Ինչ խնդիրներներ է կարգավորում Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան. Քաղաքագետի անդրադարձը

14.08.2018 10:56
1115

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կասպյան հնգյակի» միջև ավելի քան 20 տարի տևած բանակցություններից հետո 2018թ. օգոստոսի 12-ին Ակտաույում կայացած մերձկասպյան երկրների (Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Իրան) ղեկավարների 5-րդ գագաթաժողովում կնքվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան։ Հատկանշական է, որ կոնվենցիայի նախագծի մասին հայտնի էր դեռևս 2017թ. դեկտեմբերին, և այս ամիսներին փաստաթուղթը նախապատրաստվում էր նախագահների ստորագրման համար:

ԽՍՀՄ փլուզումից ի վեր Կասպից ծովի իրավական կարգավիճակի հստակեցման համատեքստում մերձկասպյան երկրների միջև եղել են մի շարք  տարաձայնություններ։ Դրանք վերաբերում են  Կասպից ծովի ջրային մակերեսի և հատակի բաժանմանը, որոշ հանքավայրերի շահագործմանը, խողովակաշարերի կառուցմանը, ռազմական ներկայությանը և այլն։ Կոնվենցիայի ստորագրումը ցույց  տվեց, որ մերձկասպյան երկրները որոշ խնդիրների և ձևակերպումների շուրջ կարողացել են հասնել կոնսենսուսի, բայց  արդյո՞ք կոնվենցիան լուծում է այս հարցերի շուրջ առկա բոլոր տարաձայնությունները։ 

Ջրային մակերեսի և հատակի բաժանում

Կասպից ծովի շուրջ վիճելի գլխավոր հարցերից մեկ եղել է ծովի ջրային մակերեսի, հատակի և ստորջրյա հատվածի բաժանումը։ Եթե կոնվենցիայում Կասպիցի ջրային մակերեսի բաժանումը հստակորեն ամրագրված է (Կասպից ծովի ջրային տարածքը բաժանվում է ներքին ջրերի, տարածքային ջրերի  (ոչ ավելի, քան 15 ծովային մղոն) ձկնորսական գոտու  (10 ծովային մղոն) և ընդհանուր ջրային տարածության), ապա հատակի բաժանման հարցը ամբողջապես լուծված չէ։ Կոնվենցիան ամրագրում է, որ  ծովի հատակն ու ստորջրյա հատվածը բաժանվում են ազգային սեկտորների, և սեկտորային սահմանազատումը նախատեսվում է իրականացնել բոլոր կողմերի պայմանավորվածությամբ՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները։ Ըստ էության, այս մոտեցմամբ Կասպիցի հատակի բաժանման հարցին չի տրվում վերջնական լուծում։  Այս մասին է փաստում նաև այն, որ  կոնվենցիայի ստորագրումից հետո էլ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Կասպից ծովի հատակի բաժանումը պետք է իրականացվի առանձին համաձայնագրի  միջոցով։ 

Կասպից  ծովի հատակի և ստորջրյա հատվածի բաժանումն ուղղակիորեն առնչվում է որոշ վիճելի հանքավայրերի պատկանելիության խնդրին։ Մինչ օրս մի շարք հանքավայրերի շահագործման շուրջ տարաձայնություններ են առկա Իրանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև։ Ըստ էության, ստորագրված կոնվենցիան չի կարգավորում նաև այդ տարաձայնությունները և  վիճելի հանքավայրերի շահագործման հետ կապված քննարկումները կշարունակեն մնալ այդ երկրների օրակարգում: 

Խողովակաշարեր

Կասպից ծովում խողովակաշարերի կառուցման խնդիրը նույնպես եղել և շարունակում է մնալ մերձկասպյան երկրների շահերի բախման առարկա: Կոնվենցիայով ամրագրվում է, որ Կասպից ծովում ցանկացած  խողովակաշարի անցկացման ճանապարհի որոշումն իրակացվում է այն կողմի համաձայնությամբ, որի ստորջրյա հատվածով անցնում է խողովակաշարը։ Պետք է ընդգծել, որ, չնայած կոնվենցիայում ամրագրված է, որ խողովակաշարի կառուցման վերաբերյալ հարցերը պետք է կարգավորվեն այն երկրների միջև, որոնց տարածքով անցնում է տվյալ խողովակաշարը, այնուամենայնիվ, կոնվենցիան չի երաշխավորում երկկողմ համաձայնությամբ որևէ նախագծի կյանքի կոչման հնարավորություն: Դեռևս 2003թ. մերձկասպյան երկրների կողմից ստորագրվել է Կասպից ծովի ծովային միջավայրի պաշտպանության շրջանակային կոնվենցիան (Թեհրանյան կոնվենցիա), որն ունի 4 կից արձանագրություն։ 5-րդ արձանագրությունը՝ «Կասպից ծովում նախագծերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գնահատելու վերաբերյալ», ստորագրվել է 2018թ. հուլիսին: Արձանագրությունը նախատեսում է Կասպից ծովում խոշոր նախագծերի (ներառյալ խողովակաշարերի կառուցում) էկոլոգիական չափանիշների վերաբերյալ համաձայնեցում բոլոր ափամերձ երկրների միջև: Փաստացի այս դրույթի շնորհիվ մերձկասպյան երկրները ստացել են Կասպից ծովում ցանկացած խողովակաշարի կառուցման վրա ազդելու լծակ։

Այս ամենը վերաբերում է նաև Տրանսկասպյան գազատարի նախագծին, որով նախատեսվում է Թուրքմենստանից Ադրբեջան ձգվող խողովակաշարով թուքմենական գազը Վրաստանի և Թուրքիայի միջոցով հասցնել Եվրոպա՝ թուլացնելով վերջինիս կախվածությունը ռուսական գազից։ Որպես նախագծի գլխավոր խոչընդոտ մշտապես դիտարկվել է Կասպից ծովի կարգավիճակի չհստակեցված լինելը, ինչպես նաև այն, որ եվրոպական շուկա թուրքմենական գազի արտահանման հեռանկարը չի բխել տարածաշրջանի երկու տերությունների՝ Ռուսաստանի ու Իրանի շահերից:

Հաշվի առնելով 2003թ. կոնվենցիան և դրա ընձեռած «էկոլոգիական լծակը»՝ կարելի է պնդել, որ քանի դեռ Ռուսաստանն ու Իրանը  շահագրգռված չեն Տրանսկասպյան գազատարի կառուցմամբ, այդ նախագծի հեռանկարները կմնան մշուշոտ։ 

Ռազմական ներկայություն

Ռազմական ներկայության հարցի շուրջ  ևս բավականին երկար ժամանակ մերձկասպյան պետությունները չէին կարողանում համաձայնության հասնել։ Կոնվենցիան ամրագրում է, որ միայն մերձկասպյան երկրները Կասպից ծովում  կարող են ունենալ ռազմանավեր և ռազմաբազաներ, ինչն, ըստ էության, արտացոլում է այս հարցում ՌԴ և Իրանի դիրքորոշումը՝ բացառել արտատարածաշրջանային դերակատարների  ներկայացվածությունը Կասպից ծովում:

Այսպիսով, չնայած Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրմանը, այնուամենայնիվ, այն ամբողջությամբ չի կարգավորում մերձկասպյան 5 երկրների միջև եղած խնդիրներն ու  տարաձայնությունները: Այն ամրագրում է անհրաժեշտ սկզբունքներ և մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալու մերձկասպյան երկրներին տարբեր ձևաչափերով գտնել վիճահարույց խնդիրների լուծման տարբերակներ։

Հատկանշական է նաև, որ կոնվենցիան դեռևս պետք է վավերացվի 5 մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի խորհրդարանների կողմից, և այդ գործընթացում չենք կարող բացառել որոշակի բարդությունների հնարավորությունը: 

Աննա Չիչյան

քաղաքագետ

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37