Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

14.03.2025 14:53
127

    Հայ-ռուսական պատմամշակութային և հոգևոր առնչությունները ձևավորվելով դեռևս միջնադարում՝ անցել են դարերի փորձություն: Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի պաշտամունքը դեռ հնուց է եղել Ռուսաստանում: Մոսկվայի Կարմիր հրապարակում, Վասիլի Երանելու տաճարի համալիրի մեջ, ավելի քան հինգ դար կանգնած է Հայոց Գրիգորի եկեղեցին (Церковь Григориса епископа Великой Армении)՝ Երանելու տաճարի գմբեթին կից վեր խոյացող գմբեթով: Այն կառուցվել է Իվան Ահեղի հրովարտակով2:

    Հայ-ռուսական կապերն ավելի ամրապնդվեցին 19-րդ դարում, երբ 1828 թ. Արևելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին: Հայկական մշակույթն ապրեց զարգացման ու վերելքի բուռն շրջան, ստեղծվեցին հայ մշակութային և կրթական օջախներ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի և Անդրկովկասի հայաշատ քաղաքներում` Մոսկվայում, Աստրախանում, Ղրիմում, Թիֆլիսում և Բաքվում: Իրենց լուսավորական գործունեությամբ առանձնանում էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Աստրախանի Աղաբաբյան դպրոցը, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: Այսօր էլ Ռուսաստանի տարածքում գործում են ճարտարապետական ինքնատիպ լուծումներով աչքի ընկնող բազմաթիվ հայկական եկեղեցիներ ու դպրոցներ3։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբին հայ երաժշտական մշակույթի համար ռուսական առաջադիմական արվեստի հսկայական դերն անուրանալի իրողություն է: Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի կոնսերվատորիաներում մասնագիտական կրթություն են ստացել հայազգի նշանավոր կոմպոզիտորներ Մակար Եկմալյանը (1855-1905),  Ռոմանոս Մելիքյանը (1883-1935), երաժշտագետ Բարսեղ Ղորղանյանը (Վասիլի Կորգանով, 1865-1934)4, երաժիշտ կատարողներ Նադեժդա Պապայանը, Բեգլար Ամիրջանյանը, Հովհաննես Նալբանդյանը5։

    Ռուս մեծանուն կոմպոզիտոր Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի մոտ է ուսանել Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928), երաժշտության պատմության մեջ հայտնի է նաև Սպենդիարով-Գորկի ստեղծագործական համագործակցությունը6: Այդպիսի բազում օրինակներ կան ընդհուպ մինչև 20-րդ դար7:

    20-րդ դարում Մոսկվայում էր զարգանում հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տաղանդը: Մայրաքաղաքում գործող hայ արվեստի տունը կարևոր ազդեցություն ունեցավ «Հայկական հնգյակի»8 կոմպոզիտորների մասնագիտական կատարելագործման համար:

    Հայոց հոգևոր կյանքում բացառիկ դեր և նշանակություն ունեցող մեծանուն կոմպոզիտոր՝ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, բազմաբեղուն երաժիշտ, կոմպոզիտոր, բանահավաք, երաժշտագետ, խմբավար, երգիչ ու մանկավարժ Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության շրջանները նույնպես կապված են ռուսական մշակույթի հետ, ընդ որում՝ բազմաթիվ փաստեր առ այսօր մեր առջև դնում են բարդ ու հետաքրքիր խնդիրներ, իսկ նրա փառքի ու ողբերգության բազում էջեր պարուրված են խորհրդավորության շղարշով:

    Կիսելով սեփական ժողովրդի ճակատագիրը` հանճարեղ գեղարվեստագետն իր գիտակցական կյանքն ավարտեց Հայոց մեծ եղեռնից հետո՝ մահկանացուն կնքելով օտար ափերում:

    Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է դարձել նորովի և առավել բազմակողմանի դիտարկել Կոմիտասի գիտական կենսագրության «հայտնի» փաստերը:

    Խորհրդային շրջանում տարբեր շեշտադրումներով են լուսաբանվել Ռուսաստանի հետ Կոմիտասի առնչությունները: Հայտնի են հիմնականում ռուս երաժիշտներ Թոմաս Հարթմանի (1885-1956) և Միխայիլ Գնեսինի (1883-1943) արժեքավոր հուշագրությունները նրա մասին9:

    Հայ գրող, հրապարակախոս Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956) անդրադառնալով Կոմիտասին, կոմիտասագիտության հիմնախնդիրներին՝ 1956-ին գրում էր. «...մտահոգության առարկա է դարձել Կոմիտասի՝ դեպի ռուսական երաժշտությունն ունեցած առնչությունների համար նյութ գտնելու հարցը: Ապրելով և ստեղծագործելով նախկին Ռուսաստանում, նա (Կոմիտասը – Լ. Ս.) չէր կարող վերաբերմունք և տեսակետ չունենալ դեպի ռուսական երաժշտությունը... Մենք ունենք ընդարձակ նյութ այն մասին, որ Փարիզում և Պոլսում նա սերտ հարաբերություն ուներ ռուսական երաժշտության հետ, մեծապես գնահատում էր «Հզոր հնգյակը», գրի էր առնում ռուս ժողովրդական երգերը: ...Գնեսինի հետ ծանոթությունը, Արենսկու և Տանեևի արժանավոր աշակերտ Հարթմանի հեղինակավոր կարծիքները և մասնագիտական գնահատությունները, նմանապես մեր մեծատաղանդ երաժշտի հմայքի ու գործունեության հանդեպ հայ և օտար հասարակության ցուցաբերած հիացքն ու սերը միանգամայն վկայում են նրա երաժշտության մեծ արժեքն ու նշանակությունը»10:

    Մեր հոդվածի շրջանակներում առաջին անգամ պատմաքաղաքական տեսանկյունից հնարավոր ամբողջությամբ մեկտեղելու և դիտարկելու ենք Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության, այսպես ասած, «ռուսական» շրջանը, ինչը, անշուշտ, նոր լույս կսփռի Կոմիտաս Վարդապետի պատմական դերի ճշմարտացի գնահատականի վրա11:

    Վարդապետի բանահավաքչական և գիտական աշխատանքները, մեծավ մասամբ, իրականացվել են Արևելյան Հայաստանում, որը 20-րդ դարասկզբին Ռուսական կայսրության մի մասն էր12, նաև Անդրկովկասի մշակութային կենտրոններ Էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում, որտեղ մեկտեղված հայ և օտարազգի մտավորականները ոգեշնչվում էին ռուսական մշակույթի առաջադեմ, լուսավորական գաղափարներով: Վարդապետի ստեղծագործական գործունեությունը նաև ռուս առաջադեմ մտավորականների ուշադրության կենտրոնում էր: Նա ժամանակի ուսյալ արվեստագետներից մեկն էր, որը տիրապետում էր նաև գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին: Ի դեպ, Գևորգյան ճեմարանում Կոմիտասը ռուսաց լեզու սովորել է հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանից (1864-1929), որը նկատելով Կոմիտասի՝ երաժշտության հանդեպ ունեցած բացառիկ ընդունակությունները, Ռուսաստանից բերել էր տալիս երաժշտական դասագրքեր13: Հոգևոր ճեմարանում ռուս գրականություն և պատմություն է ուսանել հայտնի բանասեր, պատմաբան Ստեփան Լիսիցյանի (1865-1947) դասարանում:

    Շրջելով աշխարհի տարբեր երկրներում, հստակ գիտակցելով իր ապրած բարդ ժամանակաշրջանն ու իր առաքելությունը՝ Կոմիտասը հայերի ճակատագիրը կապում էր Ռուսաց կայսրության հետ. «Չը պէտք է բաժնուենք. չը պէ՛տք է խաբուենք Եւրոպայի զանազան խոստումնալից խաբկանքներէն. միանալու ենք և գործնական ճամբան բռնելու ըստ իս, առաջին քայլն է բոլոր հայութիւնն ամփոփել Ռուսի իշխանութեան տակ... Ես վախ չունեմ, թէ ռուս կառավարութեան մէջ կը հալենք, որքան ալ որ հալենք, այնուամենայնիւ մեր ինքնագիտակցութիւնը զարթնած է և եթէ խելօք շարժուենք կը վաստկենք. ես այս կարծիքն ունեմ»14: Վարդապետի Նամականու մեջ տեղ են գտել նաև ռուսերենով հեռագրեր ու նամակներ15:

    Կոմիտաս-կոմպոզիտորի գործունեության առաջին լուրջ գնահատականները տվել են ռուսական մշակութային գործիչները16: Իր «Կոմիտասի ոճը և քսաներորդ դարի երաժշտությունը» արժեքավոր հոդվածում երաժշտագետ Գևորգ Գյոդակյանը գրում է. «1919-ին Թիֆլիսում պրոֆեսոր Հարթմանի նշանավոր ելույթից հետո, որ «հայտնագործեց» (մասնավորապես «արևելահայերի» համար) Կոմիտաս-կոմպոզիտորին, թերևս ոչ ոք այլևս չփորձեց վիճարկել նրա բացառիկ դերը հայ պրոֆեսիոնալ երաժշտության ազգային ոճի ձևավորման մեջ»17։

    Վարդապետի գործի գնահատության մեջ Թ. Հարթմանի կարևոր գնահատություններին մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ շարադրանքում: Փորձենք փաստերը դիտարկել ըստ ժամանակագրության:

    Իր գիտակցական կյանքի մի զգալի հատված Կոմիտասն ապրել է Արևելահայաստանում կամ Հայաստանի ռուսահպատակ հատվածում, և ինչպես վերը նշեցինք, նրա «ծանոթությունը» ռուսական մշակույթի հետ սկսվել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, շարունակվել Անդրկովկասի հայաշատ քաղաքներում, որտեղ գործում էին հայկական եկեղեցիներ, մշակութային միություններ, դպրոցներ, թատրոններ, պարբերական մամուլ18: Չնայած լուսավորական հաստատությունների առատության՝ ցարական իշխանությունները վերահսկում էին Անդրկովկասի մշակութային կյանքը: Օրինակ, երբ 1906-ին Կոմիտաս Վարդապետը Գարեգին Լևոնյանի հետ մտադրվել էին Վաղարշապատում հրատարակել «Գեղարուեստ» գրական-գեղարվեստական հանդեսը, Երևանի նահանգապետից ստանում է մերժում այն պատրվակով, որ Վաղարշապատը քաղաք չէ, և Անդրկովկասի գյուղերում հանդեսներ չեն հրատարակվում: Հավելենք, որ ըստ նահանգապետի, Կոմիտասը «ռուսահպատակ» չէր և բացատրության մեջ նաև գրված էր. «Խմբագիրներից մեկը՝ Կոմիտաս Գևորգյանը19, ռուսահպատակ չէ, իրավունք չունի այդ պաշտոնին հաստատվելու»20:

    Կոմիտաս Վարդապետը, որպես «թրքահպատակ կամ տաճկահպատակ», մշտապես գտնվում էր Էջմիածնի միաբանության «ռուսահպատակ21 կղերականության ուշադրության կենտրոնում: Իր հերթին, Հայ առաքելաական եկեղեցին ևս, որը պետականություն չունեցող հայ ժողովրդի միակ հոգևոր և կրթական օջախն էր, ցարական կառավարության ուշադրության կենտրոնում էր: 1907-ին, Խրիմյան Հայրիկի մահվանից հետո, սրվեց հակահայկական քաղաքականությունը, և յուրաքանչյուր «այլախոհ» ճեմարանական հետապնդվում ու հալածվում էր: Կոմիտասի «ազատ» լուսավորական գործունեության հանդեպ կղերականության «ռուսահպատակ հատվածի հետապնդումներն ու սահմանափակումները ժամանակի ընթացքում առավել մեծ թափ ստացան: Մայր աթոռը լքեցին կամ ակտիվ գործունեությունից մեկուսացվեցին Գարեգին Լևոնյանը (1872-1947), Երվանդ Տեր-Մինասյանը (1879-1974), Գարեգին Հովսեփյանը (1867-1952), Կարապետ Տեր-Մկրտչյանը (1866-1915)։ 1910-ից Էջմիածինը լքեց նաև Կոմիտաս Վարդապետը:

    Հայտնի է, որ 1893-ին Էջմիածնի հոգևոր ճեմարանն ավարտելուց հետո Կոմիտասը ծրագրում էր կատարելագործել իր ընդհանուր և երաժշտական գիտելիքները: 1895թ. նա երաժշտական մասնագիտական համակողմանի կրթություն ստանալու նպատակով մեկնում է Անդրկովկասի մտավորականության կենտրոն Թիֆլիս՝ դասեր առնելու հայ անվանի կոմպոզիտոր, Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ, Ռուսական կայսերական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքի ղեկավար Մակար Եկմալյանի մոտ22: Անտարակույս է, որ դասական հարմոնիայից բացի Եկմալյանը Կոմիտասին հնարավորինս ծանոթացնում էր ռուսական ազգային երաժշտական դպրոցի գեղարվեստական բարձր ձեռքբերումներին: 1905-ին Թիֆլիսում Կոմիտասը ձեռք է բերում և ուսումնասիրում 1891-ին Մոսկվայում հրատարակված ռուս կոմպոզիտոր, դաշնակահար Անտոն Արենսկու (1861-1906) «Краткое руководство к практическому изучению гармонии», ինչպես նաև Պետերբուրգում 1883-ին լույս տեսած ռուս կոմպոզիտոր և մանկավարժ Անդրեյ Կազբիրյուկի (1845-1885) «Pyководство пркактическому изучению гармонии», ռուս կոմպոզիտոր ու խմբավար Վասիլի Օռլովի (1858-1901) «Искусство церковного пения» աշխատությունները23: Հետագա տարիներին նրա սեղանի գիրքն է դառնում հայտնի կոմպոզիտոր, երաժշտահասարակական գործիչ, մանկավարժ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի (1844-1908) «Практический учебник гармонии» ձեռնարկը

    Կոմիտասը մտադրություն ուներ սովորել Պետերբուրգի կոնսերվատորիայում, ծրագրել էր հետագայում հայ ուսանողների համար Թիֆլիսում կոնսերվատորիա բացել, սակայն հանգամանքների բերումով և հայ եկեղեցական գործիչ Մաղաքիա Օրմանյանի (1841-1918) խորհրդով նա ընտրում է Գերմանիայում ուսանելը24։

    Ժողովրդական երգամտածողության հիմքով 19-րդ դարում բուռն ծաղկում ապրող ռուսական երաժշտությունը, ազգային կոմպոզիտորական դպրոցի իր խոշորագույն ներկայացուցիչներով, չէր կարող վրիպել հզոր ինտուիցիայով օժտված երաժիշտ և գիտնական Կոմիտասի տեսադաշտից: Կոմիտաս Վարդապետը հայ, արևելյան և եվրոպական երաժշտությանը զուգահեռ գիտականորեն ուսումնասիրում էր նաև ռուսական երաժշտական հարուստ մշակույթը, որը, անտարակույս, հայտնություն էր Եվրոպայի համար:

    Կան բազմաթիվ փաստեր, թե ինչպես էր Վարդապետը Փարիզում կամ Կ. Պոլսում մասնակցում կամ էլ ունկնդրում «Ռուսաց» համերգները: Հայտնի են Վարդապետի ելույթները Փարիզի «Ռուսաց երեկույթում», որտեղ նա հանդես էր գալիս իր նոր ձայնագրած երգերով25:

    1905 թ. Խրիմյան Հայրիկին (1820-1907) Թիֆլիսից Ալեքսանդրապոլ մեկնող գնացքով ուղեկցում էր Կոմիտաս Վարդապետը: Ճամփորդության ընթացքում խոսելով տարբեր ազգերի երաժշտարվեստի մասին՝ Վարդապետը բավական մանրամասն անդրադարձել է ժողովրդական երգերին: Նա առանձնացրել է ռուսական ազգային երգերի լայնահուն՝ հարթավայրի պես անծայրածիր բնույթն ու լադային ինքնատիպությունը: Ի հավաստումն իր ասածի՝ Հայոց կաթողիկոսի համար Վարդապետը կատարում է ռուսական երգեր26:

    Կոմիտասի «Լեռնային բարձունքներ» ռոմանսը գրված է Մ. Լերմոնտովի խոսքերով (թարգմանված է Գյոթեի բանաստեղծությունից): Նրա գրչին է պատկանում նաև ՊՉայկովսկու (1840-1893) «Был у Христа-младенца сад» երգի խմբերգային տարբերակը27:

    1912-ին Պոլսից Տիրայր վարդապետին հղած նամակում Մաղաքիա Օրմանյանն անդրադառնում է Վարդապետի թարգմանած ռուսերեն երգերին, հավանաբար նկատի ունենալով վերը նշված ստեղծագործությունները: Օրմանյանը գրում է. «Կոմիտաս Վարդապետը թարգմանեց ծրարյալ ռուսերեն երգերը, որ շատ հեռու կտանի հյուսիսային աշխարհայացողությունը»28։

    Փարիզում, որտեղ 20-րդ դարի սկզբին շատ բարձր էր գնահատվում ռուսական երաժշտական մշակույթը, Վարդապետն առավել բազմակողմանիորեն է ընկալում ժողովրդական հարուստ ակունքներից բխած ռուսական երաժշտարվեստը: Ինչպես ճշմարտացիորեն նշում է Կոմիտասի սան Աղավնի Մեսրոպյանը. «Կոմիտասի նախասիրությունը եղավ ռուսական ժողովրդական երգի զարմանալի պոլիֆոնիզմը: Անոր պարզ ու հստակ հնչականությունը գրավեց իր հոգին, խորապես հուզեց իր մեծ տաղանդը»: Ա. Մեսրոպյանն իր «Կոմիտաս և ռուսական երաժշտությունը» ակնարկում անդրադառնալով Կոմիտասի՝ ռուս երաժշտությանն ունեցած վերաբերմունքին, գրում է. «Հայկական ժողովրդական երգերեն դուրս՝ Կոմիտասի ամենասիրած եղանակները մնացին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»-ի արիաները, Մուսորգսկիի «Երգ լվի մասին», Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադը» և Դարգոմիժսկիի «Ռուսալկա» օպերան: Կոմիտաս բացառիկ սեր մը ուներ վերջինիս «Ջաղացպանի երգ»-ի նկատմամբ: Ունկնդիրներու հիշողության մեջ երբեք չեն կրնար մոռցվիլ այն պահերը, երբ Կոմիտաս մտերմական հավաքույթներու ժամանակ հաճախ կանցներ դաշնամուրի առաջ և անոր մեղեդիներուն միացնելով իր քաղցրալուր ձայնի ելևէջները, խորունկ վերապրումով կդրսևորեր ռուս աշխատավոր ջրաղաց պանի ներքնաշխարհը»30։ Կոմիտաս Վարդապետն իր գրադարանում հատուկ խնամքով առանձնացնում և ուսումնասիրում էր ռուս դասականներ Մոդեստ Մուսորգսկու, Ալեքսանդր Բորոդինի և Ն. Ռիմսկի-Կորսակովի գործերը, իսկ իր «Նվիրական պահարանում» Խրիմյան Հայրիկի, Խ. Աբովյանի, Կ. Դեբյուսիի նկարների կողքին պահում էր Մ. Գլինկայի, Պ. Չայկովսկու և Մ. Գնեսինի նկարները31, հավաքում և խնամքով պահպանում էր ռուս երաժշտության մասին մամուլում հրատարակված հոդվածները: 1913-ին Ռուսաստանից Պոլիս ժամանած երգչախումբը հանդես եկավ Ստեպան Սմոլենսկու (1848-1908) Պատարագի կատարումով. Վարդապետը շատ բարձր էր գնահատում այդ գործը՝ իր աշակերտներին հորդորելով ներկա գտնվել բոլոր համերգներին: «Կոմիտասը մեծ ոգևորություն կապրեր ամեն անգամ, - գրում է Ա. Մեսրոպյանը, - որ Ռուսաստանեն Պոլիս կայցելեին ռուսական երաժշտական կատարողական ուժեր։ Անոնցմե ամեն մեկուն հետ Կոմիտաս կծանոթանար Պոլսո հայտնի երաժշտական «Կոմանտինկել» տան մեջ... Հաճախ, երբ այդ առիթով մենք կերթայինք ռուսական եկեղեցին, դասի մեջ կտեսնեինք Կոմիտասը կանգնած իր պատվավոր տեղը, որ վերացած վիճակի մեջ կմասնակցեր երգչախմբի երգեցողության»32։

    1909-ին հայ անվանի պետական գործիչ, գրականագետ Ալեքսանդր Մյասնիկյանը (1886-1925) նամակ է գրում Կոմիտաս Վարդապետին և հայ ուսանողական միության անունից խնդրում է գալ Մոսկվա, ուսանողներից մի երգեցիկ խումբ կազմել և համերգներ տալ այդ միության օգտին33։

    Վարդապետը պատճառաբանելով իր զբաղվածությունը՝ մերժում է Ա. Մյասնիկյանին: Նույն թվականին Էջմիածնից Մոսկվա՝ Մյասնիկյանին հղած Կոմիտասի նամակը Վարդապետի անձուկ վիճակի ևս մի վկայությունն է. «Ձեր ուզած և իմ ցանկացած համերգը պատուաւոր գլուխ բերելու համար անհրաժեշտ է առնուազն մէկ և կես ամիս՝ գալու, գնալու և պատրաստելու համար․ իսկ այդքան երկար ժամանակ ինձ դժուար թե թողնեն բացակայեմ։ Բայց և այնպէս, փորձեցէք՝ դիմեցէք պաշտօնապէս Վեհափառին, գուցէ թոյլատրում է, այն ժամանակ կը գամ. ես պատրաստ եմ ծառայելու»34:

    Այս սահմանափակումների պայմաններում ռուսական մեծ քաղաքներում դժվար էր ճանաչելի դարձնել Վարդապետի երաժշտական և գիտական ժառանգությունը:

    Կոմիտաս Վարդապետի տեսական ուսումնասիրությունների բավական քիչ հատված են թարգմանվել օտար լեզուներով35: Ռուսական լայն լսարանի համար անհայտ էր նաև Կոմիտասի գիտական ուսումնասիրությունների մեծ մասը: Նրա ժառանգության արժեքավոր հատվածն առաջին անգամ ռուսերեն թարգմանել և հրապարակել է ռուս երաժշտագիտության մեջ զգալի վաստակ ունեցող անվանի երաժշտագետ, քննադատ Վասիլի Կորգանովը (Բարսեղ Ղորղանյան, 1865-1934)։

    Անդրադառնալով Կոմիտասի բանահավաքչական աշխատանքների կարևորությանը՝ Թիֆլիսի ռուսալեզու պարբերականներում Կորգանովը հանդես է եկել նրա անձն ու գործը լուսաբանող տարաբնույթ հոդվածներով: 1900-ին Թիֆլիսի «Кавказский вестник» ամսագրում նա գերմաներենից ռուսերեն է թարգմանել և հրապարակել Վարդապետի «Հայկական եկեղեցական երաժշտություն» խորագրով հոդվածը36: 1902-ին նույն ամսագրում Վ. Կորգանովը իր «Взгляд и нечто» հոդվածում մանրամասն դիտարկել է Վարդապետի «Հայ գեղջուկ պարը» խորագրով ուսումնասիրությունը»37։

    1904-ին իշխանուհի Մարիամ Թումանյանի խմբագրությամբ Թիֆլիսում հրատարակվող «Новое обозрение» ռուսերեն օրաթերթի «Կովկասյան երկաժշտությունը» խորագրով հոդվածում Վ. Կորգանովը գրում է. «Վերջապես, շատ տարիներ անցնելուց հետո, գտնվեց մի մարդ, որ զինված մասնագիտական կարողություններով, նվիրվեց կովկասյան երգերի ուսումնասիրությանը՝ արհամարհելով ամեն մի դժվարություն։ Կոմիտասը հանդիսանում է հայկական երաժշտության առաջին ուսումնասիրողը... Նրան քաջալերողը ծառայած պիտի լիներ ոչ թե նրան, այլ գեղարվեստին և ամբողջ մարդկության»38։

    Երկու արվեստագետների՝ Կոմիտասի և Կորգանովի բարեկամության վկայությունն է 1904-ին անվանի երաժշտագետին հղած Վարդապետի նամակը` հետևյալ վերջաբանով. «Ուրախութեամբ սպասում եմ Ձեզ սեպտեմբերին, Յարգանքներով միշտ պատրաստ Ձեզ ծառայելու Ձեր անձնուէր, խոնարհ ծառայ Կոմիտաս Վարդապետ»39։

    Ժամանակի ընթացքում Վ. Կորգանովը դարձել է նաև Կոմիտասի առաջին քննադատներից: Իր «Կոմիտաս Կևորգյան» խորագրով հոդվածում անդրադառնալով Կոմիտասի փարիզյան ելույթներին և, մասնավորապես, «Հայ քնարի» հրատարակությանը` Վ. Կորգանովը գրել է. «Կոմիտաս Վարդապետը չպետք է հրատարակեր այդ ժողովածուն, որ երաժշտական ու գիտական տեսակետից ունի ավելի շատ բացասական, քան դրական նշանակություն»40:

    Չխորանալով կոմիտասյան մշակումների գեղարվեստականության մեջ՝ Կորգանովը նսեմացնում է դրանց արժանիքները: Երաժշտագետը պնդում է, որ ժողովրդական երգը, «հում նյութը» պետք է տպագրել այնպես, ինչպես երգում է ժողովուրդը: Ըստ նրա՝ մշակումը չի կարող վերարտադրել բնական երգի իսկական արտահայտչականությունը. «A нacтаивал и настаиваю на желательности издания народных напевов в подлинном, аутентичном виде»41:

    Կորգանովը գտնում էր, որ Կոմիտասի հետազոտությունները պիտի հրապարակվեն ռուսերեն և հայերեն, քանզի դրանք ավելի շատ հետաքրքրում են հայերին և ռուսներին, այլ ոչ թե ֆրանսիացիներին և գերմանացիներին42։

    1905-ին Կոմիտաս Վարդապետը Թիֆլիսի Հովնանյան դպրոցում կարդում է դասախոսություն հայ ժողովրդական և եկեղեցական երաժշտության մասին: Դրան հաջորդում է Թիֆլիսի Արտիստական ընկերության համերգը, որն իր աննախադեպ հաջողությամբ դառնում է մշակութային մեծ իրադարձություն: Թիֆլիսի հայալեզու և ռուսալեզու մամուլը հիացական կարծիքներ է հայտնում Կոմիտասի մասին՝ մասնավորապես, արվեստի ու հայ երաժշտության մասին՝ ընդհանրապես43: Եվրոպական շրջագայություններից հետո՝ 1908-ին, Անդրկովկասի մյուս հայաշատ կենտրոնում՝ Բաքվի ժողովարանի դահլիճում, Վարդապետը հանդես է գալիս երկու նվագահանդեսով և ելույթ-դասախոսությամբ, որի մասին գրում է Պետերբուրգի «Русская музыкальная газета» շաբաթաթերթը44: Հոդվածագիրը «Лекции по музыке в Poccuи» վերնագրով հոդվածում անդրադարձել է հայ եկեղեցական երաժշտության մասին Բաքվում կարդացած Կոմիտասի արժեքավոր դասախոսությանը: Նույն շաբաթաթերթում «Myзыка в провинции» ընդհանուր խորագրի տակ՝ հրապարակվում է հաղորդագրություն ապրիլի 1-ին Կոմիտաս Վարդապետի Բաքվում կայանալիք համերգի վերաբերյալ45:

    Կոմիտասագիտության մեջ հսկայական ավանդ ունեցող երաժշտագետ, կոմպոզիտոր Ռոբերտ Աթայանը նամակագրական կապի մեջ է եղել Լազարյան ճեմարանի շրջանավարտ, ռուս արևելագետ, դիվանագետ Վլադիմիր Մինորսկու (1877-1966) հետ: 20-րդ դարի սկզբին Մինորսկին պաշտոնավարել է Իրանի և Թուրքիայի ռուսական դեսպանություններում: Ուսումնասիրել է Պարսկաստանի և Անդրկովկասի պատմաաշխարհագրությունն ու մշակույթը: Նա հայ դատը պաշտպանող ռուս այն դիվանագետն էր, որը հանդես էր գալիս հայանպաստ քաղաքական հայտարարություններով46։

    Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Վ. Մինորսկին ապրել է Փարիզում, 30-ականներից՝ Անգլիայում։ Նա եվրոպական մի շարք հեղինակավոր համալսարանների պատվավոր անդամ էր, Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր։ Տիրապետում էր մի քանի լեզուների, այդ թվում՝ քրդերենի ի դեպ, ժամանակին նրան հիացրել էին Կոմիտաս Վարդապետի քրդական երգերի կատարումները:

    1912-ից Մինորսկին աշխատել է Կոնստանդնուպոլսի ռուսական դեսպանությունում, մտերիմ է եղել Կոմիտասի հետ։ Գրեթե միշտ նա ներկա է եղել Վարդապետի՝ Կ. Պոլսում կայացած համերգներին, իր հուշագրություններում անդրադարձել է այդ նվագահանդեսներին: Հակիրճ ու բովանդակալից նամակներում ռուս գիտնականն առանձնակի ջերմությամբ ու անմիջականությամբ նկարագրել է «Մեծ արտիստին»՝ ներկայացնելով նաև այն մթնոլորտը, որով պարուրված էին կոմիտասյան համերգները: Կարևոր է, որ իսկական մտավորականի խորաթափանցությամբ նա արժևորել է Կոմիտաս Վարդապետի գործունեության նշանակությունը համաշխարհային երաժշտական մշակույթի համատեքստում: Վ. Մինորսկու հուշերից Ռ. Աթայանը պատառիկներ է հրապարակել «Литературная Армения»47 ամսագրում։ Կոմիտասի կատարումն ունկնդրելուց հետո ռուս դիվանագետը գրել է «После концерта я пошел приветствовать Комитаса и пригласил его к себе в посольство. Тут он, увидя мое искреннее внимание, сам пел, аккомпанируя себе на рояле, и был еще сердечнее и ближе. Я понял всю важность человека, прокладывающего новые пути в области народной музыки»48։

    Կոմիտաս Վարդապետի գործի ճշմարտացի գնահատության մեջ անուրանալի է նաև ռուս կոմպոզիտոր, դիրիժոր Թոմաս Հարթմանի դերը: Հարթմանը Մոսկվայի և Պետերբուրգի կոնսերվատորիաների շրջանավարտ էր, Ա. Արենսկու և Ս. Տանեևի աշակերտը: 1919-1921թթ. նա Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում վարել է կոմպոզիցիայի դասարանը, համագործակցել փիլիսոփա Գ. Գյուրջիևի հետ։ 1920-ականներից ապրել է Բեռլինում, Փարիզում, այնուհետև՝ ԱՄՆ-ում։ Դասավանդել է Փարիզի Սերգեյ Ռախմանինովի անվան ռուսական կոնսերվատորիայում, որի հիմնադիր-ռեկտորն էր Նիկոլայ Չերեպնինը (1873-1945): Վերջինս նույնպես Կոմիտաս Վարդապետի փարիզյան համերգների երկրպագուներից էր։ Ռուս կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ, Պետերբուրգի կոնսերվատորիայում Ռիմսկի-Կորսակովի դասարանի լավագույն շրջանավարտ Ն. Չերեպնինը հսկայական ներդրում ունի ռուսական երաժշտական մշակույթի տարածման մեջ։ Հայտնի է նրա համագործակցությունը ռուս առաջադեմ մտավորականության հետ49: Նրան է պատկանում Կոմիտասի երաժշտությանը տրված հայտնի գնահատականը. «Ինչպէ՜ս պիտի ուրախանար Մորիս Րավելը` լսելով այս երկերը»50։

    Չերեպնինի այս գնահատականը զետեղված է Թոմաս Հարթմանի 1919-ին Թիֆլիսում կարդացած հայտնի դասախոսության մեջ (որին անդրադարձել է Գ. Գյոդակյանը):

    Իր գիտական արժեքով Հարթմանի այս հոդվածը կարևոր ձեռքբերում է կոմիտասագիտության մեջ: Հարթմանը առաջիններից էր, որ կարևորեց Կոմիտաս կոմպոզիտորի դերն ու նշանակությունը ազգային երաժշտության համար: Մի իրողություն, որը, ցավոք, առ այսօր մեզանում լիովին գիտակցված չէ: Հարթմանը իր հոդված-դասախոսության մեջ ներկայացրել է Կոմիտաս Վարդապետի կենսագրական փաստերն ու բազմաբեղուն գործունեության ոլորտները: Ըստ նրա՝ Կոմիտասը ժողովրդական երգի հիմքով հյուսում էր իր բազմաձայն երաժշտական կտավները: Նա Վարդապետի պոլիֆոնիկ վարպետությունը, մտածողության յուրօրինակությունը համեմատում է Վերածննդի դարաշրջանի խմբերգային պոլիֆոնիայի հսկաների հետ: Հղում կատարելով իր ուսուցիչ Ս. Տանեևին` Հարթմանը գրում է. «Նշանաւոր ռուս տեսաբան Տանեևը անձամբ ինձ ասում էր, թէ այն եզրակացութեան է եկած, որ ռուս ժողովրդական երգերը պէտք է ձայն առ ձայն ոճով մշակել: Հանճարեղ Կոմիտասը, նախազգայնութեան ոյժով գործադրեց այդ ոճը և այնպիսի կատարելութեամբ, որ հազիւ իր արևմտեան արուեստակիցներից մինը կարողանար իրագործել: Նրա «մշակումների» (դիտմամբ չակերտների մէջ եմ դնում), աւելի ճիշտ կը լինէր ասել, նրա քանքարաւոր խմբական երկերի մէջ ժողովրդական եղանակը պահուած է անձեռնմխելի՝ թէ չափի, թէ եղանակի տեսակէտից: Նա ֆանատիկոս էր այդ հարցում: Ո՞վ նրանից լաւ կարող էր պաշտպանել ժողովրդական երգի հոգին»51:

    Որպես 20-րդ դարասկզբի նորարար, ռեալիստ Հարթմանը առնչություններ է տեսել Մ. Մուսորգսկու և Կոմիտասի միջև. «Կոմիտասը համանմանութիւն ունէր Մուսորգսկու հետ – դրական (րեալ) կերպով երևակայում էր երաժշտական պատկերը»52: Նրա այս հոդվածը առաջին լուրջ մասնագիտական ուսումնասիրություններից էր, որը հիմնավորում էր Կոմիտաս Վարդապետի մեծ կոմպոզիտոր լինելը: Հարթմանը առաջինն էր, որ Վարդապետի ստեղծագործությունների մեջ արժևորեց գեղջուկ երգը բազմաձայնորեն ներդաշնակելու ինքնատիպ սկզբունքները. «Գերազանցորեն նա (Կոմիտասը – Լ. Ս.) գործի՞չ է, ազգագրագե՞տ, գիտնակա՞ն, թե՞ կոմպոզիտոր: Չնայած, որ Կոմիտասը երևան է եկել իբրև հեղինակ հայկական երգերի մշակումների, ես պնդում եմ, որ նախ և առաջ նա կոմպոզիտոր է: Նրա ճանապարհը միակ ճիշտ ուղին է, որ պետք է ընտրեր այդ մարդը, որ հսկայական նպատակ ուներ – գտնել այն ներդաշնակային և բազմաձայն (պոլիֆոնիկ) ոճը, որ իրենց էությամբ իսկական հայ ժողովրդական երգին համապատասխան են»53: Հարթմանը կարևորում է նաև Վարդապետի բանահավաքչական գրառումները ու դրանց գիտական հիմնավորումները:

    Կոմիտասի անձն ու գործը խորապես ուսումնասիրած և ըստ արժանվույն գնահատած Հարթմանը իր համոզիչ եզրահանգումներով հակադարձում է քննադատներին, այդ թվում և Կորգանովին, պնդելով, որ Կոմիտասի ազգագրական գրառումները կոմպոզիտորի գործունեության կարևորագույն հատվածն են: Նա առաջին երաժշտագետներից էր, որ կարևորեց Կոմիտասի գործի մնայուն նշանակությունը ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտության համար:

    Հարթմանի գործունեությունը Թիֆլիսում կապված էր երաժշտահասարակական, մշակութային կյանքին: Նա ստեղծագործական կապեր էր հաստատել Թիֆլիսի հայ մտավորականության երևելի դեմքերի՝ Հովհաննես Թումանյանի (1869-1923), Եղիշե Թադևոսյանի (1870-1936), Սպիրիդոն Մելիքյանի (1880-1933) (բոլորն էլ Վարդապետի մտերիմ բարեկամներն էին) հետ։ 1919-ին ռուս կոմպոզիտորը դարձել էր Թիֆլիսում կազմակերպված «Կոմիտաս» ընկերության (գործել է երկու տարի) գործուն անդամներից: Ընկերությունը ծրագրել էր համերգներ կազմակերպել, հրապարակել և պահպանել կոմպոզիտորի ժառանգությունը: Այն նպատակ ուներ անդամավճարներ հավաքելու միջոցով տարեկան որոշակի գումար հատկացնել Վարդապետին54:

    Մեր կարծիքով, Կոմիտասն, իրավամբ, ձևավորեց ժողովրդական երգերի ձայնագրման և դաշնավորման սեփական սկզբունքները: Նրա ազգագրական բարձրարժեք գրառումները հիմք հանդիսացան Վարդապետի իր իսկ գիտական հետազոտությունների և ստեղծագործությունների համար: Այդ գրառումները դարձան հայ ազգային երաժշտամտածողության ինքնատիպության ապացույցներ։ Հայտնի է, որ հայոց մշակույթը այն քաղաքակրթություններից է, որը ձևավորել է երաժշտական համակարգ: Կոմիտաս Վարդապետը այդ համակարգը գիտականորեն ուսումնասիրողներից մեկն էր: Նրա խազաբանական ուսումնասիրությունները55 հետաքրքրել են նաև օտարազգի մասնագետներին. նրանց թվում էր և Միխայիլ Գնեսինը (1883-1957):

    Ռուսական մշակույթի ականավոր ներկայացուցիչ, կոմպոզիտոր, մանկավարժ երաժշտահասարակական գործիչ Մ. Գնեսինը56 նշանակալի դեր ունի նաև հայ երաժշտական մշակույթի համար: Հայտնի են նրա հուշագրությունները Կոմիտաս Վարդապետի մասին»57: Մ. Գնեսինի մոտ են ուսանել նաև հայազգի անվանի կոմպոզիտորներ Հարո Ստեփանյանը (1897-1966), Անուշավան Տեր-Ղևոնդյանը (1887-1961), Սերգեյ Բարխուդարյանը (1887-1973), հայ կոմպոզիտորական նոր դպրոցի հիմնադիր Արամ Խաչատրյանը (1903-1978): Խորը հետաքրքրություն ունենալով հայ արվեստի նկատմամբ՝ կոմպոզիտորն ուսումնասիրել է նաև հայկական ժողովրդական երգը:

    Կոմիտաս Վարդապետի մասին Գնեսինն առաջին անգամ լսել էր իր աշակերտ Անուշավան Տեր-Ղևոնդյանից58:

    Նշելով Գնեսինի գործունեության լայն ընդգրկումը՝ երաժշտագետ Բորիս Շեստոպալը իր «Հրեական երաժշտության Գլինկան» հոդվածում, որպես հրեա կոմպոզիտորի կենսագրության կարևոր դրվագ, կանգ է առել Գնեսինի ժողովրդական երգի հանդեպ ունեցած վերաբերմունքի, մասնավորապես՝ նաև 1914-ին Կոնստանդնուպոլսում Կոմիտասին այցելելու փաստի վրա «В 1914 г. по пути в Палестину, в Константинополе Михаил Фабианович встречается с замечательным армянским музыкантом Комитасом, который занимался в основном армянскими «хазами», но хорошо был знаком и с еврейским «neginot», и со всей областью «библейской кантилляции»59։

    Կոմիտասագիտական գրեթե բոլոր մենագրություններում, հոդվածներում և հուշագրություններում նշվում է Գնեսինի՝ Կոմիտասի հետ ունեցած հանդիպման մասին:

    1914-ին Մ. Գնեսինը Պոլսի իր համերգներից հետո հյուրընկալվել է Կոմիտասի համեստ բնակարանում, խանդավառությամբ ծանոթացել նրա արվեստին: Ի դեպ, Գնեսինն արձանագրում է, որ Կոմիտասը շատ լավ էր խոսում ռուսերեն60:

    «Հիշողությանս մեջ, – գրում է Ա. Մեսրոպյանը, – թարմ է ռուս հայտնի դաշնակահար Գնեսինը, որը եկել էր Պոլիս շարք մը համերգներ տալու նպատակով: Նշանակալից է, որ երբ Պոլսո ռուսական դեսպանը Գնեսինին առաջարկեր էր իջևանել իրեն հատկացված Բերա-Պալաս արքայական հյուրանոցը, ան նախընտրեր էր Կոմիտասի համեստ բնակարանը: Գնեսինը երկար ժամանակ Կոմիտասի սիրելի հյուրը եղավ: Մեծ էր Կոմիտասի խանդավառությունը, նա այդ օրերուն իր տունը վերածեր էր ռուսական ժողովրդական երգի բույնի»61:

    Մեզ հաջողվեց Մ. Գնեսինի արխիվային փաստաթղթերից ձեռք բերել ֆոլկլորագետ, էթնոերաժշտագետ Իզալի Զեմցովսկու (ծն. 1936 թ.) նամակը: Զեմցովսկին էթնոերաժշտագիտական ուսումնասիրությունների նպատակով աշխատելով Ռուսաստանի գրականության և արվեստի պետական արխիվի Մ. Գնեսինի հարուստ ֆոնդում՝ հայտնաբերել է մի քանի փաստաթուղթ։ Հենվելով մեր կողմից ձեռք բերված այդ նյութերի վրա, կարող ենք ասել, որ 1914-ի հունվարին Միխայիլ Գնեսինը Կոմիտաս Վարդապետի մոտ էր եկել անձամբ ճանաչելու համար նշանավոր գիտնական-հետազոտողին, ինչպես նաև ուներ հանձնարարական նամակ, որը հրեական հին ձայնանիշերի' neginoth-երի (նևմերի) համբավավոր հետազոտող,  պատմաբան, արվեստաբան Դավիթ Մագգիդի (1862-1942) կողմից էր. նա Կոմիտաս Վարդապետից խնդրում էր որևէ աշխատություն կամ լուսաբանություն հայկական խազերի, հրեական եղանակների և նևմային համակարգերի հնարավոր փոխառնչությունների մասին63:

    Փաստաթղթերից մեկում Գնեսինի տպավորություններն էին Կոնստանդնուպոլսից, որտեղ Դ. Մագգիդի խնդրանքով նա հանդիպել է Կոմիտաս Վարդապետին: Մագգիդին հետաքրքրել էին Վարդապետի խազաբանական աշխատանքները, որոնց բացահայտումները նոր լույս կարող էին սփռել հրեական նևմերի ուսումնասիրության վրա։ Կոմիտասը զբաղվել է հրեական նևմերով, քանզի, ըստ նրա, հրեական նշաններն ավելի հին են, քան հայկականը: Գնեսինին նա ցույց է տվել Նապոլեոն 1-ինի ժամանակ Ֆրանսիայում հրատարակված՝ Եգիպտոսը նկարագրող գիրք, որտեղ մի գլուխ նվիրված է Եգիպտոսի հրեաների կողմից գրառած նևմերին64: Գրքի նևմային օրինակները Գնեսինը արտագրել է: Կոմիտաս Վարդապետին հայտնի էին նաև գերմանացի փիլիսոփա, եբրայագետ Յոհան Ռոյխլինի (1455-1522) ուսումնասիրությունները:

    Հաջորդ փաստաթուղթը Մ. Գնեսինի նամակն է Մագգիդին, որտեղ նա հայտնում է Վարդապետից ստացած իր տպավորությունները. «Я был у Комитаса. Беседовал очень интересно. Он милейший человек. Вардапет Комитас - человек чарующей внешности и полный всяческого обаяния»65: Այնուհետև նա անդրադարձել է խազերի և նևմերի ընդհանրություններին ու տարբերություններին, սաղմոսների երգեցողությանը` մանրամասների մասին խոստանալով խոսել հաջորդիվ:

    Ի Զեմցովսկու ուղարկած երրորդ փաստաթղթում զետեղված է Դ. Մագգիդի՝ Վարդապետին հղած նամակը66, որտեղ նա ներկայացնում էր հրեական սաղմոսերգությանը նվիրված երաժշտագիտական իր դիտարկումները: Վերծանելով Աստվածաշնչի երգվող որոշ հատվածների մետրական շեշտերի առանձնահատկությունները, Դ. Մագգիդը Կոմիտաս Վարդապետին, որպես Եվրոպայում67 խազաբանության ոլորտի «միակ մասնագետի», խնդրում է իրեն փոխանցել հայկական խազանիշ որևէ սաղմոսի վերծանություն, որը կօգներ իր հետագա աշխատանքներին, «Часть схемы так называемых метрических акцентов Библии, книг Psalmi, Proverbi и Hiob, мне удалось разрешить на основании традиционных молитвенных напевов, следующую же часть я надеюсь найти в псалмодии армян, которые мне так напоминают наши синагогальные»68։

    Մագգիդը Վարդապետից խնդրում էր նաև հրապարակված խազաբանական աշխատություն կամ որևէ անտիպ ուսումնասիրություն այդ բնագավառից: Իր հերթին հրեա հետազոտողը Կոմիտասին խոստանում է ուղարկել հրեական սաղմոսերգությանը նվիրված ուսումնասիրություն: Նամակագիրը ցավում էր, որ հայերենին չտիրապետելով՝ չի կարողանա արտահայտել իր ողջ հիացմունքը Կոմիտաս Վարդապետի անձի ու գործի նկատմամբ:

    Դ. Մագգիդի նամակն ինչ-ինչ պատճառներով Վարդապետին չի հասել: Բայց պատմության մեջ մնացել են հրեական և ռուսական մշակույթի համար հսկայական գործունեություն ծավալած գործիչներ Թ. Հարթմանի, Մ. Գնեսինի և Դ. Մագգիդի գիտական բարձր կարծիքները, մարդկային ջերմ վերաբերմունքը հայ դասականի հանդեպ։

    Կոմիտասի խազաբանական աշխատանքները «հայտնություն» էր համարում և բարձր էր գնահատում նաև Հարթմանը. «... ինչպիսի՜ վարպետ էր (Կոմիտասը – Լ. Ս.) խազական գրերի... Ամէն մի ռուս երաժիշտ, որ կ'ուզէր թափանցել այդ խորհրդաւոր եկեղեցական նշանները, որ կան և Ռուսաց սլաւոնական ժամասացութեան մէջ, կարող է հասկանալ, թէ ի՞նչ մեծ հետաքրքրութիւն են ներկայացնում Կոմիտասի տեսական աշխատութիւնները»69:

    «Ավելի ուշ ես ծանոթացա Կոմիտասի գրվածքներին, – գրում է Մ. Գնեսինը, - համոզվելով, թե ինչպիսի խոշոր կոմպոզիտոր և տաղանդ էր նա, որպիսի յուրահատուկ և հետաքրքրական վարպետ էր կոմպոզիցիայում և որչափ խոշոր է նրա դերը 20-րդ դարի հայ երաժշտության զարգացման ասպարեզում»70։

    Բոլշևիկյան հեղաշրջումից հետո, պարտադրված գաղափարախոսության պայմաններում, շեշտվեց Կոմիտասի «այլախոհությունը», նրա գործի լուսաբանությունն ընթացավ այլ ճանապարհով:

    Ժամանակի ընթացքում, սակայն, եղան Կոմիտասի առաքելության իրական և ճշմարտացի գնահատողներ ևս71: Կոմիտասյան երգերի ունկնդրումից ոգեշնչված, ռուս բանաստեղծ, գրող, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից և հայ մշակույթի գիտակ Վալերի Բրյուսովը (1873-1924) գրել է. «Իր ողջ կրքոտությամբ հանդերձ հայկական երգը ողջախոհ է, իր ողջ կրակոտությամբ հանդերձ՝ զուսպ է արտահայտությունների մեջ։ Դա մի պոեզիա է՝ արևելյանի պես գունեղ, արևմտյանի պես իմաստուն, պոեզիա, որ գիտի վիշտն՝ առանց հուսահատության, կիրքը՝ առանց մոլեգնության, հիացմունքը, որին, սակայն, խորթ է անզսպությունը»72: Կոմիտաս Վարդապետի ոչ ավանդական կոմպոզիցիոն միջոցների կիրառումը, մոդալ կառուցողական մտածողությունը մեր օրերում ևս քննարկումների առատ նյութ է:

     

    Նրա ստեղծագործության վերլուծական ուրույն մոտեցում է ներկայացրել պետերբուրգցի կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտական էթնոգրաֆ, Մ. Գնեսինի աշակերտ Աբրամ Յուսֆինը (1926-2011)՝ իր «Անկայուն կոմպոզիցիայի ամբողջականության պրոբլեմը» հոդվածում73: Կոմիտասի ձայնագրած «Ժողովրդական վեհ աշխատանքային պոեմի»՝ «Լոռվա գութաներգ»-ի նյութերի վերլուծությամբ Յուսֆինը մասնագիտական նոր մեթոդով քննել է ժողովրդական երաժշտական ստեղծագործության գոյատևման ձևերը և այն հարցերը, որոնք առաջ են գալիս այդ ձևերի փոփոխությունից։

    Ռուս երաժշտագետ, պրոֆեսոր Ալեքսանդր Դեմչենկոյի (ծն. 1943 թ.) «20-րդ դարի հայրենական երաժշտությունը» ծավալուն ուսումնասիրության երկու գլուխները նվիրված են Կոմիտասին և նրա ստեղծագործության մեջ ֆոլկլորիզմի ու խրոնոտոպի հիմնահարցերին: Վարդապետի ստեղծագործությունը դիտարկելով 20-րդ դարի համաշխարհային երաժշտության զարգացման տեսանկյունից՝ Ա. Դեմչենկոն գրում է. «20-րդ դարի ամենաինքնատիպ երաժիշտներից մեկը՝ Կոմիտասը, իր ստեղծագործություններում կենսագործեց իր դարաշրջանին բնորոշ մի շարք գեղարվեստական գաղափարներ: Դրանցից հատկանշական են նրանք, որոնք կապվում էին մեր հարյուրամյակի երաժշտական ֆոլկլորիզմի և խրոնոտոպի պրոբլեմի հետ»74։ Հետագա շարադրանքում հոդվածագիրը զուգահեռներ է տեսնում Կոմիտասի և 20-րդ դարի մյուս մեծերի` Բ. Բարտոկի, Կ. Շիմանովսկու, Մ. դե Ֆալյայի և Ի. Ստրավինսկու միջև: Այս դիտարկմամբ ևս մեկ անգամ ռուս երաժշտագետի կողմից ամրագրվում է Վարդապետի համաշխարհային երաժշտական մեծություն լինելու իրողությունը: «Հսկայական են նրա ծառայությունները հայ երաժշտության մեջ, – գրում է Դմիտրի Շոստակովիչը (1906-1975): - Նրա գեղեցիկ գործերը դուրս եկան հարազատ Հայաստանի սահմաններից, դարձան համաշխարհային երաժշտական մշակույթի հպարտությունը։ Կոմիտասը միայն մեծ կոմպոզիտոր չէ։ Նա նաև անվանի երաժշտագետ է, հիանալի ազգագրագետ, այս բնագավառում շատ մեծ են նրա ծառայությունները: ...Հայ կոմպոզիտորները իրենց ստեղծագործությունների մեջ հետևում են և կհետևեն կոմիտասյան հիանալի ավանդույթներին»75։

    Բազմաթիվ ռուս կոմպոզիտորներ, երաժշտագետներ և այլ մտավորականներ անդրադարձել ու լուսաբանել են Կոմիտաս Վարդապետի գործունեությունը, որն ընդհատվեց Հայոց Մեծ Եղեռնից հետո:

    Առայժմ մեզ չի հաջողվել հայտնաբերել և մանրամասն քննության առնել ռումինացի երաժշտագետ-քննադատ, Բուխարեստի և Լայպցիգի կոնսերվատորիաների պրոֆեսոր Էմանուիլ Չոմակի (1890-1962) «Ընդհանուր ակնարկ հայ երաժշտության վրա» արժեքավոր ուսումնասիրությունը, որից մի հատված զետեղված է «Գլինկան և Կոմիտասը» հոդվածում76: Ռումինացի երաժշտագետը պատշաճ գնահատական տալով Կոմիտասի անձին ու գործին` գրում է.

    «Ես առանձնապես գտնում եմ, որ կա որոշակի ընտանեկան կապ Կոմիտասի երաժշտության և ռուսականի (նկատի ունի «Հզոր հնգյակին» - Լ. Ս.) միջև, հատկապես Ռիմսկի-Կորսակովի, Բորոդինի և Բալակիրևի հետ»77:

    Մեզ համար կարևոր են ռուս մշակույթի հեղինակավոր գործիչների՝ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությանը տված գնահատականները: Այդ մտավորականները առաջիններից էին (ֆրանսիացիների հետ), ովքեր Վարդապետի գիտական ուսումնասիրություններում, բանահավաքչական գրառումներում ընդգծեցին հայ ֆոլկլորագիտության և երաժշտագիտության հիմքերն ու զարգացման հետագա ուղիները: Առաջիններից էին, ովքեր ըստ արժանվույն գնահատեցին Կոմիտաս-կոմպոզիտոր երևույթը, նրա գրելաոճի առանձնահատկությունները, որոնք բխում էին գեղջկական երգից, միջնադարյան հոգևոր մոնոդիայից, բայց միևնույն ժամանակ անքակտելիորեն կապված էին ժամանակակից երաժշտության արմատական բարեփոխումներին: Կոմիտաս Վարդապետի երաժշտարվեստը ազգայինի ու արդիականի այն ներդաշնակ միաձուլումն էր, որը բնորոշ և հոգեհարազատ էր ռուսական երաժշտության առաջադեմ ներկայացուցիչներին: Նրա արվեստի պատմական նշանակությունն արձանագրվեց Հարթմանի, Գնեսինի, Բրյուսովի, Շոստակովիչի գիտական հոդվածներում և հիացական կարծիքներում: Տիրապետելով ռուսերենին, կարճ ժամանակ սովորելով Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտ Մ. Եկմալյանի մոտ՝ Կոմիտասը ծրագրել էր ուսումը շարունակել հենց այդ կոնսերվատորիայում: Ճակատագրի դիպվածով (ինչը հաճախ էր հանդիպում Վարդապետի կենսագրության մեջ) նա ուսումը շարունակել է Գերմանիայում։ Սակայն ազգայինի վրա խարսխված ռուսական առաջադեմ երաժշտական մշակույթը մշտապես եղել է Վարդապետի գիտական և ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակում: Ռուս ֆոլկլորի հարուստ շերտերը, դրա հիմքով կառուցված ռուսական ազգային կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների նորամուծությունները համահունչ էին Վարդապետի ստեղծագործական սկզբունքներին, երաժշտական արվեստի արմատական այն փոփոխություններին, որոնց նա առնչվեց իր հետագա գործունեության ընթացքում, և որի անբաժանելի մասն են կազմում սեփական ստեղծագործությունները:

    Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության յուրաքանչյուր շրջափուլ երաժշտական արվեստի նոր բացահայտումների լայն ասպարեզ է: ժամանակի ընթացքում հաստատվում է Կոմիտասի առաքելության դերն ու նշանակությունն ազգային և համաշխարհային մշակույթի համատեքստում: Ինչպես ճշմարտացիորեն գրում է Մ. Գնեսինը: «Կոմիտասի անունը ոսկե տառերով կարձանագրվի հայ երաժշտության ապագային, որովհետև մի ազգ, որ ստեղծել է հայ երգը, մի ժողովուրդ, որ երաժշտական անցյալ է ունեցած, ապագայում աշխարհին պիտի ընծայի մի շարք մեծ անուններ: Այդ անունների մեջ առաջինը կլինի, անշուշտ, Կոմիտասի անունը։ Խոնարհվենք Կոմիտասի, նրա կյանքի, նրա մեծ գործի առաջ»78։

     Ռուսական արվեստի գործիչները Կոմիտասի մասին:

     1. Брюсов В., Поэзия Армении, Москва, 1916, стр. 38. «Поэзия Армении», Редакция, вступительный очерк и примечания В. Брюсова, «Айастан», Ереван, 1940, 22 октября, № 297, стр. 3.

    2. Гартман Ф., Из цикла «Народная песня и ее собиратели»; Комитас, «Закавказское слово», Тифлис, 1919, 28 февраля, № 33, стр. 2-3; № 34, стр. 2-3.

    3. Госслер И., Замечательный армянский музыкант, «Советское искусство», Ереван, 1939, № 71, стр. 3.

    4. Кабалевский Д., Величие его гения, «Коммунист», 1969, 21 ноября, стр. 3.

    5. Корганов. В., Взгляд и нечто. Армянские народные танцы, сопровождаемые песнями Комитаса Кеворкяна, «Кавказский вестник», Тифлис, 1902, № 6, стр. 32-38

    6. Корганов В., Еще о кавказской музыке, «Тифлисский листок», Тифлис, 1907, №. 242, стр. 3.

    7. Корганов В., Комитас Кеворкян, "Кавказская музыка", Тифлис, 1908, стр. 47-50.

    8. Корганов В., Он совершил более великое, "Коммунист", Ереван, 1969, 31 января,

    9. Кочевский В., «Эчмиадзин», стихи, 1974.

    10. Звягинцева В., «Моя Армения», стихи, 1964.

    11. Майборода Г., Интервью в газете «Коммунист», 1969, 21 ноября.

    12. Полякова Н., Комитас, «Литературная Армения», Ереван, 1980, N 3.

    13. Прянишков Д., Выдающийся армянский композитор, "Советская Молдовия", Кишинев, 1969, 8 октября.

     

    14. Свешников А., Славный сын своего народа, «Коммунист», 1969, 21 ноября.

    15. Свиридов Г., Настоящая радость, «Коммунист», 1969, 21 ноября.

    16. Тарковский А., Комитас

    Ничего душа не хочет

    И, не открывая глаз,

    В небо смотрит и бормочет,

    Как безумный Комитас.

     

    Медленно идут светила

    По спирали в вышине,

    Будто их заговорила

    Сила, спящая во мне.

     

    Вся в крови моя рубаха,

    Потому что и меня

    Обдувает ветром страха

    Стародавняя резня.

     

    И опять Айя-Софии

    Камень ходит подо мной,

    И земля ступни босые

    Обжигает мне золой.

     

    Лазарь вышел из гробницы,

    А ему и дела нет,

    Что летит в его глазницы

    Белый яблоневый цвет.

                                           1959

    17. Хренников Т., Великий певец, «Коммунист», 1969, 21 ноября.

    18. Шостакович Д., О Комитасе, «Коммунист», 1969, 21 ноября.

    19. Ярустовский Б., Негаснущий пример, «Коммунист», 1969, 21 ноября.

    20. Սոլոդուխա Յ., Սրտի խոսքեր, կարծիքներ, «Երեկոյան Երևան», 1969, 21 նոյեմբերի:

    21. Տուլիկով Ս., Սրտի խոսքեր, կարծիքներ, «Երեկոյան Երևան», 1969, 21 նոյեմբերի:

    Ծանոթագրություններ

    1․ Առաջին անգամ հրապարակվել է «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2017, 1 (70), էջ 260-277:

    2․ Տե՛ս Քրիստոնյա Հայաստան, Հանրագիտարան, Երևան, 2002, էջ 226:

    3 10-րդ դարից հայկական սրբեր Գրիգոր Լուսավորչի և Հռիփսիմեի պաշտամունքը տարածում է գտել ռուսական եկեղեցիներում, օր. Նովգորոդի Սպաս Ներեդիցա տաճարի (1198) ինտերիերի որմնանկարներում: Տե՛ս Հայկական սովետական հանրագիտարան, հ. 10, էջ 73:

    4 Բ. Ղորղանյանը առաջին երաժշտագետներից էր, ով նկատել է երիտասարդ Շալյապինի տաղանդը, լուսաբանել «Պուշկինը երաժշտության մեջ» թեման: 1900-ից Անդրկովկասում հիմնադրել է «Кавказский вестник» գիտագրական ամսագիրը։ Լուսաբանել է Կովկասի մշակութային կյանքը: 1902-ին հրապարակված Բեթհովենի մասին ռուսերեն մենագրությունը առաջին լուրջ ուսումնասիրությունն էր՝ հիմնված նամակագրության և այլ փաստերի վրա։ Կորգանովը հայ մեծ բարերար, Ռուսական կայսրության մեջ հայտնի արդյունաբերող Ա. Մանթաշյանցի փեսան էր, որի հովանավորությամբ է Կոմիտասը ուսանել Գերմանիայում:

    5 Տե՛ս Աղասյան Ա., Ասատրյան Ա., Հայ-ռուսական գեղարվեստական առնչությունների պատմությունից, Սանկտ Պետերբուրգ, Երևան, 2015:

    6 1902-ին Ղրիմում Մ. Գորկին հանդիպելով Ա. Սպենդիարյանին՝ նրան է հանձնել «Ձկնորսը և փերին» երկը, որը դարձել է Սպենդիարյանի երաժշտական բալլադի հիմնանյութը: Ռուս կոմպոզիտոր Ա. Չերեպնինը ևս բարձր է գնահատել Սպենդիարյանի արվեստը՝ իր երաժշտության մեջ ընդունելով հայ կոմպոզիտորի ազդեցությունը:

    7 Հայտնի է նաև ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի «Հայրերի երկիր» վոկալ շարքը՝ Ա. Իսահակյանի խոսքերով, Ս. Ռախմանինովի «Գիշերն իմ այգում» ռոմանսը՝ դարձյալ Ա. Իսահակյանի խոսքերով (Ա. Բլոկի թարգմանությամբ), ինչպես նաև հայ միջնադարյան տաղերգու Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի (թարգմ.՝ Ն. Գրեբնյով) հիման վրա խառը երգչախմբի համար Ա. Շնիտկեի հեղինակած խմբերգային կոնցերտը, որի գաղափարը տվել է հայ անվանի կոմպոզիտոր, Ա. Շնիտկեի մտերիմ բարեկամ Տ. Մանսուրյանը:

    8 Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը և Ադամ Խուդոյանը «Հայկական հնգյակի» անդամներ էին կոչվում՝ ռուսական «Հզոր խմբակի» օրինակով (անդամներն էին՝ Մ. Բալակիրևը, Ց. Կյուին, Ա. Բորոդինը, Մ. Մուսորգսկին և Ն. Ռիմսկի-Կորսակովը):

    9Գասպարյան Ս., Կոմիտաս, Երևան, 1947: Յոյլյան Ի., Կոմիտաս, Երևան, 1969: Գյոդակյան Գ., Կոմիտաս, Երևան, 1969: Шавердян A., Kомитас и армянская музыкальная культура, Ереван, 1956.

    10. Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Երևան, 1960, էջ 5։ Դերենիկ Դեմիրճյանը (1877-1956) 1892-ին ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, մասնակցել Կոմիտասի երգչախմբային դասերին:

    11․ Տե՛ս Սահակյան Լ., Կոմիտաս Վարդապետը և ֆրանսիական մշակույթը, «Կանթեղ», Գիտական հոդվածներ, N 3 (68), Երևան, 2016, էջ 242-263: Մեզ համար առանձին ուսումնասիրության նյութ է նաև Վարդապետի կյանքի Պոլսի հետ կապված շրջանը:

    12 Հայկական սովետական հանրագիտարան, Երևան, 1984, h.10, էջ 36:

    13 Թերլեմեզյան Ռ., Կոմիտաս, Երևան, 1992, էջ 14:

    14 Տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Երևան, 2009, էջ 216:

    15 Նույն տեղում, էջ 219, 243-244:

     

    16 Կոմիտաս Վարդապետի գործի գնահատության մեջ կարևորում ենք նաև ժամանակակիցների՝ Շ. Պերպերյանի, Ս. Մելիքյանի, Վ. Կորգանովի վերլուծական հոդվածները:

    17 Տե՛ս Գյոդակյան Գ., Կոմիտասի ոճը և քսաներորդ դարի երաժշտությունը, Կոմիտասական, հ. 1, Երևան, 1969, էջ 84։

    18 Դարասկզբին Թիֆլիսում հրատարակվում էին հայալեզու «Մշակ», «Նոր Դար», «Հասկեր», «Գեղարուեստ», «Հորիզոն», «Սուրհանդակ», ռուսալեզու «Hoвое обозрение», «Новая речь», «Тифлисский листок», «Закавказье» լրագրերը, «Տարազ» շաբաթաթերթը, Բաքվում՝ «Զանգ» շաբաթաթերթը, «Баку» թերթը և այլն:

    19. Գևորգյան հոգևոր ճեմարանը համարելով իր Alma Mater-ը, Կոմիտաս Վարդապետը «Գևորգյան»–ը որոշ ժամանակ որդեգրել էր որպես իր ազգանուն: Չի բացառվում, որ կարող էր օգտագործել հոր՝ Գևորգ Սողոմոնյանի անունն իբրև ազգանուն:

    20. Տե՛ս Լևոնյան Գ., Մեր Կոմիտասը, «Կոմիտաս» ժողովածու, Երևան, 1930, էջ 83:

    21. Մասնավորապես, Կաթողիկոսական տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Սուրենյանցի կողմից:

    22. Մ. Եկմալյանը Պետերբուրգում ուսանել և ստեղծագործական շփումների մեջ է եղել ռուս մեծանուն երաժիշտներ Ն. Ռիմսկի-Կորսակովի, Ն. Սոլովյովի, Պ. Չայկովսկու, Ա. Ռուբինշտեյնի, Ա. Լյադովի հետ:

    23. Սամվելյան Խ., Կոմիտասի կյանքի և գործունեության համառոտ տարեգրություն, «Սովետական արվեստ», 1969, N 11, էջ 56։

    24. Հայ եկեղեցական անվանի գործիչ, աստվածաբան Մաղաքիա Օրմանյանը 1887-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Օրմանյանի միջնորդությամբ եվրոպական համալսարաններում իրենց կրթությունն են շարունակել ճեմարանական իր սաները` Կոմիտաս Վարդապետը, Գարեգին Հովսեփյանցը (1867-1952, հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) Գևորգ Զ Չորեքչյանը (1868-1954, հետագայում՝ Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս):

    25. «Արարատ», Վաղ-պատ, 1907, N 10, էջ 907:

    26. Бадикян Х., Русские ноты великого Комитаса, Голос Армении, Ер., 1999, 9 октября. «Цршрши», 1905, N 9, էջ 807:

    27 Տե՛ս Հարությունյան Մ., Կոմիտասը ազգային և այլազգային աղերսների մարմնավորող Ավանդույթներ և արդիականություն, Հայ երաժշտության հարցեր, Երևան, 1996, էջ 236:

    28․ «Տեղեկագիր», ԳԱ, 1956, N 9, էջ 111։

    29․ Տե՛ս ժամանակակիցները Կոմիտասի մասին, Երևան, 1960, էջ 291։

    30․ Նույն տեղում, էջ 292։

    31 Ժամանակակիցները Կոմիտասի մասին, էջ 202:

    32 Գլինկան և Կոմիտասը, «Սովետական արվեստ», 1957, N 2, էջ 39:

    33 Ալեքսանդր Մյասնիկյանը և արվեստը, «Սովետական արվեստ», 1956, N 2, էջ 11:

    34 Տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Երևան, 2009, էջ 171։

    35 «Die Armenische Kirchenmusik» («Հայ եկեղեցական երաժշտություն»), հրապարակվել է 1899-ին, Լայպցիգում; "La musique rustique Arménienne" («Հայ գեղջուկ երաժշտություն») հրապարակվել է 1907-ին, Փարիզում:

    36 «Кавказский вестник», 1900, N 1, с. 107.

    37 Նույն տեղում, 1902, N 6, էջ 32:

    38 Տե՛ս Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Երևան, 1960, էջ 15։

    39 Տե՛ս Կոմիտաս Վարդապետ, Նամականի, Երևան, 2009, էջ 85։

    40 Տես Корганов В., Кавказская музыка, 1908, էջ 81:

    41 Տե՛ս նույն տեղում:

    42 Корганов В., Еще о кавказской музыке, Тифлис, 1907, № 292, с. 7-8.

    43 Հյուսիսային Կովկասում լույս տեսնող «кубански край» օրաթերթը 1907 թ. մի հոդվածը նվիրել է նույն թվականին եվրոպական երկրներում Կոմիտասի համերգների և դասախոսությունների մասին: Տե՛ս Մուրադյան Մ., Կոմիտասի տեղն ու նշանակությունը հայկական երաժշտության պատմության մեջ, Տեղեկագիր, ՀՍՍՀ ԳԱ, № 11, 1950, էջ 37:

    44 «Русская музыкальная газета», 1908, № 17, c. 414. Պետերբուրգյան հեղինակավոր ամսագիր է, որը հրատարակվել է 1894-1918 թթ., լուսաբանել է ռուսական և համաշխարհային մշակույթի արժեքավոր իրադարձությունները: Դեմուրյան Ս., Կոմիտաս Գևորգյան, «Կոմիտաս» ժողովածու, Երևան, 1930, էջ 93-95.

    45 «Русская музыкальная газета», с. 422.

    46 Մասնավորապես, դատապարտում էր Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց նախարար Էռնեստ Բևինին` Թուրքիայի առաջին նախարար Սարաջօղլուի՝ հայատյաց քաղաքականության շուրջ համագործակցելու համար: Հիշեցնելով Հիտլերի հայտնի խոսքերը և երիտթուրքերի վայրագությունները, ռուս մտավորականը հակադարձում էր անգլիացի պաշտոնյայի այն հայտարարությանը, թե Ղարսում և Ադանայում հայեր չեն եղել: «Ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին», – ասել է Հիտլերը 1939-ին, Լեհաստանի վրա հարձակվելուց մեկ շաբաթ առաջ: Տե՛ս Բարդակչյան Գ., Հիտլերը և Հայոց ցեղասպանությունը, Զորյան ինստիտուտ, Մասաչուսեթս, 1986:

    47 Минорский В., Константинопольские встречи, «Литературная Армения», № 10, 1969, с. 81.

    48 Տե՛ս նշված հոդվածը, էջ 82:

    49 Չերեպնինը 1890-ականներին Ռուսաստանում ձևավորված «Mup искуccтва» գեղար վեստական միության գործուն անդամներից էր, 1909-ից Ս. Դյագիլևի Ռուսական բալետային թատերախմբի համար երաժշտություն գրող կոմպոզիտորներից: 1917-18 թթ. Ն. Չերեպնինը ղեկավարել է Թիֆլիսի երաժշտանոցը, գործուն մասնակցություն ունեցել Թիֆլիսի մշակութային կյանքին:

    50. Տե՛ս Հարտման Թ., Դասախօսութիւն Կոմիտասի մասին՝ կարդացուած Թիֆլիզում 1919 թուին, «Անահիտ», 1935, էջ 75-80: Այս հոդվածն առաջին անգամ հրատարակվել է Թիֆլիսի «Kaвказское слово» օրաթերթում, 1919 թ. փետրվարի 28–ի և մարտի 1-ի համարներում: Այնուհետև Մ. Բաբայանի թարգմանությամբ այն հրատարակվել է Փարիզի «Անահիտ» հանդեսում (1935, 1936 թթ.)։ Տես նաև Ժամանակակիցները Կոմիտասի մասին, Երևան, 1960, էջ 54-62:

    51. Տե՛ս նշված հոդվածը, Հարտման Թ., Դասախօսութիւն Կոմիտասի մասին, էջ 77:

    52. Հարտման Թ., Ժողովրդական երգը և նրա հաւաքողները, «Անահիտ», Փարիզ, 1936, էջ 30:

    53 Հարտման Թ., Դասախօսութիւն Կոմիտասի մասին... էջ 76: Տե՛ս նաև Ժամանա-կակիցները Կոմիտասի մասին, էջ 55։

    54 Ընկերության անդամներից էին Ե. Թադևոսյանը, Գ. Լևոնյանը, Ս. Մելիքյանը: Տե՛ս նաև Հովհաննիսյան Թ., «Կոմիտաս» ընկերություն, «Գանձասար», Հալեպ, 1994, էջ 79-83: Լևոնյան Գ., Մեր Կոմիտասը, «Կոմիտաս» ժողովածու, Երևան, 1930, էջ 75-88:

    55 Հայտնի է, որ 1899-ին Կոմիտաս Վարդապետը վերծանել էր Առոգանության խազերի համակարգը և ձեռնամուխ եղել մյուս (տևողության, տրոհության) համակարգերի վերծանությանը:

    56 Մ. Գնեսինը սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ Ն. Ռիմսկի-Կորսակովի և Ա. Լյադովի դասարաններում: Ստեղծագործական և մանկավարժական գործունեությանը զուգընթաց հետաքրքրվել է Արևելքի ֆոլկլորով, 1910-20-ականներին ճամփորդել է Պաղեստինով և արևելյան մի շարք երկրներով։ Հրեական երաժշտության գիտակներից էր, հսկայական աշխատանք է կատարել հրեական երաժշտության ուսումնասիրման և տարածման ասպարեզում:

    57 «Կոմիտասի հետ հանդիպումներից» խորագրով Մ. Գնեսինի հուշ-նամակը առաջին անգամ լույս է տեսել «Коммунист» թերթում (Երևան, 1946, 5 ապրիլ):

    58 Гнесин М., Статьи. Воспоминания. Материалы, изд. «Сов.композитор», М., 1961, с. 192.

    59 Мигдаль, Тіmes, № 36-37, июль-август, 2003, с. 25.

    60 Гнесин М. Статьи. Воспоминания. Материалы, изд. «Сов. композитор», М., 1961, с. 193.

    61 Գլինկան և Կոմիտասը, «Սովետական արվեստ», N 2, 1957, էջ 39:

    62 Այս արժեքավոր տեղեկությունը մեզ տրամադրեց Զեմցովսկու հետ մասնագիտական երկարատև առնչություններ ունեցող երաժշտագետ, պրոֆեսոր Ժ. Զուրաբյանը: Զեմցովսկին 80-ականներին եղել է Երևանում, ստեղծագործական սերտ փոխառնչություններ ունեցել հայ երաժշտագետների և այլ արվեստագետների հետ: 1994-ից ապրում է Լոս Անջելեսում։

    63 Կոմիտաս Վարդապետը հանգամանորեն զբաղվել է նաև ղպտիների խազերով: Տե՛ս, «Դաշինք», Պոլիս, 1911, N 549, էջ 1։

    64 РГАЛИ, Ф. 2954, оп. 1, ед. хр. 111.

    65 АИВ РАН, Ф. 85, оп. 2, ед. хр. 161.

    66 АИВ РАН, Ф. 85, оп. 1, ед. хр. 47/1/, тетрадь МС 132/2, лист 3. Его Священству Архимандриту Армян, Комитасу в Константинополь. Տես նաև Хаздан Е., Давид Маггид, Библейские акценты»: история одной публикации // Временник Зубцовского института. Вып. 8. Зубцовский институт. СПб. 2012.с. 39.

    67 Ճիշտ կլիներ ասել՝ Անդրկովկասում և Մերձավոր Արևելքում:

    68 Տես АИВ РАН, ф. 85, оп. 1, ед. хр. 47/1/, тетрадь МС 132/2, лист 3. Его Священству Архимандриту Армян, Комитасу в Константинополь.

    69 Տե՛ս Հարտման Թ., Ժողովրդական երգը և նրա հաւաքողները, ...«Անահիտ», Փարիզ, 1936, էջ 32:

    70 Գնեսին Մ., «Սրտի խոսքեր» [Գնեսինի խոսքը Կոմիտասի մասին), Երեկոյան Երևան, 1969, N 272 (3663), նոյեմբեր 21:

    71 Մեր հոդված-ուսումնասիրության վերջում հնարավորինս մեկտեղել ենք Կոմիտաս Վարդապետին անդրադարձած արվեստի ռուս գործիչներին:

    72 «Поэзия Армении», под ред. В. Брюсова, М., 1916, с. 38.

     

    73 Յուսֆին Ա., Անկայուն կոմպոզիցիայի ամբողջականության պրոբլեմը (Կոմիտասի ձայնագրած «Լոռվա հորովելի» վերլուծության նյութերի հիման վրա), Կոմիտասական, հ. 2, Երևան, 1981, էջ 153-171:

    74 Տե՛ս Դեմչենկո Ա., Ֆոլկլորիզմը և խրոնոտոպի պրոբլեմը Կոմիտասի ստեղծագործություններում, «Արվեստ», 1991, N 7, էջ 23:

    75 Շոստակովիչ Դ., «Սրտի խոսքեր», Դմ. Շոստակովիչի խոսքը Կոմիտասի մասին, Երեկոյան Երևան, 1969, 17 նոյեմբերի: «Ժողովրդի զրնգուն ոգին» (կարծիքներ Կոմիտասի մասին)։

    76 «Սովետական արվեստ», Երևան, 1957, N 2, էջ 38:

    77 Նույն տեղում, էջ 39:

    78․ Գնեսին Մ․, «Կոմիտասի մասին», Երեկոյան Երևան, 1969, 20 նոյեմբերի, էջ․ 1։

    Լուսինե Սահակյան

    «Կոմիտաս Վարդապետ», հոդվածների ժողովածու, էջ 103-124

    Երևան 2019

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44

    Երեկվանից հրդեհ է Շամբից դեպի հյուսիս եւ արեւելք ընկած գիհենու անտառներում

    14.03.2025 20:28

    Փաշինյանը Պուտինին ասել է, որ կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք հաղթանակի շքերթին

    14.03.2025 19:41

    Եկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ժամանակը. Մարկո Ռուբիո

    14.03.2025 19:37

    Դպրոցները մարզպետարանների ձեռքից «կվերցնեն»

    14.03.2025 18:39

    Սպասվում է Իրանի ԱԳ նախարարի այց Հայաստան

    14.03.2025 17:05

    Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին

    14.03.2025 16:48

    Փաշինյանի խաղաղությունը՝ կապիտուլյացիայի վարպետաց դաս. Վարդան Օսկանյան

    14.03.2025 16:02

    Կոմիտաս Վարդապետը եվ ռուսական մշակույթը

    14.03.2025 14:53