Արեւմտյան Նեղոսի տենդ տարածող մոծակն ամենատարածվածն է Արարատյան դաշտում ու Երեւանում, բայց լավ նորություն էլ կա

04.09.2024 11:10
257

Օլեգ Շչերբակովը հագնում է սպիտակ խալաթն ու ձեռնոցները, միացնում մանրադիտակը, ապա վերցնում սպիրտով լի տարան, որի մեջ մոծակներ են, ու սկսում նայել: 

Մանր ու օդում գրեթե չերեւացող, բայց տզզացող այս միջատները մանրադիտակի տակ բաց ոսկեգույն թեւերով ու մեծ աչքերով են: Ու թվում է՝ ակնդետ հետեւում են մեր հայացքին: 

Ամռանը գիշերային լույսի տակ մոծակների հավաքը շատերիս է նյարդայացնում: Մեզ վրա հարձակվող մոծակներին էլ տեղում ոչնչացնում ենք: Սակայն Օլեգ Շչերբակովը դրանց որսում է: Նա ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի գիտաշխատող է, կենսաբանական գիտությունների թեկնածու:

Օլեգն անգամ տան անդամներին է սովորեցրել մոծակ որսալ: Միջատները նրա ուսումնասիրությունների նյութն են: Նոր որսացած մոծակները պլաստմասսայե տարաների մեջ կարելի է դնել սառնարանում, որտեղ դրանք 2 շաբաթ կարող են կենսունակ մնալ, իսկ եթե կուշտ կերած են, նույնիսկ ավելի երկար:

-Փաստորեն, մոծակները կատակ չեն անում Ձեզ հետ:

-Ինձ առանձնապես չեն սիրում,- ժպտում է,- եթե, օրինակ, մի քանի հոգով ենք, երեւի ամենաքիչը հարձակվում են ինձ վրա: Շահեկան դիրքում եմ դրա համար:

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:

-Երեւի որոշակի առումով կապ ունի արյան խումբը: Մոծակներն ավելի շատ սիրում են տաքարյուններին, ավելի բարձր ճնշում, ինտենսիվ, արագ նյութափոխանակություն ունեցողներին: Նշանակություն ունի նաեւ հագուստի գույնը:

-Գույներն ընկալո՞ւմ են:

-Ոչ մեզ պես, բայց ընկալում են:

Ազգությամբ ուկրաինացի Օլեգ Շչերբակովի գիտական ուսումնասիրությունների շրջանակը բավական լայն է: Նա իրեն համարում է դասական մակաբուծաբան: Մոծակների ուսումնասիրությամբ սկսել է զբաղվել 2021 թվականից: Քանի որ հելմինտոլոգ է՝ ճիճվաբան, դեպի «մոծակագիտություն» նրան տարել են ճիճուները, երբ դիտարկում էր դիրոֆիլարիոզ հիվանդությունը (հայտնի է նաեւ որպես շների սրտային ճիճու), որը փոխանցվում է մոծակների միջոցով:

Ըստ Օլեգի՝ չնայած աշխարհում այս հիվանդության վտանգը կա, Հայաստանում իրենց մշտադիտարկումները ցույց են տվել, որ նման վտանգ չկա, բայց մի քանի տեղ գրանցվել են դեպքեր:

Հայաստանի մոծակները նախկինում լավ ուսումնասիրված չէին

Հայաստանում տարբեր տվյալներով 35-42 տեսակի մոծակ կա: Լաբորատորիան, որտեղ աշխատում է Շչերբակովը, մոծակների 5 նոր տեսակ է հայտնաբերել: Դրանցից 4-ը՝ Վայոց Ձորում, մեկը՝ Սյունիքում: Սպասում են նոր հետազոտական աշխատանքի տպագրությանը, որից հետո հանրամատչելի կխոսեն նոր ուսումնասիրության մասին:

Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիան երիտասարդ ստորաբաժանում է. ձեւավորվել է 2022 թ.: Մինչ այդ ներառված էր ընդհանուր ճիճվաբանության և մակաբուծաբանության լաբորատորիայի կազմում որպես հետազոտական խումբ: Նորաստեղծ լաբորատորիան հագեցած է նոր սարքավորումներով եւ հիմնականում զբաղվում է  կենդանիների ու մարդկանց ընդհանուր մակաբուծային հիվանդությունների ուսումնասիրությամբ: Հիմնական ուղղություններն են էխինոկոկոզ, տոքսոպլազմոզ, տրիխինելոզ, լեյշմանիոզ, դիրոֆիլարիոզ, գիշատիչ կենդանիների աղիքային մակաբույծները, լաբորատորիայում ուսումնասիրում են նաեւ մակաբույծներ փոխանցողներին՝ մոծակներին ու տզերին, ինչպես նաեւ արտաքին միջավայրի՝ ջրի, ջրակալների հատակային նստվածքի եւ հողի աղտոտվածությունը:

Օլեգին ամենահարազատը մոծակների եւ տզերի հետազոտությունն է: Առանձին հետազոտական ծրագիր են ունեցել Հայաստանի եւ Հյուսիսային Կովկասի մոծակների ֆաունայի մասին: Թեեւ այն ավարտվել է, հետազոտությունները հիմա էլ շարունակվում են:

«Հայաստանում, ճիշտ է, ուսումնասիրություններն ունեն երկար պատմություն, բայց հիմնականում միակողմանի են, ուսումնասիրվում էին մալարիայի մոծակներ, որովհետեւ Հայաստանում հնուց գործող օջախներ կային: Դրա դեմ հաջող պայքար է տարվել, մեզ մոտ արմատախիլ է արված մալարիան: Բայց մյուս կողմից՝ մնացած մոծակները երկրորդական պլան են մղվել: Որսացած մոծակները հիմնականում մալարիածին շրջաններից էին՝ Արարատյան դաշտ, Վայոց Ձոր, Արաքսի հովիտ: Ուրիշ տեղանքից տվյալներ կա՛մ չկային, կա՛մ ոչ ամբողջական էին: Մեր ծրագիրը հնարավորություն տվեց այդ բացը լրացնել: Եվ, իսկապես, լրացրինք: Հիմա մի քանի նոր տեսակ ունենք»,- ասում է գիտնականը:

Օլեգ Շչերբակովը մանրադիտակի տակ ուշադիր զննում է մոծակներին: Դրանք անցնելու են մոլեկուլային ուսումնասիրության, այսինքն՝ ԴՆԹ-ի մակարդակով որոշվելու են տեսակները, գիտնականները փորձելու են գտնել մակաբուծային բնույթի հարուցիչներ, եթե դրանք առկա են: Նպատակն է որոշել մոծակների տեսակային կազմը, եւ թե արդյոք դրանցից որեւէ մեկը կարող է լուրջ վտանգ ներկայացնել:

-Հիմա որ նայում եք մանրադիտակով, կարո՞ղ եք որոշել տեսակները:

-Սա խառը հավաք է: Սրանք հենց մալարիայի մոծակներ են: Իհարկե, բնորոշ գծեր կան՝ բերանային ապարատի յուրահատուկ կառուցվածքից սկսած,- պատասխանում է գիտնականը:

Մալարիայի մոծակ (Anopheles maculipennis)

Ասում է՝ բարեբախտաբար, մալարիայով հիվանդանալու դեպքեր չկան, բայց քանի որ մոծակը կա, ռիսկը միշտ առկա է:

Մոծակներ որսում են տարբեր միջոցներով՝ լուսային թակարդներով, միջատաբանական ցանցով կամ հենց մարմնի վրայից: Մինչեւ լաբորատորիա հասցնելը կարեւոր է, որ միջատի գենետիկական նյութը քայքայված չլինի: Այնուհետ կա՛մ խորը սառեցնում են մոծակներին, կա՛մ պահում են սպիրտի մեջ՝ տեսակները որոշելու եւ հետագա ուսումնասիրության նպատակով:

Մոծակների որս

 

Մոծակը երկթեւանի միջատ է, որը կապված է ջրի հետ: Թրթուրային զարգացումը պարտադիր անցնում է ջրային միջավայրում: Ընդ որում՝ ըստ Օլեգի, պարտադիր չէ, որ մեծ լիճ կամ լճակ լինի, կարող է լինել ծառի փչակում հավաքված ջուր կամ մարդածին լանդշաֆտներում, օրինակ, անվադողերում մնացած անձրեւաջուր: Մոծակների համար նպաստավոր պայման են համեմատաբար բարձր ջերմաստիճանն ու մեղմ ձմեռը:

Մեր զրուցակիցը նկատում է, որ մոծակների մեծ մասն ընդհանրապես կապ չունեն արյան հետ՝ սնվում են բուսական հյութերով, նեկտարով: Արյունածուծները մեկ ընտանիքի էգեր են, բայց մեկ-երկու տեսակ կա, որոնց արուներն են արնախում: Հայաստանում հանդիպող տեսակների մեջ արյունածուծ են էգերը:

Զգուշանալ մոծակներից պետք է

Մոծակները բազմաթիվ վիրուսային, բակտերիալ, մի շարք մակաբուծային (պարազիտային) հիվանդություններ փոխանցողներ են: Հետեւաբար, դրանցից զգուշանալ պետք է, քանի որ, ըստ Օլեգ Շչերբակովի, չգիտես, թե ինչ կարող են փոխանցել:

«Առաջին հերրթին պետք է նշել մալարիան, որը մակաբուծային հիվանդություն է: Մենք մարդու մալարիայով չենք զբաղվում, մեզ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ մակաբույծ, որի մասին ավելի քիչ գիտենք, բայց որը պակաս տարածված չէ, կարելի է ասել՝ հիմա Հայաստանում տարածված է շների շրջանում: Խոսքը դիրոֆիլարիոզի մասին է, ժողովրդի մեջ կոչվում է շների սրտային ճիճու, քանի որ հիմնականում աջ նախասիրտն է ախտահարվում, եւ առողջ ու առույգ շունը կարող է հանկարածմահ լինել սրտի սուր անբավարարության պատճառով»,- բացատրում է մեր զրուցակիցն ու շարունակում,- Հայաստանում դիրոֆիլարիոզը մինչեւ հիմա խնդիր է, չնայած դեպքերը քչացել են՝ ե՛ւ մոծակների վարակվածութունն է քչացել, ե՛ւ շների հիվանդանալու դեպքերը: Միգուցե  հակամակաբուծային մշակումներն են իրենց դերն ունեցել՝ վզնոցների, կաթիլների, սփրեյների կիրառումը շների տերերի կողմից»:

Մոծակներին ուսումնասիրում են մակաբույծով վարակված թրթուրներով: Շչերբակովը նկատում է՝ վստահաբար կարող է ասել, որ Հայաստանում առաջին անգամ իրենց լաբորատորիան է սկսել հետազոտել մոծակների թրթուրների վարակվածությունը:

Ըստ գիտնականի՝ Հայաստանում լավ ուսումնասիրված է Արարատյան դաշտը, որտեղ մոծակների հետաքրքիր ֆաունա կա: Բացի դրանից՝ այս հատվածը համարվում է մալարիածին օջախ: Այդտեղ հանդիպում է մալարիայի մոծակների (անոֆելես ցեղի) 6 տեսակ: «Հիմա Հայաստանում մալարիա չկա, սակայն մոծակների մշտադիտարկումը շարունակական բնույթ է կրում»,- նկատում է մակաբուծաբանը:

 

Արարատյան դաշտում բավականին հաճախ հանդիպում է նաեւ Արեւմտյան Նեղոսի վիրուսի հիմնական փոխանցողը՝ Culex pipiens (կուլեքս պիպիենս) մոծակը:

Ըստ Օլեգի՝ Արարատյան դաշտն ու Մեղրու տարածաշրջանը՝ Արաքս գետի հովիտը, լինելով սահմանային տարածք, վտանգավոր են մոծակների ինվազիվ տեսակների՝ ՀՀ տարածք ներխուժման տեսանկյունից:

Արեւմտյան Նեղոսի տենդը. Հայաստանում այն փոխանցող մոծակներն ամենատարածվածն են

Գիտնականն ասում է, որ Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդը լուրջ խնդիր է: Հենց լսել է վարակի դեպքերի մասին, սովորության համաձայն փորփրել է մասնագիտական գրականությունն ու պարզել, որ 2000-ականների սկզբից Հայաստանը հայտնի է որպես Արեւմտյան Նեղոսի տենդի օջախ, պարզապես մարդկանց վարակվածության դեպքեր չեն եղել:

Շչերբակովի դիտարկմամբ՝ սա այնպիսի հիվանդություն է, որ կարող է լինել բնության մեջ, վայրի կենդանիների մոտ. «Հիվանդությունը հին է, անկման դեպքեր չեն լինում կենդանիների շրջանում, նույնիսկ աննկատ է անցնում՝ ուղղակի վիրուսի ձեւով: Տվյալ դեպքում նման պահեստարան են թռչունները, հատկապես՝ ջրլող թռչունները, որոնք կարող են այդ վիրուսը բերած լինեն ձմեռման վայրերից, եւ, ինչպես անունից երեւում է, հիվանդությունն Աֆրիկայից է եկել: Վիրուսի ծննդավայրը համարվում է Ուգանդայի հյուսիս-արեւելքը, որտեղ Նեղոսի ակունքներն են: Իսկ Ուգանդան, որտեղ Նեղոսի կարեւոր ակունքի ճահիճներն են, Եվրասիայի, հատկապես՝ Եվրոպայի ջրլող թռչունների համար ձմեռման իդեալական պայմաններ ունի»:

Գիտնականն ասում է՝ վիրուսների հետազոտությամբ չեն զբաղվում, իրենցը մակաբույծների ուսումնասիրությունն է, բայց քանի որ Արեւմտյան Նեղոսի վիրուսի փոխանցողը մոծակ է, չէին կարող անտեսել այն: Իսկ փոխանցողը կուլեքս պիպիենսն է (Culex pipiens), որը ամենատարածվածն է Արարատյան դաշտում ու նախալեռներում:

Culex pipiens

«Չնայած որոշ հետազոտողներ փորձում են պնդել, թե սա ինվազիվ տեսակ է, այսինքն՝ վերջերս է ներխուժել Հայաստան, մոծակների ուսումնասիրության պատմության 80-90 տարիներին միշտ էլ հիշատակվել է որպես Հայաստանի գերիշխող տեսակներից մեկը, հատկապես՝ Արարատյան դաշտի նախալեռնային գոտում, այդ թվում՝ Երեւանում: Ցավոք սրտի, սա Երեւանում ամենատարածված մոծակն է, բայց ունենք լավ նորություն՝ Երեւանում առայժմ չունենք այդ վիրուսի դեպքեր»,- նշում է մակաբուծաբանը:

Այնուամենայնիվ, եթե մոծակը կա, վարակման ռիսկն էլ կա: Բայց վիրուսը կարող են փոխանցել ոչ միայն այս, այլեւ ուրիշ տեսակների մոծակներ եւս: Ըստ Օլեգի՝ լուրջ վտանգ կարող է ներկայացնել նոր ինվազիվ տեսակը՝ Aedes albopictus (էդես ալբոպիկտուս) մոծակը:

Aedes albopictus

«Այդ տեսակը մենք չենք հայտնաբերել: Դա արվել է 2014-2016 թթ. Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի արշավախմբի կողմից Տավուշի մարզում՝ Բագրատաշեն գյուղի տարածքում: Սակայն մենք հաստատել ենք այս տեսակի հետագա տարածումը Հայաստանում, ներխուժումը Լոռու մարզ եւ լայն տարածումը Իջեւան քաղաքում: Այն ջերմասեր է (չի դիմանում -10C-ից ցուրտ ձմեռներին), սակայն կլիմայական փոփոխությունները, գլոբալ տաքացումը, կնպաստեն այս մոծակի հետագա տարածմանը: Վտանգավոր տեսակ է, քանի որ ունակ է փոխանցել հատուկ վտանգավոր հիվանդություններ համարվող դենգե եւ չիկունգունյա տենդեր: Բարեբախտաբար, ՀՀ տարածքում նշված հեմոռագիկ տենդերի տեղական դեպքեր չեն արձանագրվել, եղել են միայն դենգե տենդի հատուկենտ ներկրվող դեպքեր Հարավարեւելյան Ասիայի տարածաշրջանից եկող զբոսաշրջիկների շրջանում»,- պարզաբանում է գիտնականը:

Նշում է, թե բժիշկներն էլ կհամաձայնեն իր հետ, որ, ի տարբերություն տզային էնցեֆալիտի, Արեւմտյան Նեղոսի տենդը շատ ավելի թեթեւ ընթացք ունի եւ հետեւանքներ չի թողնում: Այս վիրուսը 5 հոգուց 4-ը կարող են տանել անգամ առանց նշանների: Ընդգծում է՝ հիվանդությունը հատուկ վտանգավոր է, բայց չի կարելի ասել, որ մահացու վտանգավոր է:

Ինչու՞ են մոծակները շատացել

Օլեգ Շչերբակովն ասում է, որ նախորդ տարվա համեմատ մոծակները շատացել են: Տպավորությունը, թե այս տարի դրանք ավելի ագրեսիվ են, գիտնականը բացատրում է ոչ թե ագրեսիվությամբ, այլ քանակի մեծանալով: Մեղրիում ստացիոնար սարք են դրել. այս տարվա մի եռամսյակում ավելի շատ մոծակ են որսացել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մշտադիտարկման համար ընտրել են Մեղրին, որպեսզի կարողանան ուսումնասիրել Իրանից ինվազիվ տեսակների մուտքը Հայաստան:

Մոծակների քանակական աճի պատճառներից մեկը գիտնականը համարում է կլիմայական փոփոխությունները: Գլոբալ տաքացումը այս ջերմասեր միջատների համար ստեղծում է նպաստավոր պայմաններ:

-Օլեգ, փաստորեն, ուր գնում եք, մոծակ եք հավաքում:

-Նաեւ մոծակ:

-Այսինքն՝ Ձեր նախասիրությո՞ւնն է դա:

-Ոչ միայն, նաեւ լեռնագնացությունը:

-Ձեր հաղթահարած ամենաբարձր գագաթը ո՞րն է:

-2019-ին՝ Էլբրուս, 2018-ին՝ Արարատ, 2017-ին՝ Կազբեկ, անցյալ տարվա դեկտեմբերին՝ Իրանի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդը, այս տարվա հուլիսին՝ Իրանի երրորդ գագաթը՝ Սաբալանը: Արագածի գագաթին 10 անգամ եղել եմ:

Լեռնագնացությունն Օլեգին օգնում է այնպիսի տեղերից մոծակներ հավաքել, որտեղ գիտնականները քիչ են ոտք դրել: 

Ամփոփելով Հայաստանում տարածված մոծակների վտանգավորության թեման՝ գիտնականն ասում է. «Այս պահին ՀՀ-ում առկա են մոծակների կողմից փոխանցվող Արեւմտյան Նեղոսի տենդի հարուցիչը, դիրոֆիլարիոզը, որը տեսականորեն որոշակի վտանգ է ներկայացնում մարդու համար, առկա է նաեւ մալարիայի փոխանցման եւ տարածման վտանգ, սակայն հարուցիչը Հայաստանում այժմ բացակայում է, եւ իրական վտանգի մասին չի կարելի խոսել»:

hetq.am

 

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

26.12.2024 22:48

««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր

26.12.2024 22:45

Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով

26.12.2024 21:43

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10