Ինչպե՞ս հնարավորինս արագ ու առանց արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատական իշխանության անկախությունը վնասելու, հաղթահարել առկա անվստահության հիմնախնդիրը:
Aravot.am-ի հարցին պատասխանում է ԲԴԽ անդամ Գեւորգ Դանիելյանը:
-Իմ կարգավիճակը պարտավորեցնում է մնալ քաղաքական զսպվածության սահմաններում, ինչն էլ հաշվի առնելով, միանշանակ ձեռնպահ եմ մնացել ինչպես քաղաքական բնույթի հայտարարություններից, այնպես էլ քաղաքական հայտարարությունների մեկնաբանություններից: Այս դեպքում ևս հավատարիմ կմնամ այդ սկզբունքին, ուստի կանդրադառնամ անցումային փուլի արդարադատության բացառապես իրավական ասպեկտներին, չանտեսելով ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ խիստ անհրաժեշտ վստահությունը հնարավորինս արագ վերականգնելու, դատական համակարգի բնականոն գործունեությունը չխաթարելու, հատկապես՝ դատավորների գործունեության միջամտությունը բացառելու գերխնդիրը:
Նախ, մի փոքր ոչ դիվանագիտական լեզվով ներկայացնեմ վերլուծականների մթնոլորտը:
Այս օրերին, որքան ներում էր ծանրաբեռնվածությունս, հետևում էի իրավագետների տարաբնույթ մոտեցումներին ու յուրովի մեկնաբանություններին, ցավոք, այն տպավորությունն ունեմ, որ սակավաթիվ են անաչառ ու արհեստավարժ դիրքորոշումները: Անթույլատրելի է հանրությանը սուբյեկտիվ գործոններով թելադրված մոտեցումները հրամցնել իբրև վերջին ճշմարտություն:
Ո՞րն է գերխնդիրը կամ հիմնահարցը:
Ժամանակ առ ժամանակ հանրային քննարկման կիզակետում են հայտնվում կոնկրետ քրեական գործերով առանցքային նշանակության մի քանի հարցադրումներ, որոնց վերաբերյալ անհապաղ հնչում են առնվազն իրարամերժ մեկնաբանություններ: Երբեմն այդ բանավեճին ակամա ներքաշվում են պաշտոնյաներ, ինչն էլ ավելի է բարդացնում իրավիճակը:
Մյուս կողմից, սոսկ տարաձայնությունների առկայությունը չէ խնդիրը, հանրության մեջ կա անթաքույց ձևավորված մտայնություն, որ հաճախ արդեն պաշտոնական դիրքորոշումների հիմքում ընկած են արդարադատության հետ աղերսներ չունեցող ինչ-ինչ սուբյեկտիվ գործոններ: Դեռ չեմ կամենում անդրադառնալ այդ գնահատականների ձևի ու բովանդակության իրավաչափության հարցին, քանի որ դա լրիվ առանձին խնդիր է:
Կամենում եմ շեշտադրում անել այն հարցին, թե ինչպե՞ս կարելի է վարվել, երբ որևէ գործով ծագած հարցերը ակամա դարձել են Երկրի համար իրավաքաղաքական լրջագույն բանավեճի առարկա, իսկ իրավասու մարմինների մոտեցումները հասարակության որոշակի խմբերի մոտ վստահություն չեն ներշնչում:
Լուծումների ողջ գործիքակազմին դեռ կանդրադառնամ, սակայն այս փուլում խիստ անհրաժեշտ եմ համարում առնվազն երկու ինստիտուտի ներդրում:
1. Ինչպես հայտնի է, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը (նկատենք, որ այդ փաստաթուղթը դեռևս 2013 թ. հուլիսի 10-ին ստորագրել է Նախարարների կոմիտեն և կայացրել ստորագրման համար 2013 թ. հոկտեմբերի 2-ից այն բաց համարելու մասին որոշում), մասնակից պետությունների բարձրագույն դատական ատյաններին (մեր պարագայում՝ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանին) վերջապես վերապահել է՝ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների կիրառմանն առնչվող խորհրդատվություն ստանալու միջնորդությամբ ՄԻԵԴ-ին դիմելու իրավասություն (16-րդ արձանագրության 1-ին հոդված): Նկատենք, որ առայժմ այս արձանագրությունը կիրառման լայն շրջանակներ չունի, սակայն, հաշվի առնելով հայրենական դատաիրավական համակարգում ստեղծված բարդ իրավիճակը, մենք կարող ենք նախաձեռնությամբ հանդես գալ և այս փուլում առավել հաճախ ներկայացնել համապատասխան միջնորդություններ:
Միջնորդություն ներկայացնելիս, հարկ է հիմնավորել խորհրդատվություն ստանալու անհրաժեշտությունը և ներկայացնել գործի փաստական և իրավական հանգամանքները: Միջնորդություններ ներկայացնելու գործընթացը դյուրին դարձնելու նկատառումով, անգամ նախատեսված է, որ դրանք կարող են կազմվել տվյալ երկրի ազգային լեզվով:
Հավելեմ, որ այդպիսի միջնորդությունների քննարկումը վերապահված է անմիջապես 17 դատավորի կազմով ՄԻԵԴ-ի Մեծ պալատին, որը տարեկան քննության է առնում ընդամենը երկու տասնյակը չգերազանցող գործ:
2. Զուգահեռ կարող է Կառավարության նախաձեռնությամբ կիրառման մեջ դրվել նաև առավել շարժուն ու կիրառման տեսանկյունից առավել մատչելի համակարգ՝ հանձինս միջազգային հեղինակավոր փորձագիտական հիմնարկների:
Համոզված եմ, որ Կառավարության համապատասխան միջնորդությանը կարձագանքեն ինչպես արդեն իսկ գործող միջազգային փորձագիտական հիմնարկները, այնպես էլ միջազգային կառույցները: Ընդ որում, չի բացառվում ձեռք բերել պայմանավորվածություն, որպեսզի մի որոշ ժամանակ վերջիններս՝ փորձագետների մի կայուն խմբի տեսքով, անմիջապես գործեն Հայաստանում, որպեսզի հնարավորինս արագ արձագանքեն ինչպես մինչդատական վարույթ իրականացնող մարմինների, այնպես էլ դատարանների հարցումներին: Ընդ որում, այս դեպքում միանգամայն հնարավոր է, որ միջնորդություններ ներկայացնեն նաև ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանները:
Վերը նշված երկու դեպքում էլ խոսքը բացառապես խորհրդատվական եզրակացությունների մասին է, դրանք պարտադիր չեն լինի դատարանների համար, սակայն դրանց առկայությունը մեծագույն աջակցություն կլինի ինչպես մինչդատական վարույթի մարմինների, այնպես էլ դատարանների համար (16-րդ արձանագրության 5-րդ հոդված): Ի դեպ, խորհրդատվությունները ենթակա են հրապարակման (16-րդ արձանագրության 4-րդ հոդված): ՄԻԵԴ-ի խորհրդատվության գաղափարը մի տևական ժամանակ միանշանակ չի ընկալվել, այն դիտարկվել է նաև որպես հնարավոր միջամտություն, սակայն ներկայումս վերանայվել են մոտեցումները: Բոլոր դեպքերում, այդ կառույցների նկատմամբ վստահությունը անհամեմատ ավելի մեծ է, վերջին հաշվով, լրջագույն օրինագծերի վերաբերյալ նրանց եզրակացությունը հիմք ընդունելու պարագայում, առնվազն տրամաբանական է նաև դրանց կիրառման առնչությամբ վերջիններիս դիրքորոշման հետ հաշվի նստելը:
Ինչ վերաբերում է նոր կառույցների ձևավորմանը, ապա այս հարցում հարկ է երաշխավորել չափազանց հավասարակշռված մոտեցում, որպեսզի աղերսներ չունենանք արդար դատաքննության իրավունքի միջազգային չափանիշների, ինչպես նաև Սահմանադրության հիմնադրույթների հետ և արդյունքում չունենանք էլ ավելի խոցելի համակարգ:
Այսպիսով, խորհրդատվական եզրակացությունների գործոնը կդառնա էական հակակշիռ՝ մի կողմից, բարդ իրավական հարցադրումների առնչությամբ հայ իրավագետների արտահայտած իրարամերժ դիրքորոշումների առատության, և մյուս կողմից՝ դատական իշխանության նկատմամբ անվստահությունը քաղաքակիրթ եղանակով հաղթահարելու տեսանկյունից:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
aravot.am