105 տարի առաջ՝ 1921 թ․ ապրիլի 26-ին, Սյունիքում ստեղծվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ

28.04.2026 10:22
158

1921 թ. ապրիլի 26-ին Տաթևի վանքում կայացավ՝ Ինքնավար Սյունիքի հայ ազգաբնակչության 2-րդ (Արտակարգ) համագումարը, որտեղ 64 գյուղից ներկա էին 95 պատգամավոր և Սպարապետ Նժդեհը1։

Ինքնավար Սյունիքի կառավարության նախագահ Գեդեոն Տեր-Մինասյանը, բացելով համագումարը, առաջարկեց ընտրել նախագահություն: Առաջադրվեցին թեկնածուներ, տեղի ունեցավ՝ քվեարկություն: Համագումարի նախագահ ընտրվեց Սերգեյ Մելիք-Յոլչյանը, փոխնախագահ՝ բժիշկ Մինասյանը, քարտուղարներ՝ Տ. Սազանդարյանը և Վ. Վարդապետյանը:

Բացելով համագումարը՝ նախագահ Ս. Մելիք-Յոլչյանն ընդգծեց, որ այն ունի եզակի նշանակություն և կոչված է կարևոր դեր ունենալու Ինքնավար Սյունիքի պատմության մեջ:

Համագումարը հաստատեց հետևյալ օրակարգը՝ 1. Ինքնավար Սյունիքի դիվանի կազմի հրաժարականը, 2. պարենավորման հարցը, 3. Ինքնավար Սյունիքի սահմանադրության վերամշակումը, 4. ազատ հողերի բաշխման հարցը, 5. պաշտոնյաների վարձատրության հարցը, 6. դպրոցական գործը, 7. պետական հարստության պահպանության հարցը, 8. նոր կառավարության (դիվանի) ընտրությունը, 9. համագումարում հարուցվելիք այլ խնդիրներ:

Օրակարգի այս հարցերը պետք է լուսաբանվեին Նժդեհի, Սյունիքի խորհրդարանի և կառավարության հաշվետվությունների մեջ։

Զեկուցման համար խոսքը տրվեց Նժդեհին: Նա հանգամանալից հաշվետվություն ներկայացրեց, կատարեց Ինքնավար Սյունիքի ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի բազմակողմանի ու խոր վերլուծություն, հանրագումարի բերեց նախորդ համագումարից հետո կատարված աշխատանքները և առաջադրեց մոտակա ժամանակների հրատապ խնդիրները: Սպարապետի սպառիչ զեկուցումից հետո համագումարի պատգամավորներն ավելորդ համարեցին լսել հաշվետու մյուս զեկուցումներն առանձին-առանձին և անցան մտքերի փոխանակության:

Այնուհետև քննարկվեց պարենավորման հարցը, որի մասին դարձյալ զեկուցեց Նժդեհը: Նա նկարագրեց տնտեսական ծանր կացությունը՝ գավառում, բնակչության կրած տառապանքները, որոնք անընդհատ խորանում էին Արարատյան դաշտից եկած հազարավոր գաղթականներին կերակրելու պատճառով:

Սյունիքը հացի մեծ կարիք ուներ՝ սկսած դեռ 1918 թվականից, երբ Այսրկովկասը մատնվել էր քաոսի, երբ ծայր էին առել հայ-ադրբեջանական և հայ-վրացական բախումները, որի հետևանքով փակվել էին ճանապարհները և լեռնաշխարհը կղզիացել էր: Բայց եթե 1918-1919 թվականներին վիճակն ինչ-որ կերպ տանելի էր, ապա 1920 թ. ամառվանից սովը չոքել էր զանգեզուրցիների դռանը: Ճիշտ է, 1920-ին Կարմիր բանակի զորքերից խլած հացի պաշարները փոքր-ինչ մեղմել էին զանգվածային սովը (Նժդեհի պատկերավոր խոսքերով ասած՝ զանգեզուրցին «հաց էր ճարել իր սրի ծայրով»), բայց 1921 թ. գարնանը նա նորից սոված էր։

1921 թ. գարնան ամիսներին սովի սաստկացումը երկու պատճառների հետևանք էր. ա) Սյունիք եկած բազմահազար գաղթականությունը արագորեն նվազեցնում էր զանգեզուրցիների հացի առանց այն էլ խղճուկ պաշարը, բ) Արաքսի վրայով Սյունիքից դեպի Պարսկաստան կամուրջ չլինելը և այդ երկրից բավարար քանակությամբ հաց չստանալը: Աշխարհից կտրված երկրամասը դրսի օգնության որևէ հույս չուներ:

Այս պայմաններում սովը սաստկանում էր օրըստօրե, ժամ առ ժամ։ Շատ գյուղերի բնակիչների միակ սնունդը դաշտերի բանջարեղենն էր և արմտիքը:

«Դիրքապահ վաշտերը շատ ռազմաճակատներում ապրում էին վայրի շագանակի ալյուրից պատրաստած հացով,- նշել է Նժդեհը:- Գողթանը գործածեց անգամ կատվի և էշի միս:

Դաշտերում չմնաց ո՛չ աղվես, ո՛չ ագռավ։ Դիրքապահ գնդերի մի մասի պարտականությունը դարձավ որսով սնունդ ճարելը: ...Դիրքապահ զինվորությունը, զինված և գործոն վիճակի մեջ, դեռ մի կերպ կարող էր լրացնել իր աղքատիկ սնունդը: Նրանն էին երկնքի թռչունները, վայրի գազաններից հովազը, արջը, նրանն էին վայրի պտուղները»2:

Սպառվելու վրա էր ռազմամթերքը: Նման դժնդակ պայմաններում, ասում էր Նժդեհը, երբ բանակները դիմադրելու փոխարեն թշնամու անարգանքին են հանձնում իրենց դրոշակները, երբ «տեղի են տալիս կառավարությունները», «սյունեցին չլքեց իր վահանը», քանզի նրա մարմնում «ցեղի հրաշագործ ոգին» էր: Կրելով գերմարդկային տառապանքներ՝ նա զարմանալիորեն չէր ընկճվում, չէր թուլացնում բազուկը. շարունակում էր ամուր բռնած պահել զենքը3:

Համագումարին տված հաշվետվության մեջ Նժդեհը պատգամավորներին տեղեկացրեց, որ հացի չնչին պաշարները ինչ-որ չափով լրացնելու համար Ինքնավար Սյունիքի իշխանությունները 1921 թ. գարնանը մի շարք փորձեր են արել հաց հայթայթելու հարևան ադրբեջանական թուրքաբնակ և քրդաբնակ՝ Ավդալարի, Կուբաթլիի, Զանգելանի, Ջաբրայիլի շրջաններում: Այդ նպատակով մարտի 21-ին Ադրբեջանի մոտակա գյուղերից Գորիս էին հրավիրվել երեք մարդ՝ Էյվազբեկովը Էյվազլար գյուղից, Հաջի Հաշիմը՝ Շուռնուխից և մեծահարուստ Քերբալայ Ալամամեդը՝ Մելիք-Ահմեդլու գյուղից, որոնց հետ Նժդեհը՝ հանդիպել և առաջարկել էր համեմատաբար բարձր գներով հացահատիկ վաճառել: Սրանք համաձայնել էին, բայց վերադառնալով իրենց գյուղերը՝ ադրբեջանական իշխանությունների սպառնալիքների տակ հրաժարվել էին կատարել տված խոստումը: Նման մեկ այլ խորհրդակցություն ապրիլի 6-ին հրավիրվել էր Կապանի Ագարակ գյուղում, որտեղ Խոջահան, Մինջևան, Խորամա, Իսկենդերբեյլի, Դոնդարլու և այլ գյուղերից եկել էին ոչ քիչ թվով հարուստ թուրքեր՝ Շահսուվարբեկ Քալանթարովը, Բախլուլ էֆենդի Բեհչետին և ուրիշներ: Խորհրդակցությանն անձամբ մասնակցել էր Նժդեհը: Այստեղ ևս հացահատիկ վաճառելու խոստումներ էին եղել, որոնք նույնպես չէին կատարվել:

Բնակչության և զորքի պարենավորումը համարելով առաջնային՝ համագումարը տեղի պաշտոնյաներին ցուցում տվեց՝ խիստ կազմակերպված կատարելու հացահատիկի հունձը, հացը հավաքելու անկորուստ, միաժամանակ՝ միջոցներ հայթայթելու Պարսկաստանից՝ լրացուցիչ հացահատիկ կամ ալյուր ձեռք բերելու համար։

 

Պարենավորման խնդրի վերաբերյալ համագումարի միաձայն ընդունած հայտարարության մեջ ասված էր. «Պարենավորման համար Սպարապետը հայտարարում է, որ մինչև նոր հունձը հնարավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության* նյութական օգնությամբ հաց ձեռք բերել և միաժամանակ ըստ հնարավորության աշխատել կազմակերպել պետական տրանսպորտը և ժողովրդին ազատել փոխադրական ծանր պարտականությունից»4:

 

Այնուհետև քննարկվեց կառավարման մարմիններ կազմելու ձևի և սկզբունքների հարցը: Պատգամավորների ելույթներից հետո ձայների մեծամասնությամբ համագումարը որոշեց.

1. «Ինքնավար լեռնաշխարհ Ազատ Սյունիքը» հայտարարել անկախ պետություն և այն վերանվանել Լեռնահայաստան, որի մեջ մտնում են Զանգեզուրը, Վայոց ձորը (Դարալագյազ) և Լեռնային Ղարաբաղը։ Գորիս քաղաքը համարել Լեռնահայաստանի մայրաքաղաք։

2. Քանի որ նորաստեղծ պետությունն ազդարարվում էր հանրապետական և ժողովրդավարական, ուստի այն պետք է ունենար համապատասխան հաստատություններ՝ պառլամենտ, նախարարների խորհուրդ և ինքնիշխանությանը բնորոշ մյուս հատկանիշները:

3. Համագումարը հայտարարել Լեռնահայաստանի վարչապետություն՝ նախարարների խորհուրդ: Կառավարության անդամներին՝ հետայսու անվանել նախարարներ:

4. Վարչապետ ընտրել Սպարապետին՝ նրան վերապահելով նոր կառավարության կազմի ընտրությունը։

Կուռոյի զորքերը պետք է մնային նոր կառավարության տրամադրության տակ Բազարչայում5։

Համագումարում հարց է բարձրացվեց՝ Սպարապետ Նժդեհին զորավարի (գեներալի) աստիճան շնորհելու մասին։ Մտքերի և կարծիքների փոխանակումից հետո խորհրդարան-համագումարը միաձայն որոշեց գնդապետ Նժդեհին շնորհել Զորավարի աստիճան և նրան պարգևատրել «Խուստուփյան արծիվ» երկաթե շքանշանով6։

Օրակարգի համաձայն՝ ապրիլի 27-ին որոշվեց նոր կառավարության կազմը: Նժդեհը համագումարի հաստատմանը գրավոր ներկայացրեց կառավարության՝ յոթ մարդուց բաղկացած հետևյալ կազմը՝ 1. Գ. Նժդեհ՝ վարչապետ և արտաքին գործերի նախարար, 2. Ս. Մելիք-Յոլչյան` ներքին գործերի, 3. Հ. Տեր-Հակոբյան՝ պարենավորման, 4. բժիշկ Մ. Մինասյան՝ խնամատարության, 5. Հ. Տևեճյան՝ արդարադատության և լուսավորության, 6. Ա. Օհանջանյան՝ հաղորդակցության և փոստահեռագրի, 7. բժիշկ Ս. Եղիազարյան՝ ֆինանսների նախարար7:

Կառավարության կազմը հաստատելուց հետո մեկ ժամով հայտարարվեց ընդմիջում, որից հետո ընթերցվեց և ընդունվեց Լեռնահայաստանի զորքին ու ղեկավարներին ուղղված համագումարի ողջույնի ուղերձը: «Համազանգեզուրյան Տաթևի 2-րդ Խորհրդարանը սրտանց ողջունում է իր կուռ, անհաղթելի և տոկուն բանակի ռազմիկներին և լիահույս է, որ այդ անհաղթ բանակը, որ մինչև օրս իր փառապանծ հաղթանակներով աշխարհն է զարմացրել, այսուհետև էլ պատրաստ կլինի նոր հրաշքներ, նոր զարմանքներ ցուցադրելու քաղաքակիրթ աշխարհին, իր կատարյալ և վերջնական հարվածը տալով հայ աշխատավորության թշնամիներին:

Կազմված է կառավարություն:

Մեր ինքնավար Սյունիքն այսուհետև կոչվելու է Լեռնահայաստան, որն իր քաջարի զորքով, իր անպարտ առյուծասիրտ մարտիկներով սպառնալիք պետք է լինի մեր բոլոր թշնամիների համար:

Մեր ազատարար Սպարապետ Նժդեհին տրված է Զորավարի տիտղոս և «Խուստուփյան արծիվ» շքանշան:

Այս սուրբ տաճարում նա ուխտեց և իր սրբազան խոսքն ասաց՝ ձեզ հետ միասին, սև օրվա համար հայության բաժին համարված Սյունիքը դարձնել հայության վերածնության օրրան»8։

1921 թ. մայիսի 1-ին Լեռնահայաստանի կառավարությունը Գորիսում հանդես եկավ հռչակագրով: Կառավարությունը հայտարարում էր, որ «իր առաջնակարգ պարտքն է համարում լարել երկրի բոլոր ուժերը՝ զորացնելու մեր հայրենիքի ինքնապաշտպանության ռազմական կորովը. Լեռնահայաստանը պետք է լինի ամուր հենակետ մոտ ապագայում Մայր Հայաստանը թշնամի տարրերից ազատելու համար»9:

Կառավարությունն իր կարևորագույն խնդիրներից էր համարում պարենավորման գործի արմատական բարելավումը, գյուղացիական տնտեսությունների արագ զարգացումը։ Միաժամանակ ազդարարվում էր կառուցել իրավական պետություն` «մոտեցնելով ժողովրդին և մատչելի դարձնելով դատավարությունը, զարկ տալ ժողովրդի լուսավորության գործին՝ կազմակերպելով նորանոր դպրոցներ, անգրագետների դասընթացներ, դասախոսություններ, զրույցներ, երեկույթներ և տարածելով գրավոր հրատարակություններ: Կառավարությունը ջանք չի խնայելու հանրային առողջապահությունը և բժշկական օգնությունը դնելու ավելի լավ հիմքերի վրա»10։

«Լեռնահայաստանի կառավարության դեկլարացիայում» շեշտված էր հարևան ժողովուրդների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հրամայականը:

«Լեռնահայաստանի կառավարությունը պետք է ջանա սերտ բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր երկրի սահմաններում բնակվող և սահմանամերձ՝ ազգությունների, մանավանդ թուրք ժողովրդի հետ: Տնտեսական և առևտրական փոխհարաբերությունների զարգացումը ավելի ևս կնպաստի հայ ժողովրդի մերձեցումին թուրք, պարսիկ և տաճիկ ժողովուրդների հետ: Կառավարությունը նաև պիտի ձգտի ապահովել միջազգային բոլոր բարեկամ ուժերի օժանդակությունը մեր ազգային դատի բարեհաջող լուծման համար»11։

Կառավարությունը վստահ էր, որ ժողովրդի միակամ աջակցության պայմաններում ինքը կարող է կատարել իր առաքելությունը:

«Լիահույս լինելով, որ Լեռնահայաստանի ազատատենչ ժողովուրդը և պարտաճանաչ պաշտոնեությունը ոչ մի ջանք չեն խնայի ընդառաջ գնալու և բոլոր ուժերով աջակցելու կառավարությանը համագումարի կողմից նրա վրա դրած պարտականությունները կատարելիս, նաև վստահ լինելով, որ Սյունյաց աշխարհի հերոսացած Դավիթ-բեկյան զորքերը, միացած բուն Հայաստանի զորամասերի հետ, նորանոր սխրագործություններով պիտի զորավիգ հանդիսանան կառավարությանը, իրենց Սպարապետի ղեկավարությամբ՝ Լեռնահայաստանի կառավարությունը ստանձնում է երկրի ծանր ղեկը»12։

Այսպիսով, 1921 թ. ապրիլի 27-ից մի փոքր լեռնաշխարհում կողք-կողքի գոյություն ունեին դաշնակցական երկու կառավարություններ՝ Սիմոն Վրացյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության նոր կառավարությունը և Լեռնահայաստանի Հանրապետության նոր կառավարությունը՝ Գարեգին Նժդեհի վարչապետությամբ։

«Մի կտոր հողի վրա երկու կառավարություն»13,- հեգնանքով գրում էր նշանավոր դաշնակցական գործիչներից մեկը։

Նժդեհը նշում էր, որ Լեռնահայաստանի ստեղծման նպատակը «ոչ թե Սյունիքի անկախ գոյությունը երկարացնելն էր», այլ «որպեսզի այդ ապստամբ երկրամասին հնարավորություն տրվեր մի որոշ ժամանակով ևս դիմագրավելու իրեն օղակող թշնամիներին», մինչև որ Երևանից փախչող հայ մտավորականությունը, երկրից հեռացող արևմտահայ զորամասերը, սպայության մեծագույն մասը, խմբապետերի մի որոշ մասը անցնեն Պարսկաստան14:

Արաքսի հայկական ափին՝ Մեղրի գյուղի դիմաց, շարունակում էին խռնվել հազարավոր գաղթականներ:

Նժդեհը ստիպված էր երկրորդ անգամ անցնել Արաքսը և անձամբ տեսնվել պարսից իշխանության ներկայացուցիչների և իր բարեկամ խաների հետ: Պարսկական կողմն այն մտահոգությունն ուներ, որ Սյունիքից Արաքսն անցնողների մեջ մեծ թիվ կարող էին կազմել զինվորական ուժերը։ Դա նրան հիմք էր տալիս կարծելու, որ զանգեզուրցիները որոշել են դադարեցնել կռիվը Կարմիր բանակի դեմ այն դեպքում, երբ իրենք հույս ունեին, որ Սյունիքը ի վիճակի է լինելու կանգնեցնել բոլշևիկների առաջխաղացումը և նրանց հեռու պահել պարսկական սահմանից:

Նժդեհին հարկ եղավ բազմիցս հավաստիացնելու պարսկական իշխանությունների ներկայացուցիչներին, որ Սյունիքը չի մտածում տեղի տալու, որ արարատյան գաղթականությունը փոխադրվում է Պարսկաստան ոչ թե Սյունիքը վտանգված լինելու պատճառով, այլ որովհետև այնտեղ հաց չկա: Բացառված համարելով Սյունիքի անձնատվությունը՝ Նժդեհը նշում էր, որ ինքն իր զինված ուժերի հետ «մինչև վերջին փամփուշտը» կռվելու է անկախության համար։

Իր բարեկամ խաների հետ զրույցների ընթացքում պարզվեց նաև, որ որոշ մութ ուժեր պարսկական ափում սադրիչ լուրեր են տարածել, թե իբր Նժդեհը պատրաստվում է լքել Զանգեզուրը և անցնել Պարսկաստան: Այս տեղեկությունը հատկապես խիստ բացասաբար էր անդրադարձել պարսկական կողմի վրա, որը և որոշել էր փակել գետանցը:

Թյուրիմացությունները պարզելուց հետո վերսկսվեց գաղթականության անցը Արաքսի վրայով15։ Նժդեհը վերադարձավ Գորիս:

«Ահա թե նաև ինչ պատճառներով 3-4 ամիս ևս անհրաժեշտ էր դառնում երկարաձգել Ազատ Լեռնահայաստանի գոյությունը»16, – գրել է Նժդեհը:

 

Ծանոթագրություններ

  1. Տե՛ս Գ. Նժդեհ, Իմ պատասխանը, էջ 71։
  2. Գ. Նժդեհ, Ազատ Սիւնիք, «Հայրենիք», 1925, օգոստոս, թիվ 11 (35), էջ 89։
  3. Տե՛ս Գ. Նժդեհ, Ցեղի ոգու շարժը, Սոֆիա, 1932, էջ 32:

* Նկատի ունի Ս. Վրացյանի գլխավորած Փրկության կոմիտեն:

  1. ՀԱԱ, ֆ. 198, g. 1, գ. 71, թ. 11:
  2. Տե՛ս Ս. Վրացեան, Կեանքի ուղիներով։ Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հատոր Զ, էջ 178:
  3.  Տե՛ս Գ. Նժդեհ, Իմ պատասխանը, էջ 30 (տողատակ)։
  4.  Տե՛ս ՀԱԱ, ֆ. 114, ց. 2, գ. 3, թ. 150, տե՛ս նաև Յ. Իրազեկ, նշվ. աշխ., էջ 16, Ս. Վրացեան, Կեանքի ուղիներով։ Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հատոր Զ, էջ 235, Գ. Նժդեհ, Ազատ Սիւնիք, «Հայրենիք», 1925, օգոստոս, թիվ 10 (34), էջ 139։
  5. ՀԱԱ, ֆ. 198, ց. 1, գ. 73, թ. 11 և շրջերես:
  6. Ս. Վրացեան, Կեանքի ուղիներով: Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հատոր Զ, էջ 233:
  7. Նույն տեղում, էջ 234։
  8. Նույն տեղում:
  9. Ս. Վրացեան, Կեանքի ուղիներով: Դէպքեր, դէմքեր, ապրումներ, հատոր Զ, էջ 235:
  10. ՀԱԱ, ֆ. 113, g, 3, q, 37. թ. 59։
  11. Տե՛ս Գ. Նժդեհ, Ինչո՞ւ պայքարեց Լեռնահայաստանը, «Հայրենիք», 1923, հունիս, թիվ 8, էջ 80:
  12. Տե՛ս Գ. Նժդեհ, Ինչո՞ւ պայքարեց Լեռնահայաստանը, «Հայրենիք», 1923, հունիս, թիվ 8, էջ 81։
  13. Նույն տեղում։

 

 

Արամ Սիմոնյան

Հատված «Զանգեզուրի գոյամարտը 1917-1921 թթ» մենագրությունից

 

 

 

 

Ի՞նչ պետք է անենք ապրիլի 24-ից հետո․ Թաթոյանի կարևոր հարցադրումն ու 6 առաջարկները

28.04.2026 16:30

«ԱՄՆ-ն այլևս այն դիրքում չէ, որ իր պահանջները թելադրի»․ Իրանի ՊՆ

28.04.2026 15:12

Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից

28.04.2026 14:47

Վստահ եմ, որ Մոսկվան և Թեհրանը կաջակցեն միմյանց իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում. Բելոուսով

28.04.2026 14:23

Սյունիքում «Peugeot»-ն մոտ 100 մ գլորվել է ձորը․ կա զոհ

28.04.2026 12:55

Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը. Փաշինյան

28.04.2026 12:36

Հրապարակվել են ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները

28.04.2026 12:30

«Միասնության թևեր» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Կարեն Լազարյանի հայտարարությունը

28.04.2026 12:21

Արևմուտքը կորցնում է առաջատար դիրքերն աշխարհում. Պուտին

28.04.2026 12:20

Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ

28.04.2026 12:14

Հայ մարզիկները 23 ոսկե մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի Աշխարհի գավաթի խաղարկությունում

28.04.2026 11:56

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

28.04.2026 11:37