Անկեղծ չենք (Հովհաննես Թումանյան)

04.08.2018 20:34
1318

Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:

Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը:

Մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից, և ահա –ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են:

Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է:

Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում, և խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում:

Այդպես պիտի լիներ մարդը, առավել ևս այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է:

Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան:

Եվ հանկարծ․․․ դուք տեսնում եք․․․ Նա խաղ է անում, դերասանություն է անում:

Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են:

Դրա համար էլ բեմի վրա խաղացողները շնորքով մարդիկ են, իսկ կյանքում խաղացողները՝ ցածերն ու կեղծավորները:

Նրանք խաղ են անում ամեն տեղ, ամեն բանի հետ, և ահա, մեր կյանքը ավելի նման է թատրոնական բեմի, ու այդ բեմը թեև փոքր, բայց, տեսեք, ո՜րքան դերասաններ ունի․․․

Իրենց վրա առած զանազան դերեր՝ նրանք մտել են ու խաղում են այս կամ այն ասպարեզում:

Ահա սա՝ ներկայանում է ամեն տեղ որպես չհասկացված ու հալածված գաղափարական գործիչ, մյուսը նշանավոր հերոս է խաղում, երրորդը հրապարակախոսություն է սարքել, չորրորդը բարեգործ է ձևանում, հինգերորդը գրող է կեղծում, վեցերորդը հանդիսանում է արդեն որպես նահատակ, յոթերորդը գալիս է որպես դատավոր, ամենքին մեղադրելու և ամենքից հաշիվ ուզելու․․․

Ու բնականաբար, չնայելով այսքան շատ գործիչների ներկայությանը, դուք զզվում եք, որ ցուրտ է, որովհետև չկա անկեղծության ջերմությունը, զգացմունքի հուրը, որովհետև նրանք խոսում են լեզվով, իսկ սիրտները շատ է հեռու, և զզվում եք վերջապես:

Սրանք ոչինչ չեն սիրում, այլ ցույց են տալիս, թե սիրում են:

ԵՎ ինչպես դերասանն ունի իր դերը, որ տանում է, իսկական գործիչն ունի իր խաչը, որ կրում է, սրանք էլ, այս կամ այն գործին կպչելով, փոխանակ գործի ծանրության տակ մտնելու և տանելու, իրենք են բարձրանում, հեծում նրա վրա ու շինում են իրենց էշը:

Եվ այս դերասաններից ամեն մեկն ունի իր էշը, ու միշտ էլ իր էշն է քշում, թեկուզ աշխարքը քանդվի:

Հաճախ սրանց շահատակությունը տևում է շատ երկար, նայած թե ինչ տեղ են մեյդան բաց արել և ով են թամաշավորները կամ երբ են գլխի ընկնելու:

Ու որպեսզի այդ թամաշավոր-ժողովրդի սիրտը շահած լինեն ու բարեկամ պահած, միշտ գոռում են «ժողովրդի» անունը:

Խոսքն ընչի մասին ուզում է լինի, միշտ վերջացնում են «ժողովուրդով»: Ժողվուրդն այդպես է կամենում․․․

«Ժողովուրդը մեզ հետ է․․․ Ժողովուրդը ձեզ կդատի․․․ Ո՞ւր ես, ժողովուրդ, անարգում են քեզ․․․»

Այդ հերիք չէ դեռ: Ժողովուրդն էլ են կործանում․․․

Իրենց մարդկանցից ոմանց հանդես են բերում կեղծ ստորագրություններով,

անգրագետներին իրենց շինած հոդվածներով ու ներկայացնում որպես ժողովուրդ:

― Տեսե՜ք, ժողովուրդը մեզ հետ է։

Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38