Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հայտարարությունը

25.05.2015 14:30
3919

Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ իրագործված մահափորձը բացահայտ եւ ցինիկ մարտահարվեր է հանրապետության պետական կարգին ու իրավապահ համակարգին, այն Սյունիքի մարզի բնականոն ընթացքին խոչընդոտելու մի նոր եւ աննախադեպ դրսեւորում է:

Մեր զորակցությունն ենք հայտնում Սուրեն Խաչատրյանին եւ կոչ անում նրան՝ չհուսահատվել, չթեւաթափվել եւ շարունակել աշխատել նախկին եռանդով:

Մեկ անգամ եւս հայտնում ենք մարզի բնակիչներից շատերի կարծիքը՝ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Սյունիքը սովորական մարզ չէ ու այն ղեկավարելու համար բազմաթիվ արժանիքներով օժտված մարզպետ է պետք: Սուրեն Խաչատրյանը մեր զարգացման ներկա ընթացքում հենց այդ մարզպետն է:

Ոչ վաղ անցյալում արդեն տեսել ենք, թե ինչ է լինում հետո, երբ Սյունիքի մարզը դարձնում են փորձարկման դաշտ, իսկ մարզպետի աթոռը՝ փորձարկման առարկա: Եվ ոմանք, ըստ էության, ձգտում ու փորձում են մարզը ներքաշել փորձարկումների եւ անիշխանության նոր հորձանուտ, ինչը ողջամիտ ոչ մի սյունեցի թույլ չի տա:

Մենք շատ վաղուց այլեւս չենք էլ զարմանում ու զայրանում մայրաքաղաքային որոշ քաղաքական ուժերի ու նրանց տեղական գործիչների, ինչպես եւ մի քանի լրատվամիջոցների՝ սյունիքյան իրականությունն աղավաղելու մոլագարությունից: Մի ուրիշ ճակատ էլ հիմա բացվել է այն մարդկանց դեմ, ովքեր սեփական կարծիքն են հայտնում, նշված ուժերի կողմից հրամցվող տեսակետներից տարբերվող այլ դիրքորոշում արտահայտում:

Նորից զորակոչվել ու այդ մի քանի լրատվամիջոցի առաջին էջերում են հայտնվել ինչ-ինչ անձնական դրդապատճառներով իրենց բնօրրանից խռոված ու հեռացած եւ հեռվից Սյունիքի մասին դատողություններ անողները, որոնց քանիցս հիշեցրել ենք եւ հիշեցնում ենք՝ հեռվից հայրենիք չեն սիրում, վերադարձեք, խնդրեմ, ձեր փոքր հայրենիքը, իսկ առայժմ թող Սյունիքի մասին խոսեն այստեղ ապրողները:

Ընդդեմ Սյունիքի արշավն ավելի ցավալի կլիներ, եթե, նախկին ժամանակների պես, մայրաքաղաքային մի ուժ կամ լրատվամիջոց կարողանար հանրային կարծիք ձեւավորել մարզում կամ ինչ-որ (իրենց քիմքին հաճո) եղանակ ու խաղի կանոններ թելադրեր այստեղ ապրողներիս: Փառք Աստծո, դա էլ է մնացել անցյալում, թեեւ ոմանք այդպես էլ չեն տեսնում ու գիտակցում:

Վերջին օրերին առանձնապես ապշեցնող էր ոմանց ցինիզմը՝ հրճվանք ապրելու տեղի ունեցածով եւ դատափետելու բոլոր նրանց, ովքեր քրիստոնեաբար կարեկցում եւ զորակցում են փորձության մեջ հայտնվածին, նրան քաջալերանքի խոսքեր հղում:

Պետության բարձրաստիճան պաշտոնյայի վրա (անկախ անձի ով լինելուց) մահափորձ են կատարում, իսկ իրավապաշտպան կոչված կամ լրատվամիջոց կոչված մի քանիսը շարունակում են իրականությունը խեղաթյուրող նյութեր սփռել, նախաքննությունն իրենց ցանկալի հունով տանելու վարժանքներ անել: Բայց դա, տհաճ լինելով հանդերձ, իրենց դեմոկրատ, մտավորական, իրավապաշտպան, ազատ խոսքի ջատագով ինքնահռչակածների իրական դեմքի հերթական բացահայտում է: Այդ ուժերը, կարծում ենք, այլեւս քիչ իրավունք ունեն խոսելու ժողովրդավարությունից, քաղաքացիական հասարակությունից, մարդու իրավունքներից եւ առավել եւս, խոսքի ազատությունից: Այնպես որ՝ ինչ-որ առումով մենք մոտեցել ենք իրավիճակի հանգուցալուծմանը:

Իհարկե, Սյունիքում կան բազմաթիվ հիմնախնդիրներ, սյունեցիներն ունեն բազմաթիվ մտահոգություններ, որոնք, բնականաբար, պայմանավորված են նաեւ երկրի սոցիալ-տնտեսական դժվարություններով: Դրանով հանդերձ, սակայն, չի կարելի մարզում չտեսնել աշխատելու, արարելու մթնոլորտը, կարգ ու կանոնը, մարդկանց նախաձեռնություններին ընդառաջ գնալու տեղական իշխանությունների ձգտումը: Ուրիշ տեղ, ներող եղեք, շինարարական աշխատանքների, կառուցելու նման ռիթմ եւ ոգի չեմ տեսնում: Եվ այդ ամենը, թույլ տվեք ասել, նաեւ (ու առաջին հերթին) Սուրեն Խաչատրյան մարզպետի գործունեությամբ է պայմանավորված: Հիացմունքի արժանի է մանավանդ նրա նվիրական գործունեությունը սահմանամերձի ամրապնդման, տարածաշրջանում տեղակայված զորամասերի առջեւ ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ անընդհատ թեւաթափ անել նրան ու անվանարկել՝ առնվազն բարոյական չէ ու ոչ ազգանպաստ:

Խոսքս ուղղում եմ առողջ բանականությամբ առաջնորդվող, մեր հողն ու ջուրը սիրող մարդկանց, մեր երկրամասի արժանապատվությամբ հետաքրքրված անձանց. քանի դեռ դուք զբաղված եք աշխատանքով եւ ձեզ հեռու եք պահում այս կամ այն պատահարների ու բամբասանքների մասին դատողություններ անելուց, գլուխ են բարձրացնում մանր ու չնչին մարդիկ, գլուխ են բարձրացնում մարտնչող տգետներն ու բանսարկուները: Միգուցե ժամանակն է ավելի ակտիվանալու եւ սեփական դիրքորոշումը հանրությանը ներկայացնելու…

Ստեղծված իրավիճակում ակնկալում ենք մայիսի 20-ին տեղի ունեցած միջադեպի բացահայտում. փորձը ցույց է տվել, որ մեր իրավապահները կարող են դա անել: Իսկ բացահայտումը, համոզված ենք, ինչ-որ չափով վերջ կդնի մարզի շուրջ հրահրվող խարդավանքներին եւ արհեստական, իրականության հետ կապ չունեցող աղմուկ-աղաղակին:

ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային համայնքի ղեկավար
25 մայիսի 2015թ.

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադիայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24