Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք Ստեփանակերտում

14.02.2018 17:38
1512

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:
                                                   

                                                                              ***

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ելույթը Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի ժամանակ

Մեծարգո՛ նախագահ Արկադի Ղուկասյան,

Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Արցախյան շարժման հարգելի՛ վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մեր ողջ ժողովրդին Արցախյան շարժման 30-րդ տարեդարձի առթիվ:

1988 թվականը բեկումնային եղավ հայ ժողովրդի պատմության մեջ: Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին:

Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Իր կամքին հակառակ գտնվելով օտար ու արհեստածին Ադրբեջանի կազմում՝ Արցախը դատապարտված էր հայաթափման եւ կործանման: Այդպիսի ճակատագիր ունեցան Նախիջեւանը, Ադրբեջանին բռնակցված պատմական հայկական այլ տարածքներ: Բազմաթիվ ազգային փոխրամասնություններ այդ երկրում ենթարկվեցին բռնաձուլման եւ վերացան պատմական ասպարեզից:

Մենք այլընտրանք չունեինք եւ երբեւիցե չենք համակերպվել գերության հետ՝ բազմաթիվ փորձեր ձեռնարկելով օտար լուծը թոթափելու ուղղությամբ: Ինչպես հանրաճանաչ ակադեմիկոս Անդրեյ Սախարովն է ժամանակին ասել՝ հայերի համար այս պայքարը կյանքի ու մահվան հարց է, Ադրբեջանի համար՝ ամբիցիաների:

Չնայած այդ ամենին՝ Արցախյան շարժումն ազգային-ազատագրական պայքարի այն բացառիկ օրինակներից մեկն է, որն ի սկզբանե որդեգրել էր պատմական արդարության եւ ոտնահարված իրավունքների վերականգնումը քաղաքակիրթ ու խաղաղ միջոցներով, միջազգային նորմերին ու կանոններին խիստ համահունչ:

Դրան ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին առանց վարանելու դիմեցին բռնությունների՝ կազմակերպելով խաղաղ հայ բնակչության կոտորածներ, ջարդեր, տեղահանումներ, որոնք դարձան մարդկության դեմ հանցագործությունների ամենագարշելի դրսեւորումներից:

Այդ ցեղասպան քաղաքականության արդյունքում հարյուր-հազարավոր հայեր բռնատեղահանվեցին իրենց օջախներից, մեր պատմական հայրենիքի զանազան վայրերից, հազարավոր մարդիկ զոհվեցին ու վիրավորվեցին, ոչնչացվեց հայ մշակույթի նյութական եւ ոչ նյութական հարուստ ժառանգությունը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքում:
Անմարդկային այս քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է նաեւ այսօր: Բաքվի իշխանությունները չեն հրաժարվել Արցախյան հիմնախնդիրն ուժային տարբերակով լուծելու իրենց նպատակներից՝ դիմելով տարբեր սադրանքների, ամեն օր խախտելով զինադադարի ռեժիմը, ագրեսիվ քաղաքականություն վարելով Արցախի եւ Մայր Հայաստանի դեմ տեղեկատվական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ հարթություններում: Իսկ 2016 թվականի ապրիլին անցնելով լայնածավալ հարձակման՝ Ադրբեջանը պլանավորում էր սրընթաց պատերազմի միջոցով ոչնչացնել արցախյան պետականությունը:

Բոլոր այդ փորձերը ձախողվեցին, եւ թշնամին ետ շպրտվեց՝ տալով զգալի մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ: Այդպես եղել է եւ այդպես կլինի ընդմիշտ:

Դրա երաշխիքը մեր հզոր բանակն է, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, իր երկիրը եւ հուսալի ապագան սեփական ուժերով կերտող մեր ժողովուրդը, հայրենիքի պաշտպանության ժամանակ կոփված հայրենասեր ու հզոր անկախության սերունդը:

Պաշտպանության բանակը եւ հայոց զինված ուժերը մեր ազգային-ազատագրական պայքարի, մեր անկախ պետականության ամենամեծ ձեռքբերումներից են, մեր ժողովրդի եւ հայրենիքի անվտանգության ապահովման, նրա բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման ամենաազդեցիկ գործոններից մեկը:

Հավե՜րժ փառք մեր հերոսական եւ ազատարար բանակին:

Պետությունն այսուհետ էլ անելու է ամեն ինչ երկրի պաշտպանունակության ամրապնդման, մեր զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակի ապահովման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցման ուղղությամբ:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունենում ենք նաեւ անդառնալի կորուստներ:

Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան եւ շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով եւ պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման:

Մեր բոլոր կորուստները չսպիացող վերքեր են եւ միշտ կմնան մեր ժողովրդի հիշողության ու պատմության մեջ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

1988-ի ոգին ու պատգամը երեսուն տարի անց շարունակում են մեզ համար ուղենիշ հանդիսանալ, եւ մեր հայացքն ուղղված է միմիայն դեպի ապագան:

Մենք շարունակելու ենք կերտել եւ կառուցել անկախ ժողովրդավարական ու սոցիալական երկիր, էլ ավելի ամրապնդել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը: Անկախ պետականությունը մեր ամենամեծ արժեքն է, եւ բոլորիս պարտքն է առավելագույնն անել նրա շարունակական զարգացման ու զորացման համար:

Վերջին երեք տասնամյակներում Արցախն անցել է պետականաշինության լուրջ ճանապարհ: Մեր ժողովուրդն արդյունավետորեն իրականացրել է իր առջեւ դրված ամենաբարդ առաջադրանքները: Մենք պաշտպանել ենք մեր պետությունը, նրա անկախությունն ու ազատությունը, վերականգնել ենք պատերազմի հետեւանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսությունը եւ թեւակոխել կայուն զարգացման փուլ:

Ներկա դրությամբ հաստատուն կերպով զարգանում են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, հետեւողականորեն բարձրանում է ժողովրդի կենսամակարդակը: Ընթացքի մեջ է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Մեր երկիրն օրեցօր ճանաչելի է դառնում աշխարհին եւ բազմակողմանի կապեր հաստատում տարբեր միավորումների հետ:

Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունն Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակներն առանց Հայաստանի Հանրապետության գործուն եւ անմիջական մասնակցության:

Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք եւ կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ:

Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը եւ ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության:

Փա՜ռք ազատ ու անկախ Արցախին:

Փա՜ռք Մայր Հայաստանին:

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին:

president.nkr.am
ք. Ստեփանակերտ,
13 փետրվարի 2018թ.

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37