Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում եվրոպական մի շարք երկրների և Եվրոմիության ղեկավարներն ու ներկայացուցիչները համատեղ հայտարարություն են ընդունել՝ վերահաստատելով իրենց աջակցությունը Հայաստանին։
«Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության առաջնորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Դուբլինում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ միասին նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ։
Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը։
Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք հայ ժողովրդին հնարավորություն տվեցին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի կողմից բազմակողմ միջամտությանը։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը Հայաստանի նկատմամբ միայն ուժեղացել է։ Ռուսաստանը Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ է կիրառել և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումն օգտագործել որպես ահաբեկման միջոց։ Ի պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ Հայաստանին հնարավորություն տալու պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն որոշել սեփական ապագան։ Մենք կշարունակենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմք ընդունելով Եվրոմիության որոշումը՝ կասեցնելու Հայաստանից ԵՄ արտահանվող ապրանքների 80 տոկոսի նկատմամբ մաքսատուրքերը։
Մենք ճանաչում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և կշարունակենք աջակցել Հայաստանին՝ բարեկեցիկ ու դիմակայուն ժողովրդավարություն և զարգացած տնտեսություն կառուցելու ջանքերում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցային ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին լիարժեք ինտեգրվելու գործընթացում։
Մենք նաև աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, 2025 թվականի օգոստոսին Վաշինգթոնում կայացած հանդիպումից հետո արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Մենք խրախուսում ենք այս ուղղությամբ հետագա ջանքերի գործադրումը՝ ի շահ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի»,- նշվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված հայտարարության մեջ։