Ահա եւ Գյավուրի բերդը. արդյո՞ք սա է Ձագեձորո կամ Հանբադա բերդը

13.11.2019 17:00
1799

Նոյեմբերի 10-ի մեր արշավի նպատակը Գյավուրի բերդի ենթադրյալ տեղանքին ծանոթանալն էր:

Դժվարին այդ առաքելության ընթացքում մեզ ուղեկցում էր Քարահունջ գյուղից մի հրաշալի անձնավորություն՝ Հրայր Աբրահամյանը, ով քաջատեղյակ է Վարարակնի հովտի, ինչպես եւ Որոտանի կիրճի ամեն մի տեղանքին:

Հրայրի հետ ծանոթացել էինք օրեր առաջ, երբ Քարահունջի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանի հետ (Քարահունջի սրբավայրեր կատարած ուխտագնացության ըմթացքում)  բարձրացել էինք գյուղի հյուսիս-արեւմտյան լեռնածերպում գտնվող նրա քարանձավը: Այդ օրն էլ ծնվեց Գյավուրի բերդ համատեղ այց կատարելու մեր որոշումը:

Պարզվում է՝ Գյավուրի բերդը Գորիս-Կապան ավտոմայրուղու վրա՝ Քարահունջից 5-6 կմ հարավ գտնվող լեռնաշարքն է,  որ սկսվում է հայտնի Ծակերից… Ծակերը, կարծեք, բերդի յուրօրինակ դարպասն են հյուսիսային կողմից:

Մենք բարձրացանք միջնաբերդի ստորոտ, բայց գագաթ ելնել չկարողացանք:

Մոտ 30-40մ բարձրության քարաբլուրը բաձրանալու համար պետք է օգտվեինք Արցախյան պատերազմի օրերին միջնաբերդի գագաթից կախված երկաթե աստիճանից,  որի ամրությունը եւ հուսալիությունը կասկածի տեղիք  տվեց:

Փոխարենն  ուսումնասիրեցինք միջնաբերդի՝ դեռեւս պահպանված պատի հատվածները, քարանձավ-անցքերը, մերձակայքում գտնվող գերեզմանատան հետքերը, որտեղ Հրայր Աբրահամյանը մի քանի խաչքար ցույց տվեց:

Կարելի է արձանագրել, որ միջնաբերդից դեպի հարավ-արեւելք եւ դեպի հյուսիս ու արեւմուտք ձգվող լեռնաբազուկները բերդի տարբեր ճյուղավորումներն  են:

Իսկ Գորիս-Կապան ավտոմայրուղին, Որոտանի կիրճ մտնելիս, անցնում է հենց Գյավուրի միջնաբերդն ամրոցի  հարավ-արեւելյան թեւին միացնող հատվածով, որը տասնամյակներ առաջ է բացվել՝  ավտոճանապարհը կառուցելու նպատակով:

Ինչո՞ւ ենք վստահաբար հայտարարում, որ հենց դա է Գյավուրի բերդը:

Նախ՝ քարահունջցիներն են սերնդեսերունդ վկայում, որ այդ բերդը հենց Գյավուրն է:

Քարահունջցիների ընդհանրական տեսակետը հայտնել է նաեւ գյուղի պատմության հեղինակ Անդրանիկ Բաղդասարյանը:

Ահա՝ Գյավուրի բերդը «…Հնադարյան մի բերդալեռ է, որը գտնվում է Գորիս-Կապան ճանապարհի աջ մասում, գյուղից հարավ՝ 5-6 կմ հեռավորությամբ:

Սեղանաձեւ լեռան մի զանգված է այն՝ մոտ 30-40 մ բարձրությամբ:

Լեռը բարձրանալու համար անմատչելի է:

Թշնամին ոչ մի կերպ չի կարողացել գրավել բերդը ու անվանել է Գյավուր ղալա (անհավատների բերդ):

Բերդում գտնվել են զանազան իրեր՝ ավազան՝ ջուր ամբարելու համար, թոնիր եւ այլն:

Ասում են նաեւ՝ բերդից մինչեւ Վարարակն գետը գոյություն է ունեցել թունել՝ գետնուղի, ելք ու մուտքի, ջուր, սնունդ հայթհայթելու համար»:

Գյավուրի բերդի տեղորոշման հարցում գրեթե նույն տեսակետն է հայտնել նաեւ Երվանդ Լալայանը. «Քարահունջից մոտ 6 կիլոմետր դեպի հարավ, նույն ձորի աջ կողմում բարձրանում են երեք  առանձին, ահագին ժայռեր, որոնցից մեկի վրա կա մի հինավուրց ամրոց: Այժմ ոչ մի ճանապարհ չկա նրա գլուխը բարձրանալու, միայն հեռվից երեւում են բնականից թողնված պարիսպ եւ այրեր:

Ոմանք սրան Ղըզ-ղալա են կոչում, ուրիշներն էլ՝ Գյավուր-ղալա»:

Գյավուրի բերդի տեղորոշման հարցում նույն դիրքորոշումն են հայտնում «Գորիսի հանրագիտարանի» հեղինակներ Էդուարդ Զոհրաբյանը եւ Համլետ Միրզոյանը. «Գյավուրկալա. ավերակ բերդ… Գորիսի շրջանում, Քարահունջ գյուղից 6 կմ հարավ-արեւելք, Ծակեր կոչված վայրում»:

Այդ տեսակետը, ի վերջո, հաստատում են «Հայաստանի եւ հարակից շրջանների բառարանի» հեղինակներ Թ. Հակոբյանը, Ստ. Մելիք-Բախշյանը, Հ. Բարսեղյանը:

Ահա՝ «Գյավուրկալա. ավերակ բերդ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, Քարահունջ գյուղից 4 կմ հարավ -արեւելք, Գորիս գետի բարձրադիր աջ ափին, Ծակեր կոչված վայրում: Պահպանված են կրապատ բուրգեր, ժայռափոր անցքեր»:

Կարծում ենք՝ այդ վկայությունները եւ մանավանդ քարահունջցիների՝ սերնդեսերունդ փոխանցված հիշողությունը բավարար են հաստատելու, որ հենց դա է Գյավուրի բերդը:

***

Գյավուրի բերդի տեղորոշման հարցում, անշուշտ, կան տարակարծություններ:

Սերո սպարապետ Խանզադյանը, օրինակ, կարծում է, որ մեր կողմից Գյավուրի բերդ կոչվող ամրոցը Բարգուշատի բերդն է, որը, սակայն, որեւէ քննադատության չի դիմանում: Բարգուշատի բերդի տեղի հետ կապված այնքան որոշակիություն կա, որ հարկ չենք համարում նույնիսկ քննարկել այդ վարկածը՝ հիմնազուրկ լինելու պատճառով:

Անհարկի ենք համարում քննարկել նաեւ  տեսակետը, թե իբր Գյավուրի բերդն Ադրբեջանի երբեմնի Կուբաթլիի շրջանի Բախտիարլու  գյուղի մոտ գտնվող  (Որոտան գետի աջ  բարձրադիր ափին) բերդն է, քանզի դա Բղենո բերդն է՝ Դաութլու (ներկայումս՝ Դողար, որ մտնում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի մեջ) գյուղի մոտ գտնվող, ինչի մասին առիթ ենք ունեցել խոսք ասել՝  վերջերս  այնտեղ կատարած այցելությունից հետո: 

***

Գյավուրի բերդի շուրջ կա բանավիճային մեկ այլ խնդիր եւս:

«Հայաստանի եւ հարակից շրջանների բառարանի» հեղինակները ենթադրություն են հայտնում, որ Գյավուրի բերդը նույն Ձագեձորո կամ Հաբանդի բերդն է՝ Սյունյաց աշխարհի Հաբանդ գավառի ամենախոշոր ամրոցը:

Ահա նրանց տեսակետը՝  «Գյավուրկալա… հավանաբար սա է եղել հին Ձագեձորի բերդը, քանի որ այն, ինչպես եւ Ձագեձորի բերդը, ընկած է պատմական Հաբանդ եւ Բաղք գավառների սահմանագլխին»:

Այդ տեսակետը բառացիորեն կրկնում են «Գորիսի հանրագիտարանի» հեղինակները:

Գյավուրի բերդ անվանումը, բնականաբար, չի օգտագործել Ստեփանոս պատմիչը:

Գյավուրի բերդի մասին հիշատակություն կա Ղեւոնդ Ալիշանի «Սիսականում»՝ Գյավուր գալեսի տեսքով՝ առանց տեղը նշելու:

Դա նշանակում է, որ հնամենի բերդի նոր անունը՝ Գյավուր-ղալա (Գյավուր գալեսի), շրջանառության մեջ է դրվել ուշ միջնադարում:

Ոչ ավելորդ անգամ հիշեցնենք՝ գյավուրը՝ իսլամը դավանողների կողմից բոլոր այլադավաններին տրված արհամարհական անունն է, որ հիմնականում օգտագործվել է միջին դարերում:

Դա նշանակում է, որ Գյավուրի բերդն անմատչելի է եղել օտար նվաճողների համար:

Դա նշանակում է, որ Գյավուրի բերդը սկզբնապես ունեցել է այլ անվանում, որը,  անտարակույս, պետք է փնտրել Սյունյաց աշխարհի խոշոր բերդերի անվանումների մեջ՝ փոխանցված Ստեփանոս Օրբելյան անզուգական պատմիչի կողմից:

Ծանոթանալով բերդանունների ցանկին` հանգում ենք հիմնավոր հետեւության, որ Գյավուրի բերդը Ձագեձորի կամ Հաբանդի բերդն է:

Տեսեք, թե ինչպես է բնութագրում Ձագեձորո բերդը Ստեփանոս Օրբելյանը. «…Հանբադա բերդը, որ Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա եւ իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ»:

Որքա՜ն նման է այս նկարագրությունը Գյավուրի բերդին:

Չէ՞ որ Ձագեձորը հենց Վարարակնի հովիտն է՝ Ակներից (Բռունից), ավելի ճիշտ` Ձագեձոր լեռան ստորոտից սկսած մինչեւ Դաութլու (ներկայումս՝ Դողար):

Չէ՞ որ Գյավուրի բերդի արեւելյան եւ հարավ-արեւելյան ստորոտը սկսում է հենց Վարարակն գետից, ասել է թե՝ բերդը գետի վրա է կառուցված:

Պատմիչի մեկ այլ բնութագրում եւս. «Իսկ այստեղ գտնվող ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, եւ միայն տերը կարող է մատչելի դարձնել, հետեւյալներն են…»:

Որքա՜ն է պատշաճում այս բնութագրումը Գյավուրի բերդին:

Այսօր էլ այդ ամրոցը` իր բազուկներով, անհասանելի է մարդկանց մուտքին:

Իհարկե, Ձագեձորում (Վարարակնի հովտում) կան այլ բերդերի հետքեր եւս. Օփավերի բերդը՝ Քարահունջից արեւելք, Բռունի մերձակայքի բերդը, Վերիշեն գյուղի արեւելյան հատվածում գտնվող բերդատեղին, Գորիս գյուղում՝ Լաստի խութին հենված բերդատեղին, Ծակաձորի բերդը… Նշված բոլոր բերդերից եւ ոչ մեկը (հայցում ենք այդ վարկածների հեղինակների ներողամտությունը) չի համապատասխանում այն նկարագրումներին, որ ներկայացնում է Սյունյաց տան պատմիչը:

Եվ միայն Գյավուրի բերդն է, որ համապատասխանում է Ստեփանոս Օրբելյանի նկարագրությանը` ե՛ւ անմատչելիության, ե՛ւ դիրքի առումով:

Ի վերջո շատ բնական է, որ գավառի գլխավոր ամրոցը պիտի կառուցված լիներ գավառի հարավ-արեւելյան սկզբնամասում, որտեղից առավել շատ էր սպասվում օտարների մուտքը, այլապես հասկանալի  չէր լինի նրա պաշտպանական նշանակությունը:

 

***

 Գյավուրի բերդը՝ Ձագեձորո կամ Հաբանդի բերդ…

Վերը նշված դիտարկումներով հանդերձ՝ այս վարկածն  ունի բավականին լուրջ հակառակորդներ:

«Դիվան հայ վիմագրության» երկրորդ պրակի հեղինակ Սեդրակ Բարխուդարյանը գրում է. «Ներկա Գորիսի հարավից բարձրանում է Լաստ գագաթը, որի ապառաժների վրա կառուցված է եղել Սյունիքի նշանավոր բերդերից՝  Հաբանդի բերդը, որը հետագայում կոչվել է նաեւ Ձագեձորի բերդ»:

Ճանաչված հնագետը, սակայն, որեւէ ապացույց կամ հիմնավորում չի բերում՝ նման եզրակացության համար:

Զարմանք է հարուցում նաեւ իրողությունը, որ հնագետը,  Գորիսում լինելով, տեղեկացված չի եղել տարածքի ամենախոշոր բերդի՝ Գյավուրի ամրոցի մասին:

Ձագեձոր բերդի՝ Լաստի գագաթի ապառաժների վրա գտնվելու տեսակետը պաշտպանում է Սերո Խանզադյանը՝ դարձյալ չվկայակոչելով որեւէ հիմնավորում:

«Հայկական սովետական հանրագիտարանը» (հատոր 6, էջ 686) տեղեկացնում է՝ «…Ձագեձորի ստույգ տեղը հայտնի չէ, ենթադրվում է, որ գտնվել է այժմյան Գորիսի շրջանի Վերիշեն գյուղի մոտակայքում»:

Այս կարծիքի հեղինակները նույնպես որեւէ հիմնավորում չեն բերում:

Ըստ «Սյունիքի պատմություն» գրքի թարգմանության, ներածության եւ ծանոթագրությունների հեղինակ Ա. Աբրահամյանի՝  «Հանբադա կամ Հաբանդա (այլեւ՝ Ձագեձորո) բերդի տեղը ստույգ հայտնի չէ: Անունից երեւում է, որ գտնվել է համանուն Հաբանդ գավառում (այժմյան Գորիսի շրջանում): Իսկ որոշակի տեղի մասին հայտնվել են այլեւայլ կարծիքներ…»: Այդ առումով հեղինակը հիշում է հնագետ Ս. Բարխուդարյանի տեսակետը, որը քիչ առաջ ներկայացրինք ընթերցողին (Լաստ գագաթի ապառաժները):

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների  բառարանի» հեղինակները, որքան էլ զարմանալի է, միեւնույն հարցի վերաբերյալ բառարանի տարբեր էջերում իրարամերժ կարծիքներ են հայտնում (նման շատ օրինակներ ունենք):

Այս դեպքում եւս՝ նախ՝ ներկայացվում են բերդի տարբեր անունները՝ Ձագեձորի բերդ, Աբանդ, Խաբանդ, Հաբանդ, Հաբանդաբերդ, Հաբանդի բերդ, Համբատաբերդ, Հանբանդ, Հանբադաբերդ, Ձագաբերդ, Ձագեձոր, Ձագեձորո բերդ եւ այլն: Բառարանի հեղինակները, մոռանալով, սակայն, նախորդ էջերում հայտնած տեսակետը, գրում են՝ Ձագեձորի բերդը «հավանաբար գտնվում էր այժմյան ՀԽՍՀ Գորիս քաղաքից հյուսիս, Վերիշեն գյուղի հանդամասում, Գորիս գետի հովտում:  Ոմանք էլ պատմական Ձագեձորի բերդը տեղադրում են Գորիսի շրջանի Բռուն գյուղի տարածքում,  նրանից մոտ 2կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Ղալա-քերծ կոչված վայրում, որտեղ նշմարվում են մի հին բերդի մնացորդներ»:

Գորիսի պետական համալսարանի դասախոս Ժիրայր Միրումյանը «Սյունյաց երկրում» (N 10, 2011 թ.) նույնպես քննարկել է Ձագեձոր բերդի տեղադրության հարցը:

Նա հերքում է Սեդրակ Բարխուդարյանի արդեն իսկ հայտնի տեսակետը:

Հերքում է Ա. Ղարագյոզյանի տեսակետը, թե Ձագեձորի բերդը կարող էր գտնվել Ակներ (Բռուն) գյուղի տարածքում:

Ժիրայր Միրումյանի կարծիքով՝ «Ձագեձոր բերդի ամենահավանական տեղադրությունը կարող է լինել Վերիշենից 200-300 մ հյուսիս-արեւելք գտնվող՝ Վերիշենից Վաղատուր տանող Ճանապարհի վրա իշխող Ղլը քերծ կոչվող բարձունքի գագաթին»:

Վերոգրյալ տեսակետները, սակայն, չեն հիմնավորվում գիտական ապացույցներով, ուստի եւ շարունակում ենք պնդել` Գյավուրի բերդը Ձագեձորի կամ Հաբանդի բերդն է, ասել է թե՝ Հաբանդ գավառի ամենախոշոր եւ անմատչելի ամրոցը, Սյունյաց աշխարհի ամենանշանավոր բերդերից մեկը:

***

Շատ կարեւոր է Գյավուրի բերդի իշխող դիրքը. այնտեղից տեսանելի են Որոտանի կիրճի մի մեծ հատվածը, Վարարակնի հովիտը, Բղենո բերդի միջնաբերդը, Բղենո Նորավանքը, Թաս լեռնանցքից արեւելք գտնվող երբեմնի Մազրա գյուղի կանգուն եկեղեցին…

Գյավուրի բերդը շրջապատված է եղել հայկական բազմաթիվ գյուղերով: Դրանց նախնական անունները դեռ պետք է ճշտել: Բայց ուշ միջնադարում դրանք արդեն ունեին նոր անուններ՝ Թափտուղաշեն, Կալեր, Խանում, Քարատակ, Մեծ կապ, Գյունեյ, Գյաուր ղալա, Յազ…

Այդ գյուղատեղիներում, հատկապես Յազ գյուղատեղիում, մեծ դամբարանադաշտ է եղել՝ բացառիկ խաչքարերով, որոնք ոչնչացվել են Կուբաթլիի իշխանությունների կողմից՝ տարածքի մելիորացման հետեւանքով՛:

Բերդի հարավ-արեւելյան ճյուղավորման ստորոտում գտնվող այդ վայրը հիմա վարելահող է:

Գյավուրի բերդը, սակայն, հզոր ամրոց չի եղել սոսկ:

Պարզվում է՝ այն՝ մերձակա բնակավայրերով, բազում սրբություններ է ունեցել:

Դրանում համոզվեցինք, երբ ուսումնասիրեցինք բերդին մերձակա գերեզմանատների հետքերը:

Դրանում ավելի համոզվեցինք, երբ, մեր շրջայցի ավարտին, ժամանեցինք Գյավուրի բերդի արեւելյան ստորոտ՝ Վարարակնի կիրճ, որտեղ Սուրեն Հարությունյանը (Քարահունջ գյուղից) 1990-ականներից սկսած հրաշալի մի անկյուն է ստեղծել:

«Սուրիկի լիճ» անվանյալ այդ վայրում տեսանք իսկական մի քարադարան՝ բազմաթիվ խաչքարերով եւ հնագիտական տարաբնույթ ցուցանմուշներով, որոնք (փրկելու նպատակով) հավաքել-բերել է բերդի մերձակայքից:

Վարարակնի կիրճի մերօրյա այդ «տիրակալը» նույնպես համոզում էր, որ  դիմացի լեռնագոտին Գյավուրի բերդն է, որ Գյավուրի բերդը Ձագեձորի կամ Հաբանդի բերդն է…

 

Սամվել Ալեքսանյան

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25