Եվրոպայի եւ Ասիայի դարպասները, այստեղով են անցել առեւտրական, մշակութային կարեւորագույն ճանապարհները` կատարելով լուրջ միգրացիոն տեղաշարժեր: Այդ տեղաշարժերի արդյունքում այստեղ տեղափոխված ուկրաինացիներն ու ռուսներն էլ իրենց հերթին կազմել են էթնիկ նոր միավորում` կազակներ, որոնք մի նոր կոլորիտ են հաղորդել այս` առանց այդ էլ բազմազգ տարածքին:

Բազմազգ լինելու հանգամա՞նքն էր պատճառը, թե՞ աշխարհագրական դիրքն ու քաղաքական իրավիճակը, երկու կրոնի` քրիստոնեության եւ մահմեդականության համատեղ գոյակցությո՞ւնը, թե՞ նոր կենսակարգն ու նրա բերած ազատությունը, համենայն դեպս, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին ազգամիջյան կոնֆլիկտները ծագեցին այստեղ, եւ ամենացավոտ վերքերը բացվեցին հենց այս տարածքում` հնամենի Կովկասում: Այսօր էլ արյուն է հոսում այդ վերքերից, այսօր էլ եղբայրասպան պատերազմների ու թշնամանքի դժոխքում դեռ ցնցվում է այս հին ու նոր բնօրրանը, պայթող ռումբերի դղրդյունից խաթարվում է ժայռերի ծերպերին բույն դրած արծիվների անդորրը, եւ անզեն աչքով անգամ նկատելի է, որ նրանց վեհաշուք թռիչքի մեջ տագնապ կա...
Տագնապում են արծիվները. այս ի՞նչ են անում Կովկասի հետ Կովկասի տերերը, հին ու նոր տերերը, ո՞վ պետք է կանգնեցնի դարերով փառաբանված կովկասյան բարեկամության ճաք տված պատի փլուզումը, ո՞ւր են այն լեռնեցիների սերունդները, ովքեր արյունով էին երդվում` երբեք անմեղ արյուն չթափել, ո՞ւմ խղճի վրա է ծանրացած արդեն քսան տարուց ի վեր Կովկասով հոսող անմեղ արյան գետերի մեղքը: Որտե՞ղ, ո՞ր ժայռի, ո՞ր քարայրի խորքերում են անհող ու անջուր մնացել կովկասյան առողջ բանականության սերմերը... Չէ՞ որ Կովկասում հավերժական թշնամիներ չեն եղել. արտաքին թշնամու վերահաս վտանգը միավորել է կովկասյան ժողովուրդների ուժերը, նրանք միասին են դիմակայել պատերազմներին, սովին, համաճարակներին. ազգամիջյան խաչաձեւ ամուսնությունները, առեւտրական հարաբերությունները, կլիմայական դաժան պայմանների հաղթահարումը, բնակավայրերի կտրվածությունը մեկը մյուսից նախկին թշնամիներին դարձրել է բարեկամներ: Այդ ի՞նչ ուժ է կովասյան ժողովուրդների բարեկամության մեջ սեպել այս թշնամանքը, որը ոչ միայն չի մեղմանում, այլ գնալով ձեռք է բերում նորանոր ախտանիշներ:
Համերաշխության ու խաղաղության գաղափարը միշտ էլ պտտվել է բազմաթիվ հին ու նոր գաղափարախոսների, առաջադեմ մտածողների կարծիքների շրջապտույտում: Դարեր շարունակ փորձված ճշմարտություն է համարվել այն, որ մոլորակի հարատեւման համար չափազանց վճռորոշ է նրա հիմնական նպատակը` ժողովուրդների խաղաղ գոյակցությունը: Սակայն բոլոր ժամանակներում էլ մոլորակը գոյատեւել է պատերազմների դժոխքում` ապարդյուն վատնելով մարդկային կյանքը, ուժն ու հանճարը, մարդկության լավագույն նվաճումները: Մեր ծեր մոլորակի վրա բացառություն չէ նաեւ ժողովուրդների բազմազգ հայրենիքը` Կովկասը: Ինչ-որ ուժերի, այնուամենայնիվ, ձեռնտու չէ Կովկասի խաղաղ գոյակցությունը, կայունությունը: 20-րդ դարասկզբին բռնկված Առաջին համաշխարհային պատերազմը պարարտ հող էր թշնամանք սերմանելու համար: Եվ սերմանվեց:

Քաղաքական չար ուժերի` 70 տարի սեղմած ատամների կռճտոցը նորից լսվեց, այս անգամ` խորհրդային կայսրության փլուզումից հետո: Այդ պարբերական հիվանդությունը միշտ էլ ունեցել է իր սրացման նոպաները` մեծ ցավ ու մտահոգություն առաջ բերելով Կովկասի եւ համայն մարդկության մարդասեր զավակների, առաջադեմ մտածողների, խաղաղության գինը գնահատողների հոգում:

Անդրադառնալով Կովկասի համերաշխ կեցության նշանակությանը` չենք կարող չնշել, թե որքան են այն կարեւորել հայ մեծ երախտավորները: Մեծ լոռեցի Հովհաննես Թումանյանը վկայում է. «Հեղափոխության ուրվականից վախեցած բյուրոկրատիան ժողովուրդների համար մի չար խաղ հնարեց` ցանկանալով բաժանել նրանց եւ դրանով զբաղեցնել նրանց ուշադրությունը: Էդ ուղղությամբ նա գործի անցավ նաեւ Անդրկովկասում: Այստեղ պետք է իրար դեմ հանել երեք ժողովուրդների` հային, վրացուն եւ թուրքին: Սակայն նրանք սխալվում էին: Անցյալի փորձերը ցույց են տվել, որ անկարելի է այդ ժողովուրդների ընդհարումը գլուխ բերել»:
Թումանյանի ոչ միայն հրապարակախոսական, այլ նաեւ բանաստեղծական հանճարն է երգել Կովկասի ժողովուրդների հետ Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամության ձոնը: «Հաշտություն» մարդասիրական պայծառ խորագիրն է կրում Թումանյանի` դեռեւս 1892 թվականին գրած բանաստեղծությունը, որտեղ դարերի մեծ ու ահեղ վկան` ալեւոր Մասիսը եղբայրության կոչ է անում իրար խորթացած ազգականներին:

Կովկասի ամպած երկինքը պարզեց,
Հեռու հարավում շողակի նման
Հսկա Մասիսի գագաթը փայլեց`
Վիթխարի Կազբեկ սարի հանդիման:

«Ողջույն, բարեկամ»,
Մասիսն որոտաց
Թույն կայծակների ձայնով ահաբեր,
Եվ մեծ Կովկասի լեռները հանկարծ
Խուլ դղրդացին - «Ողջույն քեզ, ընկեր»:

Մենք հին փառքերով ու նոր ցավերով
Ազգականներ ենք իրար խորթացած,
Մտաբերո՞ւմ ես, որքան ենք սիրով
Միասին կանգնել փոթորկի դիմաց:

Բայց ինչ փոխվել ես մի քանի դարում,
Էլ չես շողշողում ամպերից վերեւ,
Հենց փաթաթվել ես թխպոտ ամպերում,
Չես ուզում ասես էլ տեսնել արեւ:

Այստեղ տուր ձեռքդ, մոտեցիր, ընկեր,
Մի նայիր, ետեւ, ի՞նչ է կատարվում...
Մենք հո եղբայր ենք դարերից ի վեր,
Մեզ հո միեւնույն կրակն է այրում:

Մոտեցիր..., իմ հին ազգական,
Եվ թող որոտան լեռները բոլոր,
Թող լինեն վկա մեր նոր հաշտության, -
Խոսքը վերջացրեց Մասիսն ալեւոր:

Կովկասի երկինքն ամպեց վերստին,
Ճայթեցին անթիվ կայծակներ ահեղ,
Այն սեգ լեռները ողջունում էին,
Եվ ուրախության արցունքն էր հեղեղ:

Պատմականորեն ու ճակատագրով իրար կապված Կովկասն ու Հայաստանը շատ ընդհանրություններ ունեն: Կովկասի լեռներից սկիզբ առնող արծաթափայլ գետերը` Ճորոխը, նրա Օլթի վտակը, այսօր էլ ողողում են պատմական Հայաստանի Տրապիզոնի գավառի պապակ դաշտերը` ականջալուր Շապին-Գարահիսարի գագաթներին հնչող հայ քաջերի անմահ երգի ձայնին:

Կապված են Կովկասից մինչեւ Հայաստան անվերջ ձգվող Կովկասյան լեռնաշղթայով, Արեւմտապոնտական լեռներով, լեռնեցիների լեգենդներով, լեռնեցիների երկնահաս երազներով:
Կապված են Կարսի տխրահռչակ պայմանագրով, որը մի հարվածով վճռեց Կովկասյան ժողովուրդների ճակատագրերը` նրանցից խլելով ու տալով հայրենիքներ: Կապված են Կովկասի ներկայով եւ ապագայով:

Նույնն են մեր ժողովուրդների ազգային նվագարանները` չոնոբի պարկապզուկ, չոնգուր, դհոլ, սազ, քամանչա: Երանի՜ այդ նվագարանները հնչեին միայն կովկասյան ժողովուրդների, բոլոր ժողովուրդների ուրախության ու համերաշխության տոներին, բայց դեռ երկար ժամանակ այդպես չի լինի:

90-ականներից մինչեւ հիմա Կովկասը կանգնած է ինքնակործանման անդունդի եզրին: Դա չափազանց մտահոգում է Կովկասի խաղաղասեր ուժերին, հինավուրց բնօրրանի` վաղվա համար մտահոգ կովկասցի եւ օտար մարդասերներին:

Այդ մտահոգությունից ու տագնապից ծնված այս խոհագրությունը թող որ մեկ անգամ էլ հիշեցնի այնտեղ ապրող ազգերի ու ազգությունների խաղաղ գոյակցության մեջ յուրաքանչյուրիս պարտքի ու պատասխանատվության չափի մասին` Աստվածներից ժառանգություն ստացած այս թագը` Կովկասը, միշտ իր բարձրության ու վեհության ապարանքում խաղաղ պահելու ու փայփայելու սրբազան ուխտի հանդեպ: Կովկասյան այս ժամանակագրությունը նրա ցավով տառապող զավակների հիշեցման թերթիկն է աշխարհին, տարածաշրջանային շահեր հետապնդող հակամարտող ուժերին` այս աստվածային բարձունքները բռնության թույնով, մարդկային չնչին սնապարծությամբ, վայրենու մոլուցքով չարատավորելու մասին, արծիվների խաղաղ քունը, լեռնային մաքրամաքուր օդը վառոդի հոտով չպղծելու մասին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2018 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: