Անդրանիկ Շաղոյան. «Տարեցտարի աճում են ճանապարհային ոստիկանության առջեւ դրվող պահանջները»

04.05.2015 18:00
4709

ԱՅՑԵՔԱՐՏ Ծնվել է 1966թ. նախկին Արարատի շրջանի Ուրցաձոր գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում, ընդունվել եւ ավարտել է Երեւանի ավտոճանապարհային տեխնիկումը, այնուհետեւ հեռակա կարգով սովորել է Երեւանի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժնում: 1989 թվականից ճանապարհային ոստիկանության համակարգում է: 1990-1994 թվականներին մասնակցել է մարտական գործողությունների Երասխավանում, Կորնիձորում, Հոչազում, Հորադիզում: Ճանապարհային ոստիկանությունում անցել է բոլոր աստիճաններով՝ շարքայինից մինչեւ փոխգնդապետ: 2011-2012թթ. ճանապարհային ոստիկանության Սյունիքի մարզի դասակի հրամանատար էր, մինչեւ ներկա նշանակումը ճանապարհային ոստիկանության առաջին վաշտի հրամանատարի տեղակալն էր: 2015թ. մարտի 23-ին ՀՀ ոստիկանապետի հրամանով նշանակվել է ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտի հրամանատար:

- Պարոն Շաղոյան, կուզեինք, որ մեր ընթերցողներին տեղեկացնեիք, թե Ձեր ղեկավարած կառույցն ինչ տարածք է սպասարկում:

- Վաշտը սպասարկում է երկու մարզ՝ Վայոց ձորի եւ Սյունիքի: Ամեն մի մարզում կա մեկ դասակ, մեկը՝ Վայոց ձորի, մյուսը՝ Սյունիքի մարզում: Հիմնական ծառայությունը կոորդինացնում եմ ինքս, ըստ ծավալման վայրի ծառայություն է իրականացվում ժամը 8-ից մինչեւ 24-ը, անհրաժեշտության դեպքում ծառայությունն իրականացվում է շուրջօրյա:

- Դուք փոխարինել եք փոխգնդապետ Արամ Գալստյանին, ով այդ պաշտոնը տեւական ժամանակ էր զբաղեցնում:

- Արամ Գալստյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով առաջ է քաշվել բարեխիղճ աշխատանքի շնորհիվ: Նա այժմ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի հրամանատարն է, ում ղեկավարության ներքո վեց վաշտ կա: Նրա ղեկավարած գումարտակը սպասարկում է հանրապետության մարզերը: Ընդսմին՝ Արամ Գալստյանին շնորհվել է ոստիկանության գնդապետի կոչում:

- Կարելի է ենթադրել, որ Ձեզ դյուրին ծառայություն չի բաժին ընկել՝ Եղեգնաձորից մինչեւ Իրանի Իսլամական Հանրապետության սահման:

- Ստանձնելով այս պաշտոնը՝ պատկերացրել եմ այդ ծառայության լրջությունը: Ճանապարհային ոստիկանության 6-րդ վաշտը սպասարկում է 331 կմ միջպետական ճանապարհ: Գումարտակի հրամանատարի ցուցումով խստացվել է երթեւեկության կանոնների վերահսկողությունը: Խախտումները հիմնականում լինում են արագությունը գերազանցելու եւ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում վարելու ձեւով:

- Ի դեպ, այս վերջին դեպքում ի՞նչ տույժեր են սահմանվում:

- Անսթափ վիճակում մեքենա վարելու դեպքում տույժի չափը պայմանավորված է խմածության թեթեւ, միջին կամ ծանր աստիճանով: Տույժի համար գումարի չափը սկսվում է 100 հազար դրամից: Եթե վարորդները տույժի համար սահմանված գումարը չեն հասցնում մուծել 30 օրվա ընթացքում, ընդառաջում ենք նրանց՝ թույլատրելով այդ գումարը մուծել վեց ամսվա ընթացքում: Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի քանակը լինում է սահմանված արագության գերազանցման եւ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում վարելիս: Գումարտակի հրամանատարի կարգադրությամբ ուժեղացված ծառայության շնորհիվ վերջին մեկ ամսվա ընթացքում բազմաթիվ կարգազանց վարորդներ:

- Գնահատեք ճանապարհատրանսպորտային իրավիճակը մարզում: Նախ՝ ավտոտրանսպորտի քանակն արագորեն աճում է մարզի բնակավայրերում, ինչը Ձեր ծառայության առջեւ նոր խնդիրներ է դնում: Երբեմն ղեկի մոտ է լինում պատահական անձնավորություն: Մի տեսակ բարդ ոլորտ է դարձել ճանապարհային երթեւեկությունը:

- Այդպես է: Քանի որ տարեցտարի աճում է Հայաստան ներմուծված տրանսպորտային միջոցների քանակը, էլ ավելի է ծանրանում մեր աշխատանքը, հիմնականում հանրապետություն ներմուծվում են հնամաշ մեքենաներ, մի մասը` անսարք, ինչը բարդություն է առաջացնում ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու առումով: Տեխնիկապես անսարք եւ հնամաշ մեքենաների դեպքում դժվարություն է հարուցում վերահսկողությունն այդ մեքենաների հանդեպ: Ստիպված ուժեղացված ռեժիմով ենք աշխատում, բայց լիովին տիրապետում ենք իրավիճակին, վերահսկողությունն իրականացվում է գումարտակի հրամանատարի ներկայացրած պահանջներին համապատասխան, պարզապես պիտի արձանագրենք, որ տարեցտարի աճում են ճանապարհային ոստիկանության առջեւ դրվող պահանջները, որովհետեւ ամեն տարի 30-ից 40 հազար ավտոտրանսպորտային միջոց է ներմուծվում հանրապետություն, ինչից անմասն չեն մնում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը:

- Պիտի ասենք, որ Ձեր կառույցի աշխատանքի բարդությունն այն է, որ Իրանից Հայաստան մուտք գործած մեքենաները երթեւեկում են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերով: Հետաքրքիր է իմանալ, այդ ավտոտրանսպորտը եւս ենթարկվում է մեր երթեւեկության կանոններին, արդյոք Ձեր կողմից վերահսկվո՞ւմ են, թե՞ դրանց գործունեությունը կանոնակարգվում է միջպետական պայմանագրերով:

- Ամեն դեպքում Հայաստան մուտք գործած օտարերկրացին պարտավոր է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներին: Պարզապես օտարերկրացիները մեր կողմից հարգանքի են արժանանում: Եթե խախտումն առաջին անգամ են անում, մեր կողմից ներման են արժանանում, զգուշացվում են, ցուցում ստանում, որ նման խախտում այլեւս չկրկնեն:

- Դուք Սյունիքի մարզկենտրոնում ճանաչում ունեցող անձնավորություն եք, այստեղ արդեն աշխատել եք, ուղղակի կուզեինք իմանալ Ձեր անձնական կարծիքը տեսախցիկների, արագաչափերի վերաբերյալ: Հնարավո՞ր է դրանց թիվն ավելանա մեր մարզում:

- Գիտե՞ք, աշխարհի բոլոր երկրներում ընդունված են տեսախցիկները: Ուղղակի վարորդների գիտակցությունը պիտի հասցնենք այն մակարդակին, որ բոլորն օրենքի առջեւ հավասար են, եւ անհրաժեշտ է երթեւեկության կանոնները պահպանել: Յուրաքանչյուրս մեզնից պիտի սկսենք, մեր երեխաներից, մեր հարազատներից, մտերիմներից, պարզապես բոլորի մեջ պիտի արմատավորել այն, որ երթեւեկության կանոնների պահպանումը բոլորիս խնդիրն է: Դա միայն ճանապարհային ոստիկանի խնդիրը չէ: Երբ վարորդը գիտակցեց, որ իր կատարած խախտումը ճակատագրական կարող է լինել հասարակության համար, նա այդ խախտումը թույլ չի տա: Չկան անպատժելի, օրենքից դուրս մարդիկ, - սա վստահորեն կարող եմ հայտարարել՝ անկախ հասարակության մեջ զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից: Գումարտակի նոր հրամանատարի կարգադրությամբ հաճախակի ուժեղացված ծառայություններ են կատարվում, որ վարորդներն ավելի զգաստանան ու սթափվեն: Պիտի ասեմ, որ այդ ուժեղացված ծառայությունների շնորհիվ հայտնաբերում ենք ոչ սթափ վիճակում մեքենա վարողներին, դա վկայում է վիճակագրությունը:

- Հարցը միգուցե ոչ ուղղակիորեն է վերաբերում Ձեր ծառայությանը, բայց կարեւորություն է ներկայացնում Ձեր կողմից իրականացվող ծառայության համար: Խոսքը վարորդական կադրերի պատրաստման մասին է: Նախկինում, մեր պատկերացմամբ, վարորդական կադրերի պատրաստումն ավելի ամուր հիմքերի վրա էր դրված: Ինչպե՞ս եք այդ խնդրին դուք վերաբերվում:

- Մենք պաշտոնապես այդ գործին չենք առնչվում, բայց ՀՀ ոստիկանապետի ցուցումով դյուրին է դարձվել վարորդական իրավունք ստանալու գործընթացը: Նախկինում ապագա վարորդը երեքամյա դասընթացներ պիտի անցներ: Բայց հիմա տանը նա համակարգչի միջոցով կարող է գիտելիքներ ստանալ եւ հանձնել քննություններ:

- Իսկ գործնական հմտություննե՞րը: Չէ՞ որ վարորդը, նախեւառաջ, ղեկի մոտ նստած անձնավորությունն է:

- Կան մարդիկ, ովքեր մեքենա վարելու գործնական պարապմունք են անցկացնում: Ապագա վարորդները սեփական նախաձեռնությամբ կարող են դիմել նրանց, բացի այդ գործում են ավտոդպրոցներ, որտեղ վարորդական կադրեր են պատրաստվում: Ուզում եմ կրկին անդրադառնալ արտահայտածս մտքին: Եթե մարդ նստում է մեքենայի ղեկի մոտ, պարտավոր է իմանալ եւ գործնականում կիրառել երթեւեկության կանոնները: Օրինակ, արտասահմանյան երկրներում չես հանդիպի առանց վարորդական իրավունքի մեքենա վարող վարորդի:

- Գիտենք, որ Դուք կողմ եք բացախոսությանը: Նաեւ նշենք, որ հասարակության մեջ, այնուամենայնիվ, ոստիկանի, իրավապահի, ճանապարհային ոստիկանի կերպարի ոչ միանշանակ ընկալում կա: Դուք Ձեր առջեւ ի՞նչ խնդիր եք դրել ճանապարհային ոստիկանի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:

- ՀՀ ոստիկանապետը բազմիցս ցուցում է տվել՝ ժողովրդի հետ խոսել իր իսկ լեզվով, լինել ժողովրդական: ՀՀ ոստիկանապետի կողմից ճանապարհային ոստիկանների առջեւ խնդիր է դրված մեղմ վերաբերվել սոցիալապես անապահով խավի հետ, վարչարարությունը երբեմն մղել հետին պլան: Թույլատրվում է ներել այն մարդկանց, որոնց կարելի է ներել: Գուցե մարդը հիմնավոր պատճառ ուներ արագությունը գերազանցելու, ասենք վիրավոր մարդուն հիվանդանոց է հասցնում, բայց ահա չարամտորեն խախտում թույլ տված վարորդը միանշանակ պիտի ստանա իր պատիժը: Ճանապարհային ոստիկանը հոգեբանորեն պիտի պատրաստ լինի հասկանալ դիմացինին:

- Իսկ ե՞րբ կարող են քաղաքացիները հանդիպել Ձեզ հետ:

- Այդպիսի հատուկ ժամանակացույց չկա: Մարդիկ կարող են իրենց հուզող հարցով դիմել ինձ: Բյուրոկրատական քաշքշուկ կոչվածը խորթ է ինձ, միշտ պատրաստ եմ ընդունել, լսել, աջակցել մարդկանց ոչ միայն աշխատասենյակում, այլեւ ճանապարհին: Դա բարդ խնդիր չէ, այլ մարդկային մոտեցում է ընդամենը:

- Եվ թերթի միջոցով ի՞նչ կփոխանցեիք վարորդներին:

- Ուղղակի խնդրում եմ, որ պահպանվեն ճանապարհային երթեւեկության կանոնները: Դրանց խախտումը կարող է հանգեցնել մարդկային եւ նյութական լուրջ կորուստների: Մեզ համար մեկ զոհն էլ շատ է: Ընդամենը խնդրում եւ պահանջում եմ՝ զգույշ լինել ճանապարհներին, չստեղծել վթարային վիճակներ:

- Կրկին շնորհավորում ենք նոր պաշտոն ստանձնելու առիթով, նաեւ հավելում, որ «Սյունյաց երկիր» թերթը կարող եք համարել մի հարթակ, որի միջոցով կարող եք հաղորդակցվել բնակչության հետ, քանզի Ձեր գործունեությունը միտված է մեր բնակչության անվտանգության ապահովմանը եւ հասարակական կարգի ապահովմանը: Ձեզ՝ հաջողություն:

- Շնորհակալ եմ:

Զրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57