Ահա եւ Տաթեւի մայր վանքում ենք, որ Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրն է (Մաս 2-րդ)

28.03.2020 13:10
1742

Սկիզբը՝ այստեղ

Տաթեւի համալսարանը

Տաթեւի համալսարանի մասին խոսքը ներկայացնում ենք ըստ Հայկական Սովետական Հանրագիտարանի 11-րդ հատորի (էջ 542)։

Սյունյաց բարձր տիպի դպրոց, Սյունյաց վարդապետարան, միջնադարյան Հայաստանի խոշորագույն ուսումնագիտական հաստատություն Տաթեւում: Որպես համալսարան հիշատակվում է 1390-ից: Գոյատեւել է մինչեւ 1435-ը: Գլաձորի համալսարանի փակվելու պատճառով  Հովհան Որոտնեցին տեղափոխվել է Որոտնավանք, հիմնել դպրոց, ապա հաստատվել Տաթեւում եւ, վերակառուցելով Տաթեւի կրթարան-վարդապետարանը, հիմք է դրել նոր, բարձր տիպի դպրոցի՝ համալսարանի: Այնտեղ էին հավաքվել ժամանակի գիտուն եւ բանիմաց շատ վարդապետներ, 500-ի չափ կրոնավորներ, փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ, ինչպես նաեւ արվեստագետներ ու արհեստավորներ: Ավելի ուշ միաբանների թիվը հասել է  1000-ի (այդ թվում՝ ուսանողներ, աբեղաներ, քահանաներ, սարկավագներ…):

Տաթեւի համալսարանը հովանավորել է Օրբելյան իշխանական տունը եւ Սյունիքի եկեղեցական իշխանությունը: Ունեցել է երեք լսարան (ուսումնարան)՝ ուսումնարան ներքին եւ արտաքին գրոց, գրչության արվեստի, երաժշտության: Առաջինում ուսումնասիրվել են գլխավորապես հումանիտար եւ հասարակական գիտություններ. փիլիսոփայություն, ճարտասանություն, քերականություն, պոետիկա, մանկավարժություն, ինչպես նաեւ մայրենի լեզու, գրականություն, պատմություն եւն, երկրորդում՝ գրչության արվեստ, գեղագրություն, գրքերի գեղարվեստական ձեւավորում, մանրանկարչություն, որմնանկարչություն, իսկ երաժշտության լսարանում՝  հին երգ եւ երաժշտություն, երաժշտության տեսություն: Որոտնեցին մահից առաջ իրեն փոխարինող  եւ հայոց րաբունապետ է կարգել (1386) իր աշակերտ՝ Գրիգոր Տաթեւացուն: Նա շարունակել է Որոտնեցու դպրոցի ավանդույթները: Իր րաբունապետության շրջանում Տաթեւացին կատարելագործել է համալսարանի ծրագրերը, կազմել դասագրքեր («Գիրք հարցմանց», «Գիրք քարոզութեան…», «Գիրք որ կոչի Ոսկեփորիկ»), գրել գրչության արվեստի տեսությանը վերաբերող  քննական մեկնություններ: Տաթեւացու գործունեությունը նպաստել է մանավանդ գրչության արվեստի զարգացմանը: Նա վարել է գրչության տեսական դասընթաց եւ անցկացրել գործնական պարապմունքներ: Պատրաստել է մոտ 60 գրիչ: Համալսարանում օգտագործվել են Հին եւ Նոր կտակարանները, Արիստոտելի, Փիլոնի, Պորփյուրի եւ ուրիշների աշխատությունների մեկնություններն ու թարգմանությունները:

Առանձնակի ուշադրություն է դարձվել փիլիսոփայությանը, ուսումնասիրվել են ոչ միայն սկզբնաղբյուրները, այլեւ դրանց վերաբերող մեկնողական գրականությունը: Լայնորեն օգտագործելով  հայերեն եւ հունարեն գրականությունը՝ մշակել եւ զարգացվել են մի շարք գիտություններ ու արվեստներ:

Համալսարանն ունեցել է կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Սովորելու են եկել ոչ միայն Սյունիքից, այլեւ Հայաստանի տարբեր վայրերից, Եկեղյաց գավառից, Արարատյան նահանգից, Կիլիկիայից, Վասպուրականից, Տարոնից, Աղվանքից, Պարսկահայքից, Ղրիմից եւն: Մշտապես ունեցել է  մեծ թվով սովորողներ (150-300 եւ ավելի):

Սաներից են եղել Թովմա Մեծոփեցին, Առաքել Սյունեցին, Գրիգոր Արարատեցին, Սարգիս Սալնապատեցին, Բարսեղ Բաղիշեցին, Մատթեոս Ջուղայեցին, Հակոբ Անձղնապատեցին, Սիմեոն Եղվարդեցին,  Մկրտիչ Նահապետենցը եւ ուրիշներ:

Ուսման տեւողությունը եղել է 7-8 տարի (չհաշված քահանայական կրթության տարիները): Պատրաստել է վարդապետներ, քարոզիչներ, մանկավարժներ, գրչության արվեստի մասնագետներ, երաժիշտներ:

Ունեցել է հարուստ մատենադարան:

Տաթեւացու մահից հետո (1410) դադարել է համալսարանի ակտիվ գործունեությունը: Մինչեւ 1425-ը դպրոցը ղեկավարել է Մխիթար րաբունապետը, նրան հաջորդել է Եզեկիել վարդապետը:

1435-ի Շահռուխի արշավանքի ընթացքում փլատակների է վերածվել Տաթեւի վանքը, իսկ միաբաններն ապաստանել են Գուգարքում:

 

Տաթեւի մանրանկարչության դպրոցը

ժամանակակիցների վկայությամբ 14-րդ դարի 70-ական թվականներից Տաթեւը դառնում է «Երկրորդ Աթենք», «Կենտրոն ամենայն իմաստից, ուր սովորելու էին գալիս Հայաստանի տարբեր շրջաններից…»:

Եվ այդ գործընթացը գլխավորում էին Հովհան Որոոտնեցին ու նրան հաջորդած Գրիգոր Տաթեւացին:

Տաթեւի նկարչական դպրոցի ակունքները գալիս են հնուց. արդեն 10-րդ դարում գործել են գրչատունը եւ նկարչական արհեստանոցը, եւ, ըստ գրավոր աղբյուրների, Տաթեւացու օրոք դպրոցում կրթություն է ստացել 60-ից ավել նկարիչ:

Ստորեւ՝ քաղվածք Հայկական Սովետական Հանրագիտարանի 11-րդ հատորից (էջ 542):

…Գործել է Տաթեւի համալսարանում: Պահպանվել են մատենագիտական վկայություններ այն մասին, որ համալսարանում մյուս գիտություններին զուգընթաց սովորում էին «նկարագրութիւն պատկերահանութեան եւ զանազան  նկարչութիւնս»:

Մեզ են հասել  թվով քիչ, բայց արվեստի լիարժեք գործեր նեկայացնող XIV-XV դդ. ձեռագրեր, որոնք վկայում են Տաթեւի մանրանկարչության դպրոցի գոյության եւ զարգացման մասին: Այդտեղ շարունակվել են Գլաձորի մանրանկարչության դպրոցի ավանդույթները: Տաթեւի  մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչներից է Գրիգոր Տաթեւացին, որը 1378-ին պատկերազարդել է Եղեգիսից բերված անավարտ նկարազարդումով Ավետարանը (1297, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան  Մատենդարան, ձեռ. Nօ  7482): Գրիգոր Տաթեւացին  իր աշխատություններում բազմիցս շոշափել է գեղագիտությանը վերաբերող հարցեր, որոնք կիրառել է իր ստեղծագործություններում: Շարունակելով Գլաձորի մանրանկարչության ավանդույթները՝ նա դրանք հարստացրել է իրականությունից վերցված մանրամասներով: Նկարչի վարպետությունն արտահայտվել է նկարների բացառիկ գունաշարով, որտեղ աչքի են ընկնում վառ կարմիրն ու կապույտը՝ համադրված  շագանակագույնի եւ դեղինի երանգների հետ: Նրա ստեղծագործություններն առանձնանում են մոնումենտալությամբ, կերպարների համաչափությունների պահպանմամբ: Տերունական պատկերներում գեղանկարչական մանրամասներն  ընդգծում են նկարչի ձգտումը՝ պատկերել մոնումենտալ բնույթի իրական երեւույթներ: Մարդկանց դեմքերը շատ նուրբ են, արտահայտիչ դիմագծերով, որոնց առավել կենդանություն է տրված այտերի բնական կարմրությամբ: Տաթեւի մանրանկարչության դպրոցի XV դ. սկզբի լավագույն նկարիչներից էր Հայրապետը: 1407-ին նրա նկարազարդած Ավետարանից պահպանվել է միայն հիշատակարանը (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, պատառիկ 923), որտեղ  նրա անունը հիշատակվում է որպես  «Նաղաշ Հայրապետ»: Լավագույն նկարազարդ ձեռագրերից է  Հայրապետի ընդօրինակած  Հայսմավուրքը (Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. No 7361): Նկարչի ստեղծած բազմերանգ զարդանկարները (կիսախորան, գլխազարդեր, լուսանցազարդեր) մանրանկարչական արվեստի հասուն գործեր են, որոնք դիտողին համակում են իրենց նրբությամբ, երանգների գունագեղությամբ. հատկապես գրավիչ են դիմապատկերներն իրենց գեղանկարչական վարպետությամբ:

XV դ. վերջերին Տաթեւում ձեռագիր է նկարազարդել Աբրահամ ծաղկողը, որը ճանաչված նկարիչ էր Բոլորբերդի  վանքում (Վայոց ձոր, Սրկղունք): Աբրահամը Տաթեւում կատարելագործել է իր արվեստը, մեծապես օգտվել Գլաձորի եւ Տաթեւի մանրանկարչության դպրոցների ավանդույթներից  եւ կրել հատկապես Թորոս Տարոնացու արվեստի ազդեցությունը (Ավետարան, 1496, Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. No 5303): Տաթեւի մանրանկարչության դպրոցում նկարազարդվել են նաեւ բազմաթիվ այլ բնույթի մատյաններ, որոնցում թեմատիկ նկարներ չկան: Դրանք հարդարված են միայն կիսախորաններով, գլխազարդերով ու լուսանցազարդերով, որոնք կատարված են վարպետորեն եւ մեծ մասամբ ունեն գրաֆիկական ոճավորում: Տաթեւի մանրանկարչության դպրոցը գործել է շուրջ 50 տարի՝ իր ուրույն արվեստով հարստացնելով հայ մանրանկարչությունը:

 

Թե ինչու Անանիա Մոկացի Ամենայն Հայոց կաթողիկոսը Տաթեւի վանքն ավերելու հրաման տվեց

Այդ հարցին անդրադարձել ենք «Սյունայց երկիր» թերթի՝ Վահանավանքին նվիրված համարի  (15 դեկտեմբերի 2012 թ.) խմբագրականում։

Խմբագրականի այդ հատվածն էլ ներկայացնում ենք ստորեւ:

...Սյունյաց աթոռի եւ Հայոց կաթողիկոսարանի միջեւ աննախադեպ մի խռովություն  արձանագրվեց 10-րդ դարում: Խոսքը, անշուշտ, Սյունյաց եպիսկոպոս Հակոբ առաջինի ապստամբության մասին է: Հայոց կաթողիկոսության դեմ այդ խռովությունը մեր պատմագիտության մեջ բավականին հանգամանալից է քննարկվել, բայց առավել ուշագրավ է Ստեփանոս Օրբելյանի արձանագրումը (Սյունիքի պատմություն, ԾԲ գլուխ, էջ 240-248)։

Մի քանի խոսքով անդրադառնանք այդ խռովությանը:

...Երբ 918թ. մահացավ «Երանելի, աստվածակիր» Տեր Հովհաննես մեծ հայրապետը (թաղված է Տաթեւի վանքում), Տեր Հովհաննես Դրասխանակերտցի Ամենայն հայոց կաթողիկոսը Սյունիքի եպիսկոպոս է ձեռնադրում իր եղբորորդուն՝ Հակոբին (Հակոբ I), «որը եկավ եւ բազմաթիվ ու երեւելի կայքերով պայծառացրեց սուրբ եկեղեցին, չափազանց հարստացրեց եւ խիստ վարդապետությամբ միշտ քարոզում էր հավատացյալներին ու հոգ տանում իր (հոգեւոր) հոտի նկատմամբ»(Ստ.Օրբելյան, նշված աշխ., էջ 226 ): Հակոբ I-ը մեծ գործեր կատարեց նաեւ եկեղեցաշինության ոլորտում: Սակայն… Տեր Հակոբը հոգեւոր սիրով կապված էր Աղվանքի կաթողիկոսների հետ, իսկ Աղվանքի կաթողիկոսարանի եւ Հայոց եկեղեցու հարաբերություններն այնքան էլ խաղաղ չէին նաեւ դրանից առաջ, ինչին նպաստել էր երկու-երեք այլ հանգամանք եւս: Նախ՝ Հայոց կաթողիկոսներն այդ ժամանակ, քաղաքական իրավիճակից դրդված, հեռացել էին իրենց մշտական նստավայրից ու շրջում էին այստեղ ու այնտեղ: Երկրորդ՝ այդ ժամանակ արդեն չկար Հովհաննես Դրասխանակերտցին, եւ Ամենայն հայոց կաթողիկոս էր դարձել Անանիա Մոկացին (941թ., որոշ աղբյուրների համաձայն՝ 946, եւ գահակալել է մինչեւ 968թ.): Եվ, հեռավորության պատճառով, Հակոբ եպիսկոպոսը չէր կարողանում ամեն տարի Սյունիքից գնալ Հայոց կաթողիկոսի մոտ՝ մեռոն վերցնելու: Եվ մեռոնը խնդրում էր Աղվանքի կաթողիկոսից, ինչը մեծ մոլորություն գնահատվեց: Անանիան իր մոտ հրավիրեց Հակոբին եւ Աղվանքի կաթողիկոս Սահակին, բայց նրանք չգնացին: Անանիա Մոկացին ինքը ստիպված եկավ Տաթեւի եպիսկոպոսարան: Հակոբը խոստովանեց իր մեղքը՝ «Մեղք գործեցինք երկնքի ու քո հանդեպ, բայց դու ների՛ր մեզ ու մեր հանցանքները» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. էջ 241): Կաթողիկոսը ներեց Հակոբին, բայց եւ չգնաց Աղվանք՝ հայոց թագուհին էր մահացել: Հետո, սակայն, Հակոբի դեմ նոր դավադրություն հրահրվեց, թե իբր նա քողարկումով ընդունում է քաղկեդոնությունը, թե իբր թույլ չի տալիս Աղվանքի կաթողիկոսին՝ ենթարկվելու Հայոց կաթողիկոսին, իբր Անձեւացյաց Խոսրով եպիսկոպոսին (թղթով) շեղել է Մայր աթոռից (Խոսրովն ապստամբել էր Անանիա Մոկացու դեմ եւ նզովվել նրա կողմից): Աղվանքի կաթողիկոսության հետ ծագած խնդիրները հարթելու համար Անանիան եկավ Խաչեն, այնտեղից՝ Սյունիք՝ Տաթեւի հայրապետանոց: Հակոբ 1-ինը, սակայն, ոչ թե ընդառաջ գնաց Ամենայն հայոց կաթողիկոսին, այլ գնաց Բաղաց ամրոց: Բազմաթիվ գրություններից հետո անգամ Հակոբ եպիսկոպոսը դուրս չեկավ Բաղքի Ջեւանշեր իշխանի հովանավորությունից: Անանիան վերադարձավ իր աթոռ, մինչ այդ, սակայն, գրեթե ավերեց Տաթեւի եպիսկոպոսարանը: Ահա թե ինչ է գրում Մաղաքիա Օրմանյանը. «…աւերեաց զտեղին եւ քանդեաց, որ է Տաթեւի եպիսկոպոսարանը, եւ չարաչար նզովիւք կապեալ կաշկանդեալ խառնեաց ի տոռունս կապանաց զիշխանն եւ զեպիսկոպոսն» (Մ.Օրմանյան, նշված աշխ. էջ 1275): 949թ. վախճանվեց Սյունյաց մետրոպոլիտ եւ հայոց բոլոր եպիսկոպոսների գլուխ Հակոբը: Անանիա Մոկացին երրորդ անգամ եկավ Սյունիք, որտեղ Տաթեւի եպիսկոպոսարանն արդեն անբնակ էր դարձել (այն վերականգնելու հրաման տվեց ինքը): Եվ գնաց Կապան: «Նրան տարան, իջեցրին Կապան քաղաքի արքունական գահույքի վրա»(Ստ.Օրբելյան, նշված աշխ. էջ 246): Բոլորն իրենց հանցանքների համար Անանիայից ներում ստացան: Նա Սյունյաց եպիսկոպոս ընտրեց Ջեւանշերի (ով մինչ այդ հովանավորում էր ապստամբ Հակոբին) որդի Վահանին (ապագայում՝ Ամենայն հայոց կաթողիկոս), ով Վահանավանքի մեծ միաբանության առաջնորդն էր: Մինչեւ ձեռնադրումը մեծապայման խոստումնագիր գրեցին ե՛ւ Վահանը, ե՛ւ Սյունյաց իշխանաց իշխան Վասակը, ե՛ւ Բաղքի Ջեւանշեր իշխանը: Այդ բոլորով հանդերձ Անանիա կաթողիկոսը պատժեց Սյունիքի աթոռին՝ նրանից վերցնելով պատիվը…, որը վերականգնվեց միայն Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհաննեսի (Հովհաննես 7-րդ) եւ Սարգիս 1-ին Սեւանցի Ամենայն հայոց կաթողիկոսի (գահակալել է 992-1014թթ.) կողմից 1006թ.: Սարգիս կաթողիկոսն այդ քայլն արեց, ինչպես վկայում են աղբյուրները, Կատրամիդե թագուհու խնդրանքով: Դրանով, փաստորեն, Սյունիքի եպիսկոպոսական աթոռին վերադարձվեցին նախկին արտոնությունները, որից հետո նոր վերելք ապրեց Տաթեւի եպիսկոպոսարանը: Ահա թե ինչ է գրում այդ առիթով Սյունյաց տան պատմիչը. «…Գագիկ թագավորն ու Կատրամիդե թագուհին թախանձելով կաթողիկոսին՝ Տեր Հովհաննեսին մեծահանդես շքեղությամբ ձեռնադրել են տալիս Սյունյաց մետրոպոլիտ: Կաթողիկոսը նրան է հանձնում Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը եւ պատվական գահավորակը, որոնք պահվել էին հայրապետանոցի սրբարանի սենյակում»(Ստ.Օրբելյան, նշված աշխ. էջ 259):

Ստ.Օրբելյանը Հակոբին ներկայացված ոչ բոլոր մեղադրանքներին է համաձայն: Մինչդեռ պատմության մեջ այն կարծիքն է իշխում, որ Աղվանքի Սահակ եւ Գագիկ կաթողիկոսները Սյունիքի Հակոբ եպիսկոպոսի հետ փորձում էին դուրս գալ Հայոց եկեղեցու ենթակայությունից:

Հակոբի ապստամբությունը տեղի չէր ունենա, եթե չլինեին Բաղաց Ջեւանշերի պաշտպանությունն ու հովանավորությունը:

Սյունյաց Հակոբին՝ իր դիրքերից չհրաժարվելու գործում քաջալերեց Աղվանքի Գագիկ կաթողիկոսը, եւ երկու աթոռի դաշնակցությամբ ապստամբությունը տեւեց 8-9 տարի: Այդ ընթացքում Հակոբը մնաց Բաղաց ամրոցում, որտեղից էլ նա ծածանում էր ապստամբության դրոշը, բայց շարունակում էր մնալ Սյունյաց թեմի առաջնորդ, Հայոց եպիսկոպոսների գլուխ: Հակոբն ու Գագիկը մահացան 958-ին:

Ավելացնենք միայն, որ Անանիա Մոկացին առաջին անգամ Սյունիք այցելեց 949թ., երկրորդ անգամ՝ 952թ. ձմռանը, երրորդ անգամ՝ 958թ.:

 

Ովքեր ու ինչպես կառուցեցին Գրիգոր Տաթեւացու դամբարանը

Շինված է Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու սրահի մեջ՝ եկեղեցու հարավային մուտքի առջեւ:

 Ներկայացնում ենք Նիկողայոս Ադոնց մեծ հայագետի համառոտ գրվածքը, որ տեղ է գտել «Սյունյաց երկիր»  թերթի` Գրիգոր Տաթեւացուն նվիրված համարում (25 սեպտեմբեր 2010 թ.)։

...Տաթեւի եպիսկոպոս Հովակիմի օրով Բռնակոթ գյուղի մի քանի անձեր շինել են իրենց ծախքով մի դամբարան Գրիգոր Տաթեւացու գերեզմանի վրա։ Հովակիմ ծագումով Անգեղակոթցի էր եւ եպիսկոպոս գահակալ Տաթեւում 1775 թվականից մինչեւ 1796 թվականը, երբ Աղա Մահմեդ խանի արշավանքի հետեւանքով թողեց վանքը եւ գնաց Էջմիածին, ուր եւ մեռավ։ Հավանորեն նրա խորհրդով են բռնակոթցիք հանձն առել հիշյալ շինությունը 1787 թվին։ Դամբարանի վրա կա երկար արձանագրություն, որ բերում ենք ամբողջապես.

«Շնորհիւն Այ. շինեցաւ Սբ. մատուռս եաւթնալոյս րաբունապետին եւ երկրորդ Ոսկեբերանին երիցս երանեալ վարժապետին մերոյ եւ չորրորդ Լուսաւորչին Սբ. Գրիգորի Տաթեւացւոյն ձեռամբ բազմաշխատ եւ աւգտաջան Սիւնեաց պետի Տն. Յովակիմայ Սիւնեցւոյ արդեամբ եւ ծախիւք բռնակոթեցւոց, այսինքն` Տր. Գէորգ, Տր. Յակոբ եւ Տր. Յարութիւն քահանայիցն. նաեւ Կարապետին եւ Մկրտչին, Յակոբջանին, Սիմիոնին, Ադդէին, Յովակիմին, Պետրոսին, Գրիգորին եւ Մարտիրոսին, Քարամղուլոյն (Քարամօղլոյն, Մարամօղլոյն, հավանորեն), Ստեփանին եւ Յաւնանին, Մօսեսին, Մկրտչին, Շահնազարին եւ Ածատուրին. այլ եւ բարեպաշտուհի կանանցն Նազլուին, Հուրիզատին, Մարիամին, Գուլփարիին, որոնց յիշատակն աւրհնութեամբ եղիցի եւ աղաւթք Սրբոյս Գրիգորի ի վերա նոցա լիցի, ամէն։ Կառուցավ Սբ. մատուռս ի հայրապետութեան Սբյ. գահին Էջմիածնի Տն. Ղուկասու ի ռմլչ թուոջս մերում յաւուրս Փանահեան իբրահիմ խանին»։

Այստեղ թված անձերի ժառանգները կան մինչեւ այժմ։ Տեր Գեւորգի թոռան թոռն է ուսուցիչ Խորենի, որ սպանվեց Գորիսում` որդի Տեր Խորեն քահանայի Տեր Գեւորգյան։ Տեր Հարությունի տունն էլ քահանայական մնացել է մինչեւ այժմ։ Այս տանն է պատկանում Տաթեւի հոգեւոր կառավարության երկարամյա քարտուղար Պետրոս Տեր-Հարությունյան։ Հակոբջանանց, Կարապետանց, Ավակիմանց (Աղակիմոնց), Քերամանց եւ այլն տները, որ ցայժմ հայտնի են Բռնակոթում, հիշված անձերի անուններն են կրում։

Ադդեհ` նախահայր է այն տոհմի, որ կոչվում է Ադոնց։ Արդյո՞ք Ադի` կրճատ ձեւն է Ադդեհ-ի, թե այլ ծագում ունի, թողնենք։ Ամեն պարագային արձանագրության գրողն այդպես է հասկացել եւ, հավանորեն, որեւէ հիմք է ունեցել։ Այս Ադդեհի որդին քահանա էր եւ անունը` Տեր Ավետիք։ Սա երեք որդի ուներ` Առաքել, Գրիգոր եւ Միհրաբ։ Վերջինիս որդին եւս կոչվում է Ավետիք (Ավետիս)։

Տեր Ավետիք սպանված է թուրքերից եւ որպես նահատակ թաղված է հին Գորիսի եկեղեցու դռան։

 

Տաթեւի մատենադարանը

Ստեղծվել է 10-րդ դարում՝ Տաթեւի վանքին կից:

Սելջուկների արշավանքի ժամանակ՝ 1169-ին, ինչպես Տաթեւի, այնպես էլ շրջակա վանքերի ձեռագրերի ապահովության համար դրանք փոխադրվել են Բաղաբերդ  (ըստ Ստեփանոսն Օրբելյանի՝ 10. հազար մատյան):

Սակայն այդ մատյանները հրո ճարակ են դարձել կամ անհետացել:

Այդ ողբերգության առիթով ուշագրավ է Մորուս Հասրաթյանի գրառումը՝ «1170 թվականին… 10.հազար ձեռագիր մատյանները կողոպտվեցին եւ ի սպառ այրվեցին, ոչնչացան: Սա բովանդակ Հայաստանի եւ Առաջավոր Ասիայի պատմության եւ մշակույթի ստացած մեծագույն հարվածներից մեկն էր, ի մասնավորի Սյունիքին հասած մեծագույն աղետներից մեկը, որովհետեւ միաժամանակ նրա հին պատմության մի զգալի մասը եւս ջնջվեց վաչկատուն ցեղերի այդ բարբարոս արարքով»:

Հետագայում մնացած ձեռագրերի հիման վրա մատենադարանը շարունակել է գործել, նաեւ հարստացել, իսկ Տաթեւի համալսարանի շրջանում՝ առավել ճոխացել:

1435-ին մատենադարանը կողոպտվել է օտար նվաճողների կողմից:

Տաթեւի մատենադարանը գոյատեւել է մինչեւ 1911-12 թվականները:

Այնուհետեւ 140 ձեռագիր մատյան փոխադրվել է Էջմիածին, որոնք էլ հետագայում տեղափոխվել են Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:

 

Տաթեւի վանքը՝ ձեռագրային մշակույթի համազգային կենտրոն

Սույն հրապարակմանը կից առաջին անգամ ընթերցողին կներկայացվի «Տաթեւի գրատան ձեռագրերը» (1910 թ.) մատենագիտական ցանկ, որ ընդգրկված է 147 ձեռագրի անվանում:

Բայց նպատակահարմար ենք գտնում առանձնացնել մի քանի ձեռագրի անվանում, որը եւս մեկ ապացույց կլինի այն իրողության, որ Տաթեւի վանքը դարեր շարունակ մշակութային հզոր կենտրոն է եղել:

Այդ շարքում, անշուշտ, առանձնանում է Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» երկը (1297 թ.):

Դրա ինքնագիր օրինակը մեզ չի հասել: Մեզ հասել են ընդօրինակված տարբերակները (առաջին ընդօրինակումը 1513 թ.):

Տաթեւի վանքում է գրվել Ստեփանոս Օրբելյանի «Հակաճառութիւն ընդդէմ երկաբանակաց» աշխատությունը (1303): Դա Հայոց Գրիգոր Անավազեցի կաթողիկոսի ունիթորական գործունեության մերժման աշխատություն է, որի հնագույն օրինակը մեզ է հասել Գլաձորի համալսարանի գրիչների ընդօրինակությամբ:

Տաթեւում՝ Խաչատուր Կեչառեցի վարդապետի խնդրանքով է գրվել եւ ընդօրինակվել Ստեփանոս Օրբելյանի Սուրբ Կաթողիկեին նվիրված ողբը:

Տաթեւում է ընդօրինակվել Հովհաննես Օրբել եպիսկոպոսի Ավետարանը, որը գրիչը նվիրել է մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանին:

Տաթեւի հարուստ մատենադարանի գրապահոցում է պահվել Կյուրեղ Աղեքսանդրացու «Գիրք Պարապմանցի» ընտիր եւ ստույգ օրինակը, որից մի մատյան է արտագրել Գրիգոր Տաթեւացին՝ իր ուսուցիչ Հովհան Որոտնեցու համար:

Տաթեւի վանքում է Գրիգոր Տաթեւացին գրել իր մի քանի գործեր՝ «Մեկնութիւն Քերականին», «Գիրք հարցմանց», Քարոզների ժողովածուն, մեկնել է Մատթեոսի Ավետարանը եւ այլն:

Ձեռագրերի ընդօրինակության մեջ հմտացել են մի քանի տասնյակ գրիչներ:

 

Տաթեւի վանքի վիմագրերը

Դա խոսակցության մի առանձին եւ հարուստ նյութ է:

Վիմագրերի մի զգալի մասն ամփոփված է «Դիվան հայ վիմագրության» ժողովածուի  2-րդ պրակում (Երեւան 1960):

Ժողովածուում ներառված արձանագրությունները ժամանակին հավաքել է Հայկական ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտը:

Այդ ժողովածուում ներառված են վանքին առնչվող մոտ հարյուր արձանագրություն:

Տաթեւի վանքի վիմական արձանագրությունների մի ամբողջության էլ հանդիպում ենք Երվանդ Լալայանի խմբագրությամբ հրատարակված նյութերում, որոնք զետեղված են «Ազգագրական հանդեսի» Սիսիանի տարածաշրջանին նվիրված թողարկումի մեջ:

Վիմական արձանագրություններից մի քանիսը կցում ենք սույն հրապարակման թերթային տարբերակին:

 

Տաթեւի վանքը՝ մետրոպոլիտության գահանիստ

Հայ եկեղեցու պաշտոնական համակարգում մետրոպոլիտական աստիճանի հաստատման եւ նրա իրավասության սահմանների որոշման համար հիմք ծառայեցին Նիկիայի 1-ին  (325 թ.) եւ Անտիոքի (341 թ.) տիեզերական ժողովների որոշումները:

Ներսես Մեծն առաջինը մետրոպոլիտություն շնորհեց Մարդպետական եպիսկոպոսին, ապա նաեւ Սյունյաց թեմի առաջնորդին:

Առաջնայնության այս փաստը պայմանավորված էր հիշյալ ավատական տների եւ հոգեւոր դասի կատարած ակնառու դերով ինչպես քաղաքական ասպարեզում, այնպես էլ երկրի հոգեւոր-մշակութային կյանքում:

Սկզբնական շրջանում մետրոպոլիտության գահանիստը Շաղատ գյուղաքաղաքն էր, ապա՝ Տաթեւի վանքը:

Սյունիքի մեծահամբավ մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը նաեւ հռչակվեց Մեծ Հայքի պրոտոֆրոնտես, ասել է թե՝ նախաթոռ արքեպիսկոպոս:

Սյունիքի մետրոպոլիտությունը վերացվեց 1837 թ.:

Հանիրավի, տասնյակ տարիներ թափուր մնալուց հետո, Վազգեն Ա -ի օրհնությամբ եւ կարգադրությամբ 1989 թ. վերահաստատվեց Սյունյաց եպիսկոպոսական աթոռը:

Սակայն թեմի առաջնորդանիստ եկեղեցի հայտարարվեց ոչ թե Տաթեւի վանքը, ինչպես դարեր շարունակ էր, այլ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

 

Տաթեւի վանքը՝ ներշնչման ակունք հայոց լեգենդ-զորավարների համար

1918 թ. օգոստոսի 2-ին Զորավար Անդրանիկն իր հեծյալներով ու գաղթականներով մոտեցավ Տաթեւի վանքին:

Վանքի հոգեւորականները վանահոր գլխավորությամբ Անդրանիկին դիմավորեցին տաճարի մուտքի մոտ, ապա ճաշկերույթ կազմակերպեցին նրա պատվին:

Զորավարը եւ սպայակազմը գիշերեցին վանքում, զինվորներն ու գաղթականությունը՝ տաճարին հարող տարածքներում:

Օգոստոսի 3-ին՝ կեսօրից առաջ, Անդրանիկը հեծելազորի հետ Տաթեւից ճանապարհվեց դեպի Զանգեզուր գավառի վարչական կենտրոն Գորիս քաղաք:

Իսկ ահա 1920 թ. դեկտեմբերի 25-ին Տաթեւի վանքում տեղի ունեցավ համազանգեզուրյան 1-ին համագումարը:

Զանգեզուրի բոլոր շրջանների 69 գյուղերից ներկա էին ըստ բնակչության թվի ընտրված պատգամավորներ, գավառի բոլոր շրջանային խորհուրդների 15 ներկայացուցիչ Զանգեզուր-Գողթանի սպարապետ Գարեգին Նժդեհը, ընդամենը 118 մարդ:

Համագումարը, ըստ էության, ստանձնեց Սահմանադիր ժողովի դեր:

Համագումարը Զանգեզուրը հայտարարեց ինքնավար:

1921 թ. ապրիլի 26-ին Տաթեւի վանքում կայացավ Ինքնավար Սյունիքի հայ ազգաբնակչության 2-րդ (արտակարգ) համագումարը:

Համագումարը Լեռնահայաստանի վարչապետ ընտրեց Գարեգին Նժդեհին:

Այդ ամենից մոտ 200 տարի առաջ…1722-ին՝ առաջին հաղթական ճակատամարտերից հետո, Տաթեւի վանք այցելեց Դավիթ-բեկը:

 

Զանգակատունը

Դա, ժամանակագրությամբ, Տաթեւի վանական համալիրի ամենանոր կառույցն է:

Ըստ Միհրան Բադիշյանի՝ Զանգակատունը կառուցվել է 1896-1906 թվականներին՝ Խրիմյան Հայրիկ Ամենայն   հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ ու հոգածությամբ:

Զանգակատունը տուժել է 1931-ի ապրիլյան երկրաշարժի հետեւանքով:

Զանգակատան վերակառուցման նպատակահարամարությունը դեռեւս քննարկվում է:

Ինչպես իմանում ենք Միհրան Բադիշյանից, Զանգակատան վերականգնման նախագիծը պատրաստվել է դեռեւս 1987-ին, իսկ 1988-ին Մոսկվայում մրցանակ է շահել, սակայն  Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ այդ հարցն օրակարգից հանվել է:

 

Տաթեւի վանքը՝ հոգեւոր երաժշտության բնօրրան եւ կերպարվեստի հավերժական թեմա

Տաթեւի վանքը դարեր շարունակ եղել է հոգեւոր երաժշտության բնօրրան:

Ունենք մի փաստ, որ այս առումով առանցքային նշանակություն ունի:

Գրիգոր Տաթեւացուն է պատկանում «Շարակնոցի» վերջին խմբագրությունը:

«Շարակնոցը» Հայ առաքելական եկեղեցու ամենախոշոր երաժշտաբանաստեղծական ժողովածուն է, որում այսօրվա տեսքով կամ 19-րդ դարում ձայնագրված երաժշտության տեսքով ամփոփված է 1800-ից ավելի շարական:

Ահա դրա վերջին խմբագրումը պատկանում է Սուրբ Գրիգոր Տաթեւացուն, որը, բոլոր հիմքերն ունենք ասելու, կատարվել է Տաթեւի վանքում:

Թերեւս նրանից հետո այս խմբագրմանը մասնակի միջամտություն է արել իր աշակերտը՝ Թովմա Մեծոփեցին:

Ուշագրավ են Տաթեւի վերաբերյալ հետեւյալ գեղանկարները՝

  •   Ռիչարդ Յարալյան, Տաթեւի վանքը, 1967,
  •   Փանոս Թերլեմեզյան, Տաթեւի վանքը, 1929,
  •   Փանոս Թերլեմեզյան, Լեռներ. Տաթեւ, 1929,
  •   Փանոս Թերլեմեզյան, Տաթեւի վանքը,
  •   Փարավոն Միրզոյան, «Սյունիք» պաննո,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւ, 1924,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւ. խաչքար
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւ գյուղի եկեղեցու քարերը,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւ. խաչքար,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւի վանքի արեւելյան կողմը,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Ընդօրինակություն Տաթեւի վանքի ձեռագործերից,
  •   Գրիգոր Շարբաբչյան, Տաթեւի վանքի կալը,
  •   Պարոնյան-Հովսեփյան, Տաթեւից, 1946,
  •   Էդուարդ Իսաբեկյան, Տաթեւ, 1953,
  •   Էդուարդ Իսաբեկյան, Տաթեւ, 1959,
  •   Հովհաննես Զարդարյան, Տաթեւի լեռները, 1957
  •   Հովհաննես Զարդարյան, Աշունը Տաթեւում, 1957,
  •   Հովհաննես Զարդարյան, Ուշ աշուն Տաթեւի լեռներում, 1957,
  •   Շավարշ Վաղարշակյան, Տաթեւ, 1966,
  •   Դեղձանիկ Մխիթարյան, Տաթեւի վանքի շրջակայքում, 1968,
  •   Սուրեն Պիպոյան, Տաթեւի կոմունիստների գնդակահարումը, 1972,
  •   Հակոբ Կոջոյան, Կոմունիստների գնդակահարումը Տաթեւում (էսքիզ),
  •   Եվգենի Լանսեր, Մատուռը վանքի դարպասի վրա. Տաթեւ, 1926,
  •   Եվգենի Լանսեր, Լուսամուտի արտաքին բացվածքը, 1926,
  •   Եվգենի Լանսեր, Լուսամուտ՝ խոյակների մեջ բացված (Տաթեւ, XIII դարի վերջ):

Հանրահայտ է Ամենայն հայոց գուսան Աշոտի «Սերս վանքում Տաթեւի» անզուգական երգը:

Սերս վանքում Տաթեւի՝ մոմեր վառած կաղոթեր,
Մոտեցա, որ համբուրեմ, ասաց՝ տղա ամոթ է,
Ասի՝ երդվիր, քո սերն եմ, սրբի դուռը անարատ,
Առնեմ նազուկ ծոցիկիդ խնկաբույրը անարատ:
 
Սարեր, ձորեր վկա են, հանդ ու չոլեր վկա են,
Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկա են:
 
Վանքի վառվող մոմերը շլացրին ինձ մի պահ,
Սրտիս խոսքը չավարտած, նայեմ, տեսնեմ նա չկա:
Ասի՝ Աստված, փառքդ շատ, էս ի՞նչ հրաշք երազ էր,
Չլինի՞ թե բախտն է իմ, գեղեցկության աստվածն էր:
 
Նորեն տեսա հանդեսում սրբուհուն իմ երազի,
Ասի՝ բախտս գտել եմ, կհասնեմ իմ մուրազին,
Ասես սիրտն ինձ նվիրեց, երբ աչքով սեր խոստացավ,
Սիրո թախիծն ինձ պատեց, երբ որ թողեց, հեռացավ:
 
Նա իր զմրուխտ թեւերով բարձրունքները ինձ տարավ,
Ասաց՝ դու լավ կերգես, թե մնաս սիրուս ծարավ,
Գուսան Աշոտ քո յարի սուրբ մաղթանքը կատարվեց,
Այնքան պիտի երգ հյուսես, երգ հյուսելով ցամաքես:
 
Սարեր, ձորեր վկա են…
 

 

Որպես վերջաբան

Տաթեւի վանք կատարած ուխտագնացությունն ավարտեցինք վանահայր Միքայել վարդապետ Գեւորգյանի հետ զրույցով:

2007-ի օգոստոսից նա Տաթեւի վանքում է: Ի դեպ, առաջին անգամ Տաթեւի վանք է այցելել ոտքով, այն էլ՝ Սուրբ Էջմիածնից:

Նրա վանահայրության տարիներին շատ բան  է մտել դրական հունի մեջ: Ամենակարեւորը՝ ուխտավոները նրան հավատում են, նրան վստահում են…

Հանդիպման վերջում գրեթե նույնն ասաց, ինչ ասել էր 2017-ին՝ «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում:

Ահա՝ «Մեր դժվար ժամանակներում չպետք է թույլ տանք, որ սյունեցու լավագույն հատկանիշները կորչեն, թույլ չտանք՝ օտար բարքերը ներխուժեն, ավելացնենք բարին, որպեսզի չարը պակասի: Լույս ծագեցնենք հոգիներում, Սյունիքի երկնքում, որ պատուհասված խավարն ինքն իրեն փարատվի, հեռանա:

Սյունեցին պիտի հիշի, որ ինքը սյունեցի, հայ քրիստոնյա է, ինչը ես համարում եմ առանձնաշնորհ պարգեւ եւ տիտղոս»:

  

Պատրաստեց Սամվել Ալեքսանյանը

 

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: облако, небо, дерево и на улице

На изображении может находиться: небо, облако и на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: небо и на улице

На изображении может находиться: облако, небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, трава, на улице и природа

На изображении может находиться: небо, гора, на улице и природа

На изображении может находиться: небо, дерево, облако, на улице и природа

На изображении может находиться: гора, небо, на улице и природа

На изображении может находиться: небо, мост и на улице

На изображении может находиться: небо, дерево, растение, облако, на улице и природа

На изображении может находиться: облако, небо, обувь, дерево, растение и на улице

На изображении может находиться: облако, небо и на улице

На изображении может находиться: облако, небо и на улице

На изображении может находиться: облако, небо и на улице

Լուսանկարների շարունակությունը՝ այստեղ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25