Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. ԱՄՆ դեսպան

27.04.2021 23:01
2401

Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:

Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

«Առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

Հրայր Թամրազյան. - Շնորհակալություն նման պատմական օրվա կապակցությամբ այս հարցազրույցի հնարավորության համար։ Տասնամյակներ անց ԱՄՆ նախագահը վերջապես Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կոտորածը բնութագրեց որպես ցեղասպանություն։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օգտագործեց ցեղասպանություն եզրույթը երկու անգամ, որը, ինչպես գիտենք, այն եզրույթն է, որ բնութագրում է մարդկության դեմ ոճրագործությունը։ ԱՄՆ-ում այժմ ունենք մի իրավիճակ, երբ գործադիր և օրենսդիր իշխանությունները ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Տիկին դեսպան, Դուք ավելի քան 2,5 տարի է, ինչ գտնվում եք Հայաստանում և կիմանաք, թե ինչ է նշանակում դա հայերի համար։ Ի՞նչ մտքեր ու զգացողություններ ունեք ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո։

Լին Թրեյսի. – Իսկապես պատմական օր էր։ Նախագահի ճանաչումը, նրա շաբաթ օրվա հայտարարությունը... անշուշտ, կարծում եմ, դա արտացոլում է նախագահի խորը հարգանք հայ ժողովրդի հանդեպ։ Նա հնարավորություն ունեցավ հանդես գալ հայտարարությամբ, պատմական ճանաչմամբ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին։ Նախագահը երկար ժամանակ է հետաքրքրված եղել այս թեմայով։ Կարծում եմ, որ դա արտացոլում է նրա խորը հարգանք մարդու համընդհանուր իրավունքների կարևորության նկատմամբ։ Եվ, անշուշտ, ինքս երկու տարի գտնվելով այստեղ և լսելով երախտագիտության արտահայտությունները հայերի կողմից, գիտեմ, որ նրանց համար շատ մեծ կարևորություն ուներ վերջապես տեսնել այս օրը։

Հրայր Թամրազյան. – Տիկին դեսպան, ի՞նչ կլինի հաջորդիվ։ Կարո՞ղ է սա արդյոք որևէ իրավական հետևանք ունենալ՝ ԱՄՆ քաղաքականության փոփոխություն ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հանդեպ կամ Հայաստանի հանդեպ։ Ի՞նչ կարող ենք տեսնել կամ ակնկալել ԱՄՆ-ի կողմից այս շատ բարդ հարցի վերաբերյալ։

Լին Թրեյսի. – Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է ունեցել 1915 թվականին։ Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվեց 1951 թվականին, և մեր ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Դա իրավական հետևանքների առումով։ Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերություններին Թուրքիայի հետ, Թուրքիան ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Այնուհանդերձ, Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև եղած տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն։

Հրայր Թամրազյան. - Սպասո՞ւմ եք, որ Վաշինգտոնը Թուրքիայի վրա ինչ-որ ճնշում կգործադրի որոշակի կարևոր քայլեր ձեռնարկելու համար՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու և սահմանները բացելու առումով: Արդյոք կա՞ն նման ծրագրեր։ Տեղյա՞կ եք նման ծրագրերից: Նման մոտեցում միշտ էլ եղել է նույնիսկ նախորդ վարչակազմերի օրոք, որոնք ունեցել են այսպիսի քաղաքականություն, բայց ոմանք իրականացնում էին դա՝ փորձելով, ուժեղ ճնշելով, ոմանք՝ ոչ: Ի՞նչ կարող ենք ակնկալել այժմ Բայդենի վարչակազմից:

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ ճիշտ եք նկատել այն փաստը, որ վաղուց կար հետաքրքրություն Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման և տարածաշրջանում ավելի լայն հաշտեցման խթանման հարցում. դա ձեռնտու կլինի տարածաշրջանում բոլորին՝ Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին: Սա շատ կարևոր խնդիր է: Բայց միևնույն ժամանակ պարզ է նաև, որ կան որոշ անմիջական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն հետկոնֆլիկտային իրավիճակից ելնելով: Սա մի հարց է, որտեղ Մինսկի խումբը կարող է շատ կարևոր դեր ունենալ։ Բայց կան, ինչպես ես ասացի, շատ պարզ, անմիջական խնդիրներ, որոնք, հուսանք, պետք է լուծվեն Մինսկի խմբի միջոցով, որպեսզի կարողանանք հասնել հաշտեցման ավելի մեծ խնդրին:

Թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, առկա են շատ կարևոր հարցեր, հայտարարում է դեսպանը

Հրայր Թամրազյան. - Տիկին դեսպան, պատերազմի ժամանակ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները խոսում էին Փաշինյանի և արտգործնախարարի հետ, հանդես եկան մի քանի հայտարարություններով, կոչ արեցին երկու կողմերին հասնել հրադադարի շուրջ համաձայնությանը։ Չնայած այս ջանքերին, ԱՄՆ-ին չհաջողվեց կանգնեցնել պատերազմը, դա հաջողվեց անել Ռուսաստանին։ Արդյոք դրա պատճառն ա՞յն է, որ ԱՄՆ կորցրել է իր հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ, թե՞ Ռուսաստանն է դարձել ավելի հզոր։ Ի՞նչ կարող եք ասել այս մասին։

Լին Թրեյսի. - Եթե հիշում եք, հրադադարի հասնելու մի քանի փորձեր եղել, որոնք արդյունք չեն տվել, ընդ որում առաջին փորձը Ռուսաստանի կողմից էր։ Եվ այնուհետեւ անշուշտ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերն էին։ Կասկածից վեր է, որ Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարցեր կան, որ դեռ մնում են օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել։

Հրայր Թամրազյան. - Ռուսներն ու նույնիսկ ադրբեջանցիներն ու թուրքերը կասեին, որ այս հակամարտությունն ավարտված է, ԵԱՀԿ Մինսկի խմբին այլևս ոչինչ չի մնում անել: Բայց ինչպես Դուք ասացիք, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ առկախված է, և պետք է լուծվի: Սա կարևորագույն մի խնդիր է, որ տաք է պահում այս հակամարտությունը: Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը մենք չենք կարող պնդել, որ հակամարտությունը լուծված է: Ո՞րն է ձեր վերլուծությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցում: Օրինակ, ռուսները եկել են այնտեղ, և նրանք այժմ խաղաղապահ զորքեր ունեն Լեռնային Ղարաբաղում և այնտեղ կմնան հինգ տարի ու հետո միգուցե երկարացնեն ժամկետը ևս հինգ տարով: Սա լա՞վ է տարածաշրջանի համար: Ի՞նչ եք կարծում։

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ դա կրկին չափազանց բարդ սցենար է: Մի իրավիճակ, որ չեմ կարծում, որ որևէ մի երկիր կարող է լուծել, և այդ պատճառով էլ մենք ունենք Մինսկի խմբի համանախագահների հարթակը, և երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ: Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի: Սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը` պատերազմից հետո: Եվ ես, անշուշտ, տեսա հակամարտության այն հետևանքները, որոնք հասել են Սյունիքի հայերի տներ, երբ ճանապարհին մեծ թվով զինվորականների ներկայություն կա՝ հայ, ադրբեջանցի և ռուս զինծառայողների՝ սահմանի պատճառով, որ այժմ անցնում է հիմնական ճանապարհի վրայով: Ես հանդիպեցի տեղահանված անձանց հետ, ովքեր դեռ օգնության կարիք ունեն, և սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները շատ ներգրավված է եղել:

Մենք առաջիններից էինք, որ օգնություն ենք ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ներսում: Ինչպես ասացի, սա շարունակական իրավիճակ է: Եվ հետո կան տնտեսության հետ կապված հարցեր, և ես կրկին հնարավորություն ունեցա տեսնել մի շարք բիզնեսներ: Ոմանք իրականում որոշակի առումով խոստումնալից են, բայց ոմանք էլ օգնության կարիք ունեն: Եվ ինչպես ասացի, դա շատ բարդ է։ Կարծում եմ, հենց այս պատճառով է, որ Հայաստանի բարեկամներից շատ ինտենսիվ ջանքեր են պահանջվելու: Եվ ես կցանկանայի նշել, որ կան նաև այլ արևմտյան երկրներ. ԵՄ-ն շատ ներգրավված է և պատրաստվում է համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին կայունություն և խաղաղություն հաստատելու այս երկարաժամկետ հարցերում։

Հրայր Թամրազյան - Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես դուք ասացիք և ինչպես բոլորը գիտեն, բայց այն հաճախ գործում է դաշինքի ոգու դեմ, օրինակ Միջերկրական ծովում, իսկ անցյալ տարի Անկարան բացահայտորեն ընդունեց ադրբեջանի կողմը Հայաստանի դեմ պատերազմում, և դա չնայած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների մի քանի հայտարարություններին, որ Թուրքիան պետք է ձգտի դադարեցնելու պատերազմը, այլ ոչ թե բորբոքելու այն: Ինչպե՞ս է Միացյալ Նահանգները զբաղվում այս խնդրով: Արդյոք այս հարցը բարձրացնո՞ւմ եք թուրքերի առջև, թե ոչ:

Լին Թրեյսի. - Ես նորից կցանկանայի մատնանշել ավելի վաղ ասածս: Նախագահը և նրա վարչակազմը շատ պարզ ասել են. Թուրքիան գնահատված դաշնակից է, ՆԱՏՕ-ի դաշնակից, բայց մենք ունենք տարաձայնություններ, և այդ տարաձայնությունները արդյունավետ կառավարելու իրական անհրաժեշտություն կա: Նախագահ Բայդենը խոսել է Նախագահ Էրդողանի հետ և տեղի են ունեցել մի շարք այլ զրույցներ շատ բարձր մակարդակներում: Եվ ես ակնկալում եմ, որ դրանք կշարունակվեն:

Հրայր Թամրազյան. - Հիմա դառնանք մյուս հարցին՝ ԱՄՆ ռազմական օգնությանը Հայաստանին: Այստեղ խնդիրն այն է, որ չկա հավասարություն: Տարիներ առաջ ես հիշում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսը միշտ ուշադիր հետևում էր՝ համոզվելու, որ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մեջ հավասարություն կա, բայց դա գրեթե մեկ տասնամյակ առաջ էր: Հետո ինչ-որ բան պատահեց, և Ադրբեջանը սկսեց միլիոնավոր, տասնյակ միլիոնների հասնող, այժմ արդեն հարյուր միլիոնանոց օգնություն ստանալ, և Հայաստանն ընդամենը մի քանի միլիոն է ստանում ականազերծման նպատակների համար: Եվ պատերազմից հետո, Ադրբեջանի կողմից պատճառած այս ողջ ավերածություններից և տառապանքներից հետո, ԱՄՆ-ը դեռ շարունակելու է օգնել Բաքվին: Ինչպե՞ս կբացատրեք սա: Հայաստանը կստանա՞ գոնե հավասարաչափ ռազմական օգնություն կամ ԱՄՆ-ի որոշ առաջադեմ տեխնոլոգիական զենք: Դա հնարավո՞ր է, տիկին դեսպան:

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանը ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ և Ադրբեջանը մտավախություններ են կիսում: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել:

Մենք բարձր մակարդակի որևէ տեխնոլոգիա չենք տրամադրում Ադրբեջանին՝ մեր սահմանային անվտանգության կամ հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում: Բայց այն, ինչ մենք անում ենք Հայաստանի հետ, և դա շատ կարևոր է ռազմական և անվտանգության համագործակցության ոլորտում, դրանք համատեղ գործողություններն են, ինչպիսիք են` խաղաղապահ առաքելությունները Աֆղանստանում, Կոսովոյում և այլուր: Եվ մենք միասին աշխատել ենք օգնելու վերապատրաստել և բարձրացնել հայ զինվորականների բժշկական կարողությունները: Մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մասնակցել վարժանքներին, որոնք նպաստեցին այդ տեսակի կարողությունների էլ ավելի զարգացմանը: Մենք ունենք այլ փոխանակումներ ռազմական պատրաստվածության ոլորտում: Այնպես որ մենք կշարունակենք անել այնքան, որքան կարող ենք այդ ոլորտներում, մասնավորապես խաղաղապահության ոլորտում, որտեղ Հայաստանի ներդրումները շատ բարձր են գնահատվում: Բայց ռազմական վաճառքի և օգնության առումով, ինչպես ես ասացի, կան որոշ սահմանափակումներ՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության պատճառով:

Հրայր Թամրազյան. - Հիշում եմ, որ դեսպան Բոլթոնը Հայաստան կատարած այցի ժամանակ ասում էր, որ ամերիկյան զենքերը շատ ավելի առաջադեմ և շատ ավելի լավն են, քան ռուսականները, և, ըստ հաղորդումների, նա հայկական կողմին առաջարկել է ամերիկյան զենք գնել: Որքա՞ն ճշմարտություն կա այս հաղորդումների մեջ, թե դա չափազանցություն է:

Լին Թրեյսի. - Դե, չեմ կարծում, որ ես հիմա կարող եմ ինչ-որ բան ավելացնել այն բանին, ինչ դեսպան Բոլթոնն ուներ ասելու մի ուղևորության ժամանակ, որը եղել էր գրեթե երեք տարի առաջ: Կարծում եմ, որ այն, ինչ մենք անում ենք, դա անընդհատ գնահատելն է, թե ինչպիսի հնարավորություններ կան Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնելու համար, որտեղ մենք տեսնում ենք միասին աշխատելու հնարավորություններ, այդ թվում `անվտանգության ոլորտում: Մենք փորձելու ենք խթանել այդ հնարավորությունները և օգտվել դրանցից:

«Կարևոր է, որ Հայաստանը ունենա տարբերակներ, ընտրություն ունենա, ունենա բազմազանություն իր տնտեսության մեջ»

Հրայր Թամրազյան. - Միգուցե դրանք կարող են լինել բարդ հսկողություն իրականացնող սարքավորումները, կարծում եմ, որ դա նույնպես հավանական է: Դասընթացները մեկ այլ ոլորտ են, կարծում եմ, որ ԱՄՆ ակադեմիայում երիտասարդ հայ զինվորականների վերապատրաստման հնարավորության ընդլայնումը համագործակցության շատ հետաքրքիր ոլորտ կլինի: Ի՞նչ եք կարծում, տիկին դեսպան, հնարավո՞ր է դա:

Լին Թրեյսի. - Իհարկե: Փաստորեն, այդ գծով արդեն գործող ծրագրեր ունենք: Մեր բարձրագույն ուսումնական ծրագրերից մեկը ռազմական կրթության միջազգային դասընթացն է, որը թույլ է տալիս Հայաստանից սպաներին գնալ և պատրաստվել ԱՄՆ-ի առաջատար ռազմական հաստատություններում: Դա շարունակական բնույթ է կրում, և մենք շատ խրախուսում ենք Պաշտպանության նախարարությանը օգտվել այդ ծրագրից:

Հրայր Թամրազյան. - Հիմա պատերազմական գոտում հսկայական ավերածություններ կան, և Լեռնային Ղարաբաղը վերականգնելու համար անհրաժեշտ են տասնյակ միլիոնավոր դոլարներ: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է ԱՄՆ օգնությունը այս հարցը լուծելու համար:

Լին Թրեյսի. - Դե, իհարկե, մենք ստացել ենք այդ դիմումը, որով վերջերս հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը: Մենք շատ ուշադիր ենք ուսումնասիրում հարցումը: Որոշումներ չեն կայացվել, բայց այսպիսի տեղեկատվություն ստանալը, տեղում գնահատականներ ստանալը չափազանց կարևոր կլինի: Եվ պարզապես թույլ տվեք նորից ամրապնդել իմ ասածը. մենք նաև նայում ենք, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանին, քանի որ հակամարտությունը ազդեց նաև Հայաստանի վրա, մասնավորապես Սյունիքում: Բայց մենք նաև գիտենք, որ բացի հակամարտությունից, համաճարակը վնաս է հասցրել բիզնեսներին: Այնպես որ, ոլորտներից մեկը, որի վրա կենտրոնանում է ԱՄՆ օգնության առաքելությունը, այն է, թե ինչպես կարող ենք նպաստել և օգնել Հայաստանում տնտեսական աճին:

Մենք ուսումնասիրում ենք այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են աշխատուժի ուսուցումը, որպեսզի օգնենք մարդկանց փոխել իրենց հմտությունները՝ բավարարելու 21-րդ դարի պահանջները: Դա մի նախագիծ է, որ նախատեսված է նաև վիրավոր վետերաններին օգնելու համար `գտնելու նոր հմտություններ` նրանց աշխատանքի տեղավորելու համար: Այնպես որ, այո, Լեռնային Ղարաբաղին [օգնության հնարավորությունը], անշուշտ, դիտարկվում է, բայց ես ուզում եմ շեշտել Հայաստանին՝ նույնպես:

Հրայր Թամրազյան. - Ինչպես կարծում են որոշ վերլուծաբաններ, Հայաստանը որոշ չափով կորցրեց իր ինքնիշխանությունը, երբ ռուսները մտան Լեռնային Ղարաբաղ: Նրանք նաև նախատեսում են ընդլայնել ռազմական ներկայությունը Հայաստանում` ևս մեկ ռազմաբազա բացելով Սյունիքում: Տիկին դեսպան, մտավախություն ունե՞ք, որ դա կարող է խաթարել Հայաստանի ինքնիշխանությունը:

Լին Թրեյսի. - Դե, իհարկե, Խորհրդային Միության փլուզումից ի վեր առաջնորդող սկզբունք էր այն, որ ԱՄՆ-ը շահագրգռված է խթանելու իրավահաջորդ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի ինքնիշխանությունը: Եվ այդ պատճառով դուք տեսել եք, որ Միացյալ Նահանգները վերջին 30 տարիների ընթացքում 2 միլիարդ դոլար է ներդրել Հայաստանում մի շարք ոլորտներում: Մենք կարծում ենք, որ չնայած ակնհայտորեն Ռուսաստանը Հայաստանի համար գործընկեր է որոշ, օրինակ, ռազմական ոլորտում, ինչպես մենք քննարկեցինք, մենք նաև կարծում ենք, որ կարևոր է, որ Հայաստանը ունենա տարբերակներ, ընտրություն ունենա, ունենա բազմազանություն իր տնտեսության մեջ, իր էներգետիկ ոլորտում, որպեսզի կարողանա կատարել այնպիսի ընտրություններ, որոնք բխում են հայերի շահերից:

ԱՄՆ-ն հուսով է, որ ՀՀ-ն ընտրությունների անցկացման ընթացքում ի վիճակի կլինի պահպանելու «այն շատ բարձր նշաձողը, որին հասավ 2018 թվականին»

Հրայր Թամրազյան. - Տիկին դեսպան, եկեք խոսենք Հայաստանում ժողովրդավարության վիճակի մասին: Ակնհայտ է, որ պատերազմը հսկայական ազդեցություն ունեցավ ժողովրդավարության վիճակի վրա: Որոշ մտահոգություններ կան, որ մենք կարող ենք վերադառնալ այն կետին, որտեղից ամեն ինչ սկսվեց: Արդյոք չե՞ք կարծում, որ ամեն ինչ կարող է սխալ ընթանալ, թե՞ կարծում եք, որ ժողովրդավարական ինստիտուտները բավականաչափ ուժեղ են: Մենք շատ շուտով ունենալու ենք արտահերթ ընտրություններ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

Լին Թրեյսի. - Կարծում եմ, որ ցանկացած ժողովրդավարության համար շատ կարևոր է շարունակել աշխատել իր ինստիտուտների ամրապնդման, տոկունության զարգացման ուղղությամբ: Ես տպավորված եմ, թե ինչպես է Հայաստանը հետպատերազմական ամիսներին առաջ շարժվել: Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանը և Միացյալ Նահանգները ունեցել են գործընկերության շատ կարևոր ոլորտներ, առաջընթաց են գրանցել բարեփոխումների ոլորտներում, հատկապես հակակոռուպցիոն ոլորտում, որի շուրջ մենք աշխատել ենք միասին: Մենք աշխատում ենք Հայաստանի հետ՝ աջակցելու ոստիկանության պարեկապահակային նոր ծրագրի կայացմանը: Սրանք այն ինստիտուտներն են, որոնց վրա հիմնված է ժողովրդավարությունը, և այդ ոլորտներում ես մեծ հույս ու խոստում եմ տեսնում, որ մենք կշարունակենք տեսնել շատ ուժեղ ժողովրդավարություն Հայաստանում: Բայց ակնհայտորեն, ինչպես ես ասացի, ցանկացած ժողովրդավարություն հենց այնպես չի տրվում, պետք է ջանք գործադրել։

Ինչպես նշեցիք, ընտրություններ են սպասվում։ Մենք ուշադիր հետևելու ենք ընտրական գործընթացին։ Եվ ԱՄՆ-ը որոշակի տեխնիկական օժանդակություն կտրամադրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, ինչպես նաև կօգնի ընտրողների տեղեկատվության հարցում: Ի վերջո, այն, ինչ մենք, անշուշտ, հուսով ենք տեսնել, այն է, որ Հայաստանն իր ընտրությունների անցկացման ընթացքում ի վիճակի լինի պահպանելու այն շատ լավ, շատ բարձր նշաձողը, որին հասավ 2018 թվականին, կամ նույնիսկ ավելի բարձրացնել այն։ Եվ մենք կարծում ենք, որ այդ հարցերի շուրջ Հայաստանի միջազգային գործընկերների կենտրոնացման պայմաններում դա շատ հնարավոր է:

Հրայր Թամրազյան. - Տիկին դեսպան, մենք մոտենում ենք արտահերթ ընտրություններին, որոնք հունիսի 20-ին պետք է լինեն, քիչ ժամանակ է մնում, մարդկանց մտքում առաջին հերթին, կարծես, անվտանգությունն է: Մարդիկ վախենում են, վախենում են, որ ադրբեջանցիները կարող են նորից հարձակվել, կամ թուրքերը կարող են խախտել սահմանը, հարձակվել Հայաստանի վրա: Սրանք իրական մտահոգություններ են: Ի՞նչ կարող եք ասել այս մասին:

Լին Թրեյսի. - Դե, իհարկե, այս հետկոնֆլիկտային իրավիճակում ես, անշուշտ, հասկանում եմ հայերի անվտանգության խնդիրները: Ես ինքս հայերից ուղղակիորեն լսում եմ Ձեր ուրվագծած մտահոգությունների մասին: Եվ ես կարծում եմ, որ այս ընտրությունները թեկնածուների համար առիթ են խոսելու այն մասին, թե ինչպես են նրանք ցանկանում օգնել կառուցելու Հայաստանի ապագան: Ահա թե ինչի մասին են ազատ և արդար ընտրությունները: Խոսքը թեկնածուների՝ իրենց գաղափարները սեղանին դնելու հնարավորության մասին է, որպեսզի մարդիկ որոշեն։ Եվ դա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել հունիսի 20-ին:

Հրայր Թամրազյան. - Տիկին դեսպան, նրանցից մեծամասնությունը կասեր, որ Հայաստանի անվտանգության ամրապնդման լավագույն միջոցը Ռուսաստանի հետ կապերի խորացումն է: Սա, կարծես, ընդունված մի գաղափար է, որ բոլորը արծարծում են: Բայց կարծում եմ, որ Միացյալ Նահանգները նույնպես մեծ դերակատար է այստեղ՝ տարածաշրջանում, և մենք տեսնում ենք, որ Բայդենի վարչակազմը կրկին վերադարձել է Հարավային Կովկաս: Ի՞նչ կասեք այս մասին: Կարծում եմ ՝ Միացյալ Նահանգները նույնպես պետք է լինեն Հայաստանի անվտանգության գործոն: Այդպե՞ս է:

Լին Թրեյսի. - Անշուշտ։ Իհարկե, կա ռազմական անվտանգություն, բայց կան նաև անվտանգության այլ տեսակներ: Կա տնտեսական անվտանգություն, կա անվտանգություն, երբ ունես կառավարման ամուր դիմացկուն ինստիտուտներ, որոնք խորապես արմատավորված են և ունեն ուժեղ հիմք։ Եվ այսպես, սրանք այն ոլորտներն են, որոնցում Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին, նրա հետ գործընկեր լինեն, օգնել տնտեսության աճին, օգնել շարունակել կառավարման ինստիտուտների ամրապնդմանը, որպեսզի 2018-ին հայերի՝ կոռուպցիայի հետ կապված մտահոգությունները լուծում ստանան: Բայց ոչինչ չի խանգարում Հայաստանին ունենալ բազմաթիվ գործընկերներ: Եվ դա վերադառնում է բազմազանության վերաբերյալ իմ հայտնած տեսակետին: Կարծում եմ ՝ ավելի մտահոգիչ է տեսնել որոշակի գործընկերոջից գերկախվածություն, ուստի մենք կարծում ենք, որ այստեղ մենք դերակատարություն ունենք և կցանկանայինք շարունակել աշխատել լավ կառավարման և տնտեսական աճի այս ոլորտներում:

Հրայր Թամրազյան. - Հայերի մեծ մասը կարծում է, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ այժմ Հայաստանն ավելի անվտանգ է: Համաձա՞յն եք դրան:

Լին Թրեյսի. - Իհարկե, Բայդենի վարչակազմը ուշադրություն է դարձնում տարածաշրջանին։ Կարծում եմ, որ շաբաթ օրը նախագահի հայտարարությունը դրա մի արտացոլումն էր: Բայց ես կցանկանայի մատնանշել նաև մարտի 5-ին կայացած հեռախոսազրույցը, որը քարտուղար Բլինկենն ունեցավ վարչապետ Փաշինյանի հետ: Մենք զրույցներ ենք ունեցել այլ մակարդակներում ՝ Պետդեպարտամենտի և Արտաքին գործերի նախարարության պաշտոնյաների միջև: Մենք նաև շատ ամուր հարաբերություններ ունենք ԱՄՆ օգնության գործունեության միջոցով ոչ միայն կառավարության գործընկերների, այլ տեղական գործընկերների՝ բիզնեսի և քաղաքացիական կազմակերպությունների հետ: Եվ այսպես, ես կարծում եմ, որ հարաբերությունների այդ ցանցը, այն գործընկերությունը կառուցելու շարունակությունն է, որ հիմք են տալիս Միացյալ Նահանգներին և Հայաստանին դրական օրակարգով գործընկերության ունենալ, մի գործընկերություն, որը հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են, հավատացած եմ, կոռուպցիայի դեմ պայքարելու մեր շատ մեծ ցանկությունը: Այնպես որ, կարծում եմ, որ երկու երկրները շատ հարցեր ունեն, որի շուրջ կարող են աշխատել»:

news.am

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակետը վերագործարկելու հարցը. Ռուբինյան

12.12.2024 23:25

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության

12.12.2024 23:16

Դեմ եմ ամերիկյան հեռահար հրթիռներով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարձակումներին. Թրամփ

12.12.2024 20:31

Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել

12.12.2024 19:25

Տվյալներ են ստացվել ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024 19:22

Մարզի խորհրդի տարեվերջյան նիստում քննարկվել են սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքն ու համայնքների սեփական եկամուտների հավաքման պատկերը

12.12.2024 17:51

Կյանքը Հայաստանում թանկացել է. Վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

12.12.2024 17:43

«Զանգեզուրի միջանցքը» Թուրքիայի համար անփոխարինելի նախագծերից է. Թուրքիայի տրանսպորտի նախարար

12.12.2024 17:39

Կաթնառատ–Փիրմազրա գյուղում էինք․ հինգ ընտանիք է մնացել

12.12.2024 17:18

Հանրային քննարկում Քաջարանի համայնքապետարանում

12.12.2024 16:33

Թոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. ծրագրի ժամկետ երկարացվեց

12.12.2024 16:29

ՀՀ սահմանամերձ գյուղերում տուն կառուցելու համար սուբսիդիաներ կտրամադրեն ևս 400 ընտանիքի

12.12.2024 15:54