Ամփոփվեցին «Ռուսական արջուկ» եւ «Մեղու» մրցույթների արդյունքները

20.02.2015 11:21
5780

2009 թվականից «Այբ» հիմնադրամը Հայաստանում եւ 2010 թվականից Արցախում կազմակերպում եւ անց է կացնում «Կենգուրու» եւ «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները: Հաշվի առնելով այս փորձը, ելնելով փաստից, որ շատ երկրներում կազմակերպում եւ անց են կացնում նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից` հիմնադրամը 2014թ. ձեռնամուխ եղավ ստեղծել եւ ամեն տարի անցկացնել եւս մեկ նմանատիպ «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որ կնպաստի երեխաների լեզվամտածողության եւ լեզվագիտական ունակությունների զարգացմանը: Հայերենի մրցույթի ստեղծման մտահղացումը «Այբ» կրթական հիմնադրամում առաջացավ իր որդեգրած արժեքների եւ նպատակների շարունակությունն ապահովելու համար, այն է` Հայաստանում ձեւավորել կրթության նոր մշակույթ եւ համակարգված ներդրումներով աջակցել երկրում կրթության ոլորտի զարգացմանը:
2014թ. հոկտեմբերի 28-ին ԿԳ նախարարությունը եւ «Այբ» կրթական հիմնադրամը ստորագրեցին hամագործակցության հուշագիր, որի համաձայն կողմերը պարտավորվեցին համագործակցել Հայաստանում «Այբ» հիմնադրամի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթների եւ «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի» անցկացման գործում:

2014թ. նոյեմբերի 13-ին Հայաստանում արդեն հինգերորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը, որին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի եւ Արցախի 302 դպրոցի 2-12-րդ դասարանների 8010 աշակերտ` ունենալով 409 մրցանակակիր` 146 լավագույն արդյունքով: Հիմնադրամի մասնագետների հավաստմամբ` արդյունքների տոկոսային հարաբերությունը ցույց է տալիս, որ այս տարվա արդյունքը կարելի է լավ որակել:

2014թ. հոկտեմբերի 30-ին Հայաստանում եւ Արցախում առաջին անգամ անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը, որին մասնակցեց Հայաստանի եւ Արցախի 961 դպրոցի 3-12-րդ դասարանների 44411 աշակերտ, որից 1392 մրցանակակիր` 712 լավագույն արդյունքով:

2015թ. փետրվարի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության 31 քաղաքում եւ Ստեփանակերտում ամփոփվեցին 2014թ. անցկացված այս երկու մրցույթի արդյունքները:

Ինչպես հավաստիացրեց «Այբ» հիմնադրամի դպրոցական միջազգային մրցույթների ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը, միջազգային այս մրցույթների նպատակն ավելի շատ երեխաների տրամաբանությունն ու լեզվամտածողությունը զարգացնելն է, եւ հիմնադրամը երբեւիցե նպատակ չի ունեցել ցույց տալու մարզի, դպրոցի կամ էլ աշակերտի առավելությունը. չափանիշը նույնն է բոլորի համար: Արդյունքներն ամփոփվում են ըստ միավորների` համեմատության կարգով: «Լավագույն արդյունքը բոլորի համար է: Լավ կամ վատ որակը որոշում ենք տոկոսային հարաբերությամբ` կախված տվյալ տարվա արդյունքների ընդհանուր պատկերից: Քանի որ «Մեղու» մրցույթն առաջին անգամ էր կազմակերպվում, եւ մենք պետք է ընդհանուր վերլուծություն անեինք, ուստի որոշվեց 3-4-րդ դասարանցիների համար, ովքեր հավաքել են 92-109 միավոր` առավելագույնը 110 միավորից, համարել լավագույն արդյունք, իսկ 4-12-րդ դասարանցիների համար` 100-119` առավելագույնը 120 միավորից: Դասարանների միավորների տարբերությունը պայմանավորված է առաջադրանքների քանակով», - նշեց Շ.Կարապետյանը:

Ծրագրի ղեկավարը հավելեց, որ առաջադրանքներն այնպես են կազմում, որ մասնակից աշակերտները գոնե որոշակի միավոր հավաքեն: Նա հորդորեց ուսուցիչներին թույլ չտալ արտագրություններ, առավել եւս չօգնել աշակերտներին, քանի որ ստուգման մեխանիզմն այնպես է մշակված, որ նման արատավոր երեւույթներն իսկույն ակնհայտ են դառնում: Աշակերտը մրցում է ինքն իր հետ` տարեցտարի զարգացնելով իր հմտությունները:

«Մեղու» մրցույթի համար հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել եւ «Ռուսական արջուկ», «Կենգուրու» միջազգային մրցույթների տեխնոլոգիաները, մեխանիզմներն ու առանձնահատկությունները հաշվի առնելով` առաջադրանքը կազմվել: Կապանի N 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Թինա Գրիգորյանը, ով մարզում հավաքել էր ամենաշատ միավորը, նշեց. «Առաջադրանքները բավականին հետաքրքիր ու տրամաբանական էին եւ պահանջում էին առավելագույն ուշադրություն: Ներառված տարբեր բառային աշխատանքները եւս մեկ անգամ հնարավորություն տվեցին զարգացնելու մեր լեզվամտածողությունը»:

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, շնորհակալություն հայտնելով մանկավարժներին եւ աշակերտներին, ցանկություն հայտնեց, որ այդ մրցույթները կազմակերպվեն անվճար հիմունքներով: Նա նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի, որ այդ մրցույթները եւ մրցանակաբաշությունն անցկացվեն շաբաթ եւ կիրակի օրերին, որպեսզի դասապրոցեսի բնականոն ընթացքը չխախտվի:

Վարչության պետի մտահոգություններին ծրագրի ղեկավարը պատասխանեց, որ մրցույթները վճարովի են կազմակերպվում (յուրաքանչյուր մրցույթին մասնակցելու համար աշակերտը վճարում է 970 դրամ)` պայմանավորված այն հսկայական ծախսերով, որ պահանջվում է մրցույթը կազմակերպելու համար: Ինչպես նաեւ նշեց, որ մեր երկրի տնտեսության մեջ ինչքան էլ վայրիվերումներ գրանցվեն, միեւնույն է, վճարման չափը նույնն է մնալու: Բացի դրանից` նրանք հաշվի են առնում ծնողների սոցիալական վիճակը եւ տարբեր ժամանակահատվածում են կազմակերպում մրցույթները. այն բոլոր պետություններում, որտեղ անց են կացվում այս մրցույթները, կազմակերպվում են վճարովի հիմունքներով, բացի Ղազախստանից, որտեղ պետությունն է հոգում այդ ծախսերը: Ինչ վերաբերում է շաբաթ եւ կիրակի օրերին մրցույթը կամ էլ մրցանակաբաշխությունը կազմակերպելուն, ապա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ օրերին կազմակերպված նմանատիպ միջոցառումները ձախողվում են` մասնակիցների սակավության պատճառով: Մյուս կողմից էլ` չէ՞ որ սա էլ գիտելիքի յուրահատուկ ստուգման դաս է:

Հիմնականում բողոքում են «Ռուսական արջուկ» մրցույթի առաջադրանքներից, քանի որ դրանք չեն համապատասխանեցվում տեղական ծրագրերին: Իսկ ընդհանուր առմամբ առաջադրանքները պարզից դեպի բարդ սկզբունքով են կազմվում, որպեսզի յուրաքանչյուր մասնակից անպայման որոշակի միավոր վաստակի: Արդյունքում բոլոր մասնակիցները ստանում են հավաստագրեր, բարձր միավոր ստացողները` նվերներ, իսկ լավագույն արդյունք գրանցողները` պատվոգրեր ու նվերներ: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Սուսաննա Օհանջանյանը, բարձր գնահատելով մրցույթի արդյունավետությունը, նշեց, որ ցանկալի կլիներ ըստ մարզերի ու դպրոցների առանձնացնել հաղթողներին: Նրա կարծիքով` սա ավելի ոգեւորիչ կդարձներ մրցույթները:

«Մեղու» մրցույթից այս տարի կա երեք հաղթող: Նրանք հավաքել են առավելագույն միավոր: Կարգի համաձայն` հանձնաժողովը հանդիպել է մրցույթի հաղթողներին, լրացուցիչ առաջադրանքների միջոցով ստուգել նրանց գիտելիքները` կեղծիքից խուսափելու համար, հետո միայն նրանց հաղթող հայտարարել:

Այս տարի «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» մրցույթն անց է կացվելու մարտի 26-ին, իսկ վճարման վերջնաժամկետը փետրվարի 26-ն է: «Մենք ուրախ ենք, որ «Մեղու»-ն մեծ ոգեւորությամբ ընդունվեց: Այս վեց տարվա ընթացքում «Այբ» հիմնադրամի նախաձեռնած մրցույթների մասնակիցների թիվն ավելացել է, որ, նախեւառաջ, պարտավորեցնող է ու ոգեւորիչ: Խնդրանքս այն է, որ մրցույթի անցկացման կարգին հատկապես ցածր դասարանի աշակերտների ծնողները ծանոթանան եւ բացատրեն երեխաներին լրացման կարգը` սխալներից խուսափելու համար, ինչպես նաեւ ժամանակին կատարեն սահմանված վճարումը», - խոսքը եզրափակեց Շուշան Կարապետյանը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56