Մի քանի փաստ կապված Տաթևի վանքի հյուսիսային դարպասի և աղբյուրի հետ

01.06.2023 17:06
733

Տաթևում լինելիս միշտ այցելում եմ Տաթևի վանք, որտեղ իմ պատանեկության հետ կապված շատ հուշեր կան (Ռ. Հ.): Վերջերս ինձ զարմանք պատճառեց վանքի հյուսիսային դարպասի ցուցանակը, որն ավետում է, թե դա վանքի հին դարպասն է: 1960-ական թթ. տաթևացի տարեցները միշտ շեշտել են, որ հին դարպասը հյուսիս-արևելյանն է: Հիշեցի նաև «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի Տաթև հոդվածը, որում բերված է Տաթևի վանքի հատակագիծը [1, էջ 995], որտեղ որպես դարպաս նշված է միայն հյուսիսարևելյանը, իսկ այժմյան հյուսիսային դարպասի շինությունը՝ որպես վանքի աղբյուրի շինություն: Նշենք, որ Գրիգոր եպիսկոպոսը (աթոռակալել է 1058-1116 թթ.) վերակառուցել է վանքի դարպասը և դրա ու Սյունիքի իշխանների դամբարանի վրա կառուցել Ս. Աստվածածին եկեղեցին [1-3]:

Մեր զարմանքն ավելի խտացավ, երբ վանքի ներկա աղբյուրի  պատին կարդացինք հետևյալ արձանագրությունը. «Յամի տեառն. 1875 աշխատությամբ Ստեփանոս վարդապետի Մխիթարեանց Ալեքսանդրապոլցոյ շինեցալ աղբիւրս»: Վանքի վանահայր Տեր Միքայելը չփարատեց մեր զարմանքը՝ նշելով, թե մասնագետների կատարած պեղումների արդյունքն է դա: Մեզ հաջողվեց ծանոթանալ այդ հետազոտություններն ամփոփող մի հոդվածի հետ [4]: Պարզվեց՝ հոդվածում չկա որևէ տեղեկատվություն հյուսիսային դարպասի «հին» լինելու մասին: Ինչ վերաբերում է աղբյուրի խնդրին, ապա հոդվածի հեղինակներն օգտվել են Մեսրոպ արքեպիսկոպոս Տեր Մովսիսյանի վերծանած արձանագրությունից, որը բերված է նրա աշխատության մեջ [5, էջ 52, արձանագրություն 122]: Տեր Մովսիսյանը 1904 թ. եղել է Տաթևի վանքում և կատարել մեծ թվով արձանագրությունների վերծանություն: Շինել բառն ավելի լայն գործածություն ունի, քան կառուցել բառը: Օրինակ, ասում են՝ քանդված պատը կամ անսարք գործիքը շինեց (նաև գործածվում է սարքեց, բայց ոչ կառուցեց): Թյուրիմացությունից խուսափելու համար պետք է լավ ուսումնասիրել այլ աղբյուրներ: Փաստորեն խոսքը վերաբերում է Տաթևի տարածաշրջանի Կաքավասարից բերված աղբյուրին: Կաքավասարի այդ սառնորակ աղբյուրը տաթևացիները անվանում են վանքի աղբյուրի ակունք կամ վանքի ակնը: Այդ աղբյուրի ջուրը Տաթև է հասցրել Հովհաննես վրդ. Ղալամյանը և գյուղի եզրին, վանք գնացող ճանապարհի մոտ, 1745 թ. կառուցել աղբյուր՝ կամարակապ շենքով [1, 996], որին տաթևցիները կոչել են վանքի աղբյուր և որը վաղուց ջրազրկված է: Այնուհետև Գրիգոր եպիսկոպոսը ջրատարը հասցնում է վանք և 1745 թ. կառուցում (այս բառը մենք օգտագործում ենք վերապահումով) վանքի աղբյուրը Ս. Աստվածածին եկեղեցուն կից, վանքի մուտքից աջ [2, 24]: Հետագայում Կաքավասարից եկող ջրատարը և վանքի աղբյուրը նորոգել են Մարտիրոս արքեպիսկոպոս Սյունեցին (1817 թ.) [6, էջ 701], Կարապետ վրդ. Շիրմազանյանը (1850-ական) [6, էջ 703], Ստեփանոս վրդ. Մխիթարյանցը (1875 թ.) [6, էջ 705]: Տաթևի արքեպիսկոպոսարանի արձանագրությունների մատյանում՝ Տաթևի Քոթուկում (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, թ. 6271), այս տեղեկատվություններն արձանագրված են, որից  և օգտվել ենք: Մեր կարծիքով առաջնային սկզբնաղբյուր պետք է ընդունենք արձանագրությունների ձեռագիր մատյանը: Այս մատյանի 705 էջում գրված է՝ Ստեփանոս վարդապետ Մխիթարյանցը շինել է հյուսիսային նոր դարպասը և նորոգել (բայց ոչ շինել, հեղ.) վանքի աղբյուրը:

Այստեղից հետևում է, որ հյուսիսայինը հին դարպասը չէ, և այդ շինությունը, որը անթերի ընդգրկված է ընդհանուրի մեջ, նախատեսված է եղել աղբյուրի համար: 1960-ական թթ. հյուսիսային դարպասից ներս մտնելիս (հյուսիս-արևելյանը վնասվել էր 1931 թ. երկրաշարժից և փակ էր) աջ պատի երկայնքով կար քարից ջրի կիսաբաց խողովակաշար (այն խողովակները, որ նշվում է աշխ. 4-ում) և միացված էր ջրի քարե մեծ ծավալով գուռին, որը տեղադրված էր անմիջապես այդ տարածքի եզրին (մեջտեղում), իսկ տարածքից իջնելու աստիճանները կողային էին [2, 24]: 1931 թ. երկրաշարժից հավանաբար խաթարվել էր Կաքավասարի ջրատարը, և աղբյուրը ջրազրկված էր: 1970-1980-ական թթ. վանական համալիրի վերանորոգման ժամանակ աշխատողները Կամարի ձորի աղբյուրներից ջրատար կառուցեցին, և վանքի աղբյուրը սկսեց քչքչալ: Սակայն հյուսիսային դարպասի վերանորոգման ժամանակ այդ աղբյուրի հետքը կորավ և ոչ միայն դա: Աղբյուրի խողովակաշարը և այլ քարե վկաներ շինարարական աղբի հետ լցվել են հարակից կիսավեր շինության մեջ: Այժմ վերափոխված աղբյուրը սնուցվում է Տաթև գյուղի ջրատարից:

Հարց է առաջանում. մի՞թե մինչև Կաքավասարի ջրատարի կառուցումը համալիրը չի ունեցել աղբյուր: Վանքը միշտ էլ մարդաշատ է եղել, և բնական է, որ պիտի ունենար խմելու ջրի աղբյուր: Այսօր տաթևցիները վանքի աղբյուրի ակունք կամ վանքի աղբյուր (ակն) են անվանում նաև Վերին խոտրավարի տարածքում գտնվող աղբյուրներից մեկը: Կարելի է կարծել, թե Տաթևի վանական համալիրը, նույնիսկ մինչև Կաթողիկեի կառուցումը (այսինքն՝ մինչև 895 թ.) ունեցել է աղբյուր, որը սնուցվել է համալիրը շրջափակող լեռնաշղթաների փեշերից բխող աղբյուրներից կամ գուցե և Վանքի գետից: Սա բարեխիղճ մասնագետ հետազոտողի խնդիր է: Մյուս խնդիրն այն է, թե հյուսիսային մուտքի կամարակապ շինությունը կառուցվել է համալիրի պարիսպների կառուցման ժամանա՞կ՝ որպես աղբյուրի շինություն, թե՞ ավելի ուշ: Նորից ենք շեշտում, սրանք մասնագիտական խնդիրներ են:

Ցավոք, 1960-ական թթ. հետո համալիրում որոշ բաներ կորսվել են: Մեկի մասին մենք արդեն խոսեցինք: Մյուսը վերաբերում է համալիրի ներսում գտնվող շիրմաքարերին: Նշված ժամանակներում (այսինքն անցած դարի 60-ական թթ.) պահպանված էին Առաքելոց եկեղեցու արևմտյան և հարավային կողմերի շիրմաքարերը, որոնք հիմա հիմնականում անհետացել են: Դրանք Սյունյաց թեմի առաջնորդների և վանքի վանահայրերի շիրմաքարերն էին, ունեին հազարամյակի պատմություն և ներկայացնում էին հնագիտական հետաքրքրություն: Եկեղեցու զանգակատնից արևմուտք, մի քանի մետր հեռու կար մոտ 2 մետր տրամագծով խոր փոս: Որոշ մարդիկ կարծում էին, թե դա հավանաբար վանքի գետնուղու մուտքն էր, որի հավանականությունը շատ փոքր էր: Համալիրը հարավարևմտյան ժայռեղեն կողմից ելք ունի դեպի ձորը, դեպի գետը, որը դրսից դժվար նկատելի էր: Հավանաբար այդ փոսը շինարական աղբի հետ կլանել է նաև անմիջապես մոտակայքում գտնվող շիրմաքարերը:

Այսօր գրեթե չկա նաև համալիրի պարսպից դուրս՝ Աղքատի մատուռի և Ձիթհանի հարևանությամբ գտնվող շիրմատունը: Անհասկանալի է, թե այստեղի և վանքի ներսի շիրմաքարերն ինչպես և ուր անհետացան:

Տարիներ առաջ (ոչ հեռավոր անցյալում) վանքում ինչ-որ միջոցառում «լավ» կազմակերպելու համար հող լցվեց Առաքելոցի հյուսիսային և արևմտյան կողմերը, որի հետևանքով եկեղեցու պատերի մոտակայքում գտնվող ամեն ինչ ծածկվեց հողով, այդ թվում՝ հավանաբար նաև որոշ շիրմաքարեր: Եկեղեցու շուրջը (բացի հարավային կողմից) մոտ 60 սմ լայնությամբ երեսապատված էր բազալտե քարով, ավելի շուտ դա շինության հիմքի օրգանական մաս էր, որը հիմա դիտվում է եկեղեցու արևելյան կողմում: Անհրաժեշտ է հեռացնել հողը և շրջակայքը բերել նախնական տեսքի (թեկուզև ինչպես եղել է անցած դարի սկզբներին):

Եկեք չթաղենք մեր պատմությունը և հետո փորփրելով ինչ-որ բաներ հայտնաբերենք:

Գրականություն

  1. Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Եր., 2002, էջ 995-996:
  2. Է. Զոհրաբյան, Հ. Միրզոյան, Գորիսի հանրագիտարան, Եր., 2008, էջ 24:
  3. Ս. Պողոսյան, Տաթևի համառոտ պատմություն, Եր., 2007, էջ 17:
  4. Husik Melkonyan, Arsen Harutyunyan, Davit Davtyan, Excavation at Tatev monastery in 2014-2015, Aramazd, Armenian Journal of Near Eastern Studies, 2017, 11(1-2), 305-321.
  5. Մեսրոպ արքեպիս. Տեր-Մովսիսյան, Հայկական երեք մեծ վանքերի Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 52:
  6. Տաթևի վանքի արձանագրությունների մատյան՝ Տաթևի Քոթուկը (Մ. Մաշտոցի անվան Մատենադարան, թվահամար 6271):

Ռոմիկ Հարությունյան

քիմիական գիտ. դոկտոր, ԵՊՀ պրոֆեսոր

Դավիթ Հարությունյան

Տնտեսագիտության թեկնածու

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41