2025թ. առաջին 9 ամիսների արդյունքները՝ կառավարության կողմից չկատարված ծրագրեր և կրկնապատկված պետական պարտք. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

12.12.2025 11:15
657

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին 9 ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

ՀՀ տնտեսության ընդհանուր նկարագիրը՝

2025թ. 9 ամիսներին արձանագրվել է բավական բարձր տնտեսական աճ, սակայն դրա կառուցվածքը բավական խնդրահարույց է։

Աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և շինարարության ոլորտները, մինչդեռ արդյունաբերությունում անկում է՝ պայմանավորված մշակող արդյունաբերության զգալի անկմամբ։

Արտաքին ապրանքաշրջանառության անկումը նույնպես զգալի է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 39.3%-ով պակաս։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2025թ. 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վատթարացել է 19.2%-ով` պայմանավորված ներմուծման համեմատ արտահանման ավելի մեծ անկմամբ: Արտահանումը դոլարային արտահայտությամբ նվազել է 46.8-ով, իսկ ներմուծումը՝ 33.4%-ով:

Ավելին, ըստ էության տնտեսական աճը ներառական չէ։ Իրական ՀՆԱ-ի 6% աճի պայմաններում իրական աշխատավարձն աճել է ընդամենը 1.9%-ով։

Բարձր է մնում աղքատության մակարդակը։ Սպառողական և հիպոթեքային վարկերի ծավալները զգալիորեն՝ համապատասխանաբար 31.1%-ով և 30.6%-ով, աճել են, մինչդեռ բնակչության եկամուտների աճն անհամեմատ ավելի ցածր է։

ՀՀ պետական բյուջեի եկամուտները՝

2025թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 2,126 մլրդ դրամ եկամուտ։ Ի տարբերություն հարկային եկամուտների և պետական տուրքերի, որոնց գծով հաջողվել է կատարել պլանը, պաշտոնական դրամաշնորհների մասով առկա է չափազանց մեծ թերակատարում` պայմանավորված նպատակային դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով։ ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտներում զգալիորեն՝ 28.4%-ով աճել են իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից ստացված մուտքերը՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ներքին գործերի նախարարության գանձումների աճով։

ՀՀ պետական բյուջեի ծախսերը՝

2025թ. 9 ամիսներին պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,205 մլրդ դրամ։ Ճշտված պլանի համեմատ ծախսերի թերակատարումը 14.3% կամ 366.6 մլրդ դրամ է։ Թերակատարվել են և՛ ընթացիկ, և՛ կապիտալ ծախսերը։

Տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերի թերակատարումն էապես՝ 2.7 անգամ, ավելի մեծ է, քան ընթացիկ ծախսերինը։ Այսինքն՝ տնտեսության վրա ծախսերի թերակատարման բացասական ազդեցությունն իրականում շատ ավելի խոր է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ պետությունն առաջին հերթին հենց կապիտալ ծախսերով է ավելացնում տնտեսական աճի պոտենցիալը։ Կապիտալ ծախսերի գծով թերակատարումը հիմնականում պայմանավորված է «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի ցածր կատարողականով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը՝ ծրագրային դասակարգմամբ

Պետական բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմիններում արձանագրվել են իրականացվող ծրագրերի գծով թերակատարումներ:

Բացարձակ մեծությամբ ամենամեծ թերակատարումը՝ 81.8 մլրդ դրամ, արձանագրվել է պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի գծով։ Տոկոսային արտահայտությամբ թերակատարումը կազմել է 15.0%։ Այս ծրագրի գծով փաստացի կատարված 456.4 մլրդ դրամ ծախսերի 65.2%-ը՝ ավելի քան 297.5 մլրդ դրամը, ուղղվել է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավմանը, որը կատարվել է 91.1%-ով, իսկ 34.7%-ն օգտագործվել է ռազմական կարիքների բավարարման շրջանակներում, որի գծով ծախսերը կազմել են ընդամենը 158.6 մլրդ դրամ կամ պլանավորվածի 87.6%-ը։

ԿԳՄՍ նախարարության պատասխանատվությամբ իրականացվող «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրի գծով ծախսերը 2025թ. 9 ամիսներին թերակատարվել են 33.6%-ով կամ 27.8 մլրդ դրամով: Հայտնի է, որ ընդամենը 59 դպրոցներում են ավարտվել աշխատանքները։ Այս փաստն ավելի հիմնավոր է դարձնում 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման թիրախի մինչև ներկայիս կառավարության գործունեության ավարտը մնացած մի քանի ամիսների ընթացքում անիրատեսականության վերաբերյալ մտահոգությունները։

Մի շարք այլ կարևորագույն ծրագրերի գծով ևս արձանագրվել են էական թերակատարումներ։ Մասնավորապես, «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրի գծով թերակատարումը 95.6% է, «Զբոսաշրջության զարգացում» ծրագրի գծով՝ 83.4%, «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի գծով՝ 79.4%, «Ներդրումների և արտահանման խթանում» ծրագրի գծով՝ 64.3%, «Քաղաքային զարգացում» ծրագրի գծով՝ 62.4%, «Գյուղատնտեսության խթանում» ծրագրի գծով՝ 35.7%։ Զգալիորեն՝ շուրջ 37%-ով թերակատարվել է անգամ «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը` հիմնականում պայմանավորված պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի զարգացման ծրագրի կատարողականով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերի շրջանակում արձանագրված շոշափելի թերակատարումները շարունակում են վկայել պետական կառավարման ցածր արդյունավետության մասին։

ՀՀ պետական պարտքը՝

2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,433.5 մլրդ դրամ կամ 14,195.9 մլն ԱՄՆ դոլար՝ 2024թ. տարեվերջի համեմատությամբ դրամային արտահայտությամբ աճելով 340.8 մլրդ դրամով, իսկ դոլարային արտահայտությամբ` 1,353.6 մլն ԱՄՆ դոլարով:

Պետական պարտքը ներկայիս կառավարող քաղաքական ուժի իշխանավարման ընթացքում ավելի քան կրկնակի աճել է և շարունակում է ավելանալ։ Այսպես, դոլարային արտահայտությամբ պետական պարտքի ցուցանիշը 30.09.2025թ. դրությամբ շուրջ 2.1 անգամ գերազանցում է 30.04.2018թ. դրությամբ ցուցանիշին։ Արձանագրված փաստը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:

Անտոնիու Գուտերեշն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիներին

15.10.2026 21:47

COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը՝ ուղիղ

15.10.2026 20:04

Որոշում եմ կայացրել մասնակցել Կապան համայնքի ավագանու ընտրություններին․ Գևորգ Փարսյան

15.10.2026 18:56

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐԹՈւՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈւՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

15.10.2026 12:21

Ուկրաինան կվերսկսի հարվածները ռուսական ՆՎԶ-ներին․ Վլադիմիր Զելենսկի

15.10.2026 11:18

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված պայմանագրայիններին դրամական օգնություն կտրամադրվի

15.10.2026 11:16

Ժամանակն է, որ Զելենսկին հեռանա․ Մասկ

15.10.2026 10:54

Բենզինի թանկացումը լրջագույնս անհանգստացնում է բնակչությանը 

15.10.2026 10:33

ՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի․ Շաթիրյան

14.10.2026 20:52

Լավրովը ժամանել է Բաքու

14.10.2026 20:47

Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա

14.10.2026 18:53

Գագիկ Գալֆայանը ճանաչվել է Կալիֆոռնիայի լավագույն ուսուցիչ

14.10.2026 16:01