2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխության. Հրանտ Բագրատյան

02.08.2019 21:46
751

ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անցում ներդրումային զարգացման
1. 2018-ի սոցիալական շարժումը մեծ հաշվով չի հանգեցնում տնտեսավարման մոդելի փոփոխությանը, էլ չենք խոսում տնտեսական հեղափոխության մասին։ Մակրոտնտեսական ցուցանիշների մասով ՀՀ ԱՎԾ կողմից նույնիսկ չափազանցված թվերը չեն գերազանցում 2017-ի մակարդակը։ Իրենց հերթին 2019-ի առաջինք կիսամյակի աճը (6.5%) ցածր է 2018-ի համապատասխան թվից (8.9%)։ Ինչպես և նախկինում գերակշռում է սպառման գերակայությամբ պայմանավորված տնտեսական աճի մոդելը. եկամուտների ավելացումը (ինչպես աշխատավարձերի բարձրացման, այնպես էլ տրանսֆերտների հաշվին) հանգեցնում է պահանջարկի աճին, ինչն իր հերթին մեծացնում է արտադրության կամ ներմուծումների ծավալները։ Նման մոդելի գոյության պայմաններն են. դրամի կայուն փոխարժեքը, բարձր տոկոսադրույքները, բանկային պահուստների բարձր մակարդակը, արտահանման նկատմամբ ներմուծումներին գերապատվություն տալը, աշխատուժի արտահանումը (շատ տրանսֆերտներ ստանալու համար) և դրա հետ կապված մարդկանց արտագաղթը, ներքին խնայողությունները ներդրումների վերածելու մեխանիզմների ու ինստիտուտների բացակայությունը, ներդրումային բանկերի ու ֆոնդերի բացակայությունը, տնտեսության մեջ դինամիկ կառուցվածքային փոփոխությունների անհնարինությունը, անուղղակի հարկերի գերակայությունը, հարստության կենտրոնացումը (ավելի արագ, քան թե եկամուտների կենտրոնացումը) և այլն։ Կարծում եմ 2019-ի և 2018-ի էլ ավելի բարձր արտագաղթի տեմպերը, քան նախկինում, ասվածի վկայությունն է։ Մոդելին բնորոշ գծերից է նաև մասնավոր սպառման բարձր տեսակարար կշիռը ՀՆԱ-ում։ Առանձին տարիներին սպառումը նույնիսկ գերազանցել է ՀՆԱ-ն։ 2018-2019-ին այս խնդիրը չլուծվեց։ Սպառումը կայուն կերպով կազմում է ՀՆԱ 95-99%-ը։ Այս մոդելը սկսեց ձևավորվել 1998-ին (երբ ԱԱՀ-ն սկսեցին գանձել սահմանին) և ավարտվեց 2001-ին, երբ հայտնվեցին առաջին տրանսֆերտներն ու ԿԲ-ն մատը մատին չխփեց դրանք լրիվ կամ մասնակիորեն ստերիլիզացնելու կապակցությամբ։
2. Նման մեխանիզմները քիչ թե շատ քանակական տնտեսական դինամիկա էին ապահովում մինչև 2007թթ՝ վերականգնողական աճի շրջանակներում։ 2008-ի ճգնաժամը հզոր հարված էր ՀՀ տնտեսությանը։ Պարզ դարձավ, որ ելքը իննովացիոն զարգացումն է։ Այս մեկն արդեն չէր կարող իրականացվել սպառման ընդլայնման, ցածր գնաճի, բանկային բարձր տոկոսներով վարկավորման (վարկավորվում են գործող բիզնեսները և ոչ թե ներդրումները), կայուն փոխարժեքի, ցածր ներդրումային ակտիվության, անուղղակի հարկերի գերակայության պայմաններում և այլն։ 2008-2017թթ ՀՀ-ում մակրոտնտեսական քաղաքականությունն ավելի շուտ աչքակապություն էր։ 10 տարում խոստացված 91 տոկոսի փոխարեն ստացվեց ՀՆԱ 25% հավելաճ, այն էլ ԱՎԾ կողմից կեղծիքների շնորհիվ։ Երկրի ղեկավարությունն ու տնտեսական ոլորտի պահասխանատուներն իմ բազմաթիվ ահազանգներն արհամարհեցին։ Հիմա էլ, 2018-ի հետո, նրանք չեն հավատում, որ տնտեսավարման վերը նշված մոդելն այլևս սպառված էր։
3. 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո, դժբախտաբար, չնայած տնտեսական հեղափոխության մասին խոստումներին, տնտեսավարման մոդելը մնացել է նույնը. ներդրումներն անկում են ապրել, զուտ խնայողությունների (հանած ավանդների կապիտալիզացիան) աճ չկա, ԿԲ-ն վեր է ածվել "change office"-ի, ԱՎԾ-ն սկսել է ստել նոր թափով տնտեսական աճն հավելագրումներ անելով տնտեսության այլ ճյուղերի հետ հարակից կապ չունեցող և անկայուն աճի աղբյուր հանդիսացող գործունեության ոլորտներում (խաղեր, զվարճություններ, ավտոմեքենաների, բնակարանների վաճառք, կուտակայինի ընդլայնման հետ կապված մակրոտնտեսական վիճակագրության խեղաթյուրումներ և այլն), տնտեսության մեջ առկա են հետընթաց կառուցվածքային փոփոխություններ, ներմուծումների աճի տեմպը որպես կանոն, գերազանցում է արտահանման աճի տեմպին։ Հատկանշական է, որ դրամը քաջաբար պայքարում է և հաղթում է իր իսկ պահուստին՝ դոլարին (ժամանակակից տնտեսագիտությունը սա համարում է կատարյալ անհեթեթություն)։ 2019-ի կեսերի դրությամբ կառավարությունն ու ԿԲ-ն պարզապես կրկնում են նախորդ իշխանության պահանջարկի ընդլայնմամբ պայմանավորված տնտեսական քաղաքականությունը։ Վարչապետը ցնծությամբ հայտարարում է ուսուցիչների աշխատավարձի ու կենսաթոշակների 10% բարձրացման մասին, չնայած 2018-2019թթ "սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների" գներն արդեն բարձրացել են ավելի քան 6 %։ Եկամուտների նոր բարձրացումից հետո, բնական է, տեղի կունենա գների հավելյալ աճ։ Կառավարությունը պետք է գիտակցի, որ հայտնվել ենք "սպառողական ծուղակում". եկամուտների բարձրացումը հանգեցնում է տնտեսական աճի դանդաղեցմանը, ինչն էլ իր հերթին լճացնում է մարդկանց կենսամակարդակը երկարատև ժա անակահատվածում։
4. Կառավարությունն ու ԿԲ-ն պետք է անցնեն նոր տնտեսական քաղաքականության. առաջարկի խրախուսման հիման վրա։ Պետք է խրախուսել ներդրումները։ Դրանք այլևս պետք է կրեն մասսայական բնույթ և ոչ թե լինեն կառավարության ու առանձին մեծահարուստ գործարարների պայմանավորվածության արդյունք։ Ներդրումներ ասելով մենք հասկանում ենք իրավաբանական և ֆիզիկական անձանց ծախսերը հիմնական կապիտալի տարրերի, բիզնեսի նոր տեսակների համար շրջանառու միջոցների ձևավորման, տեխնոլոգիաների ձեռք բերման և աշխատակիցների կրթության բարձրացման կապակցությամբ։ Տնտեսական զարգացման մեր մակարդակի դեպքում պետք է հիշել, որ ՀՆԱ նկատմամբ 10% ներդրումներն ի վիճակի են ապահովել ավելացված արժեքի աճ 3%-ի չափով։ Երկնիշ տնտեսական աճի համար ներդրումները պետք է կազմեն ՀՆԱ 30%-ը։ Խոսքն այնպիսի տնտեսական աճի մասին է, ուր կա ավելացված արժեք և հարակից ոլորտների աճ։ Ներկայումս զարգացած երկրները միջին հաշվով սպառում են ՀՆԱ 75%-ը, ներդնում՝ 25-ը։ Միջին զարգացած երկրները բաժանվում են 3 խմբի։ Առաջ ընկածներն ներդնում են այնքան, ինչքան սպառում են (Չինաստան) , "միջին" միջինները գտնվում են 75-25 հարաբերության մեջ (Բելառուս), իսկ հետամնաց միջինները (Ուկրաինա, Վրաստան, Հայաստան) սպառում են ՀՆԱ 88-95%-ը։ Աղքատ երկրներում, որպես կանոն, սպառումը հավասար է կամ նույնիսկ մեծ է ՀՆԱ-ից։ Ժամանակակից ներդրումային տնտեսական քաղաքականության դեպքում ներդրումները բառի բուն իմաստով "արտադրվում" են ՀՆԱ աճին զուգընթաց։ Ի տարբերություն "կոնվենցիոնալ" ներդրումային քաղաքականության, երբ այս կամ այն երկրի ղեկավարը, կառավարության անդամը անհատ խոշոր ներդրողների "որս" են կազմակերպում, ամպագոռգոռ օրենքներ են ընդունում ներդրումների (հատկապես օտարերկրյա) պաշտպանության վերաբերյալ, "արտադրական" ներդրումները հիմնվում են ոչ թե օրենքների, այլ ինստիտուտների վրա։ Արևմուտքում լայն տարածում են գտել այնպիսի ներդրումային ինստիտուտներ (փոխադարձ հիմնադրամներ, ներդրումային գրասենյակներ, դրամական շուկայի փոխադարձ ֆոնդեր, կուտակային կենսաթոշակներ), որոնց պարագայում մարդը ներդրում կատարելով սպառում է և սպառելով ներդրում է։ Սրանք ներդրումային վարքի յուրահատուկ ինստիտուտներ են, ուր բարեհաջող լուծում է գտնում ներդրումների և սպառման միջև առկա հավերժական հակասությունը։
5. ՀՀ-ում և սփյուռքում ներդրումների ինստիտուցիոնալ տարբերակը զարգացնելու համար, նկատի ունենալով այդ 2 համույթների եկամուտների միջին մակարդակի տարբերությունը, պետք է կատարել հետևյալ օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունները։
5.1. Օրենսդրորեն սահմանել "Ներդրումներ ՀՀ-ում" հասկացությունը, տալ դրա բնորոշումը, սահմանել հաշվապահական հաշվառման կարգը և բացառել դրանց հարկումը։ Ըստ իս, ներդրումները պետք է ընդգրկեն հիմնական կապիտալի վրա կատարված ծախսերը, առաջին անգամ շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար ծախսերը (բիզնեսի ընդլայնման պարագայում համապատասխանաբար շրջանառու միջոցներ հավելաճը), տեխնոլոգիաների ձեռք բերման և անձնակազմի կրթության ծախսերը։ 
5.2. Ստեղծել սուվերեն նեդրումային հիմնադրամ՝ պետության կողմից երաշխավորելով նշված հիմնադրամում ցուցարկված ներդրումային ծրագրերը (նախևառաջ, հանրային օգտագործման օբյեկտների մասով)՝ ներդնողներին համապատասխան փայեր վաճառելու միջոցով։
5.3. ԿԲ կողմից յուրաքանչյուր տարի ստերիլիզացնել ՀՀ փոխանցվող տրանսֆերտների մի մասը և այն ներդնել վերը նշված հիմնադրամում այն նախագծերի մեջ, որտեղ պետության մասնակցությունը նպատակահարմար է ճանաչվել։
5.4. Վերափոխել բանկային համակարգը և ունիվերսալ բանկային համակարգից անցնել մասնագիտացված (ըստ գործունեության ոլորտների ու ճյուղերի) բանկային համակարգի։
5.5. Իջեցնել առևտրային բանկերի կանոնադրական կապիտալի և վարկավորման պահուստավորման տնտեսական նորմատիվները (ներդրումային վարկավորման պարագայում), թույլատրել ներդրումային բանկերը, գործնականում կիրառելի դարձնել "վարկի դիմաց փայ" (կամ բացառել գրավը) ներդրումային ֆինանսավորման տարբերակը։
5.5. Իջեցնել առևտրային բանկերի, ԿԲ-ի, ընկերությունների, անհատ ձեռնարկատերերի սպառման օրենսդրական սահմանները։ Մասնավորապես, առևտրային բանկերի ևԿԲ-ի համար սահմանել աշխատավարձի մեծության լիմիտներ (ըստ ծառայության տեսակի) բանկային ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառելու իմաստով։ Դրանից վերև աշխատավարձի վճարումները պետք է կատարվեն հարկումից հետո մնացած շահույթի հաշվին։
5.6. Ուժեղացնել ԿԲ և առևտրային բանկերի միջև վարկավորման կոմերցիոն ասպեկտը, հսկողություն սահմանել վերավարկավորման նկատմամբ, իջեցնել ծախսերը, ԿԲ-ն դարձնել շահութաբեր և արդեն 2020-ին սրա հաշվին տալ բյուջեի եկամուտների 2, 2021-ին՝ 4, 2022-ին՝ 6, 2023-ին՝ 8 և 2024-ին` 10 տոկոսը։
5.7. Պետական արժեթղթերի վաճառքը քաղաքացիներին, անհատներին (ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս) իրականացնել ինչպես բանկերի միջոցով, այնպես էլ անմիջականորեն։
5.8. Դրամի պահուստային արժույթի (դոլարի) էմիսիայի արդյունքում առաջացած տատանման պարագայում խուսափել "լողացող" փոխարժեքից։ Նման բան լինել չի կարող։ Պետք է խստորեն հետևել հետևյալ կանոնին. տնտեսավարման ներդրումային մոդելի պարագայում բացառել ազգային արժույթի արժևորումը։ Դրա հետ կապված ԿԲ-ն պետք է անհրաժեշտության դեպքում արագորեն ավելացնի փողի մասսան ու զանգվածը։ 10-15 տարի հետո, երբ տնտեսությունը կապրի խորը կառուցվածքային փոփոխություններ, կարելի կլինի փոխել ինչպես տնտեսվարման մոդելը, այնպես էլ արժութային քաղաքականության սկզբունքները։ 
5.9. Ամեն տարի դրամի փոխարժեքը պահուստի նկատմամբ իջեցնել 0.2-0.3%-ով։
5.10. Գնաճային մակարդակը բարձրացնել 4-6.5% միջակայք։ Ցածր գնաճի պայմաններում տնտեսության մեջ ԱԱ գեներացնող ճյուղերի տեսակարար կշիռը չի կարող էականորեն բարձրանալ։ 
5.11. Գործող կուտակային կենսաթոշակային համակարգի կապիտալիզացիայի ժամկետը 45 տարուց իջեցնել 10-ի և դրանց միջոցները ուղղել բացառապես ՀՀ տարածքում իրականացվող ներդրումների ֆինանսավորմանը։
5.12. Արագորեն գործարկել ՀՀ ֆոնդային բորսան։ 2019-ի 2-րդ կիսամյակից բոլոր առևտրային բանկերը օրենքի ուժով դարձնել ԲԲԸ և մտցնել բորսա, այնուհետև այդպես վարվել մի շարք մենաշնորհների (ցանցեր, գազպրոմ, ԵԿԳ, Քաջարան, Ալավերդի, բենզին և այլն) հետ, իսկ ապա գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարող սուբյակտների հետ՝ պարտադրելով ամեն տարի բաժնետոմսերի էմիսիա։ Պետք է հասնել նրան, որ աշխարհում յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր բնակիչ (նաև օհարները) առանց խնդիրների հենց տանը համակարգչի առջև նստած կարողանա ձեռք բերել բորսայում սակարկվող ցանկացած ընկերության բաժնետոմս։
5.13. Պետության հովանու տակ հիմնել "Հայկական բիզնես ֆորում" կազմակերպությունը և յուրաքանչյուր տարի անցկացնել ներդրումային համաժողով հայերի, օտարերկրացիների, խոշորագույն ընկերությունների, կառավարական այրերի, գիտնականների մասնակցությամբ (ինչպես Դավոսում, Շանհայում, Կրինիցայում, Թբիլիսիում, Սանկտ Պետերբուրգում և այլն)։ Այստեղ պետք է կնքել տարվա հիմնական ներդրումային կոնտրակտները։
5.14. Արդեն 2020-ից վերացնել սահմանի վրա ԱԱՀ գանձելու պրակտիկան։ Սա ներդրողների համար կհանգեցնի հարկային բեռի հավասարաչափ բաշխմանը ժամանակի մեջ։ Բացի դա արդյունքում կբարձրանա ուղղակի հարկերի տեսակարար կշիռը։
5.15. Չշտապել եկամտահարկի միասնական սանդղակի հարցում։ Այն պարզեցնել, մոտեցնել շահութահարկին, բայց թեթևակի տարբերակել։
5.16. Մտցնել եկամուտների և գույքի համատարած հայտարարագրում բոլորի համար։ Դրանից հետո քաղաքացիներին տարեվերջին վերադարձնել բոլոր գնումների (տարբերակ՝ միայն սննդամթերքի, դեղորայքի և կրթության) մինչև 3 տոկոսը հարկային զեղչի տեսքով։ Սա կարելի է անել հատուկ մշտական քարտերի կամ էլ գործող նույնականացման քարտերի միջոցով։ Արդյունքում ՀԴՄ-երի անհրաժեշտությունը կվերանա։
5.17. Էականորեն ավելացնել գույքահարկի դերն ու տեսակարար կշիռը բյուջեի եկամուտների մեջ։ Սա վերաբերվում է հատկապես խոշոր չափսերի գույքին։ Ընդ որում արտադրական նպատակներով օգտագործվող գույքի և տարածքների համար կիրառել ահռելի զեղչեր։
5.18. Էականորեն ընդլայնել շրջանառության հարկի դերը։ Այն տարբերակել ըստ գործունեության տեսակների և աստիճանաբար իջեցնել ԱԱՀ-ի դերն ու նշանակությունը։
5.19. Հետայսու բացառել արտաքին փոխառությունների ու վարկերի հաշվին սպառմանն ուղղված միջոցառումների, վերանորոգումների, շրջանառու միջոցների համալրման և այլն ֆինանսավորումը։ Պետության կողմից կամ պետական երաշխիքների հաշվին արտաքին պարտքի ավելացումը բացառապես թույլատրել միայն նոր հիմնական կապիտալի տարրերի ֆինանսավորման և/կամ տեխնոլոգիաների տրանսֆերտի դեպքերում։
5.20. Ներդրումային զարգացման պարագայում ուղղակի հարկերի (եկամտահարկ և շահութահարկ) 30-50% ուղղել ՏԻՄ բյուջե, շահագրգռել վեջիններիս տնտեսական աճի տեղայնացման, մասնակցության մեջ։ Սկզբից ձևավորել տեղական և նոր միայն հանրապետական բյուջեն (ի դեպ, սա նաև Սահմանադրության պահանջն է)»։

politik.am

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23