ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ (ՄԱՍ 1)

28.11.2013 01:01
3030

Առարկություններ

«Թշվառականը» հոդվածի առնչությամբ Գագիկ Ղահրամանյանի հայցադիմումի վերաբերյալ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անահիտ Թումանյանին

Հարգելի՛ Դատարան

Ձեր վարույթում է գտնվում թիվ ՍԴ/0397/02/13 քաղաքացիական գործն ըստ Գագիկ Ղահրամանյանի հայցի (այսուհետ նաեւ Հայցվոր)` ընդդեմ Սամվել Ալեքսանյանի (այսուհետ նաեւ Պատասխանող)` հրապարակային ներողություն խնդրելու, զրպարտող տեղեկությունները հերքելու, որպես պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում` 3 միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին:

Գործի մինչդատական նախապատմությունը եւ փաստերը

«Սյունյաց երկիր» թերթը ս.թ. հուլիսի 10-ի համարում տպագրել է Կապանի շրջանի գյուղապետերից մեկի արձագանքը «Կապանյան լրատուի» կոնկրետ հրապարակմանն ի պատասխան: Հեղինակն արձագանքի մեջ նաեւ գնահատական է տվել այդ թերթին: Այնուհետեւ` «Սյունյաց երկիրը» նշված համարում Ս.Ալեքսանյանի հեղինակությամբ հրապարակել է մի ռեպլիկ` «Վտանգավոր անոմալիա. տեղայնամտությունը` մարտնչող տգետների նոր հանգրվան» վերնագրով: Ռեպլիկը գրելու համար առիթ էր ծառայել մարզկենտրոնում այդ օրերին հրահրվող հակագորիսյան հիստերիան: Հատկապես դատապարտել ենք «Կապանը` կապանցիներին» կարգախոսը:

Թերթային նշված երկու հրապարակումն ինչ-որ մարդկանց զայրույթն է առաջ բերել:
Այդ հոդվածներից մեկում Պատասխանողը պատրաստակամություն է հայտնել ցանկացած լսարանում, բանական մարդկանց մասնակցությամբ, քննարկել տեղայնամտությանն առնչվող հրապարակումներն ու հռչակված կարգախոսը:

Հակառակ դրան` «Կապանյան լրատու» թերթը հուլիսի 13-ին հանդես եկավ խմբագրականով: Ամբողջ հոդվածը` վերնագրից մինչեւ վերջին նախադասությունը, հայհոյանք է ու զազրախոսություն: Չհամարձակվելով մատնացույց անել կոնկրետ թիրախը, հեղինակը հեգնանքով խոսում է նաեւ ծննդավայրիս մասին` գյուղանունը նույնացնելով ինչ-որ շան տեսակի անվան հետ: Հատկապես այդ հանգամանքը եւ այդ թերթի նույն համարի 5-րդ էջում Պատասխանողի հասցեին հնչեցրած վայրահաչությունը հիմք դարձան պատասխան հոդվածի (արձագանքող հոդվածի) համար:

Պատասխանողը կարող էր նաեւ ժամանակին դատական հայց ներկայացնել: Բայց, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ (նաեւ` լրատվամիջոցը լրատվամիջոցին դատի տալու նախադեպի բացակայությունը), գերադասեց դատի չտալ, այլ հանդես գալ պատասխան խոսքով, մանավանդ որ խմբագրականի հեղինակի ով լինելն այդպես էլ չպարզվեց: Եվ դրանից հետո գրվեց «Թշվառականը» հոդվածը, որն էլ հրապարակվեց ս.թ. օգոստոսի 8-ին, որի մեջ փորձ է արվել գնահատական տալ, վերաբերմունք արտահայտել «Կապանյան լրատու» թերթի 2013թ. հուլիսի 13-ի համարում զետեղված խմբագրականին եւ նույն թերթի նույն համարում տպագրված մեկ այլ հայհոյախոսության:
«Թշվառականը» հոդվածի մի հատվածով էլ շարունակվել է Գ.Ղահրամանյանի պաշտոնական ոչ վաղ անցյալի գործունեությանն առնչվող հարցի քննարկումը, որը հանրային հետաքրքրություն է ներկայացնում առայսօր:

Ինչո՞ւ է երկու` իրար հետ կապ չունեցող թեման մեկտեղվել մեկ հոդվածում:
Մեկտեղվել է, որովհետեւ բացառապես վայրահաչություն պարունակող խմբագրականը տպագրվել է «Կապանյան լրատու» թերթի այն համարում, որ խմբագրել է Հայցվորը, իսկ թողարկման պատասխանատուն եղել է Մարատ Հարությունյանը: Այնուհետեւ` «Կապանյան լրատուի» հիմնադիրն ու թողարկողը «Լեքս-Կոնսալտ» ՍՊԸ-ն է, որի հիմնադիրներն են Հայցվորը եւ դատական այս գործով նրա փաստաբան Էդգար Հովհաննիսյանն ու Իրինա Մանուկյանը:
Ամբողջությամբ առարկում ենք եւ չենք ընդունում հայցադիմումի հիմնավորվածությունը հետեւյալ պատճառներով։

Ինչպես նշվեց, «Թշվառականը» հոդվածն ընդամենը պատասխան էր «Կապանյան լրատու» թերթում 2013թ. հուլիսի 13-ին հրապարակված խմբագրականին:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է` «Լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե դա` 2) բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթերից»:
«Թշվառականը» հոդվածն ամբողջովին բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից, որն է` «Կապանյան լրատուի» հիշատակված խմբագրականը, ուստի եւ պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող:

Հայցի վաղեմության խնդիրը

«Սյունյաց երկրի» քննարկվող հոդվածը հրապարակվել է 2013թ. օգոստոսի 8-ին թերթի էլեկտրոնային կայքում: Հայցվորի ու նրա մերձավորների (հատկապես` «Կապանյան լրատուի» նույն համարի մեկ այլ զազրախոսության հեղինակի) կողմից ֆեյսբուքյան էջերում օգոստոսի 8-ից հետո արձագանքներ են ֆիքսվել: Մեր ունեցած ստույգ տեղեկություններով` «Թշվառականը» հոդվածը նույն օրը դրվել է ֆեյսբուքյան երեք խմբի էջերում, որին անդամ են նաեւ Հայցվորն ու նրա փաստաբան Էդգար Հովհաննիսյանը: Ֆեյսբուքյան այդ խմբերն են` «Կապանյան լրատու», «Կապանը` կապանցիներին», «Մարզկենտրոն Կապան»: Էդգար Հովհաննիսյանը եւ Մհեր Միրզոյանը նույն օրն արձագանքել են այդ էջերում: Երկու-երեք օր հետո միայն «Թշվառականը» հոդվածը հանվել է երկու խմբի էջերից: Մեկ ուրիշ ֆեյսբուքյան խմբի («Մարզկենտրոն Կապան») էջում «Թշվառականը» հայտնվել է օգոստոսի 9-ին եւ պահպանվում է մինչեւ այսօր: Իսկ հայցադիմումը դատարան է ներկայացվել 2013թ. հոկտեմբերի 8-ին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 13 կետն ասում է` «Սույն հոդվածով սահմանված կարգով իրավունքի պաշտպանության հայց կարող է ներկայացվել դատարան` վիրավորանքի կամ զրպարտության մասին անձին հայտնի դառնալու պահից հետո` մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան վիրավորանքի կամ զրպարտության պահից վեց ամսվա ընթացքում»:

Այսինքն` Հայցվորը բաց է թողել իր իրավունքների ենթադրյալ խախտման համար դատարան դիմելու` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը:

Եվ արդյո՞ք հոդվածը հրապարակվելուց երկու ամիս անց ներկայացված հայցը կարող է օրինական համարվել:

Կարո՞ղ է այս դեպքում Գ.Ղահրամանյանը հայցվոր լինել

«Սյունյաց երկիրը» խոսք է ասում «Կապանյան լրատուի» մի հրապարակման առիթով, որը, ըստ տպագրվածի, ունի Ռազմիկ Ավագյան անուն-ազգանունով հեղինակ: Վերջինս չի բողոքում, չի դժգոհում, չի բացահայտվում, ասվածն իրեն վիրավորանք ու զրպարտանք չի համարում: Լռում է նաեւ «Կապանյան լրատուի» տվյալ համարի թողարկման պատասխանատուն: Փոխարենը հայտնվում է Գ.Ղահրամանյան մեկը եւ ենթադրում, որ այդ ամենն իրեն է վերաբերվում:
Այդ իրողությունը լիովին անհեթեթ ու սնանկ է դարձնում հայցադիմումը:

Թերթի պատասխան հոդվածը գրելուց առաջ փորձ է արվել գտնել խմբագրական հոդվածի հեղինակին (հեղինակներին), բայց նման անուն-ազգանունով անձնավորություն, ով «Կապանյան լրատուի» համար գրել է հիշատակված խմբագրականը, չի հայտնաբերվել: Ոմանք էլ մեզ համոզել են, որ խմբագրականը կոլեկտիվ մտքի արդյունք է:

Այո, «Թշվառականը» հոդվածում կան խիստ արտահայտություններ, գնահատականներ, բայց, վերը շարադրված հանգամանքների պատճառով, չկա կոնկրետ անձնավորություն, ում ուղղված լինեին այդ արտահայտությունները: Եթե համոզված լինեինք, որ խմբագրականի հեղինակը, օրինակ, Հայցվորն է, ապա` ա) կարող էինք հիշել, որ ինքը տարիներ շարունակ մեր թերթի բարեկամն է եղել եւ մեծահոգաբար լռեինք, բ) կարող էինք նրա մեծադիր նկարը զետեղել թերթում ու կոնկրետ եւ հասցեական խոսք ասել:

Միանշանակ է` «Թշվառականը» չի վերաբերվում Հայցվորին, բացի այն հատվածից, որտեղ փորձ է արվել պարզել, թե ինչ հանգամանքների արդյունքում են նրան հեռացրել քաղաքապետարանից:
«Թշվառականն» այն մարդու (մարդկանց) մասին է, ով (ովքեր) «Կապանյան լրատուում» վայրահաչել են եւ թաքնվել գոյություն չունեցող Ռազմիկ Ավագյան անվան տակ: Եվ Պատասխանողի օգտագործած արտահայտությունները համաչափ են եղել այն արտահայտություններին, որ տեղ են գտել խմբագրականում:

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է` «Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը»:

Հայցվորը նշված հրապարակման առումով չի կարող լինել պատշաճ կողմ:

Հայցվորի գլխավոր կռվանը, թե ինչի հիման վրա է ենթադրում, որ հենց ինքն է «Թշվառականի» թիրախը

Հայցվորը, այնուամենայնիվ, համառորեն ներկայանում է որպես «Թշվառականը» հոդվածի թիրախ: Բերվող «ապացույցներից» մեկը (համեմատաբար «ծանրակշիռը») հետեւյալն է. իբր մեր կողմից օգտագործված այս բառակապակցությունը` «…Կերպարին նույնիսկ խնամված բեղերը խորհրդավորություն ու տղամարդկային արժանապատվություն չեն կարող հաղորդել», վերաբերվում է Գ.Ղահրամանյանին, քանի որ, ըստ հայցադիմումի, «Կապան քաղաքի նորագույն պատմության մեջ քաղաքապետի տեղակալներից բեխեր է ունեցել միայն հայցվորը»: Եվ, ըստ հայցադիմումի, դրանից «այլեւս միանշանակ է դառնում, որ տվյալ հոդվածն ամբողջությամբ վերաբերում է Կապան քաղաքի բնակիչ, Կապանի քաղաքապետի նախկին տեղակալ Գ.Ղահրամանյանին»:

Ճիշտն ասած մենք չգիտենք (եւ խնդիր չենք դրել պարզել), թե Կապանի փոխքաղաքապետերից որեւէ մեկն արդյո՞ք երբեւէ բեղեր ունեցել է, թե՞ ոչ: Բայց եթե հայցվորը հայտարարում է, որ միայն ինքն է Կապանի նորագույն պատմության մեջ փոխքաղաքապետերից բեղեր ունեցել, ապա ենթադրվում է, որ ինքը ստուգել է եւ հավաստի տեղեկություններ ունի: Եվ քանի որ «նորագույն պատմություն» շրջանը պատմական գիտության մեջ սկսում է 1918 թվականից (առաջին աշխարհամարտի ավարտից), ապա ենթադրում ենք, որ վերջին 95 տարում Կապանի համայնքային իշխանության ղեկավարի տեղակալներից միայն Հայցվորն է բեղեր ունեցել:

Իհարկե, մենք կարող ենք նրանից ապացույցներ պահանջել, բայց նման բան չենք անում, քանզի «Թշվառականը» հոդվածի մեջ ուղիղ իմաստով որեւէ մեկի բեղերը չենք վկայակոչել, եւ որեւէ մեկի բեղերի խնդիր չենք քննարկել:

Բանն այն է սակայն, որ խմբագրի ու լրագրողի ծիրանիով հանդես եկող անձնավորությունը, ով մի հայցադիմումի մեջ մի քանի անգամ վկայակոչում է Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանը», այնքան էլ չի տիրապետում մեր մայրենիի հնարավորություններին: Ուստի եւ, տարբեր բառարանների օգնությամբ, հիշեցնում ենք, որ բեղ (բեխ) բառի 1-ին իմաստն ընչացքն է (ունչն է), որի առաջին իմաստը դունչն է, երկրորդ իմաստը` քիթը, երրորդ իմաստը` հայցվորի իմացած բեղը: Բայց դա էլ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ բեղ (բեխ) բառը հայերենում (այլաբանորեն, փոխաբերական իմաստով) գործածման լայն դաշտ ունի: Մի քանի օրինակ, երբ բեղի հետ հեռավոր աղերս անգամ չունեցող արտահայտություններում օգտագործվում է բեղ բառը: Այսպես` 1) բեղի ծայրին փաթաթել (ականջին օղ անել), 2) բեղի տակ առնել (կարեւորություն տալ), 3) բեղի տակ ծիծաղել (քմծիծաղ տալ), 4) բեղի տակ մրթմրթալ (ինքն իրեն փնթփնթալ` ցածրաձայն խոսել), 5) բեղից ընկած բրինձ (հարգանքից, հեղինակությունից զրկված մարդ), 6) բեղ ու մորուքով մարդ (հասակավոր, հասուն մարդ)… Կարող ենք նույնիսկ օրինակներ բերել, որ բեղ բառը դարձվածքներում, այլաբանական ու փոխաբերական արտահայտություններում օգտագործել են մեր գրական մեծերը…

Պատասխանողն իր խոսքը կառուցելիս օգտվել է հայերենի հնարավորություններից եւ կոնկրետ պատկերով վերացական (ոչ ուղղակի) հասկացություն արտահայտել` դրանց տակ դնելով ներքին իմաստ` բեղի հետ որեւէ կապ չունեցող (ալեգորիա):

«Խնամված բեղեր» արտահայտությունը հոդվածում ներքին իմաստ ունի: Խմբագրական ժանրին դիմելը, խմբագրական գրելու հավակնությունը մեծ պատասխանատվություն է ենթադրում, նաեւ քաղաքացիական հասունություն, լրագրողական «հասակ»: Եվ ուրեմն` խմբագրականով հանդես եկող անձնավորությունը, ով մի նյութի մեջ այդքան զազրախոսություն է դնում եւ թույլ տալիս բազում ուղղագրական եւ կետադրական սխալ, չի կարող լրջություն եւ պատկառանք առաջացնել: Այսինքն` մարդը խմբագրական գրելու, տեսակետ, աշխարհայացք առաջարկելու պատվանդան է բարձրացել, լրագրողական բեղ ու մորուք ունի կարծես, բայց իր խոսքով ու պահվածքով պատկառանք ու հարգանք չի ներշնչում…

Իսկ եթե հետեւելու լինենք Հայցվորի տրամաբանությանը, ապա չպետք է Կապանին առնչվող հրապարակումներում օգտագործել բեղ բառը, քանի որ ինքը բեղ ունի եւ բեղ բառ պարունակող ամեն մի արտահայտություն իրեն ուղղված մեսիջ կարող է համարել:

Առարկությունների հիմքում ընկած մյուս փաստերը, ապացույցները եւ հիմավորումները

1. Հայցադիմումի առաջին բաժնում, որ վերնագրված է «Հայցի էության նկարագրությունը», առաջ է քաշվում երեք դրույթ, որոնց հիման վրա ենթադրություն է հայտնվում, թե «Թշվառականի» թիրախը Հայցվորն է: Սակայն վերջինս որեւէ փաստ կամ հիմնավորում չի ներկայացրել: Հայցվորը բացառապես ենթադրություններ է անում: Ենթադրություններից մեկին` «խնամված բեղերին» առնչվող, քիչ առաջ անդրադարձանք: Մյուս այսպես կոչված փաստերն ու ապացույցները մենք չենք կարող հերքել կամ հաստատել, քանի որ նման փաստեր ու ապացույցներ հայցադիմումի մեջ պարզապես չկան:

2. Հայցադիմումի երկրորդ բաժնում, որն ունի «Հայցապահանջը հաստատող ապացույցներն ու հանգամանքները, որոնց վրա հիմնված է հայցը» վերնագիրը, ուշադրության արժանի մի քանի դրույթ կա, որոնց անդրադառնում ենք ստորեւ` առանձին-առանձին:

ա) Ֆիզիոլոգ Պավլովի անվան օգտագործումով մեր կողմից արտահայտված միտքը, հայցվորի ենթադրությամբ, իր հետ է կապված: Մինչդեռ դա սովորական այլաբանություն է, որն օգտագործել ենք «Կապանյան լրատու» թերթի հայտնի խմբագրականի անհայտ հեղինակի էությունը բնութագրելու համար: Ուրիշ կերպ չէինք կարող բնութագրել անհայտ այդ անձնավորությանը, ում աչքին բանական մարդը երեւում է շան տեսքով:

Խնդիրն այն է սակայն, թե ինչու է Գ.Ղահրամանյանը փորձում տեղավորվել Պավլովի «պատկերացումների» մեջ:

բ) Ըստ Հայցվորի` Պատասխանողն օգտագործել է բառեր եւ բառակապակցություններ, որոնք վերաբերում են իրեն: Ահա այդ բառերը, բառակապակցությունները եւ պարբերությունները. բակային գործածության այդ կրետինը, վայրահաչություն, մարզկենտրոնում հայտնի առլեկինի մլավոցը, ոչ լրագրող ոչնչություն, վայնասուն բարձրացնել, թշվառական, ունայնություն, փրփրաբերան հայհոյել, 8-րդ պարբերությունը (սկսում է «Դու վախկոտ ես ու ճորտ…» արտահայտությամբ), 9-րդ պարբերությունը (սկսում է «Դու անգրագետ ես…» արտահայտությամբ), 10-րդ պարբերությունը (սկսում է «Դու անաբուռ գոյություն ես…» արտահայտությամբ), 11-րդ պարբերությունը (սկսում է «Դու կնոջ փեշի տակ թաքնվող ես…» արտահայտությամբ), 12-րդ պարբերությունը (սկսում է «Դու գավառամտության բացառիկ գտածո ես…» արտահայտությամբ), Արտուր Աթայանին հղած հարցադրումը, հոդվածի վերջին պարբերությունը:

Այո, բոլոր այդ արտահայտություններն օգտագործվել են հոդվածում: Բայց դրանք (Արտուր Աթայանին հղած հարցադրումից բացի) որեւէ առնչություն չունեն Հայցվորի հետ: Բոլոր այդ արտահայտություններն օգտագործվել են այն մարդուն (մարդկանց) գնահատելու, բնութագրելու համար, ով (ովքեր) «Կապանյան լրատու» թերթի խմբագրականում բանական մարդուն համեմատել են շան հետ:

գ) Ըստ հայցվորի` մեր հոդվածի վերջին պարբերությունը նույնպես ուղղված է իրեն:
Ամենատկարամիտ ընթերցողն անգամ կհասկանա (առանց ջանքեր գործադրելու), որ լրագրողը վերջին պարբերության մեջ հետեւություն է անում, դատապարտում որոշ երեւույթներ, իր աշխարհայացքից բխող մտքեր արտահայտում: Եվ, չգիտենք ինչու, Հայցվորը նորից իրեն է տեսնում այդ ընդհանրական դատողությունների մեջ:

դ) «Դու գավառամտության բացառիկ գտածո ես: Իբր ինձ վիրավորելու համար (չկարողանալով կոնկրետ փաստարկներով հակադարձել գրվածքիս) հեգնանքով նշում ես ծննդավայրիս անունը` Յայջի (Հարժիս): Ի դեպ, ամենից շատ դրանից չենք վիրավորվում` տեղյակ լինելով, որ Սյունիքի գյուղերի անունները հեգնանքով են օգտագործել (եւ օգտագործում) բացառապես մեզ քաջածանոթ այլազգիներն ու այլադավանները: Այնպես որ Հարժիսի (Յայջիի) եւ սյունիքյան մյուս գյուղերի ու քաղաքների մասին հարգանքով ու պատկառանքով խոսելու համար պետք է առնվազն ու նախեւառաջ յոթ պորտով հայ լինել ու քրիստոնյա»:

Ուրիշ ինչպե՞ս արձագանքեինք այն մարդուն կամ մարդկանց, ովքեր իրենց խմբագրականում մի ամբողջ գյուղ նույնացնում են շան հետ:

Այո, մենք չգիտենք գոնե մեկ հայ ու քրիստոնյա, ով հայկական գյուղի անվանն այնպիսի վիրավորանք հասցրած լիներ, որպիսին հասցրին հայտնի խմբագրականի հեղինակները:

Եթե իմանայինք (համոզված լինեինք), որ ծննդավայրիս անունը հեգնողն ու շան հետ համեմատողը Հայցվորն է եղել, ապա ոչ թե նման պարբերություն կգրեինք, այլ պարզապես կհիշեցնեինք, թե Գագիկի ազգանվան բառարմատ «ղահրաման», «գահրաման» բառն ինչ իմաստով են գործածել, ասենք, սելջուկ-թուրքերը կամ կարակոյունլու թուրքերը, եւ ինչու են որոշ հայեր առանձին դեպքերում վերցրել օղուզական այդ բառարմատը եւ ավելացրել «յան» վերջավորությունը: Եթե գոնե հիմա կամ ուշացումով պարզվի, որ այդ խմբագրականի հեղինակն իրոք Հայցվորն է, ապա այդ ստուգաբանությունը` ամենայն մանրամասնությամբ, կներկայացվի մամուլով, եւ պատրաստակամ կլինենք կրել դատական պատասխանատվություն:

ե) Հայցվորը մի քանի անգամ պնդել է, որ «Թշվառականն» ընդդեմ իրեն դիտավորությամբ գրված հոդված է: Դա ոչ թե սուտ է, այլ ողորմելի անհեթեթություն: Հայցվորի հետ, մինչդեռ, 1996 թվականից ի վեր բարեկամական հարաբերություններ ենք ունեցել: Պատասխանողը մարզպետարանի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնի պետն էր, նա` մայրաքաղաքային ինչ-որ թերթի թղթակից Կապանում: Բազում անգամ շփվել ենք, մտքեր փոխանակել, միմյանց հերքել կամ հաստատել:

Մի քանի տարի առաջ էլ կոնկրետ առիթով քննադատական խոսք է ասվել (թերթում) ՀՅԴ իր գործընկերների մասին, ինչի առիթով թերթի հետ կոնֆլիկտ էր առաջացել: Ինքը` Հայցվորը, եկավ խմբագրատուն եւ իր ընկերներին փոխըմբռնման, փոխհանդուրժողականության կոչ արեց:

2008-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ էլ նա Ա.Աթայանի նախընտրական շտաբի պետն էր: Իր իսկ նախաձեռնությամբ թերթային մի ամբողջ համարի չափով գովազդ պատվիրեց, եւ միասին նյութեր պատրաստեցինք:

Իսկ երբ փոխքաղաքապետ էր` մի քանի հարցով այցելեցինք նրան` նկատի ունենալով, որ ինքը թերթի բարեկամն է եւ կարող է աջակցել մեզ մտահոգող հարցերի լուծման գործում:

Այնպես որ ներկա կոնֆլիկտի մասին կարելի է ամեն ինչ մոգոնել, բացի դիտավորությունից:
Հիմա էլ չենք հավատում, որ հայտնի խմբագրականի հեղինակ Ռազմիկ Ավագյանը Հայցվորն է:

զ) Մեզ մեղադրում են նույնիսկ այն հարցում, որ խմբագրականի հեղինակին (թերթային այդ համարն արարողներին առհասարակ) անվանում ենք անգրագետ, ունայնություն, ոչ լրագրող ոչնչություն…

Ի դեպ, շարունակում ենք այդ խմբագրականի եւ այդ թերթի տվյալ համարը ստեղծողների մասին ունենալ նույն կարծիքը:

Թերթի մեկ համարում տեղ է գտել միայն 153 ուղղագրական եւ կետադրական սխալ: Երկու տպագրական մամուլ ծավալով թերթում (ութ էջ A3 չափսի) այդքան սխալ…

Մամուլի պատմության մեջ մեզ նման նախադեպ հայտնի չէ:

Եվ այդքան սխալ թույլ տվող մարդկանց ինչպե՞ս կարող էինք չանվանել անգրագետ, ունայնություն, ոչ լրագրող ոչնչություն (ի դեպ` անգրագետ բառն ունի նաեւ այսպիսի բացատրություն` սխալներով լի, շատ սխալներ պարունակող)…

Սա այն դեպքն է, երբ գործ ունենք անհերքելի, ակնհայտ փաստի հետ:

Հայցի իրավական սնանկությունը

Հայցադիմումը, ինչպես նշել ենք, կառուցված է բացառապես ենթադրությունների, կասկածանքների, անորոշ եւ ոչ կոնկրետ ու ոչ առարկայական արտահայտությունների վրա: Հայցադիմումի բաժինը, որ վերնագրված է «Պահանջի իրավական հիմքերը», գլխավորապես հայտնի 1087.1-րդ հոդվածի արտագրությունն է, որը, անշուշտ, կարեւոր է, բայց ընդհանրական է տվյալ երեւույթի համար եւ ոչ կոնկրետ խնդրո առարկա այս դեպքի համար: Լրացուցիչ որեւէ հիմնավորում, բացի ընդհանուր բնույթի ձեւակերպումներից, հայցը չի պարունակում, ինչն ավելի է հաստատում մեր պնդումը, որ հայցադիմումը ենթադրությունների շարան է, սովորական զրույց:

Ստորեւ բերվող օրինակներն ասվածի հավելյալ հավաստումն են:

ա) Հայցվորը նշել է, որ իր գործարար համբավը զգալիորեն տուժել է մեր հրապարակման պատճառով: Մինչդեռ, ըստ մեր կարծիքի, Հայցվորը Կապանում առանձնապես գործարար համբավ չունի, եւ գոյություն չունեցող գործարար համբավն ամենաուղղակի հարձակման դեպքում անգամ չէր կարող տուժել:

բ) Հայցվորը միտումնավոր կամ ոչ պատշաճ իմացության պատճառով տարբերակում չի դրել զրպարտության եւ վիրավորանքի միջեւ, որոնք միանգամայն տարբեր իրավական բնորոշումներ ունեն:

գ) Հայցվորը հավանաբար չգիտի զրպարտության իրավական բնորոշումը (հատկանիշները), ինչի համար եւ անվերջ գործածում է զրպարտություն բառը, բայց եւ չի բերում զրպարտության գոնե մեկ օրինակ` փաստական հիմքով հիմնավորված:

դ) Հայցվորը չի բերում գոնե մեկ կոնկրետ օրինակ, որ վիրավորել ենք իր պատիվն ու արժանապատվությունը:

ե) Հայցվորը նյութական փոխհատուցում է պահանջում իրեն հասցված (ենթադրյալ) վնասի համար, բայց չի ներկայացնում, թե ինչ նյութական վնաս է կրել (եւ որքան) հրապարակման հետեւանքով, հանգամանք, որը կարեւորվել է Սահմանադրական դատարանի 2011թ. նոյեմբերի 15-ի որոշման մեջ: Եվ, մոռանալով վնասի ու հատուցման համաչափության սկզբունքը, նյութական փոխհատուցման համար պահանջում է սահմանված նյութական փոխհատուցման առավելագույնը:

զ) Հայցվորն այդպես էլ չի փորձում հասկանալ, որ իր հայցով, ի վերջո, պահանջում է խոսքի ազատության սահմանափակում, այս դեպքում` «Սյունյաց երկիր» թերթի գործունեության արգելափակում` դրա համար օգտագործելով ընդամենը ենթադրությունների բազմաէջանոց շարան:

Խոսքը ոչ թե մասնավոր անձ Գ.Ղահրամանյանի, այլ նրա պաշտոնեական գործունեության մասին է
«Թշվառականը» հոդվածում, իսկապես, կա երկու հատված (միեւնույն թեմայով), որ վերաբերվում է Գ.Ղահրամանյանին, ընդ որում` ոչ թե մասնավոր անձ Գ.Ղահրամանյանին, այլ այդ անձնավորության պաշտոնեական գործունեությանը:

Առաջին` « Պարո՛ն Աթայան, գոնե ուշացումով կարո՞ղ ենք իմանալ, թե ինչու երկու տարի առաջ աշխատանքից հեռացրիք Կապանի քաղաքապետի տեղակալին: Դուք միշտ էլ պատշաճ չեք համարել խոսել այդ մասին, բայց դա չի օգնել, որ թեմայի շուրջ ասեկոսեները սպառվեն: Եվ փոխքաղաքապետի պաշտոնանկության շուրջ առայսօր շրջանառվում է մի քանի ասեկոսե:

Ահավասիկ` ա) իբր Ձեզ փոխարինելու ընթացքում նա ֆինանսական բնույթի խարդախություններ է կատարել քաղաքում այդ ժամանակ կառուցվող խաղահրապարակների կատարողական ակտերը հաստատելիս եւ համայնքի միջոցներից գողություն կատարել, ինչը Դուք մեծահոգաբար չեք տեղափոխել իրավական դաշտ, բ) իբր քաղաքապետարանի իր աշխատասենյակը պարոնը դարձրել էր հայտնի տարփուհիների խրախճանքի վայր, գ) իբր անկարող էր (հայտնի պատճառով) առավոտները ժամանակին քնից արթնանալ եւ աշխատանքի էր հաճախում կեսօրից հետո:

Միգուցե այդ ամենը հերյուրանք է (եւ չենք բացառում): Միգուցե նրան հեռացրել եք բոլորովին այլ պատճառով: Բայց, խոստովանենք, եթե ժամանակին հանրությանը ներկայացվեր փոխքաղաքապետի պաշտոնանկության պատճառը, ապա ոչ մի ասեկոսե էլ չէր ծնվի: Մինչդեռ չի բացառվում, որ կծնվեն այլ վարկածներ եւս, եթե շարունակեք լռություն պահպանել»:

Երկրորդ` «Դու կնոջ փեշի տակ թաքնվող ես: Հիշի՛ր, երբ քեզ դուրս շպրտեցին Կապանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից, տեւական ժամանակ հրաժարվում էիր պատասխանել լրագրողներիս հեռախոսազանգերին` խուսափելով (ամաչելով) պատասխանել, թե ինչու են քեզ վռնդել քաղաքապետարանից: Հեռախոսազանգերին, քո փոխարեն, պատասխանում էր կինդ, եւ դու դա հանդուրժում էիր: Ու մինչեւ այժմ (երկու տարի շարունակ) չես էլ պատասխանում շատերին հետաքրքրող այդ հարցին»:

Ի դեպ, մինչեւ հիմա առաջադրված հարցերի պատասխանը չենք ստացել:

Հայցվորը պահանջում է բերել ապացույցներ, թե որքանով են հավաստի նշված ասեկոսեները (ի դեպ, ասեկոսե բառը նշանակում է անհավաստի խոսք եւ զրույց): Եթե մենք համոզված լինեինք, որ այդ խոսակցությունները հավաստի են եւ համապատասխանում են իրականությանը, ապա չէինք օգտագործի ասեկոսե բառը, չէինք օգտագործի իբր բառը, որը հայերենում կասկած, տարակուսանք, անհավանականություն է հայտնում, որը հոմանիշ է որպես թե, իբր թե արտահայտություններին: Մենք ենք, ի վերջո, տվյալ պարբերության մեջ նշում` «Միգուցե այդ ամենը հերյուրանք է (եւ չենք բացառում)»:

Միաժամանակ` Գ.Ղահրամանյանի պաշտոնեական գործունեությանն առնչվող կոնկրետ թեմա քննարկելու հիմքում կա երկու մղում (հանգամանք):

Առաջին. Ա.Աթայանին հղած հարցադրումը եւ շրջանառվող ասեկոսեները հիշեցնելը, նաեւ գնահատական տալը, ե՛ւ քաղաքական խոսք է, ե՛ւ հանրությանը հետաքրքրող հարցի շուրջ բանավեճի շարունակություն:

Մենք պետք է հիշենք, որ այդ դեպքում (հոդվածի այդ հատվածում) գործ ունենք ոչ մասնավոր անձի հետ: Մենք այդ դեպքում գործ ունենք Կապանի ոչ վաղ ժամանակի փոխքաղաքապետի հետ, ով այդ պարտականությունը ստանձնել էր ժողովրդի կամաարտահայտության շնորհիվ, վարձատրվում էր հարկատուների միջոցներով եւ հանկարծ (առանց որեւէ բացատրության) պաշտոնանկ է արվում: Այնպես որ տվյալ դեպքում գործ ենք ունեցել անձնավորության պաշտոնեական գործունեության հետ եւ արտահայտվել ենք Գ.Ղահրամանյանի պաշտոնեական գործունեությանն առնչվող հարցերի շուրջ:

Վճռաբեկ դատարանն իր 27.04.2012թ. նախադեպային որոշման մեջ նշել է` «…Թույլատրելի քննադատության սահմաններն ավելի լայն են կառավարության, քան թե մասնավոր քաղաքացու կամ նույնիսկ քաղաքական գործչի նկատմամբ: Ժողովրդավարական հասարակությունում պետության գործողությունները կամ բացթողումները պետք է ենթարկվեն խիստ վերահսկողության ոչ միայն օրենսդիր եւ դատական մարմինների, այլեւ մամուլի եւ հանրային կարծիքի կողմից»: Այդ հանգամանքն արձանագրված է նաեւ Եվրոպական դատարանի որոշումներում եւ միջազգային այլ փաստաթղթերում: Նույն փաստաթղթերում նման վերաբերմունք է նախատեսվում քաղաքական գործիչների, հանրային ծառայողների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ առնչություններում:

Եվ ուրեմն` մեր հնչեցրած հարցադրումը եւ տրված գնահատականները, ինչպես եւ ասեկոսեները հիշատակելը չեն կարող դիտվել ո՛չ զրպարտություն, ո՛չ վիրավորանք:

Երկրորդ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ սահմանումը` «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե` 2) դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով...»:

Մարզկենտրոնի քաղաքապետի տեղակալի խորհրդավոր պաշտոնանկությունը եւ դրանից բխող պաշտոնական բացատրության (պարզաբանման) բացակայությունը եւ այդ ամենի շուրջ սկիզբ առած հանրային հետաքրքրությունը լիովին տեղավորվում են «գերակա հանրային շահ» հասկացության մեջ, մանավանդ որ այդ ամենին հաջորդել են ամենատարբեր խոսակցությունները:

Իհարկե, մենք թերթի հրապարակման մեջ փաստացի տվյալներ չենք ներկայացրել (ինչպես վերեւում նշեցինք), որ դրա ապացուցման համար ողջամիտ քայլեր ձեռնարկեինք: Այդուհանդերձ` ձեռնարկել ենք ողջամիտ որոշ քայլեր, այդ ասեկոսեների հավաստիությունը ճշտելու համար: Չենք կատարել մի կարեւոր քայլ միայն` այդ ասեկոսեները ճշտելու համար չենք դիմել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ ոստիկանապետին` ստուգելու բոլոր այն փաստաթղթերի (շինարարական ու առեւտրային գործարքներին առնչվող) օրինականությունը, որոնք ստորագրել կամ վավերացրել է փոխքաղաքապետ Գ.Ղահրամանյանը: Այդ բացթողումը կփորձենք լրացնել սույն դատավարության ընթացքում, իսկ եթե ոչ, ապա այլ եղանակով` հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

Փոխքաղաքապետի պաշտոնանկության վերաբերյալ հարցադրումը եւ դրա շուրջ ասեկոսեների շարադրումը ոչ մի տրամաբանությամբ չեն կարող համարվել զրպարտություն, քանի որ այն տեղավորվում է «գերակա հանրային շահ» արտահայտության մեջ: Որեւէ հիմք չենք տեսնում նաեւ, որ այն որակվի որպես վիրավորանք:

Այո՛, մեր կատարած հարցադրումը տվյալ իրավիճակում բխում է «գերակա հանրային շահից»:
Այո՛, հանրությանն այդ տեղեկատվությունն անհրաժեշտ է եղել (եւ հիմա էլ անհրաժեշտ է):
Այո՛, հանրությունը հետեւել է այդ տեղեկատվության տարածման ընթացքին եւ սպասել դրա վերաբերյալ հետագա հրապարակումներին:

Ի վերջո զանգվածային լրատվամիջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների եւ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տարածման պարտականությունը: Զանգվածային լրատվության միջոցների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:

Վերը նշված պարբերության մեջ արտահայտված միտքն ամբողջովին բխում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից (27.04.2012թ.):

Հակառակ պարագայում մենք գործ կունենանք խոսքի ազատությունը սահմանափակելու ակնհայտ իրողության հետ:

Տեղեկատվության տարածման շրջանակը

Հայցվորը չի պատկերացնում «Սյունյաց երկրի» տարածման շրջանակը: Տեղեկացնում ենք` «Սյունյաց երկիրը» տպագրվում է 2000 օրինակով եւ տարածվում է Մեղրիում, Սիսիանում, Գորիսում ու Կապանում: Գտնում ենք` Գորիսի, Սիսիանի ու Մեղրու շրջաններում դժվար թե գտնվի մի քանի ընթերցող (մեր թերթի), ովքեր ճանաչում են Հայցվորին: Նրան ճանաչում են մասնավորապես Կապան քաղաքում եւ ինչ-որ չափով` մերձակա գյուղերում: Իսկ Կապան քաղաքում տարածվում է «Սյունյաց երկրի» մոտ 500 օրինակ:

Էլեկտրոնային կայքի ամեն մի հրապարակում ունենում է մոտ 400 ընթերցող, թե նրանցից քանիսն են Կապանից` տեխնիկապես հնարավոր չէ ճշտել:

Այնպես որ «Թշվառականը» հոդվածի` Հայցվորին հետաքրքրող տարածման շրջանակն ընդգրկում է մոտ 500-600 մարդ: Ընդ որում` ոչ ոք չի կարող ասել (գոնե մոտավոր կարգով), թե նրանցից քանի հոգու մտքով է անցել, որ հոդվածի թիրախը Հայցվորն է:

Վերը շարադրված հանգամանքը, ըստ էության, պետք է դիտարկել Սահմանադրական դատարանի որոշման մի կոնկրետ դրույթի տեսանկյունից` «…Պետք է հաշվի առնել նաեւ տեղեկատվությունը տարածելու շրջանակը: Զանգվածային լրատվության միջոցները, որոնք գործում են տեղական մակարդակում (մարզ, քաղաք) ունեն ավելի փոքր տարածման շրջանակ, քան հանրապետության ամբողջ տարածքով հեռարձակվող եւ տարածվող լրատվամիջոցները» (էջ 17):

Հայցվորը շրջանցել է խնդրի կարգավորման արտադատական ուղին

Տեղի ունեցող այս գործընթացը համարում ենք Կապանում խոսքի ազատությունը, բազմակարծությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը ճնշելուն միտված երեւույթ: Հայցվորը, ըստ էության, արտահայտում է Կապանի հանրության այն փոքրիկ խմբակի շահերը, ում համար ազատ խոսքը, հանրության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը հրապարակավ քննարկելը վտանգ է ներկայացնում:

Մյուս կողմից` արդեն իսկ այն կարծիքն է շրջանառվում, որ երկու տարի առաջ ծնունդ առած «Կապանյան լրատու» թերթը Կապան քաղաքում կայանալու լուրջ խնդիր ունի, եւ իբր «Սյունյաց երկրի» հաստատուն ներկայությունն է պատճառը, որ այդ թերթն այդպես էլ չի կայանում ու գոնե մի համայնքի տարածքում շատ թե քիչ տարածում չի գտնում:

Եվ խնդիրը ոչ թե ենթադրյալ վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցում պահանջելն է, այլ, ըստ էության, «Սյունյաց երկիրը» ֆինանսական պատժամիջոցներով փակման հանգրվան հասցնելը:

Նման եզրահանգումների համար ունենք մի քանի պատճառ:

Եթե Հայցվորը կամ «Կապանյան լրատուն» խնդիր ունեին «Սյունյաց երկրի» հետ, ապա կարող էին անմիջապես արտադատական միջոցների դիմել եւ այդկերպ խնդիրը կարգավորել: Ու միայն մերժում ստանալու դեպքում դիմեին դատարան: Բայց նրանք չգնացին արտադատական ճանապարհով` հերքում հրապարակելու պահանջ, պատասխան խոսք եւ այլն: Նրանք նույնիսկ անտեսեցին փաստը, որ հայաստանյան իրականության մեջ լրատվամիջոցը լրատվամիջոցի դեմ, լրագրողը լրագրողի դեմ դատական հայց ներկայացնելու նախադեպ չունենք (որքանով մեզ հայտնի է):

Հայցվորը, սակայն, անտեսել է այս հնարավորությունը եւ դիմել դատարան:

Վճռաբեկ դատարանն այդ առիթով նշել է` «…դատարանները յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է անհրաժեշտ գնահատական տան այն հանգամանքին, թե արդյոք կողմերը որեւէ փորձ արել են վեճը լուծել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված արտադատական կարգով, այն է` արդյոք անձը մինչեւ դատարան հայց ներկայացնելը դիմել է համապատասխան լրատվամիջոցին հերքում հրապարակելու պահանջով, եւ այդ պահանջին զանգվածային լրատվության միջոցը որեւէ ընթացք տվե՞լ է, թե՞ ոչ» (27.04.2012թ.):

Հայցվորը չի բավարարվել իրեն իբր պատճառված վնասը ոչ նյութական միջոցով փոխհատուցելու պահանջով

Համոզված ենք` տեղի ունեցողը Կապանում խոսքի ազատությունը ճնշելու եւ «Սյունյաց երկիրը» փակման հանգրվան հասցնելուն միտված քայլ է:

Հ սահմանադրական դատարանն արձանագրում է` «Վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունը` անկախ դրա բնույթից ու չափից, հանդիսանում է միջամտություն անձի արտահայտվելու ազատության» (ՍԴ որոշում, էջ 27):

Բերենք մեկ այլ հիմնավորում եւս. օրենսդիրը մինչեւ նյութական փոխհատուցում սահմանելը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով սահմանել է նաեւ պատճառված վնասի վերականգնման այլ միջոցների ընտրություն եւ կիրառման հնարավորություն (վիրավորանքի դեպքում` հրապարակային ներողություն խնդրել, եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվական այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը, զրպարտության դեպքում` եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները եւ (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը):

Հայցվորն անտեսել է նաեւ այս հնարավորությունը եւ միանգամից առաջ է քաշել նյութական (գումարային) պահանջի խնդիր, այն էլ` սահմանված վերին նիշի չափով (բառ անգամ չասելով պատճառված նյութական վնասի չափի մասին): Եվ դա այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը սահմանում է` «…արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը» (ՍԴ որոշումից):

Շարունակությունը

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10

Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

26.12.2024 16:04

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

26.12.2024 14:50

ՌԴ-ում ավտոգազի ավելցուկ է․ գինը կիսով չափ էժանացել է

26.12.2024 14:39

Ագարակում անցկացվեց շոտոկան կարատեի Մեղրիի գավաթ ակումբային փակ մրցաշարը

26.12.2024 14:32

Ի՞նչը կործանեց ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը՝ թռչնի՞, թե՞ հրթիռի հարվածը

26.12.2024 14:18

Հատված «Բուն TV» հեռուստաընկերության՝ Ակսել Բակունցի 125-ամյակին նվիրված ֆիլմից՝ «․․․ Եվ բառերի համար քո մարմարյա»

26.12.2024 12:40

Սահմանապահ Մուցքից Դրաստամատ Նավասարդյանն է շնորհավորանք հղում՝ գալիք տոների առիթով

26.12.2024 11:57

Անկարան շարունակում է քննարկումները Բաքվի հետ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ. Թուրքիայի տրանսպորտի նախարար

26.12.2024 11:46