Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26
207

Հետանկախության շրջանում Հայաստանում որոշակի տարածում գտան տեղագրական բնույթի աշխատությունները: Դա ինքնին բնական է, քանի որ մարդ մշտապես ձգտում է խորությամբ ճանաչելու իր ծննդավայրը, բնօրրանը, իմանալու նրա պատմությունը, հպարտանալու անցյալի հերոսական էջերով, իրազեկվելու տոհմական ակունքներին, արմատներին, նախնյաց ունեցած հասարակական դիրքին, նրանց զբաղմունքին, կատարած գործերին:

Գ. Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատությունը` իր  ծավալայնությամբ, խորքային և բազմաոլորտ ընդգրկվածությամբ, անհամեմատելիորեն գերազանցում է մեզ ցարդ հայտնի տասնյակ նմանաբնույթ ուսումնասիրությունները:

Սկզբից ևեթ ակնբախ են հեղինակի տիտանական, բազում տասնամյակների տքնաջան աշխատանքը, աննահանջ հաստատակամությունը, անկոտրում կամքը:

 Տքնության արգասիք «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» ստվարածավալ երկգիրք աշխատությունը շարադրված է հարուստ աղբյուրագիտական ատաղձով` մատենագրական, վիմագրական, վավերագրական, ազգագրական սկզբնաղբյուրների հիմամբ: Հեղինակը չի զլացել թերթել հանրապետական, մարզային, շրջանային մամուլի էջերը, հարցուփորձ անել մեծահասակներին, իրազեկ անձանց` համեմելու համար իր աշխատանքը հետաքրքրական ավանդազրույցներով, ուշագրավ պատումներով:

Ընթերցողը «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» ուսումնասիրության Առաջին գրքում  (864 էջ) կծանոթանա գյուղի աշխարհագրությանը, պատմությանը, կենցաղին ու բնակչության սովորույթներին, խոհանոցին`իր բազմազան ախորժելի ուտեստներով, մանկապատանեկան ավանդական խաղերին և այլ ուշագրավ փաստերի, իրողությունների:

Ակներև է` հեղինակն առաջնորդվել է «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» սկզբունքով. նրա աշխատանքում իրենց կատարած գործերով անվանական, երբեմն լուսանկարների ուղեկցությամբ ներկայացված են բոլորը` հովվից, անասնապահից  մինչև կոլտնտեսության նախագահ, սովխոզի գլխավոր, կթվորուհուց մինչև ֆերմայի վարիչ, վարորդից մինչև գյուղական, շրջանային ղեկավար, մանկապարտեզի դայակներից, դաստիարակներից մինչև դպրոցի ուսուցիչներ, տնօրեն, ուսանողից մինչև դասախոս, գիտնական:

Գ. Հայրումյանն առանձնահատուկ կարևորել է վերիշենցիների, գորիսեցիների` քաջակորով ու արի սյունեցիների մասնակցությունը 20-21-րդ դդ. պատերազմներին` Առաջին աշխարհամարտ (1914-1918), Խորհրդաֆիննական (1939-1940), Հայրենական մեծ (1941-1945), Արցախյան ազատամարտ (1988-1994), 44-օրյա (2020), հպարտորեն պատմելով զինվորների, հրամանատարների հերոսությունների, սխրագործությունների մասին` միաժամանակ ցավով ներկայացնելով վասն հայրենյաց նահատակված հայորդիներին: Հավերժ փա՜ռք նրանց պայծառ հիշատակին, խոնարհում նրանց շիրիմներին:

Աշխատանքում չեն մոռացվել նաև ստալինյան դաժան ռեպրեսիային սին մեղադրանքներով հանիրավի զոհ դարձած` գնդակահարված, աքսորված վերիշենցիները:

Գ. Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատանքում քիչ չեն բավական ուշագրավ տեղեկությունները, որոնք դուրս են գալիս գորիսյան, համահայկական շրջանակներից և ստանում միջազգային կարևորություն: Մասնավորապես այն, որ աշխարհում առաջին կին տիեզերագնաց-օդաչու Վալենտինա Տերեշկովան մի առ ժամանակ աշխատել է Լենինականի տեքստիլում որպես ջուլհակուհի (Գիրք առաջին, էջ 69): Սրտահույզ է Վալենտինա Տերեշկովայի և վերիշենցի վարորդ Յուրա Մինասյանի հանդիպումը Կիրովականում, որում արտացոլվում է ռուս մարդու, կնոջ հոգու վեհությունը, պարզությունը: Յուրան բանակում ծառայել էր որպես վարորդ և ավտոբուսով վարժանքների էր տարել-բերել տիեզերագնացների ջոկատի, որի կազմում էր եղել նաև Վալյան: 1965 թ. առաջին կին տիեզերագանցը հյուր է գալիս Հայաստան, որին ամենայն մեծարանքով ու պատվով ընդունում է հանրապետության ղեկավարությունը` կոմկուսի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի գլխավորությամբ: Երևանում, Լենինականում, Կիրովականում, ամենուր մարդիկ հավաքվում էին` տեսնելու առաջին կին տիեզերագնացին: Տերեշկովայի պատվին ճաշկերույթ էր տրվում Կիրովականի «Գուգարք» ռեստորանում: Քաղաքի հրապարակը ժապավեններով փակ էր, հավաքված էր մարդկանց հոծ բազմություն, ասեղ գցելու տեղ չկար: Յուրան, մի կերպ ճեղքելով մարդկանց շարքերը, մոտենում է ոստիկաններին և խնդրում ինչ-որ ձևով  տեղյակ պահել Տերեշկովային, որ ինքը դրսում է և ուզում է իրեն տեսնել: Լսելով դրա մասին` Վալենտինան դուրս է վազում ռեստորանից, ամբոխի մեջ փնտրում-գտնում Յուրային, գրկախառնվում, ապա իր հետ ներս տանում:

Վերիշենցիների, և ոչ միայն նրանց, հպարտությունն է ԽՍՀՄ գեներալ-լեյտենանտ Բագրատ Իսահակի Առուշանյանը (1903-1994): Զորավարի ռազմական տաղանդը փայլեց դեռևս ֆիննական պատերազմում (1939-1940), երբ գլխավորեց հակառակորդի պաշտպանական գոտու`  հանրահայտ «Մաններհայմի գիծը» ճեղքելու օպերացիան, որի համար պարգևատրվեց Կարմիր դրոշի շքանշանով և գեներալ-մայորի կոչմամբ: 1940 թ. Կիևյան օկրուգի զորքերի (հրամանատար` գեներալ-գնդապետ Գեորգի Կոստանտինովիչ ժուկով` 1896-1974) շտաբի պետն էր գեներալ Առուշանյանը, որտեղ 12-րդ բանակի օպերատիվ բաժնի պետ է նշանակվում գնդապետ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանը (1897-1982): Սրտառուչ էր երկու հզոր հայորդիների հանդիպումը, որոնք միմյանց ճանաչում էին դեռևս 1920-ական թվականներից (Գիրք առաջին, էջ 372-381):

Գ. Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատության Երկրորդ գրքում (800 էջ) ներկայացվում  են գյուղի տոհմերը, գերդաստանները, ընտանիքները (շուրջ` 125)` սկսած Մելիք-Հուսեինյանների մելիքական տնով:

Բարձր գնահատելով Գ. Հայրումյանի մեղվաջան աշխատանքը` միաժամանակ չենք կարող համաձայնել նրա մի քանի տեսակետներին, որոնցում երբեմն տուրք է տրված տեղական ազգայնականությանը.

-Պատմահայր Մովսես Խորենացին սյունեցի չէ, որքան էլ դա պնդեն Վենետիկի Մխիթարյան միաբանության որոշ աղբյուրներ. նա չի ծնվել Սյունիքի Հաբանդ գավառի Խորեան գյուղում  (Գիրք Ա., էջ 72), այլ` Տուրուբերան նահանգի Տարոն պատմագավառի Խորոնք գյուղում:

-Թեական է. «Ի տարբերություն Հայաստանի մյուս տարածքների, Սյունիքում հեթանոսական աստվածների մեհյաններ չեն կառուցվել: Հայոց գլխավոր աստվածների մեհյանները գտնվել են Սյունիքից շատ հեռու: Սյունիքը չի ունեցել նաև աստվածների անունով տոներ և օրեր» (Գիրք Ա., էջ 120): Հետո էլ, խոսելով Տաթևի վանքի հիմնարկման մասին, որն ի դեպ եղել է Հայոց բոլոր ժամանակների № 1 մենաստանը, ինքն իրեն հերքում է. «Պատմական աղբյուրները հավանական են համարում, որ այն հիմնադրվել է հեթանոսական մեհյանի տեղում» (Գիրք Ա., էջ 697):

-Ք. ա. 401 թ. զորավար, պատմագիր Քսենոֆոնի համահրամանատարությամբ Պարսկաստանից հայրենիք նահանջող 10 հազարանոց հունական զորքը չի անցել Սյունիքով, ինչպես ենթադրում է Գ. Հայրումյանը (Գիրք Ա., էջ 245): Ըստ Քսենոֆոնի, Անաբասիս, թարգմ.`Սիմոն Կրկյաշարյանի, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1970, գլուխ IV-ի վկայություններով մեր հաշվարկի`  հույները Հայաստանով դեպի Պոնտական (Սև) ծով նահանջել են Կորդվաց լեռներով, Մոկաց աշխարհով, Տարոն-Տուրուբերան նահանգով, ապա` Բարձր Հայքով, որտեղի Սպեր գավառի գյուղերից մեկում էլ տեսել են իրենց անծանոթ գարեջուրը: Բայց, ամեն դեպքում, բավականին հետաքրքրական ու տրամաբանության մոտ է գարեջրի առաջացման պատմությունն ըստ Բագրատ Զադայանի (Զդին Պակիի) ավանդապատման. Սյունյաց նահապետ Ձագ իշխանն այնքան հոգատար է եղել իր երամակի ազնվացեղ ձիերի նկատմամբ, որ ձիապաններին կարգադրել է նժույգներին, մատակներին, հովատակներին գարին մատուցել միայն ծեծած վիճակում: Ծառաները փայտե թակերով սանդերում օր ու գիշեր գարի են ծեծել: Գարուց ջուր է հոսել, որը հավաքվել է սանդերի անկյուններում: Մեկ-երկու օր հետո այծերն այն խմել են, կայտառացել, թռչկոտել: Զարմացած ծառաները նույնպես խմել են այն, ապա զեկուցել իշխանին: «Շուտով իշխանի մառաններում հայտնվել է նրա գինեգործների և խոհարարների ծեծած ու թթվեցված գարուց, կաղնու տերևներից ու էլի ուրիշ բույսերից ստեղծված գարեջուր: Եվ երբ եկել են տարբեր երկրներից թագավորներ, իշխաններ և այլ մեծամեծեր` տեսնելու Ձագ նահապետի ձիերը, վերջինս նրանց հյուրասիրել է գարեջուր, այնպես էլ այն տարածվել է աշխարհում…» (Գիրք Ա., էջ 709): Համառոտ ներկայացված ավանդազրույցը մոտ է ճշմարտապատման. բնականաբար գարեջուրը Սյունիքից պետք է նախ տարածվեր ողջ Հայաստանով, ապա` համայն աշխարհով: Հայկյան Սիսակ նահապետից սերող Ձագ իշխանն ապրել է Քսենոֆոնից առաջ:

-Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» աշխատանքը վիմագրագիտական տեսանկյունից էլ ավելի կշահեր, եթե օգտագործվեին ծագումուվ գորիսեցի վիմագրագետ Սաթենիկ Խուրշուդյանի հոդվածի նյութերը. «Նորահայտ արձանագրություններ Վերիշենից. Սեդրակ Բարխուդարյանի հետքերով», Սեդրակ Բարխուդարյան-120, Գիտական հոդվածների ժողովածու, Եր., ՀՀ ԳԱԱ ՀԱԻ, 2019, էջ 45-55:

Արված դիտարկումները բնավ չեն ստվերում Գագիկ Հայրումյանի կատարած ահռելի աշխատանքը. հեղինակի բազմամյա տքնության արգասիք «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն»  երկգիրք ստվարածավալ աշխատությունն ուղղված է ոչ միայն ներկա ժամանակի ընթերցողներին, այլև` յուրօրինակ կտակ է գալիք մոտիկ ու հեռու սերունդներին որպես անցյալի և մեր օրերի մշտնջենական վկայություն:

 

 

Աշոտ Մանուչարյան

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

 

 

 

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ

09.10.2026 10:53

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

09.10.2026 10:49

Գրախոսություն․ Գագիկ Հայրումյանի «Հին Գորիս կամ Ձագեձորից մինչև Վերիշեն» երկգիրք աշխատության վերաբերյալ

09.10.2026 10:26

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

09.10.2026 10:10

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25