Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան՝ գյուղացիների համար առանց լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու. վարչապետ

24.05.2018 17:51
891

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկումը՝ ՀՀ վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ: «Ես որոշում եմ կայացրել եւ դիմել եմ Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատելու վերաբերյալ: Ուզում եմ ասել, որ որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնության մթնոլորտում: Այսօր մինչեւ օրվա վերջ տեղի կունենա գլխավոր շտաբի պետի պաշտոնում զինված ուժերի նոր նշանակում, եւ վաղը գլխավոր շտաբի նոր պետը կներկայացվի զինված ուժերին»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Իշխան Կարապետյանից հետաքրքրվել է մայիսի 10-ին եւ 16-ին «Ռոսսելխոզնադզորից» ստացված նամակներից, այդ ուղղությամբ ծառայության իրականացրած գործողություններից: Իշխան Կարապետյանը նշել է, որ այդ նամակները կրում են պարբերական բնույթ, եւ աշխատանքային կարգով հարցը քննարկվել է ռուս գործընկերների հետ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի գյուղմթերքի արտահանումն իրականացվի պահանջների խստիվ պահպանմամբ:

«Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ: Արտահանումը պետք է իրականացվի գյուղմթերքների պահանջներին խիստ համապատասխան: Առաջիկայում գյուղմթերքի արտահանման ծավալները մեծանալու են, գյուղացիների շահերի հետ կապված կոնկրետ խնդիր կա: Ես խնդրում եմ Ձեր ծառայությունը, գյուղնախարարությունը, ՊԵԿ-ը, բոլոր գերատեսչությունները անհրաժեշտ ջանքեր գործադրեն, որպեսզի գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա բնականոն ռեժիմով: Սա առաջնահերթ խնդիր է, որը կառավարությունը պետք է լուծի»,-նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ դա չի նշանակում, որ պետք է նոր խոչընդոտներ ստեղծել գյուղացիների համար արտահանման գործում: «Կառավարությունը, նախարարությունները պետք է օգնեն գյուղացիներին, որպեսզի նրանք այդ բոլոր պայմանները եւ պահանջները կատարեն, փաստաթղթավորումը տեղի ունենա արագ, առանց ձգձգումների եւ խոչընդոտների: Այսինքն՝ նկատի ունեմ, երբ ասում ենք տարրական կանոնները պետք է պահպանել, դա չի նշանակում՝ գյուղացիների համար լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մետաղական օգտակար հանածոների արդյունահանման բարձր ռիսկերին: Վարչապետը հանձնարարել է մետաղական հանքերի շահագործմամբ զբաղվող 28 կազմակերպությունում անցկացնել ստուգումներ՝ բնակչության կյանքին, առողջությանը, պետության օրինական շահերին եւ շրջակա միջավայրին սպառնացող վտանգը կանխելու եւ բնապահպանական օրենսդրության հնարավոր խախտումները վերացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը հանրապետական գործադիր մարմիններին հանձնարարել է օժանդակել տեսչական մարմիններին ստուգումները պատշաճ իրականացնելու համար:

«Մեր խնդիրը հստակ է՝ ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում իրողությունները պետք է համապատասխանեցվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, եւ այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կարծում եմ՝ կառավարությունը եւ բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմինը, պետք է միջոցներ ձեռնարկեն, որ այս ստուգումներն իրականացվեն թափանցիկ, ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ այն չպետք է լինի հերթապահ ստուգումը, այլ պետք է լինեն կոնկրետ առաջարկություններ, լուծումներ:

Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողների աջակցությամբ

«ՀՀ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրիե 2-րդ փուլով նախատեսված ճառագայթային բուժման կենտրոնի ստեղծման ձևաչափի փոփոխությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Ճառագայթային բուժման կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասինե որոշում: Արդյունքում կստեղծվի հնարավորինս շահավետ միջավայր մասնավոր ներդրողներին գրավելու համար, կհստակեցվեն մասնավոր ներդրումների ներգրավման հնարավոր ձեւաչափերը: Հիմնավորման համաձայն՝ ծրագրի 2-րդ փուլով նախատեսվել էր հիմնադրել ճառագայթային բուժման կենտրոն, որի ստեղծման ամբողջ աշխատանքը պետք է իրականացվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ` «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխության արդյունքում հայկական կողմը խնդրել է Համաշխարհային բանկին` Ճառագայթային կենտրոնի ստեղծման համար նախատեսված գումարները բաշխել այլ ուղղություններով: Մասնավորապես` գումարներն ուղղվելու են Մարտունի քաղաքում եւ Վայոց ձորում բժշկական կենտրոններ կառուցելուն: Միաժամանակ, Ճառագայթային բուժման կենտրոնը ստեղծելու համար ՀՀ պետբյուջեից համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսված չեն։ Կարևորելով չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման եւ կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը՝ Հայաստանում ճառագայթային բուժման զարգացումը պլանավորվում է իրականացնել մասնավոր ներդրողների կողմից։ 

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, ծրագրի առաջին փուլի արդյունքներով. «Ես տեղյակ եմ, որ այնտեղ ձեռք ենք բերել ցիկլատրոն սարքը, որով նախատեսվում էր իզոտոպների արտադրություն, ինչը պետք է օգտագործվի օնկոլոգիական հիվանդությունների բուժման դիագնոստիկայի համար»:Արսեն Թորոսյանը հայտնել է, որ դեռեւս 2009 թվականից սկսած որոշում է կայացվել, որ Հայաստանին անհրաժեշտ է նման ախտորոշման կենտրոն եւ մինչ օրս էլ նման կենտրոն չկա, սարքը չի օգտագործվել, ինչի արդյունքում հիվանդները բուժման նպատակով այլ երկրներ են գնում:

«Այսինքն՝ մի քանի միլիարդ ծախսել ենք, այդ սարքերը դրել ենք, կողպեքը կախել ենք դռանը ու գնացել մեր գործերով»,- արձագանքել է վարչապետը եւ հետաքրքրվել, թե ինչ խոչընդոտներ են եղել: Ըստ նախարարի՝ իրականում բարդ պրոցես է եղել՝ սկսած միջազգային կոնսուլտանտների ներգրավումից, վերջացրած մրցույթի հայտարարմամբ: 

Վարչապետը հանձնարարել է առողջապահության նախարարին արդարադատության նախարարի հետ քննարկել հարցը եւ առաջարկել խնդրի կարգավորման լուծումներ: 

Շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անվճար հակադիաբետիկ (դիաբետոն 60մգ) դեղի ստանալու իրավունքի իրացումը պատշաճ մակարդակով ապահովելու համար կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Խնդրի կարգավորման նպատակն է պետբյուջեից հատկացվող միջոցների շրջանակում 2015-2019 թթ. անխափան ապահովել շաքարային դիաբետով տառապող հիվանդների դեղի պահանջարկը 100 տոկոսով: Ըստ այդմ՝ 2018 թ. գնման պլանով նախատեսված գումարի տնտեսումը կկազմի շուրջ 154 մլն ՀՀ դրամ:

Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում պատասխանատվություն պետք է կրեն նաեւ տեխնիկական հսկողություն իրականացնողները

Գործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կտա ապահովել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի բնականոն ընթացքը: Արդյունքում՝ ֆրանսիական «Սաֆեժ» ԲԲԸ-ին կտրվի ծրագրի շրջանակում «քաղաքաշինական փաստաթղթերի մշակում» եւ «շինարարության որակի տեխնիկական հսկողություն» գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք: 

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնիկական վերահսկողն էլ պետք է պատասխանատվություն կրի: «Ճանապարհները պետք է կառուցվեն որակյալ, հակառակ դեպքում լրջագույն պատասխանատվություն պետք է կրեն ոչ միայն շինարարություն իրականացնողները, այլեւ տեխնիկական հսկողություն իրականացնողները, որոնք հավաստիացրել են, որ ճանապարհը կառուցված է նորմալ եւ որակով: Կարծում եմ՝ նորմալ պահանջ է, եւ եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության որոշումների, օրենքների մեջ փոփոխություններ, ապա մենք պետք է այդ ճանապարհով գնանք»,-ընդգծել է վարչապետը: 

Պետք է ապահովենք, որ որեւէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի. Նիկոլ Փաշինյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարմամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ այդմ՝ գումար կհատկացվի ՀՀ արդարադատության նախարարությանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու համար: 

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը կարեւորել է ոլորտում այդ ուղղությամբ բարեփոխումների իրականացումը: 

Անդրադառնալով հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Իհարկե, բարեփոխումները շատ կարեւոր են, բայց վերջին 20 տարվա ընթացքում դատաիրավական համակարգում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, միլիոնավոր դոլարներ են ծախսվել, բայց դատաիրավական համակարգի էությունը, ցավոք, շատ չի փոխվել: Ես կարող եմ արձանագրել, որ մենք հիմա արել ենք արդեն իսկ ամենակարեւոր բարեփոխումը մեկ օրվա ընթացքում: Արձանագրվել է հետեւյալը, որ Բաղրամյան 26-ից եւ ընդհանրապես որեւէ կառավարական եւ իշխանական կաբինետից, որեւէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի: Պետք է ապահովենք, որ որեւէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարեւոր խնդիրն է, եւ ես ուզում եմ հույս հայտնել՝ այն փաստը, որ Բաղրամյան 26-ից հրահանգներ չեն գնում դատարաններ, որեւիցե մեկն այս իրավիճակը չի փորձի օգտագործել այլ հասցեներից նման կոմունիկացիաներ ստեղծելու համար: Սա ամենակարևոր բարեփոխումն է, որ պետք է արդյունք տա եւ մենք պետք է ՀՀ-ում բացառենք ընդհանրապես քաղաքական հետապնդումները եւ քաղբանտարկյալների առկայությունը, որովհետեւ այս վճիռը գալիս է հաստատելու, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ, ինչքան էլ ՀՀ-ում իշխանությունները դա ընդունել կամ չեն ընդունել»:

Հաստատվել են 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով, ինչպես նաեւ ՀՀ բուհերի եւ գիտական կազմակերպությունների 2018-2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը եւ դրանց բաշխումը: Այսպիսով՝ 2018-2019 ուստարվա մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով հատկացվել է 1350 տեղ, որից 105-ը՝ բանակից զորացրված դիմորդների համար: Պահուստային տեղերի բաշխումը եւ թափուր մնացած տեղերի վերաբաշխումը կիրականացվի մրցույթի ամփոփումից հետո: 2018-2019 ուսումնական տարվա համար առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով նախատեսվում է 140 տեղ, իսկ դոկտորանտուրայի կրթական ծրագրով՝ 13 տեղ: Կառավարության անդամները համաձայնության են եկել վերոնշյալ որոշումները հաստատելու շուրջ՝ նշելով, որ հետագայի համար նման դեպքերով պետք է առաջնորդվել պետության, այլ ոչ թե բուհի կարիքները գնահատելով: 

Այլ որոշումներ 

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել ««Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Օրինագծի հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը միտված է ապահովելու կառավարության կողմից ցանկացած հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը ներկայացնելու պարտականությունը: Օրինագծով առաջարկվում է հարակից զեկուցմամբ հանդես գալը սահմանել ոչ թե հայեցողական, այլ պարտադիր լիազորություն: Կառավարությունն առաջարկում է, մասնավորապես՝ օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկելիս, կառավարության կողմից նախագծի վերաբերյալ առաջարկնների բացակայության դեպքում, կառավարության ներկայացուցիչը պարտադրված չի լինի հանդես գալու հարակից զեկուցմամբ:

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում, որի համաձայն՝ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնելու համար: 

Գործադիրը քննարկել է Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի հաշվետվությանը՝ ծրագրով նախատեսված պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների եւ գործարքների մասին: Վարչապետի առաջարկությամբ հարցը չի դրվել քվեարկության՝ ոլորտում առկա իրավիճակն առավել մանրամասն քննարկելու եւ գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: 

Նիստի ավարտին Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվել է տուգանքների համաներման գործընթացից:

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25