Էդուարդ Բեզոյան. «Մոտ մեկ շաբաթից կվերսկսենք Խոտ-Որոտան ճանապարհի շինարարությունը»

05.10.2022 16:05
4820

Հոկտեմբերի 2-ին Խոտ-Որոտան կառուցվող ճանապարհին հանդիպեցինք «Ճանապարհաշինարար» ընկերության տնօրեն Էդուարդ Բեզոյանին և առիթն օգտագործելով փորձեցինք պարզել սյունիքյան հանրությանը հետաքրքրող մի քանի հարցի պատասխան:

Մինչև մեր զրույցը ներկայացնելը՝ ընթերցողին հիշեցնենք, որ Էդուարդ Բեզոյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: Երևանի պոլիտեխնիկականում (ներկայումս՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) 1978-ից դասավանդում է «Ավտոմոբիլային ճանապարհների նախագծում և կառուցում» առարկան: Նա Ճանապարհաշինարարների հայկական ասոցիացիայի նախագահն է:

Էդուարդ Բեզոյանը սյունեցիներին հայտնի է դեռևս 1990-ականներից: Այդ ժամանակ հեղինակել էր Գորիս-Ստեփանակերտ մայրուղու նախագիծը, որը հաջողությամբ կյանքի կոչվեց և գործեց մինչև վերջերս՝ մինչև Բերձորի և Աղավնոյի հանձնումն ադրբեջանցիներին:

2010-ին նրա գլխավորած ընկերությունն է հիմնանորոգել Մ-2-ից մինչև Շինուհայր ընկած ճանապարհը: Այդ ժամանակ ընկերությունը մասնակցել է նաև Հալիձոր-Սատանի կամուրջ ճանապարհի հիմնանորոգմանը:

2021-ի աշնանից  «Ճանապարհաշինարար» ընկերությանն է վստահվել Խոտ-Որոտան ճանապարհի կառուցումը:

Այս տարվա օգոստոսից էլ ընկերությունը մասնակցում է Լաչինի միջանցքի նոր երթուղու՝ Հագարիից մինչև Տեղ ընկած ճանապարհահատվածի կառուցմանը:

Ավելի վաղ՝ 2000-2009 թթ., Էդուարդ Բեզոյանը «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրենն էր:

 

***

- Պարոն Բեզոյան, քանիցս հեռախոսազրույց ենք ունեցել Ձեզ հետ՝ Սյունիքին առնչվող հարցերի շուրջ, բազմիցս մեր ստեղծագործական խումբն այցելել է Ձեր ընկերության կողմից մեր մարզում իրականացվող շինաշխատանքների հրապարակներ, բայց այսօր դեմառդեմ զրուցելու և մեզ հետաքրքրող մի քանի հարցի պատասխանը «առաջին ձեռքից» ստանալու հնարավորություն ունենք, ինչի համար ուրախ ենք:

- Այո, պայմանավորվել էինք հանդիպել և հանդիպել ենք...

- 2021-ի աշնանից սկսած, երբ շրջափակվեց Գորիս-Կապան մայրուղու Գորիս-Որոտան հատվածը, անհրաժեշտություն դարձավ Խոտ-Որոտան՝ դեռևս 1960-ականներին կառուցված, բայց և բազմաթիվ տեղերում փլուզված ճանապարհի նորովի կառուցումը:

Ակտիվ տեմպերով 2021-ի հոկտեմբերին մեկնարկած շինաշխատանքները, սակայն, 2022-ի ապրիլի վերջին կանգ առան:

Անհասկանալի այդ դադարի շուրջ շրջանառվել և շրջանառվում են տարբեր ասեկոսեներ: Մինչ դադարեցնելու պատճառներին անդրադառնալը՝ կուզենայինք իմանալ՝ ե՞րբ են վերսկսվելու շինաշխատանքները Խոտ-Որոտան ճանապարհին. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը վերջերս հայտարարել էր, թե շուտով կվերսկսվեն աշխատանքները:

- Առավելագույնը մեկ շաբաթից կվերսկսենք շինարարությունը և մինչև դեկտեմբերի սկիզբը կավարտենք  հողային աշխատանքները:

10,3 կմ ճանապարհի հողային աշխատանքների մոտ 70 տոկոսն արդեն իսկ ավարտված է, մնացել է ամենադժվարը, բայց կհաջողենք նշված ժամկետում ավարտին հասցնել:

- Եվ, այդուհանդերձ, ո՞րն էր ճանապարհի կառուցման աշխատանքները դադարեցնելու պատճառը:

- Երկու պատճառ կարող եմ նշել. նախ՝ սողանքները, և երկրորդ, որ բխում է դրանից՝ նախագծային անհրաժեշտ փոփոխությունների կատարումը:

Ինքներդ տեսնում եք, թե «Տաթև» հէկի օրվա կարգավորող ջրամբարից, գյուղացիների այգիների ոռոգման նպատակով, որքան ջրեր են հոսում: Այսինքն ջրերով հագեցած տեղեր կան, որ սողանքների տեղիք են տվել:

Հիմա նախագծային փոփոխություններն ավարտված են և պատկան մարմինների կողմից հաստատված:

Ճանապարհի որոշ հատվածներ գյուղացիներին պատկանող այգիներով են անցնելու. կսպասենք, որ մարդիկ բերքը հավաքեն, և դրանից հետո միայն տեխնիկան կմտնի տվյալ տարածք:

Ջրահեռացման հարցն էլ կլուծվի, ավելի ճիշտ՝ մեր խնդիրն է՝ ջուրը հեռացնել ճանապարհից, ինչը և կանենք:

Ի դեպ, այգիների սեփականատերերը, որոնք ճանապարհի կառուցման հետևանքով կկորցնեն այգիները, փոխհատուցում պիտի ստանան: Սյունիքի մարզպետը խոստացել է դրանով զբաղվել, և հույս ունենք, որ գյուղացիների հետ խնդիրներ չեն առաջանա:

- Ձեր ընկերությունը հիմա Լաչինի միջանցի սյունիքյան հատվածում էլ ծանր բեռան տակ է մտել, ինչին ականատես եղանք երեկ՝ այնտեղ կատարած այցելության ժամանակ: Կկարողանա՞ք  երկու ճակատով աշխատել:

- Դուք երևի նկատել եք, որ 2022-ի ապրիլից հետո, երբ դադարեցվել էին աշխատանքները Խոտ-Որոտան ճանապարհին, մենք ճանապարհաշինական տեխնիկան թողել ենք այդտեղ՝ արդարացիորեն ակնկալելով աշխատանքների վերսկսում: Միջանցքի ճանապարհի կառուցման համար նույնիսկ այլ կազմակերպություններից ենք տեխնիկա վարձակալել, որպեսզի Խոտ-Որոտան ճանապարհի շինարարության աշխատանքները չջլատենք: Այնպես որ՝ պատրաստ ենք երկու տեղում էլ աշխատանքներն իրականացնել պատշաճ ձևով, ինչով և զբաղված ենք:

- Ասում եք՝ հողային աշխատանքների 70 տոկոսն ավարտել եք...

Եվ մենք, և այստեղով երթևեկողները մի հարցի պատասխան են ուզում իմանալ՝ ճանապարհը  բավականին լայն է կառուցվում՝ միջպետականի համար սահմանված նորմայից ավելի, ի՞նչ է նշանակում դա:

- Ճիշտ եք նկատել, կառուցվող ճանապարհի լայնությունը ոլորաններում երբեմն հասնում է 18-20 մետրի: Դա այն նկատառումով, որ խոշոր բեռնատարներն առանց դժվարության հաղթահարեն ճանապարհը:

Ուղիղ տեղերում ճանապարհի երթևեկելի մասը կունենա 6 մ լայնություն:

Մի խոսքով՝ բավականին լավորակ ու բարեհարմար ճանապարհ է լինելու, ինչին ձգտում ենք:

- Մի հարց ևս. ըստ շրջանառվող խոսակցության՝ Խազալկապով անցնող Խոտ-Որոտան ճանապարհին միանալու է Գորիս քաղաքից իջնող ճանապարհային մեկ այլ ճյուղ, որքանո՞վ է դա հավաստի:

- Հավաստի խոսակցություն է, Գորիսից ճանապարհային մեկ ճյուղ Խոտ-Որոտանին միացնելն անհրաժեշտություն է:

Որքանով տեղյակ եմ, նախագծային աշխատանքներ են կատարվում:

Ճանապարհը կսկսի Քարահունջի մերձակայքից՝ Ծակեր կոչվող վայրից (Միշայի օբյեկտի կողքից) և կթեքվի աջ...

Սյունիքի մարզպետարանը պետք է հետամուտ լինի, որ նախագծային աշխատանքները հնարավորինս շուտ ավարտվեն:

Մարզպետարանը պետք է նաև պատկան մարմիններին փաստարկված հիմնավորումներ ներկայացնի և ապացուցի, թե որքան կարևոր է ճանապարհային այդ ճյուղի կառուցումը:

Զրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40