«Արցախի 150 000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել»․ Հայտարարություն

08.08.2025 22:56
533

«Արցախ Միության» հայտարարությունը․

«Արցախ Միությունն» իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ:

Իհարկե, հակամարտային որոշ հարցերի  շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին:

Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ:

Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։ Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման:

Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ:

«Արցախ Միությունը» պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը: 

«Արցախ Միությունը» նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում»:

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17