«Սյունյաց երկիր» թերթ
Տասնօրյա պարբերական Սյունիքի մարզում, հիմնադրվել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին:
Հիմնադիրն ու հրատարակիչն է «Սյունյաց աշխարհ» ՍՊ ընկերությունը:
Թերթի նպատակն է Սյունիքի մարզի մեջ մտնող երբեմնի շրջանների՝ Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի առօրյայի լուսաբանումը:
2008 թվականից «Սյունյաց երկիր»-ը համացանցում է. 2008 թվականից գործում է syuniacyerkir.am կայքը (www.syuniacyerkir.am), 2012 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Syuniac Yerkir Newspaper ֆեյսբուքյան էջը:
Թերթի հիմնադիր խմբագիրն է ՀՀ վաստակավոր լրագրող Սամվել Ալեքսանյանը:
Թերթի էլեկտրոնային հասցեն՝ [email protected], հեռախոսները՝ 091-45-90-47, 077-45-90-47:
Պատմություն
1996 թ. տարեսկզբին ձևավորվեցին Սյունիքի մարզպետարանը և մարզային կառույցները: Մարզային թերթն էլ վարչատարածքային նոր իրողության ծնունդ էր: Այդ ժամանակ հիմնադրվեց «Սյունիք» մարզային թերթը (1996 թ. մայիս-1999 թ. դեկտեմբեր, թողարկվել է 160 համար, խմբագիրն էր Գագիկ Դավթյանը):
Ավելի ուշ հիմնադրվեց մարզային նոր պարբերական՝ «Սյունյաց աշխարհ» թերթը (2000 թ. սեպտեմբեր-2003 թ. սեպտեմբեր), հիմնադիրն էր «Կապանի մեքենաշինական գործարան» ԲԲԸ-ն (տնօրեն՝ Համլետ Ալեքսանյան): Թողարկվեց 85 համար, որից 22-ը խմբագրեց Նարա Հովհաննիսյանը, 6-ը՝ Վահրամ Օրբելյանը, 1-ը՝ Արմեն Հակոբյանը, 56-ը՝ Սամվել Ալեքսանյանը: Այնուհետև ծնունդ առավ «Սյունյաց երկիր»-ը, որի առաջին համարը լույս տեսավ 2003 թ. հոկտեմբերի 1-ին:
Խմբագրատունն ի սկզբանե գտնվել է Սյունիքի մարզպետարանի շենքում (ք. Կապան, Գ. Նժդեհի 1): 2004 թ. սեպտեմբերի 28-ից մինչև այդ տարվա նոյեմբեր Կապանի «Լեռնագործ» հյուրանոցի 8-րդ հարկում էր: Այնուհետև ու մինչև հիմա՝ Կապան քաղաքի Շահումյան 20/32 հասցեում է:
Ի սկզբանե թերթը տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում:
Թեմատիկ համարները
«Սյունյաց երկիր»-ը հերթական համարներից բացի թողարկում է նաև թեմատիկ կամ բացառիկ համարներ: Դրանց մատենագիտական ցանկը՝ ստորև:
- N 18-19 (26-27), 25 մայիսի 2004 թ., Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ հրադադարի համաձայնագրի կնքման 10-րդ տարեդարձին նվիրված, 2 տպագրական մամուլ:
- N 26-27 (34-35), 13 օգոստոսի 2004 թ., նվիրված Հայաստանի էներգետիկայի առաջնեկի` Ողջի գետի վրա կառուցված հէկ-ի 100-ամյակին, 2 տպագրական մամուլ:
- N 7-8 (56-57), 18 փետրվարի 2005 թ., նվիրված է Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին, 2 տպագրական մամուլ:
- N 12-14 (61-63), 6 ապրիլի 2005 թ., նվիրված Մեծ եղեռնի 90-ամյակին, 3 տպագրական մամուլ:
- N 16-18 (65-670), 7 մայիսի 2005 թ., նվիրված Մեծ հայրենականի հաղթական ավարտի 60-ամյակին եւ այդ պատերազմին սյունեցիների մասնակցությանը, 3 տպագրական մամուլ:
- N 23-26 (72-75), 15 հուլիսի 2005 թ., նվիրված հայոց գրերի 1600-ամյակին, 4 տպագրական մամուլ:
- N 13 (104), 25 հուլիսի 2006 թ., նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-ամյակին, 4 տպագրական մամուլ:
- N 6 (97), 30 մարտի 2006 թ., նվիրված Տաթեւի մեծ եւ աստվածահաճո տաճարի հիմնադրման 1100-ամյակին, 4 տպագրական մամուլ, տպագրվել է երկու անգամ:
- N 1 (113), 17 հունվարի 2007 թ., Աշուղ Աշոտ. Զանգեզուր աշխարհի նահապետը, 4 տպագրական մամուլ, տպագրվել է երկու անգամ:
- N 17 (129), 10 հոկտեմբերի 2007 թ., նվիրված 1937 թ. բոլշեւիկյան-ստալինյան բռնությունների 70-ամյակին, 4 տպագրական մամուլ:
- N 5 (117), 31 մարտի 2007թ., նվիրված Սյունիքի նշանավոր կանանց (Ավետման տոնի ու Մայրության եւ գեղեցկության տոնի առիթով), 3 տպագրական մամուլ:
- N 3 (115), 20 փետրվարի 2007 թ., նվիրված Եղիշե Չարենցի 110-ամյակին, 5 տպագրական մամուլ:
- N 10-11 (146-147), 26 ապրիլի 2008 թ., նվիրված 1918 թ. մայիսյան հերոսամարտերին, 5 տպագրական մամուլ:
- N 22-23 (158-159), 27 օգոստոսի 2008 թ., Քաջարանը 50 տարի առաջ դասվեց շրջանային քաղաքների շարքը, 8 տպագրական մամուլ:
- N 24-25 (160-161), 10 սեպտեմբերի 2008 թ., 1600-ամյա Կապանը 70 տարի առաջ վերստին ստացավ քաղաքի կարգավիճակ, 8 տպագրական մամուլ:
- N 13 (185), 8 հունիսի 2009 թ., Ակսել Բակունցի 110-ամյակը, 8 տպագրական մամուլ:
- N 19 (191), 10 հոկտեմբերի 2009 թ., Ագարակ քաղաքի հիմնադրման 60-ամյակը, 5 տպագրական մամուլ:
- N 23 (195), 10 դեկտեմբերի 2009 թ., Խաչատուր Աբովյանի 200-ամյակը, 10 տպագրական մամուլ:
- N 16 (213), 25 սեպտեմբերի 2010 թ., նվիրված Սուրբ Գրիգոր Տաթեւացու հիշատակին` նրա ննջման եւ սրբերի դասին միանալու 600-ամյակի առիթով, 11 տպագրական մամուլ:
- N 8 (227), 4 մայիսի 2011 թ., Ռաֆիկ Մինասյան, 8 տպագրական մամուլ:
- N 10 (229), 28 մայիսի 2011 թ., Գորիս քաղաքի հիմնադրման 140-ամյակը, 30 տպագրական մամուլ:
- N 17 (236), 18 հոկտեմբերի 2011 թ., Նիկողայոս Ադոնց. աշխարհահռչակ հայագետն ու բյուզանդագետը Սիսիանից, 15 տպագրական մամուլ:
- N 30 (271), 15 դեկտեմբերի 2012 թ., Վահանավանք, 20 տպագրական մամուլ:
- N 7 (280), 30 մարտի 2013 թ., Մելիք Հայկազն 2-րդ, 8 տպագրական մամուլ:
- Համո Սահյանի 100-ամյակին նվիրված համար (8 ապրիլի 2014 թ., № 6 (314), ծավալը՝ 26 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 2000):
- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համար (15 ապրիլի 2015 թ., № 10 (353), ծավալը՝ 20 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 2000):
- Ամենայն հայոց կաթողիկոս Մովսես Գ Տաթևացուն (Խոտանանցուն) նվիրված համար (11 սեպտեմբերի 2015 թ., № 23 (366), ծավալը՝ 18.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1700):
- Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համար (1 հոկտենբերի 2015 թ., № 25 (368), ծավալը՝ 6 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1700):
- Սերո Խանզադյանի 100-ամյակին նվիրված համար (3 դեկտեմբերի 2015 թ., № 32 (374), ծավալը՝ 24.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1700):
- Սյունյաց աշխարհի մերօրյա բանաստեղծ Տիգրան Գրիգորյանին նվիրված համար (26 հունվարի 2016 թ., № 2 (378), ծավալը՝ 5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1781):
- Հայասատանի Հանրապետության 25-րդ տարեդարձին նվիրված համար (6 սեպտեմբերի 2016 թ., № 27 (403), ծավալը՝ 25.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1700):
- Գյուղական ուսուցիչ Ռոբերտ Էջանանցուն (Գրիգորյանին) նվիրված համար (25 հոկտեմբերի 2016 թ., № 37 (413), ծավալը՝ 25 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 650):
- Ռոբերտ Կամոյանի 80-ամյակին նվիրված համար (14 հունվարի 2017 թ., № 1 (419), ծավալը՝ 2 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1735):
- Գուսան Աշոտի 110-ամյակին նվիրված համար (10 հունիսի 2017 թ., № 22 (440), ծավալը՝ 22.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1500):
- Ականավոր պատմաբան ու բանասեր Մորուս Հասրաթյանին նվիրված համար (30 հունիսի 2016 թ., № 20 (396), ծավալը՝ 14 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1720):
- Հայագիտության համար ի վերուստ կոչվածը (Մորուս Հասրաթյանին նվիրված նոր համար), 20 փետրվարի 2019 թ., № 4 (494), ծավալը՝ 24.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1000:
- Գորիսի պետական քոլեջին նվիրված համար (12 մայիսի 2016 թ., № 15 (391), ծավալը՝ 2 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1720):
- ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղին նվիրված համար (26 մայիսի 2016 թ., № 17 (393), ծավալը՝ 4 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1720):
- Ուխտագնացություն Սյունիք (30 ապրիլի 2020 թ., № 9 (525), ծավալը՝ 24.4 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1000):
- Խնձորեսկ գյուղին նվիրված համար՝ «Ամենանորը դու նորերի մեջ և հների մեջ ամենահինը» (30 մայիսի 2020 թ., № 12 (528), ծավալը՝ 45.5 տպագրական մամուլ, լույս է տեսել էլեկտրոնային տարբերակով):
- Տաթև հէկ-ը՝ հայկական էներգետիկայի բաբախող սիրտը (28 հուլիսի 2021 թ., № 14 (556), ծավալը՝ 7.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 500):
- Արցախյան 3-րդ պատերազմում նահատակված 228 սյունեցիների հիշատակը հավերժացնող համար (15 հոկտեմբերի 2022 թ., № 19 (585), ծավալը՝ 32 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1000):
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակի նվիրված համար (20 մայիսի 2023 թ., № 10 (598), ծավալը՝ 12,5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1000):
- Զանգեզուրի ինքնապաշտպանության հերոս Պողոս Տեր-Դավթյանի նվիրված համար (19 օգոստոսի 2023 թ., № 14, ծավալը՝ 14.5 տպագրական մամուլ, տպաքանակը՝ 1000):
Գեղանկարներ՝ ստեղծված խմբագրության պատվերով և տպագրված թերթում
▪ «Ակսել Բակունց», կտավ, յուղաներկ, 100 X 70, 2008թ., հեղինակ` Ռոերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N13 (185), 8 հունիսի 2008 թ.):
▪ «Ագարակ», կտավ, յուղաներկ, 100 X 80, 2009 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 19, (191), 10 հոկտեմբերի 2009 թ.):
▪ «Խաչատուր Աբովյան», կտավ, յուղաներկ, 70 X 60, 2009 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 23 (195), 10 դեկտեմբերի 2009 թ.):
▪ «Սուրբ Գրիգոր Տաթեւացի», կտավ, յուղաներկ, 70 X 60, 2010 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N16 (213), 25 սեպտեմբերի 2010 թ.):
▪ «Համո Սահյան», կտավ, յուղաներկ, 85 X 83, 2011 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 7 (226), 14 ապրիլի 2011 թ.):
▪ «Ռաֆիկ Մինասյան», կտավ, յուղաներկ, 90 X 70, 2011 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 8 (227), 4 մայիսի 2011 թ.):
▪ «Ձագ Նահապետը հիմնադրում է Ձագեձորի բերդը», կտավ, յուղաներկ, 170 X 110, 2010 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 10 (229), 28 մայիսի 2011 թ.):
▪ «Սիսակ Նահապետ», թուղթ, ակրիլ, տեմպերա, պաստել, բրոնզ, 45 X 57, գրաֆիկական աշխատանք, հեղինակ` Ռուբեն (Ուբակ) Կոստանդյան (տես` «Սյունյաց երկիր», N 10 (229), 28 մայիսի 2011 թ. եւ N 22-23 (158-159), 27 օգոստոսի 2008 թ.):
▪ «Նիկողայոս Ադոնց», կտավ, յուղաներկ, 82X64.5, 2011 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան:
▪ «Վահանավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու նավակատիքը 911 թվականին», կտավ, յուղաներկ, 200 X 140, 2011 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N 30 (271), 15 դեկտեմբերի 2012 թ.):
▪ «Մելիք Հայկազն 2-րդ», կտավ, յուղաներկ, 100 X 90, 2013 թ., հեղինակ` Ռոբերտ Կամոյան (տես` «Սյունյաց երկիր», N7 (280), 30 մարտի 2013 թ.):
Թերթի նախաձեռնությամբ առաջին անգամ փոխադրվել է արդի հայերենի
▪ Վահան Սյունեցու հնազանդության խոստումնագիրը («Սյունյաց երկիր», N 30 (271), 2012 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը):
▪ Սյունիքի իշխանաց իշխան Վասակի հնազանդության խոստումնագիրը («Սյունյաց երկիր», N 30 (271), 2012 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը):
▪ Ջվանշեր իշխանի հնազանդության խոստումնագիրը («Սյունյաց երկիր», N 30 (271), 2012 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը):
▪ Հատված Հ. Միքայել Չամչյանի «Հայոց պատմություն» աշխատությունից («Սյունյաց երկիր», N30 (271), 2012 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը):
▪ Հատված Ղեւոնդ Ալիշանի «Սիսական» գրքից (Կապանի տարածաշրջանին վերաբերող մասը), («Սյունյաց երկիր», N30 (271), 2012 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց Հակոբ Քյոսեյանը):
▪ Հատված Ղեւոնդ Ալիշանի «Սիսական» գրքից, Ձագեձոր («Սյունյաց երկիր», N10 (229), 2011 թ., արդի հայերենի վերածեց եւ ծանոթագրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մկրտչյան):
▪ Հատված Ղեւոնդ Ալիշանի «Սիսական» գրքից (Գրիգոր Տաթեւացուն առնչվող մասը): Արդի հայերենի փոխադրեց Հակոբ Քյոսեյանը («Սյունյաց երկիր», N 16 (213), 2010 թ.):
▪ Գրիգոր Տաթեւացու բժշկագիտական հայացքները (հատված Լեւոն Հովհաննիսյանի «История медицины в Армении» գրքից), թարգմանությունը` Վահրամ Օրբելյանի, («Սյունյաց երկիր», N 16 (2013), 2010 թ.):
▪ Հատված Ղեւոնդ Ալիշանի «Սիսական» գրքից (Մեղրու շրջանին վերաբերող մասը): Արդի հայերենի վերածեց Հակոբ Քյոսեյանը: Կտպագրվի Մեղրուն նվիրված հատուկ համարում:
Գնահատանք
- Հայ մամուլի օրվա առթիվ, 2006 թ. հոկտեմբերի 16-ին, «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանն արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին:
- Կանանց հանրապետական խորհուրդը շնորհակալագրով պարգեւատրել է Վահրամ Օրբելյանին` կազմակերպության գործունեությանն ակտիվորեն մասնակցելու համար` առանձնահատուկ ընդգծելով նրա ներդրումը երիտասարդության դաստիրակության գործընթացում:
- «Սյունյաց երկիր» թերթը 2010 թ. հուլիսի 10-ին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության եւ Հայաստանի ժուռնալիստների միության կողմից հայտարարված «Աշխարհի հետ` մեր ինքնությամբ, Հայաստանը համայն հայության հայրենիքն է» մրցանակաբաշխության դափնեկիր:
- 30 հունիսի 2011 թ.: Հանրային կյանքի անաչառ լուսաբանման, մարզի պատմական, մշակութային իրադարձությունների, Սյունյաց մեծերի ու նշանավոր անձանց գործունեության, պետական, ազգային, մարզային եւ համայնքային տոների ու միջոցառումների ժողովրդականացման գործում ներդրած ավանդի համար Սյունիքի մարզպետարանը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին պարգեւատրել է «Ակսել Բակունց» հուշամեդալով:
- Հայաստանի ժուռնալիստների միությունը 2012 թ. նոյեմբերի 23-ին Սամվել Ալեքսանյանին պարգեւատրել է «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով:
- Հայաստանի ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» ոսկե մեդալով 2012 թ. նոյեմբերի 29-ին պարգեւատրվել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Վահրամ Օրբելյանը:
- Մեղրու սահմանապահ ջոկատի (N 2393 զորամաս) հրամանատար, գնդապետ Ա. Շադրինը Ռուսաստանի սահմանապահ զորքերի կազմավորման 95-ամյակի կապակցությամբ 2013 թ. մայիսի 28-ին շնորհակալագիր է հանձնել Սամվել Ալեքսանյանին` Հայաստանի պետական սահմանի հուսալի պաշտպանությունն ակտիվորեն լուսաբանելու համար:
- 2014 թ. Վահրամ Օրբելյանը հաղթող է ճանաչվել ՕՔՍՖԱՄ-ի միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից հայտարարված մրցույթում՝ «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե և դե-ֆակտո» խորագրով:
- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի 2016 թվականի հունվարի 22-ի հրամանով Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ մեդալով»:
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի 2017 թ. հրամանով «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
- ՀՀ նախագահի 2016 թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ, լրագրության բնագավառում ունեցած վաստակի համար «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանին շնորհել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում:
------------------------------------------------------------------------------------------------------
«Սյունյաց երկիր» թերթի էթիկայի կանոնագիր
«Սյունյաց երկիր» մարզային լրատվամիջոցի նպատակն է Սյունիքի մարզի մեջ մտնող Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանների առօրյայի լուսաբանումը, մարզում ընթացող զարգացումների հավաստիության բացահայտումն ու հասարակությանը տեղեկացնելը:
Խոսքի ազատությունը բարձրագույն արժեք է, եւ այն պետք է պաշտպանել հնարավոր բոլոր միջոցներով:
Խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ պատասխանատվություն, որը պարբերականի լրատվամիջոցներից պահանջում է լինել արդար, օբյեկտիվ եւ ազնիվ:
«Սյունյաց երկիր» թերթի լրագրողներս, ընդունելով այս կանոնները, պարտավորվում ենք ցանկացած պարագայում հարգել հետեւյալ սկզբունքները.
- հրապարակել միայն հավաստի եւ ստուգված տեղեկատվություն,
- սահմանազատել տեղեկատվությունը մեկնաբանությունից և վերլուծություններից, հրապարակումներում հստակ տարբերակել փաստերի շարադրանքն ու մեկնաբանությունը,
- չխեղաթյուրել փաստերը, հնարավորինս արագ ուղղել հրապարակած սխալները,
- չհավաքել տեղեկություններ անօրինական եւ անազնիվ եղանակներով,
- որեւէ մեկին անօրինական գործողության կամ անգործության մեջ մեղադրելուց առաջ լսել նրա կարծիքը եւ պատասխանի հնարավորություն ընձեռել,
- պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը,
- հնարավոր բոլոր դեպքերում նշել լրատվության աղբյուրը՝ նկատի ունենալով, որ լրագրությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղտնի աղբյուրների, եթե պայմանավորվածություն է եղել չբացահայտել լրատվության աղբյուրը,
- հարգել հեղինակային իրավունքը,
- պատվերով նյութեր չգրել,
- չընդունել նվերներ, հրաժարվել անվճար ուղեւորություններից կամ այլ ծառայություններից, որոնք կասկածի տակ կարող են դնել լրատվամիջոցի անկախությունն ու անկողմնապահությունը եւ վտանգել հասարակության վստահությունը «Սյունյաց երկիր» թերթի նկատմամբ,
- հարգել մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը,
- գրագողություն չանել,
- չենթարկվել քաղաքական ու ֆինանսական ազդեցությունների ու ճնշումների,
- չլինել որեւէ կուսակցության անդամ, քաղաքականության մեջ չներքաշվել, պետական պաշտոններ չզբաղեցնել,
- խուսափել երկրորդ աշխատանքից, եթե դա կասկածի տակ է դնում լրագրողի անկախությունն ու օբյեկտիվությունը,
- խուսափել պաշտոնյաների հետ խիստ մտերիմ կապեր ունենալուց, մեր անձնական եւ մասնագիտական վարքագիծը չպետք է անվստահություն եւ կասկած ներշնչի մասնագիտության եւ թերթի նկատմամբ:
Մասնագիտական գործունեության ընթացքում վերոնշյալ սկզբունքներին պետք է հետեւի «Սյունյաց երկիր» թերթի յուրաքանչյուր լրագրող:
Էթիկայի սույն կանոնագիրն ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին
------------------------------------------------------------------------------------------------------
«Սյունյաց երկիր» թերթի խմբագրական ստանդարտներ
Խմբագրական ստանդարտը լրատվամիջոցի ներքին փաստաթուղթ է, որով սահմանվում են խմբագրական քաղաքականության հիմնական սկզբունքները, կարգավորվում ստեղծագործական աշխատանքի ընդհանուր կողմնորոշիչները:
Այն խմբագրակազմի կողմից կամավորությամբ ընդունված փաստաթուղթ է, որն ինքնակարգավորում է լրագրողների եւ մյուս աշխատակիցների գործունեությունը, արտահայտում լրատվամիջոցի պատասխանատվությունը հասարակության առջեւ:
***
Սյունիքի մարզային «Սյունյաց երկիր» թերթը, որ հիմնադրվել է 2003 թ. հոկտեմբերի 1-ին, ինքնաֆինանսավորվող լրատվամիջոց է եւ խնդիր ունի փաստական, օբյեկտիվ ու պրոֆեսիոնալ լրատվություն մատուցել մարզի մեջ մտնող Մեղրու, Կապանի, Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջանների, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության մասին:
Պարբերականը գործում է «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ մյուս օրենքների հիման վրա:
«Սյունյաց երկրի» առաքելությունն է՝ նպաստել ազատ խոսքի, ժողովրդավարական արժեքների ու ինստիտուտների զարգացմանը:
«Սյունյաց երկիրը» տրամադրում է չգրաքննվող լրատվություն եւ ձգտում հասնել անաչառ, անկողմնակալ լրատվության չափանիշներին:
«Սյունյաց երկրի» լրագրողներն ու մյուս աշխատակիցները պետք է պահպանեն ներքոշարադրյալ սկզբունքները:
Հավաստիություն
Անել առավելագույնը, որպեսզի բոլոր հրապարակումները փաստական առումով ճշգրիտ լինեն:
Այն դեպքում, երբ որեւէ էական փաստի շուրջ կլինեն տարաձայնություններ, ապա տեղեկատվությունը պետք է հիմնվի առնվազն երկու (անկախ) աղբյուրի վրա, ինչը նշանակում է՝ հնարավորություն տալ, որ մատուցվող փաստերի հիման վրա եզրակացության հանգի ինքը՝ ընթերցողը:
Չպետք է հրապարակել նյութեր՝ հիմնված ասեկոսեների կամ չհաստատված տեղեկատվության վրա: Եթե, այնուամենայնիվ, թույլ է տրվել փաստական սխալ, ապա պետք է անհապաղ ուղղել:
Կողմնակալության բացառում
Մատուցվող տեղեկատվությունը պետք է հիմնված լինի փաստերի համատեքստում:
Անհրաժեշտ է ճշգրիտ եւ հավասարակշռված ներկայացնել հակադիր կամ տարբերվող տեսակետները:
«Սյունյաց երկիրը» ոչ միայն ապակուսակցական լրատվամիջոց է, այլ անկախ է քաղաքական կուսակցություններից, իշխանական կամ ընդդիմադիր խմբերից, հայրենակցական միություններից, կրոնական-դավանաբանական կառույցներից, հասարակական կազմակերպություններից, ինչը նշանակում է զերծ մնալ որեւէ ուժի տեսակետը քարոզելուց կամ դրանց ազդեցությունից:
Տեղեկատվական եւ փաստական հաղորդումների մեջ անհրաժեշտ է ներմուծել պարզաբանում պարունակող տարրեր՝ ավելի հասկանալի դարձնելու մատուցվող նյութի նշանակությունը, հնարավոր հետեւանքները:
Եվ, այդուհանդերձ, փաստական հրապարակումների մեջ անկարելի է անձնական տեսակետների կամ անձնական դատողությունների ներառումը:
Սակայն դա չի նշանակում խուսափել մեկնաբանություններից: Առանձին դեպքերում կարող են գրվել մեկնաբանություններ, որոնք պետք է նախապես հավանության արժանացած լինեն խմբագրի կողմից:
Նույն սկզբունքով կարող են ծնվել վերլուծական, խմբագրական հոդվածներ:
Քաղաքակիրթ բանավեճ եւ հարգանք մարդու իրավունքների հանդեպ
«Սյունյաց երկրի» լրագրողը պարտավոր է հրապարակումներում պահպանել չափավոր եւ հարգալից տոն: Առհասարակ հրապարակումների հիմքում պետք է դրվեն քաղաքակիրթ, կշռադատված բանավեճի մոդելը եւ հարգանքը մարդու իրավունքների հանդեպ:
Անթույլատրելի է կրոնական, ազգային, սոցիալ-տնտեսական կամ մշակութային հողի վրա մարդուն կամ մարդկանց խմբերին անվանարկելը, վիրավորելը:
Հատկապես մարդկային հուզումների, այլ լարված իրավիճակների վերաբերյալ հրապարակումները պետք է լինեն փաստերի վրա հիմնված, հավասարակշռված:
Անթույլատրելի է բռնություն հրահրող կամ բորբոքող նյութերի հրապարակումը:
Աջակցություն ժողովրդավարությանը եւ մարդու իրավունքներին
Այդ ստանդարտը չի ենթադրում քարոզ որեւէ առանձին քաղաքականության կամ օրենսդրական նախաձեռնությանը: Չի նշանակում կողմ կամ դեմ լինել որեւէ քաղաքական ուժի կամ իշխանական որեւէ օղակի կամ որեւէ պաշտոնյայի ու ինչ-ինչ պաշտոնի հավակնորդի:
Էթիկակական չափանիշների պահպանում
«Սյունյաց երկրի» էթիկայի կանոնագրով սահմանված է պարբերականի լրագրղոների եւ մյուս աշխատակիցների վարքականոնը:
Խնդիր է դրված՝ անձնական վարքում պահպանել էթիկական բարձր չափանիշներ, խուսափել շահերի բախումից եւ մարդկանց ու կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում քաղաքական-կոմերցիոն շահերից:
Լրագրողը ոչ մի պարագայում չպետք է դիմի գրագողության, այլ հրապարակումներից օգտվելու կամ ուրիշի խոսքը վերարտադրելու դեպքում պարտադիր կարգով պետք է հղումներ կատարել սկզբնաղբյուրին:
Պարբերականի աշխատակիցը որեւէ դեպքում չպետք է չարաշահի իր կարգավիճակը եւ վնաս հասցնի լրատվամիջոցի բարի համբավին:
Եվս մի քանի սկզբունք
Խմբագրական սույն ստանդարտի կիրառմանը զուգահեռ կօգտագործվի նաեւ լրագրողների համար մասնագիտական հրահանգների պատրաստման գործելակերպը: Նման հրահանգները (բանավոր կամ գրավոր) կարող են իրենց մեջ երաշխավորություններ պարունակել լուսաբանվող թեմաների ընտրության, հարցազրույցների պատրաստման, տեղեկատվությունը փնտրելու, լրագրողական ժանրերի եւ այլ հարցերի վերաբերյալ:
Լրագրողը, խմբագրի կողմից տրվող թեմատիկ առաջադրանքներից բացի, պարտավոր է ինքնուրույն ձեւավորել (իր պատկերացմամբ) հանրային նշանակության թեմաների օրակարգ:
Հրապարակումներ պատրաստելիս պետք է լրջորեն աշխատել նյութի սկզբնաղբյուրների, փաստերի, թվերի հետ, ստուգել օգտագործվող անունների, թարգմանված հոդվածների հավաստիությունը, ծանոթանալ տվյալ թեմային առնչվող օրենքներին, ենթաօրենսդրական ակտերին:
Ռիսկեր խմբագրական սկզբունքերի կիրառման գործում
Խմբագրական կամ մասնագիտական ստանդարտները երբեմն կորցնում են իրենց կարեւորությունը եւ վստահությունը՝ համացանցի ազդեցությամբ: Այդ ոլորտում գործում են տեղեկատվության պատրաստման եւ տարածման այլ տեխնոլոգիաներ, կիրառվում են խաղի այլ կանոններ: Ուստի և պետք է կարողանալ դիմակայել այդ գործոններին:
Տեխնոլոգիական, տնտեսական, քաղաքական գործոնները եւս հաճախ բացասական ազդեցություն են ունենում խմբագրական ստանդարտների կիրառման եւ, ի վերջո, խոսքի ազատության վրա:
Ժուռնալիստիկան իբրեւ քաղաքական գործիք դարձնելը կարող է էթիկայի կանոնները, խմբագրական ստանդարտները վերածել սոսկ դեկլարացիայի, եթե լրատվամիջոցը հետեւողական չլինի իր իսկ մասնագիտական ստանդարտների կիրառման մեջ: Չի կարող լինել պրոֆեսիոնալ ժուռնալիստիկա, եթե չգործեն խմբագրական ստանդարտները:
***
Սույն խմբագրական ստանդարտներն ընդունվել են 2019 թ. հոկտեմբերի 15-ին եւ հրապարակվում են syuniacyerkir.am կայքի «Մեր մասին» բաժնում: