Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում շեշտում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունը գերիների հարցով: Ներկայացնում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում և Անվտանգության խորհրդում:
Այդ նամակում տեղ են գտել Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ու նրանց իրավունքներին վերաբերող հարցեր, ուստի Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նամակի այդ մասերին: Մասնավորապես՝
Այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշված զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշում արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի և քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով:
Այնուհետև, այլ հարցերի թվում Ադրբեջանի ներկայացուցիչը, գլխավորապես օգտագործելով Ադրբեջանում գերության մեջ գտնվող նշված հայ զինծառայողներին վերաբերող մասը, արել է քաղաքական բնույթի եզրահանգումներ, այդ թվում՝ ՄԱԿ-ին առաջարկելով Հայաստանի նկատմամբ ձեռնարկել որոշակի գործողություններ: Նույն սկզբունքով նամակում եզրահանգում է արված նաև այն մասին, թե Հայաստանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությունը:
Ինչպես ադրբեջանական նամակում նշված 62, այնպես էլ մյուս բոլոր հայ զինծառայողները կարգավիճակով գերիներ են, նրանք իրենց գերեվարման վայրերում են գտնվել բացառապես իրենց իրավական պարտականությունը կատարելու՝ զինվորական ծառայություն տանելու նպատակով ու նրանք պետք է առանց որևէ նախապայման ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան: Այս եզրահանգումը հիմնված է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման ու քննության արդյունքների վրա և ամրապնդված է հիմնավոր ապացույցներով:
Ուստի, Ադրբեջանում գերության մեջ գտնվող 62 հայ զինծառայողների նկատմամբ քրեական հետապնդման ընթացակարգեր նախաձեռնելը, նրանց կալանավորելն ու առավել ևս նրանց ահաբեկիչներ կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու առհասարակ մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ռազմական գործողությունների մասնակցելու համար նրանք չեն կարող որևէ տեսակի քրեական հետապնդման ենթարկվել կամ կալանավորվել՝ որպես պատիժ:
Սրանք պահանջներ են, որոնք հատկապես ամրագրված են 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայում:
Գերիների վերադարձը կամ ազատ արձակումն անկախ է քաղաքական որևէ գործընթացից:
Դա պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո:
Սա ավտոմատ կիրառման ենթակա համընդհանուր պահանջ է, որ միջազգային իրավունքում գոյություն ունի ցանկացած պարագայում՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց կամ չլինելուց:
Ուստի, 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ունի ինքնավար նշանակություն ու պետք է գործի բացառապես ինքնավար մեկնաբանությամբ: Այն որևէ պարագայում չի կարելի դիտարկել հայտարարության մյուս կետերի հետ կապի կամ կախվածության մեջ:
Նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 10-ից առաջ, այնպես էլ դրանից հետո առաջ եկած բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ գործնականում արդեն իսկ արձանագրվել են դեպքեր, երբ ադրբեջանական զինված ուժերը հայերի են գերեվարել նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո, սակայն հետ նրանք հետո վերադարձվել են Հայաստան:
Քանի որ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է գերիների ազատ արձակման չարդարացված ձգձգումներն ու դա համարում պատերզամական հանցագործություն, ապա Մարդու իրավունքների պաշտպանի համար ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն իրականացնում են իրավական գործընթացների ակնհայտ չարաշահում՝ այդ կերպ իրենց նպատակին հասնելու համար:
Ադրբեջանական իշխանության մարմինների այս պահվածքն ուղղակիորեն հակասում է նաև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին:
Բանն այն է, որ այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի:
Ուստի, նշվածը նույնպես ակնհայտ է դարձնում, որ անգամ քրեական վարույթ նախաձեռնելու ու հայ զինծառայողներին կասկածյալ կամ մեղադրյալ դարձնելու միջոցով գերիների վերադարձը ձգձգելն ունի ակնհայտ արհեստական բնույթ, իրենից ներկայացնում է իրավական գործընթացների բացահայտ չարաշահում և խախտում է ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքը, այլ նաև հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը, այն ստորագրած կողմերի մտադրություններին:
Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած ապացույցները հաստատում են, որ նրանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև 44 գերիների վերադարձին:
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին, ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը:
Ուսումնասիրությունները վկայում են, որ այս ամենն արվում է գերիների ընտանիքներին ու, առհասարակ, հայ հասարակությանը հոգեկան տառապանքներ պատճառելու, հայ հասարակության էմոցիաների հետ խաղալու ու մթնոլորտը լարված պահելու համար: Խոսքը հավասարապես վերաբերում է ինչպես ռազմագերիներին, այնպես էլ քաղաքացիական անձանց:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած զեկույցները, որոնք հիմնված են օբյեկտիվ ապացույցների վրա, հաստատում են Ադրբեջանում հայատյաց քաղաքականության խորքային արմատները, թշնամանքի ու վայրագությունների խրախուսումը ադրբեջանական իշխանության մարմինների կողմից ու որ անգամ դա բացահայտ անում են մշակույթի գործիչները:
Այս հարցը սերտորեն կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի հետ նաև այն առումով, որ հայ զինծառայողներն առաջնահերթ իրականացրել են իրենց հայրենակիցների՝ հայերի կյանքի, ինչպես նաև առողջության պահպանման, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների պաշտպանությունը: Այս հարցը հատկապես կարևոր է այն պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերվածությունների ֆոնին, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը ու նման առանձին արարքներ դեռ շարունակում են կատարել:
Հենց այդ սկզբունքները հիմք ընդունելով՝ Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ մարդասիրական ու մարդու իրավունքների գործընթացի շրջանակում ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը Հայրենիք»: